Արամ Երկանյան. «Նեմեսիս»-ի ամենաշատ գործողություններ կատարած մարտիկը - Mediamax.am

exclusive
19543 դիտում

Արամ Երկանյան. «Նեմեսիս»-ի ամենաշատ գործողություններ կատարած մարտիկը


Ձախից աջ՝ Մանուել Մարության, Սուրեն Ավետիք Սահակյան, Արամ Երկանյան
Ձախից աջ՝ Մանուել Մարության, Սուրեն Ավետիք Սահակյան, Արամ Երկանյան
Արշավիրն ու Արամը
Արշավիրն ու Արամը
Ռումինիայում Երկանյանին տրված անցագիրը
Ռումինիայում Երկանյանին տրված անցագիրը
Կնոջ՝ Զաբելի հետ
Կնոջ՝ Զաբելի հետ
Բեհաեդդին Շաքիրը
Բեհաեդդին Շաքիրը
Թիֆլիսի Երեւանյան հրապարակը 20-րդ դարասկզբին
Թիֆլիսի Երեւանյան հրապարակը 20-րդ դարասկզբին
Մանուել Մարությանը, Սուրեն Ավետիք Սահակյանը եւ Արամ Երկանյանը (ձախից՝ աջ)
Մանուել Մարությանը, Սուրեն Ավետիք Սահակյանը եւ Արամ Երկանյանը (ձախից՝ աջ)
Ֆաթալի խան Խոյսկին
Ֆաթալի խան Խոյսկին

«Նեմեսիս»-ի մարտիկներից ամենաշատ մահապատիժներն իրականացրել է Արամ Երկանյանը։ «Հատուկ գործ»-ին նվիրված շարքի հերթական հերոսին բացահայտելու ենք նրա թոռնուհի Վիրժինյա Կավուկյանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող՝ Գոհար Խանումյանի հետ։

 

Պատանի տարիքից նետվում է ազատագրական պայքարի մեջ

 

Արամ Երկանյանը ծնվել է 1900 թվականի մայիսի 20-ին Կարինում: Նրա հայրը քանոն պատրաստող ու նաեւ լավ նվագող է եղել։ Արամը փոքր տղա էր, երբ ազատագրական պայքարի առաջնորդներից մեկից՝ Քեռուց (Արշակ Գավաֆյանի քույրը Արամի հորեղբոր կինն էր) ատրճանակ է ստացել։ Այդ ժամանակից ի վեր նա այլեւս զենքից չի բաժանվել։

 

«Պապիս ընտանիքը ցեղասպանությունից չի տուժել, որովհետեւ 1909-ին Կարինից տեղափոխվել էր Ղարաքիլիսա (Վանաձոր)։ Նրանք հինգ երեխա են եղել։ Արամն ուշիմ տղա է եղել, մտերիմները պատմում էին, որ ազատ ժամանակ միշտ գիրք էր կարդում։ Սակայն ուսումը չի շարունակել, որովհետեւ ցեղասպանության լուրերը հասել էին Ղարաքիլիսա, իսկ նա, իմանալով կամավորական խմբերի ձեւավորման մասին, 1916-ին այլ երիտասարդների հետ մեկնում է ճակատ»,- պատմում է Կավուկյանը։

 

Ռեւանդուզի մոտ իմանում է Քեռու զոհվելու մասին։ Հենց այդտեղ էլ ծանոթանում է հեղափոխական գործիչ Գրիգոր Ամիրյանի հետ, որի հետ հետագայում համագործակցում է «Հատուկ գործ»-ի շրջանակներում։

 

Ռազմական վարժանքների ժամանակ նկատում են, որ Երկանյանը ճարպիկ ու ճկուն է, լավ հեծյալ ու դիպուկ նշանառու։ Նրան ղեկավար են նշանակում Մամախաթուն-Կարին հատվածի պաշտպանական դիրքերում:  

 

Ռուսական զորքի հեռանալուց հետո հայկական փոքրաթիվ ուժերը չեն կարողանում դիմակայել թուրքերին, որի արդյունքում սկսվում է մեծ գաղթը։ Երկանյանն իր խմբի հետ նահանջում է ու արդեն 1918-ին Դրոյի զորամասում Զեմլյակի ձիավոր խմբի հետ իբրեւ գնդացրային դասակի պետ մասնակցում Բաշ-Ապարանի ճակատամարտին։

 

«Արամը լավ ձիարշավորդ է եղել ու շատ անգամ մահից դրա շնորհիվ է փրկվել։ Բաշ-Ապարանի ճակատամարտում հայերը շատ զոհեր տվեցին, իսկ Արամին մեկ փամփուշտ անգամ չդիպավ։ Երբ Միսաք Թորլաքյանը Բուենոս Այրեսում մեզ այցելության էր եկել, պատմեց, որ Արամն առաջին շարքերում էր, անընդհատ շարժման մեջ ու անկարելի էր նրան բռնել։ Նա այդ կռվում լավագույն զինվորներից մեկն է եղել»,- պատմում է Կավուկյանը։  

 

Հատուկ հանձնարարություններից դեպի «Հատուկ գործ»

 

Պատերազմը թուրքերի դեմ շարունակվում էր, Արամ Երկանյանը ներառվում է ՀՀ գաղտնի ոստիկանության զորքերում եւ գործուղվում Լոռի՝ չեզոքացնելու թուրք-թաթարական խմբերը։

 

