Նոյեմբերի 16-ին Թբիլիսիում կայանալու էր Deep Purple-ի համերգը: Իհարկե, պետք է գնայինք: Վերջին անգամ իմ թանկագին բարեկամ Իեն Գիլանին հանդիպել էի 2024 թվականի հունիսին՝ Deep Purple-ի ստամբուլյան բացօթյա համերգից առաջ:
Վերջին անգամ Վրաստանի մայրաքաղաքում մեկ տարի առաջ էի՝ 2024 թվականի նոյեմբերին: Հարցազրույցներն էի վարում վրաց քաղաքագետների եւ մտավորականների հետ՝ փոփոխվող տարածաշրջանում հայ-վրացական հարաբերությունների ապագայի մասին: Շատ ուրախ էի երկար դադարից հանդիպել իմ գրեթե 30 տարվա ընկեր Զվիադ Քորիձեին, ինչպես նաեւ վերջապես անձամբ ծանոթանալ պատմաբան, գրականագետ, Վրաստանի գրականության թանգարանի նախկին տնօրեն Լաշա Բաքրաձեի հետ, ում հետ նախկինում միայն հեռավար էինք շփվել:
2023 թվականի գարնանից հետո, երբ Silk Hospitality ընկերության հրավերով Թբիլիսի եւ Ցինանդալի այցելեցինք, Թբիլիսի մեկնելիս միշտ մնում էի Radisson Blu հյուրանոցում: Պատճառները շատ են՝ բարձր հարկերից բացվող անհավանական տեսարանները (համարներում հսկայական պատուհաններ են), հարմար դիրքը, հոգատար անձնակազմը: Այնպես որ, երբ որոշեցինք, որ գնալու ենք Deep Purple-ի համերգին, պարզ էր, որ մնալու ենք Radisson-ում: Հյուրանոցի վերելակները ապակեպատ են եւ նախորդ տարվա այցելությանս ժամանակ հետեւում էի, թե ինչպես է օր ու գիշեր «եռում» աշխատանքը Radisson-ի անմիջական հարեւանությամբ գտնվող Թբիլիսիի նախկին գլխավոր հեռագրատան շենքում, որը Silk Hospitality-ն վերածում էր նոր հյուրանոցի՝ Telegraph:
Գիտեի, որ մի քանի ամիս առաջ հյուրանոցը բացվել է՝ Youtube-ում տեսել էի այս հոլովակը, որտեղ խոսում են շենքի ճարտարապետի որդին եւ Silk Road Group ընկերության նախահան Գիորգի Ռամիշվիլին:
Գործընկերներին խնդրեցի, որ հնարավորության դեպքում «ներսից» ցույց տան հյուրանոցը՝ ինձ շատ հետաքրքիր էր, թե որքանով է փոխվել Թբիլիսիի այցեքարտային շենքերից մեկը: Ի պատասխան Silk Hospitality-ն անակնկալ մատուցեց. առաջարկեցին այս անգամ մնալ ոչ թե հարազատ դարձած Radisson Blu-ում, այլ հենց Telegraph-ում՝ արտոնյալ պայմաններով:
Լուսանկարը` Silk Hospitality
Գլխավոր հեռագրատան շենքը 1964 թվականին նախագծել են ճարտարապետներ Լադո Մեսխիշվիլին եւ Թեյմուրազ Միկաշավիձեն: Այն մտածված էր որպես մոնումենտալ կառույց, որը կարտացոլեր անցյալը եւ կսահմաներ Թբիլիսիի ապագան։ Յուրահատուկ ֆասադը, մոնումենտալ քիվները, կրկնակի ատրիումները եւ շրջապատող քաղաքային առանցքի հետ ինտեգրումը շենքը Ռուստավելիի պողոտայում ճարտարապետական նշանակետ էին դարձրել։

Ձախից՝ «Իվերիա» հյուրանոցը (այժմ՝ Radisson Blu Iveria), աջից՝ հեռագրատան շենքը
Երբ Silk Road Group-ը գնեց շենքը եւ որոշեց այն վերածել հյուրանոցի՝ Գիորգի Ռամիշվիլին որոշել էր, որ ամենայն հարգանքով են վերաբերվելու շենքի ճարտարապետական «ոգուն»՝ միաժամանակ հարստացնելով այն ժամանակակից միտումներով։ Արդյունքում, երբ շրջում ես հյուրանոցի տարածքում, խորհրդային ժամանակաշրջանի մոդեռնիզմի եւ ժամանակակից մինիմալիստական դիզայնի երկխոսության վկան ես քեզ զգում:
Լուսանկարը` Silk Hospitality
Շենքի անցյալի մասին տեղեկանում սենյակ մտնելուց անմիջապես հետո: Այն բավական երկար է, երեւի, մոտ 15 մետր: Սենյակը բաժանված է գոտիների, որոնք միմյանցից տարանջատված են «պատուհաններով»՝ ճիշտ այդպես, ինչպես հին հեռագրատանը:
Լուսանկարը` Silk Hospitality
Լոգասենյակ, ննջարան, աշխատանքային գոտի, դեպի պատշգամբ տանող հանգստի գոտի՝ բազմոցով եւ բազկաթոռով: Պատկերացնում ես, որ հենց այստեղ 50, 40, 30 տարի առաջ հեռագրատան աշխատակիցները միջքաղաքային զանգեր էին կազմակերպում, հեռագրեր եւ նամակներ ընդունում եւ ստանում:
Այստեղ «սպասարկում» էին մարդկային հույզերը եւ այդ ոգին ապրում է Telegraph-ում: Երբեւէ հյուրանոցում ապրելիս նման հետաքրքիր զգացումներ չեմ ունեցել՝ ժամանակների եւ սերունդների կապը այստեղ ոչ թե գեղեցիկ խոսքեր են, այլ իրական զգացողություն:
Լուսանկարը` Silk Hospitality
«Այսօր Telegraph-ը ներկայանում է ոչ միայն որպես վերականգնված ճարտարապետական խորհրդանիշ, այլեւ հավաքատեղի ստեղծագործողների եւ մտածողների համար՝ լի շնչող մշակույթով եւ կրքոտ զրույցներով», - գրված է հյուրանոցի պաշտոնական նյութերում: Եվ սա այն քիչ դեպքերից է, երբ գովազդային տեքստը լիովին համապատասխանում է իրականությանը:
Լուսանկարը` Silk Hospitality
Նախկին հեռագրատան եւ քաղաքի կապի պահպանմանը նպաստող կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ սրճարանն ու ռեստորանները հասանելի են բոլորին, ոչ միայն հյուրանոցի բնակիչներին: Հյուրանոցում մեր անցկացրած 3 օրվա ընթացքում տեսնում էինք, թե ինչպես են Ռուստավելիով քայլող մարդիկ մտնում հյուրանոց, տեղավորվում սրճարանում եւ շարունակում զրույցը: Գներն, ի դեպ, հաճելիորեն զարմացնում են՝ կոկտեյլը Bell and Gray սրճարանում արժի նույնքան, որքան Շարդենի փողոցի ցանկացած սրճարանում կամ բարում: Իսկ, օրինակ, հյուրանոցի ասիական Laan Thai կամ իտալական Philosophico ռեստորանների գները համադրելի են Երեւանի գների հետ:
Լուսանկարը` Silk Hospitality
Չնայած Telegraph-ը գործում է մի քանի ամիս, նրա Tatuza ջազ ակումբը արդեն ձեռք է բերել Վրաստանի ամենա iconic ջազային վայրի համբավը: Երեկոյան այստեղ հանդես են գալիս տեղացի ամենահայտնի ջազմենները, հաճախ ելույթ են ունենում նաեւ արտասահմանցի երաժիշտներ:
Լուսանկարը` Silk Hospitality
Այս տողերը գրելիս մտքովս անցավ, որ կարելի է Silk Hospitality-ի գործընկերներին առաջարկել Tatuza-ում հայկական ջազի երեկոներ կազմակերպել: Հյուրանոցի վերջին հարկում էլ Rolling Stone բարն է, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Մտածմինդա լեռը:
Լուսանկարը` Silk Hospitality
Թբիլիսիի հեռագրատունը Telegraph-ի է վերածվել Neri & Hu ընկերության շնորհիվ:
2004 թվականին Շանհայում Լինդոն Ներիի եւ Ռոսանա Հուի կողմից հիմնադրված բյուրոն ներկայանում է ոչ թե ճարտարապետական, այլ՝ «դիզայնի եւ hետազոտության» ստուդիա: Telegraph-ի պարագայում հասկանում ես, թե որքան ճիշտ է այդ սահմանումը՝ առանց մանրակրկիտ ուսումնասիրության այս արդյունքը չէր ստացվի: Դեր է խաղացել նաեւ այն, որ Ներին եւ Հուն, ինչպես եւ Թբիլիսին, տարբեր մշակույթների կրողներ են՝ նախքան Neri & Hu-ն հիմնադրելը նրանք սովորել են աշխատել են Միացյալ Նահանգներում:
Deep Purple-ի համերգից հետո մեր ընկերների հետ եկանք Telegraph`«մի բաժակ բան խմելու» եւ տպավորությունները քննարկելու համար:
Լուսանկարը` Silk Hospitality
Նստեցինք Cortyard Bar-ում: Շատ