«Համաշխարհային պատերազմը չէր ավարտվել, Հայաստանը շարունակում էր պայքարել թշնամինների դեմ, երկիրը լիքն էր լրտեսներով։ Վտանգները հաշվի առնելով՝ Հայաստանում ձեւավորվում է արտաքին հետախուզությունը։ Երկանյանը թրծված հեղափոխական էր, մասնակցել էր տարբեր մարտերի, շատ լավ կրակող ու սառնարյուն մարդ էր։ Պատահական չէ, որ, չնայած երիտասարդ տարիքին, նրան վստահվեց նման կարեւոր աշխատանք»,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը։

 

1919-ի աշնանը Երեւանում ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում տրվում է «Հատուկ գործ»-ի մեկնարկը։ 19-ամյա Արամը դառնում է այն տղաներից մեկը, ով ընդգրկվում է գործի մեջ։ «Հատուկ գործ»-ի փաստաթղթերում առայժմ հայտնաբերվել են միայն «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության հանցագործների անունները, սակայն նեմեսիսականների հուշագրություններից հայտնի է դառնում, որ եղել է նաեւ «Մուսավաթ» կուսակցության հանցագործների ցանկ։

 

Թաթար (ադրբեջանցի) ջարդարարները երիտթուրքերի օրինակով փախել էին տարբեր երկրներ ու ապաստանել հիմնականում Թիֆլիսում, Կ․Պոլսում եւ Ռուսական կայսրության տարբեր վայրերում։ Երկանյանն ավելի շատ մասնակցել է ադրբեջանցի հանցագործներին ոչնչացնելու գործողություններին ու վերացրել հայերի ջարդերի կազմակերպիչներին։

 

Թիֆլիսում գնդակահարում է ադրբեջանցի ջարդարարներին

 

1919-ի հոկտեմբերին Երկանյանը գործուղվում է Թիֆլիս, որտեղ Գրիգոր Ամիրյանն ու Հարություն Հարությունյանն արդեն սկսել էին հետախուզական աշխատանքները։ Մինչ այդ ադրբեջանցի հանցագործներին մահապատժի ենթարկելու հայերի բոլոր փորձերն անցել էին ապարդյուն։

Ռումինիայում Երկանյանին տրված անցագիրը Ռումինիայում Երկանյանին տրված անցագիրը

 

Հոկտեմբերի վերջին Թիֆլիսի Երեւանյան հրապարակում (այժմ Ազատության) Երկանյանը գնդակահարում է Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին։ Որոշ ժամանակ անց նրա գնդակից ընկնում են բուլղարացի լրտես ու հայերի դեմ հօգուտ թաթարների աշխատած Սարաֆովը, կոտորածների կազմակերպիչ ու կատարողներ Յուսուֆբեյլին եւ Խան Աղաեւը։

Թիֆլիսի Երեւանյան հրապարակը 20-րդ դարասկզբին Թիֆլիսի Երեւանյան հրապարակը 20-րդ դարասկզբին

 

Նրան հանձնարարվում է իրականացնել Ադրբեջանի նախկին վարչապետ, ապա արտգործնախարար Ֆաթալի խան Խոյսկու մահապատիժը։ Խան Խոյսկին ներքին գործերի նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրի հետ նորաստեղծ Ադրբեջանում տարածում էին հայերին կոտորելու եւ տեղահանելու իթթիհադական թուրքերի գաղափարախոսությունը։

 

Նրանց անմիջական հրամաններով 1918-ի սեպտեմբերի 15-17-ը կոտորվում են Բաքվի ավելի քան 30 հազար հայեր։ Դրանից առաջ եւ հետո թաթար խուժանի կողմից կրկին խան Խոյսկու հրամանով տեղի էին ունեցել նաեւ Գանձակի, Շուշիի եւ այլ հայաշատ վայրերի կոտորածները։

 

«Ո'վ Խան-Խոյսկին կճանչնա, անոր պատմության ծանոթ է, ան միայն պիտի կրնա ըմբռնել, թե դյուցազնը, Արամին մեջ, ինչի կըրնար նմանիլ: Խոյսկին իր «ղոչաղներու» շրջանակով վահանված, գիտեր Կովկասի հայությունը փշաքաղել եւ Թիֆլիսի փողոցներուն մեջ արհամարհել իր դեմ արձակված հայկական մահավճիռը» (Նաթալի-խմբ․)։

 

1920-ի հունիսի 19-ին Գոլովինսկայա (այժմ Ռուսթավելի) փողոցի սրճարաններից մեկում Միսակ Կիրակոսյանի հետ հերթապահելու ժամանակ նկատում են խան Խոյսկուն եւ նախկին պատգամավոր խան Մահմադովին։

 

«Գիտակ ու փորձ, գազան, որ գիտե թե օրվան որեւէ մեկ ժամուն իր դեմ կրնա կանգնիլ հայ վրեժխնդիրը: Եւ կարհամարհե դարձյալ... Կմոռնար միայն, թե թրքահայ նահատակութենեն հարուցյալ մը, տղեկ մը՝ Արամ, պիտի ցցվեր իր դեմ միս-մինակ, եւ իր «ղոչաղ»-ներու զրահապատ շղթան պիտի չկրնար պաշտպանել զինքը արդարագույն դատաստանեն» (Նաթալի-խմբ․):

Ֆաթալի խան Խոյսկին Ֆաթալի խան Խոյսկին

 

Մոտ 150 մ հեռավորությունից Երկանյանը վազում է ընդառաջ ու կրակ բացում․ Խոյսկին տեղում մահանում է, իսկ Մահմադովը՝ վիրավորվում։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվում է նաեւ Միսակ Կիրակոսյանը։ Սխալ է տարածված այն կարծիքը, որ վիրավորվողը եղել է Երկանյանը։

 

Հունիսի 24-ին ՀՅԴ-ի «Յառաջ» թերթը գրում է խան Խոյսկու սպանության մասին։ Երկու օր անց «Յառաջ»-ը հայտնում է․

 

«Ադրբէջանի նախկին կառավարութեան նախագահ Խան Խօյսկին շաբաթ օր, ամսվա 19-ին, երեկոյեան ժամը 11ին Խանմամեդովի ընկերակցութեամբ վրաց ակումբից դուրս գալուց յետո, Գոլովինսկի Գրիբոեդովսկի փողոցների միջեւ, ոչ հեռու այնտեղ գտնվող Ռուսական մատուռից երկու գնդակի հարւածներով գետին է տապալւում․ նոյն միջոցին Խանմամեդօվը մի թեթեւ վերք է ստանում։ Փողոցի չորս անկիւններում չորս զինւած մարդիկ շփօթ առաջ բերելու համար սկսում են կրակել աջ ու ձախ, որով իրոք անց ու դարձ անողներն ու ոստիկանները անմիջապես ապահով փողոցներ են փախչում, այսպիսով մարդասպանները հնարաւորութիւն են ստանում անվտանգ բարձրանալ դէպի Գրիբոեդովսկայա փողոցն ու անյայտանալ․․․»։

 

Ծանոթություն Շիրակյանի հետ ու չստացված գործողություն Բաքվում

 

Ադրբեջանցի հանցագործների մահապատիժները «Նեմեսիս»-ի նախերգանքն էին։ Երկանյանը Թիֆլիսից անցնում է Երեւան, որտեղ 1920-ի հունիսից գտնվում էր նաեւ Պոլսից ժամանած Արշավիր Շիրակյանը։ Նրանց հանդիպումը կայանում է ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի տանը։ Ըստ լուրերի՝ Էնվեր ու Խալիլ փաշաները մեծաթիվ զորքով պետք է հարձակվեին ՀՀ-ի վրա։ Նրանց չեզոքացնելու համար Երկանյանին ու Շիրակյանին տրվում է հանձնարարություն մեկնել Բաքու։

Արշավիրն ու Արամը Արշավիրն ու Արամը

 

1920-ի նոյեմբերի 17-ին դիվանագիտական անցագրով հասնում են Թիֆլիս, Արամը որպես Գրիգոր Մուրադյան, Արշավիրը՝ Ահարոն Ավետիսյան։ Այստեղ նրանք պետք է ստանային նոր փաստաթղթեր, քանի որ «Արամին թրքերէնը աւելի թաթարերէն էր», նա ներկայանալու էր թաթար Ալի Շեւքեթ, իսկ Պոլսի թրքերենին տիրապետող Շիրակյանը՝ Իսմայիլ Էշրեֆ անունով։

 

Սակայն նրանք այդպես էլ Բաքու չեն հասնում, որովհետեւ ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից ու նետվում Մետեխի բանտը։ Ըստ Վիրժինյա Կավուկյանի՝ Երկանյանը բանտում երբեք չի հայտնվել, այդ մասին նա պատմել է կնոջը։

 

Սակայն տարբեր վկայություններ ցույց են տալիս, որ նա Շիրակյանի հետ եղել է Մետեխի բերդում։ Ըստ Շիրակյանի հուշերի՝ կրելով տարբեր տառապանքներ, նրանք ի վերջո Քութաիսի տեղափոխության ճանապարհին Արամի թիֆլիսյան ընկերների օգնությամբ փախուստի են դիմում եւ ազատվում։

 

1921-ի փետրվարին Շիրակյանն ու Երկանյանն անցնում են Պոլիս։ «Ճակատամարտ»-ին պատկանող շենքում նա սկսում է ապրել Միսաք Թորլաքյանի հետ։

 

Նաթալուց ստացած հրահանգը՝ Բեհաեդդին Շաքիրի հետքերով

 

Հենց «Ճակատամարտ»-ի շենքում էլ կայանում է Երկանյանի ու Շահան Նաթալու հանդիպումը։

 

«Ես զինքը ճանչցա Պոլիս... Բաց գիրք մը, որ ինձ թվեցավ, թե ծնած օրես կարդացած էի: Պարզունակ, անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակատին վրա եւ հայու աչքերուն մեջ: Կարնեցի սա տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին»,- հետագայում հիշել է Նաթալին։

 

Երկանյանը մեծ հարգանք, սեր ու վստահություն էր զգում Նաթալու նկատմամբ․

 

«Ղեկավարին վրայ անկասկածելի վստահութիւնը զինուորին համար յաղթանակի ստուգութիւն մըն է: Եւ ես անսահման վստահութիւն ունէի անոր վրայ»:

 

Շուրջ մեկ տարի Երկանյանը մնում է Կ․ Պոլսում։ Նրա մեծ եղբայրը մեկնում է այնտեղ ու հորդորում վերադառնալ տուն, սակայն վերջինս հրաժարվում է։

 

«Այս դեպքից հետո ընտանիքը վերջնականապես հույսը կտրում է, մանավանդ հայրը, որը կարծում էր, թե տղան մի օր հետ է գալու»,- պատմում է տիկին Վիրժինյան։

 

1921-ի նոյեմբերի վերջին «Ճակատամարտ»-ի շենքի 5-րդ հարկում Նաթալին Երկանյանին տեղեկացնում է, որ պետք է մեկնի Եվրոպա, ավելացնելով՝ «Պեհաէտտին Շաքիրն է բաժինդ»:

 

«Այդ անունը գլխու պտոյտ մը պատճառեց ինծի: Վախ չէր զգացածս. վստահ եմ: Անկարելի երանութեան մը զգացումը թերեւս»,- հիշել է Երկանյանը:

 

Նաթալու խոսքերով ասած «Եվրոպացի ջենթլմենի ծպտումով բորենի» բժիշկ Շաքիրը «Հատուկ կազմակերպության» նախագահ, Իթթիհադի «անթագ թագավորներից» էր, որը բացարձակ լիազորություններով նահանգից նահանգ էր անցել ու հայությանը բնաջնջել։ Շաքիրն է, որ  առաջարկել է ծովը թափել Տրապիզոնի հայ մանուկներին, ինչն իրականացրել է Ջեմալ Ազմին, իսկ մնացածի վրա բժշկական փորձարկումներ են կատարել։    

 

Թեհլիրյանի նկատմամբ ունեցած ակնածանքը

 

Չնայած Երկանյանը բազմաթիվ փայլուն գործողություններ էր կատարել, սակայն մեծ հարգանք էր զգում Սողոմոն Թեհլիրյանի նկատմամբ․ «...ահա կը ժպտի ինծի, կը ժպտի եղբայրական ներշնչումի մը քաղցրութեամբ, կարծես ըսել ուզէ.-Արա'մ, ուխտդ ուխտական...»:

 

Նա անձամբ ճանաչում էր Թորլաքյանին ու Կ․ Պոլսում եղել էր  այն մայթի վրա, որտեղ ընկել էր Ջիվանշիրը․ «․․․Որքա՜ն ուժ կայ հայասպան թուրքի մը արիւնին վրայ կոխելուն մէջ...»։

 

Սակայն Թեհլիրյանին երբեք չէր հանդիպել։ Բեռլինում Նաթալուց թույլտվություն ստանալով ու հեռվից հետեւելով նրան՝ Երկանյանը լինում է Հայդենբերգ փողոցում։

 

«Ու հետեւեցայ քայլերուն, կարծելով որ կը կոխեմ Սողոմոնի ոտքերուն տեղը, նոյն մայթին երկայնքն ի վար: Կ'երեւակայեմ, թէ ի՞նչ կ'զգար Սողոմոնը այդ առտուն, երբ կը վազէր այս մայթին վրայէն՝ աչքերը գամած դիմացէն գացող մահապարտին, իսկ մատը վրէժխնդիր բլթակին վրայ․․․ Փըթի Շանի մայթին վրայ ես կոխեր էի Ճիւանշիրի արիւնի բիծին վրայ: Ահա Թալէաթի արիւնշաղախ ուղեղին բջիջները ոտքերուս տակ՝ Հայտենպերկի վրայ: Կ'երդնում, որ երկու ոտքով անվրէպ պիտի կոխեմ Պեհաէտտինի արիւնին վրայ»:

 

Դեպի Բեռլին

 

1921-ի դեկտեմբերի սկզբին իտալական շոգենավով հեռանում է Կ․Պոլսից։ Նա Նաթալուց ստացել էր Բեհաեդդին Շաքիրի նկարը։ Ուսումնասիրելուց հետո պատռում է ու նետում ծովը՝ «ինչպէս ինք հայ կեանքերը բզկտեց ու թափեց ծովերն ու անապատները»:

 

Հասնելով Իտալիա՝ պարսկական անցագրով ներկայացած Երկանյանը հասկանում է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Կարճ ժամանակ անց իմանում է, որ սպանվել է Սայիդ Հալիմը, մեղադրյալը դիմել է փախուստի։ Թուրքերը համոզված էին, որ սա հայերի ձեռքի գործն է․ «Արեւ մը կը ժպտէր հոգիիս մէջ: Կը դիտէի զիրենք գողունի ու բարձրաձայն խնդալու փափաք մը կը զգայի: Կը խնդայի հոգիիս մէջ այս պէյերուն վրայ, որոնք ո՜վ գիտէ որքան խնդացեր էին իրենց իսկ ձեռքով սպաննուած հայորդիներու դիակներուն առջեւ»:

 

Հռոմից անցնում է Վենետիկ, ապա Վիենա, որտեղ նրան միանում են Շահան Նաթալին, Արշավիր Շիրակյանը, Արշակ Մուշեղյանը։ Ստանալով հանձնարարականները՝ առանձին-առանձին մեկնում են Բեռլին։

 

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը գաղտնի տեղեկացրել էր, որ հայկական «մի կազմակերպություն» պատրաստվում է սպանել Ազմիին ու Շաքիրին։ Գերմանիայի ոստիկանությունը թիկնապահներ է տրամադրում թուրքերին, իսկ վերջիններս մի որոշ ժամանակ դառնում են առավել զգուշավոր։

 

Թե ով է այս գաղտնի տեղեկությունը հայտնել Նաթալուն, չգիտենք, բայց այն, որ դա ճիշտ է եղել, իմանում ենք արդեն գործողության ավարտից հետո, երբ գերմանական թերթերը քննադատում են Բեռլինին, որն իմանալով հանդերձ սպասվող սպանությունների մասին, չի կարողացել կանխել դրանք։

 

Բեռլինի նեմեսիսականները վճռում են գործն ամեն գնով գլուխ բերել

 

Չնայած նախազգուշացումներին՝ Ջեմալ Ազմին շարունակում էր ազատ ելումուտ անել Բեռլինի ծխախոտի իր խանութն ու նաեւ հավաքույթներ կազմակերպել այնտեղ։ «Նեմեսիս»-ի անդամների համար նրա խանութը դարձել էր փարոս, որի լույսը դեպի իրեն էր ձգում թուրք մարդասպաններին։

 

Իրականում Շաքիրի ու Ազմիի հետապնդումները բավական նյարդային են անցնում։ Խմբից Արշակ Մուշեղյանը արտաքնապես չէր համապատասխանում եվրոպական միջավայրին ու ի վերջո նրան հետ են ուղարկում։

Բեհաեդդին Շաքիրը Բեհաեդդին Շաքիրը

 

Մյուս կողմից, խմբի անդամներից մեկը՝ Ս․-ն, ըստ Նաթալու, Երկանյանի ու Շիրակյանի, ոչ միայն թերանում էր գործի մեջ ու չէր կատարում հանձնարարությունները, այլեւ կեղծ տեղեկատվություն էր տալիս, անընդհատ նշում, թե իրենք բացահայտվել են ոստիկանության կողմից։ Նա նաեւ նամակներ էր ուղարկում Կ․Պոլիս, որպեսզի այնտեղից հրամայեն դադարեցնել հետապնդումները։

 

Չնայած վերոհիշյալ երեքն այդպես էլ չեն բացահայտում Ս․-ի ինքնությունը (ըստ Նաթալու՝ նա Շիրակի դաշտից էր ու խմբում միակը, որ ծնվել էր «սահմանից այն կողմ»), սակայն պահպանված արխիվներից իմանում ենք, որ վերջինս ՀՅԴ անդամ, Ապարանի, ապա Էջմիածնի նախկին գավառապետ ու 1919-20-ին Երեւանի ոստիկանության պետ Սեդրակ (Սեթո) Ջալալյանն է։ Ջալալյանը հասնում է նրան, որ Պոլսի ԿԿ-ից իսկապես հրահանգ է գալիս Նաթալուն դադարեցնել հետապնդումները եւ ողջ խմբով հեռանալ Բեռլինից։

 

Սակայն բեռլինյան նեմեսիսականները վճռում են շարունակել գործը ու չհավատալ «Ս-ի նենգ» խոսքերին։ Նրանք վերջինիս հայտնում են, որ տեղյակ են սուտ վկայություններին, իսկ Նաթալին ապրիլի 14-ին հեռացնում է Ջալալյանին ու պատվիրում լքել Գերմանիան։

 

«Նրանք, ովքեր այլ երկրներում էին, ստացած նամակներից վախ ունեին, որ հնարավոր է խումբը բացահայտվի։ Բայց Բեռլինում գտնվողները միգուցե նաեւ անձնական որոշմամբ միակարծիք էին, որ պետք է մնան ու իրականացնեն մահապատիժները։ Ի վերջո նրանք տեղում էին, արդեն բացահայտել էին շատերին ու զգում էին, որ ունակ են գործը հաղթական ավարտին հասցնելուն»,- ասում է Խանումյանը։

 

Ազմիի ընտանիքի «մտերիմ» դարձած Հրաչ Փափազյանին հաջողվում է իմանալ Բեհաեդդին Շաքիրի հասցեն ու գաղտնի հանդիպման ժամանակ փոխանցել Նաթալուն։ Նաթալու խոսքերով ասած «անմոռունակ ու անկասկածելի պատանեկիկ» Շիրակյանը ճշտում է, որ արաբատառ «ալփ» տառով գրված դռան հետեւում ծպտված ապրում է Բեհաեդդին Շաքիրը։

 

Երկանյանն առաջին անգամ տեսնում է Շաքիրին

 

Հետապնդումների ժամանակ վերջապես կայանում է Երկանյան-Շաքիր առաջին հանդիպումը եւ «իրենց աչքերը իրար հանդիպած են, այն պահուն երբ Մեծ Ջարդարարը կասկածանքով շուրջը ակնարկներ կը պտտցնէր»։ Արամին դեմ հանդիման եկող Շաքիրի հետեւում նա նկատում է «Թ-ի «մանկունակ» պատկերը» (Թ-ն Շիրակյանն է, որի ծածկանունը Թորգոմ էր,խմբ․)։ Սկսվում է ավելի զգուշավոր հետապնդման շրջանը։

 

Նաթալու պահանջը հստակ է լինում՝ «1․ Այս անգամ շանթահարուողները պիտի ըլլան երկուք կամ աւելի, 2․ Գործը պիտի կատարուի միայն գիշեր ատեն՝ ոչ մի զոհ, նույնիսկ բանտարկյալ, Թալեաթի գործի հանդեպ թույլ տված բարեացկամութեանը չենք կրնա սպասել այս անգամ․․․ այս քայլով մենք այլեւս պիտի փակենք մեր հաշիւները գերման սահմաններէն ներս, 3․ ․․․ Հաւաքուին տեղ մը, բացի Պէհաէտտինի տունէն, որպէսզի գիշեր ատեն դուրս գան խումբերով եւ Պէհաէտտինը անպատճառ պէտք է ըլլայ անոնց մէջ»։

 

«Նաթալին ու «Հատուկ գործ»-ի մյուս անդամները գիտեին, որ իրենց գործունեությունն աստիճանաբար վտանգավոր է դառնում, քանի որ  վտարանդության մեջ գտնվող հանցագործներն ավելի զգուշավոր էին, իսկ  ոստիկանությունը նրանց հսկում ու պաշտպանում էր։ Իհարկե, ոչ մի հայկական կազմակերպության նկատմամբ մեղադրանք չկար, սակայն բոլորն էլ հասկանում էին, որ թիկունքում հայերն են կանգնած։ Դրա համար Շաքիրի ու Ազմիիի հարցերը պետք է միաժամանակ ու գիշերով լուծեին»,-ասում է Խանումյանը։

 

Մեռելոցի օրը թափվում է ոճրապատ գանգերի արյունը

 

1922-ի ապրիլի 16-ը Սուրբ Հարության տոնն էր։ Երկանյանը հիշում է, որ ապրիլ 17-ին՝ Զատկին հաջորդող մեռելոցի օրը, Բեռլինում բոլորը ծաղիկներով գնում են իրենց հարազատների շիրիմներին, իսկ «մենք, ժամանակացուցագրուած աշխատանքի ենք, մեր մեռելոցը փնտռելով։ Մեր մեռելները հեռո՜ւ, հեռո՜ւ անապատներու մէջ են: Եւ անոնք մեզմէ ծաղիկ չեն սպասեր, այլ ոճրապատ գանկերու արիւնը»:

 

Խորհրդանշական է, որ հենց մեռելոցի օրը, ցեղասպանությունից ընդամենը 7 տարի անց Բեռլինում Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը իրենց հարգանքի տուրքն էին մատուցելու միլիոնավոր նահատակներին՝ վերացնելով Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ Հրաչ Փափազյանն արդեն տեղեկացրել էր այդ օրվա հավաքույթի տեղի ու ժամի մասին։

 

Երեկոյան ժամը 5-ից Երկանյանն ու Շիրակյանը հետապնդում են երիտթուրքերին, ովքեր հերթով իրենց կանանց հետ մտնում են Ազմի բեյի տուն, հավաքույթին գալիս է նաեւ Թալեաթի կինը։

 

Շիրակյանը տեղեկությունը հասցնում է Նաթալուն, ով շտապում է դեպքի վայր ու հեռվից հսկողություն սահմանում։ Երկար ու ձիգ ժամերը, ցուրտը տառապանք են պատճառում երիտասարդներին․ «կարծես մագնիսական ուժ մը գամած է ժամացոյցի սլաքը, սլաքը մխուած է կարծես սրտիս եւ անոր շուրջ սիրտս է միայն որ կը դառնայ կստտուքով»:

 

Ըստ Շիրակյանի՝ ինքը մեծ խանդավառությամբ լցված սպասում էր գործի մեկնարկին։ Արամը եւս «․․․ուրախ էր, բայց լուռ կը մնար․ միայն այտոսկրները աւելի ցցուեցան եւ նշաձեւ աչքերը վայրագ ու կատաղի փայլ մը առած էին․․․»։

 

Կեսգիշերին մոտ հյուրերը դուրս են գալիս․ առջեւից քայլում էր Ռուհսի բեյը, ապա Ազմիի ու Շաքիրի կանայք երեխաներով, որոնց հետեւում էին Թալեաթի կինը՝ Ազմիի ու Շաքիրի մեջտեղում:

 

Շիրակյանն ու Երկանյանը վազում են դեպի նրանց։ Առաջինը վերջ է դնում Ջեմալ Ազմիի կյանքին, իսկ երկրորդը՝ Շաքիրի «․․․իր մաուզեր ատրճանակով գնդակ մը պարպեց ճիշտ ճակատին ու գետին փռեց զայն»։

 

Ուղեկցող մյուս թուրքերը շփոթության մեջ են ընկնում, մինչդեռ Թալեաթի կինը կառչում է Շիրակյանից ու գետնին գցում նրան։

 

«Թալեաթի կինը վկա էր դարձել՝ տեսելով Շիրակյանի դեմքը։ Ճիշտ է, գիշեր էր ու դժվար է ասել, թե ինչպիսի լուսավորություն է եղել, բայց սա արդեն լուրջ վտանգ էր։ Կինը ցուցմունք էր տվել գերմանական ոստիկանությանը, վստահաբար նաեւ տվյալներ էր տրամադրել թուրքական գաղտնի ոստիկանությանը։ Հետագայում տեսնում ենք, որ բերման ենթարկված բազմաթիվ հայերից նա ընտրում է մի տղայի, որը, ինչպես ասում են «Նեմեսիս»-ի անդամները, դեմքով իսկապես նման էր Շիրակյանին»,-նշում է Խանումյանը։

 

Երկանյանը կրակ է բացում ու սպառնում բոլորին, ինչից օգտվելով Արշավիրը «սատանայի ճարպկությամբ» դիմում է փախուստի։ Փախչում է նաեւ Արամը եւ, ինչպես որոշվել էր նախապես, տարբեր փողոցներ մտնելով կորցնում հետքը։

 

«․․․Այնքան թեթեւ կը զգայի, կարծես լեռ մը ինկած էր կուրծքիս վրայէն: Վստահ էի գնդակիս մահացութեան մասին: Հատուցուած էր ուխտը հայ մեռելոցին»:

 

Երկանյանը հասնում է իր վարձած սենյակ ու հետագայում այսպես հիշում մանրամասները․ «Հազիւ անկողին մտած այնպիսի երանաւէտ քունով մը քնացայ այդ գիշեր, որ հազիւ թէ այնքան անուշ քնացած ըլլամ կեանքիս մէջ: Անհոգ մանկիկ մը կարծես, որ գլուխը բարձին դրած՝ աչքերը կը գոցէ քաղցրօրէն: Ոչ մէկ յոգնութիւն, ոչ մէկ կասկած կամ երկիւղ... Իբրեւ թէ վերադարձած ըլլայ հաճելի քէֆէ մը եւ գինին քաղցր թմրութիւնով մը գրկած զիս: Միլիոններու արիւնին վրէժխնդիրին համար ի՞նչ աւելի գինովցնող գինի քան ոճրագործներուն արիւնը: Եւ երբ կը շարունակուէր ականջիս մէջ «պապա՜, պապա՜, պապա՜» կոծը, ինծի կը թուէր թէ մայրիկս է, որ օրօր կ'երգէ, օրօրոցս օրօրելէն»:

 

«Նեմեսիս»-ի մարտիկները լքում են Բեռլինը

 

«Հայերը թող իրենց վրեժը լուծեն այլ տեղում», այսպիսի միտք էր պտտվում գերմանական մամուլում։ Թուրքական կողմը տարածում էր, որ եթե Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվեր, ապա այլեւս նման դեպքեր Գերմանիայի մայրաքաղաքում տեղի չէին ունենա։

 

Խիստ հսկողություն էր իրականացվում ու հայերին թույլ չեն տալիս հատել սահմանը, Բեռլինի հայերը ու քաղաք ժամանած այլ հայեր բերման են ենթարկվում։

 

Այդ նույն ընթացքում Շիրակյանն ու Երկանյանը ընդհատակում էին, չնայած արդեն հասցրել էին հանդիպել «Ինգլիզ» կաֆեում. «Իր սովոր ծանր քայլերով ու հանդարտ, հանդարտ մօտեցաւ եւ սեղանս նստաւ։ Եւ սեղանի տակէն, առանց ուշադրութիւն հրաւիրելու, իրարու ձեռք երկարեցինք եւ ուժով մը սեղմեցինք»,-գրում է Շիրակյանը դեպքից հետո Երկանյանին առաջին անգամ տեսնելու մասին։

 

Թուրքական կողմին օգնության ձեռք են մեկնում պարսիկները։ Երկանյանի հուշերից իմանում ենք, որ նրանք մատնացույց են անում Պարսկաստանում հեղափոխական գործունեություն ծավալած Վ-ին։ Նրանք համոզված էին, որ վերջինս կապ ունի գործի հետ։

 

Այստեղ խոսքը մեծ հավանականությամբ Վահան Զաքարյանցի մասին է, որը ներգրավված էր Թալեաթի մահապատժի գործում, եղել էր Թեհլիրյանի թարգմանիչը, աշխատում էր հյուպատոսարանում։

Մանուել Մարությանը, Սուրեն Ավետիք Սահակյանը եւ Արամ Երկանյանը (ձախից՝ աջ) Մանուել Մարությանը, Սուրեն Ավետիք Սահակյանը եւ Արամ Երկանյանը (ձախից՝ աջ)

 

Երկանյանը Բեռլին էր ժամանել պարսկական անցագրով։ Չի բացառվում, որ նման փաստաթուղթ ձեռք բերելուն օգնել է հենց Զաքարյանցը։ Հավանական է, որ նա, ինչպես նաեւ Թեհլիրյանին օժանդակած Բեռլինում ապրող այլ նեմեսիսականներ դերակատարում են ունեցել այս գործողության մեջ։

 

Հետապնդումների թափը կոտրվում է, երբ Թալեաթի կինը տեսնում է բերման ենթարկված ուսանող Բերբերյանին ու ասում, թե նա է եղել սպանողներից մեկը։ Երիտասարդը ձերբակալվում է (ազատ է արձակվում միայն վեց ամիս անց)։

 

«Նեմեսիս»-ի մարտիկներն օգտվում են առիթից ու առանձին-առանձին ավստիրական սահմանով, ոչ հայկական անցագրերով հեռանում Բեռլինից։

 

«...երբ մաքսատունէն անցած կը կոխէինք աւստրիական հողը, ինծի թուեցաւ, թէ բանտէ մը դուրս կուգայի ազատ օդի մէջ: Բանտ մը, որուն ծանրութիւնը նոր կը զգայի. որովհետեւ վրէժխնդրական սրբազան պարտքի մը կատարումը թոյլ չէր տար ինծի զգալ բանտի ծանրութիւնը երբ Պերլին էի»,-հիշում է Երկանյանը:

 

Ռումինիա, Արգենտինա, ամուսնություն ու ծանր հիվանդություն

 

Հետագայում Երկանյանը տեղափոխվում է Ռումինիա, որտեղ Միսաք Թորլաքյանի հետ ագարակ է ստեղծում ու փորձում անասնապահությամբ զբաղվել, սակայն հաջողության չեն հասնում։

 

«Բուխարեստում Արամն այցելում է գորգավաճառ Հակոբ Բարաքյանին, որը ֆինանսապես օգնում էր Ռումինիա գաղթած հայերին։ Նա նաեւ Հայաստանի փոխդեսպան էր եղել ու լավ կապեր ուներ ռումինական կառավարությունում։

 

Հակոբի աղջիկ Զաբելը մի օր դպրոցից վերադառնում է տուն ու անծանոթ գլխարկ տեսնում։ Քիչ անց սենյակից հոր հետ դուրս է գալիս բարձրահասակ, կապույտ աչքերով ու համակրելի դիմագծերով մի տղա, որին Զաբելը միանգամից սիրահարվում է։ Այդ ժամանակ նա 14 տարեկան էր, իսկ Արամը՝ 23»,-պատմում է Վիրժինյա Կավուկյանը։

 

Երկանյանը սկսում է աշխատել Բարաքյանին պատկանող խանութում։ Ըստ գրող Մանուել Մարությանի՝ Արամին միշտ գիրքը ձեռքին է տեսել, եղել է զարգացած ու բանիմաց երիտասարդ։ Երկանյանն իր ով լինելը թաքցրել է ապագա կնոջից ու նշել, որ ինքը պարզապես զինվոր է եղել․ «Տատս պատմում էր, որ մեծ հայրս շատ մաքրասեր էր, սիրում էր լավ հագնվել ու անչափ կոկիկ էր»։

 

1927-ին Բարաքյանն ընտանիքին ուղարկում է Արգենտինա՝ եղբոր մոտ։ Կարճ ժամանակ անց նա Արամի հետ միանում է նրանց ու հաստատվում Բուենոս Այրեսում։ 1931 թվականին Արամն ու Զաբելն ամուսնանում են։ Երկանյանը մեծ ջանքերով ստեղծում է «Արմենիա» թերթը, ծավալում հայապահպան գործունեություն: Ցավոք, բայց երջանիկ կյանքը երկար չի տեւում, որովհետեւ պարզ է դառնում, որ նա հիվանդ է թոքախտով։

Կնոջ՝ Զաբելի հետ Կնոջ՝ Զաբելի հետ

 

«Օհաննես Փանոսյանի խորհրդով Արամը մեկնում է Կորդոբա, որտեղ լավ բժիշկներ կային։ Սակայն վիճակն արդեն ծանր էր։ Զաբելի հայրը ստանձնում է բուժման ծախսերը, բայց դրանք այնքան շատ էին, որ գումարի պակասության պատճառով դիմում են նաեւ ՀՅԴ-ին։ Ցավոք, բայց ոչ ոք չի արձագանքում։ Զաբելն արդեն հղի էր ու, ստիպված թողնելով Արամին բուժարանում, վերադառնում է Բուենոս Այրես։

 

Մայրս՝ Մարիան, ծնվում է Բուենոս Այրեսում։ Տատիկս նրան տանում է Կորդոբա, բայց բժիշկները թույլ չեն տալիս մտցնել հիվանդանոց։ Հոր ու աղջկա հանդիպումն այդպես էլ տեղի չի ունենում։

 

Արամը երկու տարի ապրում է հիվանդանոցում, իսկ Զաբելը երեխային վերադարձնում է ծնողների մոտ ու կրկին մեկնում Կորդոբա։ Նա պատմում էր, որ Արամն այնպես էր պայքարում կյանքի համար, անընդհատ ասում, որ աղջկան պատմեն իր մասին։ Նամակ ունենք, որտեղ Զաբելը գրում է, թե միայն հրաշքի են հավատում ու խնդրում բոլորին աղոթել ամուսնու համար։ Ցավոք, բայց հրաշքը չի լինում ու Արամը մահանում է 34 տարեկանում»,-նշում է Կավուկյանը։

 

Արամ Երկանյանի մահվան լուրը տեղի հայկական թերթերին հաղորդում է Հակոբ Բարաքյանը։ Հայաստանում ապրող Արամի ծնողներին՝ Սարգիս Երկանյանին եւ Մարիամ Սողոյանին, լուրը փոխանցում է Վազգեն Առաջինի միջոցով, որի հետ մտերիմ է եղել դեռ Ռումինիայում ապրելու տարիներից։ Երկանյանի մարմինն ամփոփվում է Կորդոբայում։

 

Դուստրը հավատում էր, որ երկնքում հանդիպելու է հորը

 

Մարիա Երկանյանը երկար տարիներ չի իմացել, թե ինչպիսի գործունեություն է ծավալել հայրը։ Նրա մայրը վախենում էր, որ թուրքերը կիմանան ու կվնասեն նրան․ «Իր պապերի պես, մայրս եւս երաժշտական ընդունակություններ ուներ ու սովորել էր կոնսերվատորիայում։ Վախն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ այդ ժամանակ նրա քեռին ուղեկցում էր նրան ու սպասում վերադարձին»։

 

Ավելի հասուն տարիքում Մարիայի համար արդեն պարզ էր, թե ով է Արամ Երկանյանը։ Բազմաթիվ մանրամասներ հոր մասին իմանում է նաեւ Բուենոս Այրես ժամանած Միսաք Թորլաքյանից։

 

Մարիա Երկանյանը բացի տիկին Վիրժինյայից ունեցել է Արամ անունով որդի, որը, ցավոք, փոքր տարիքում մահացել է։ Ինքը վախճանվել է 2020 թվականին՝ իր ողջ կյանքում ապրելով այն մեծ ցավով, որ հորն այդպես էլ չի տեսել․ «Մայրս մինչեւ վերջ էլ հավատում էր, որ ինքը երկնքում հանդիպելու է նրան»։

 

«Նեմեսիս»-ի մարտիկներից Արամ Երկանյանին նվիրված մեր անդրադարձն ավարտենք Շահան Նաթալու խոսքերով․ «...Արամ, սակայն, ծնած էր այդպես մեռնելու համար: Այսինքն՝ սուրբ...Սուրբ ես, Արա'մ, սուրբ՝ քու պատարագը, հավիտյանս հավիտենից»:

 

Գոհար Նալբանդյան

 

Լուսանկարները տրամադրել են Արտյոմ Երկանյանն ու ՀՅԴ թանգարան-հիմնադրամը։

 

Հոդվածում արվել են մեջբերումներ Արամ Երկանյանի «Գիրք մատուցման եւ հատուցման, Այսպէս սպաննեցինք», Արշավիր Շիրակյանի «Կտակն էր նահատակներուն», Շահան Նաթալիի «Գիրք մատուցման եւ հատուցման, Յաւելուած», Ժակ Դեռոժիի «Opération Némésis» գրքերից, «Յառաջ» թերթից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին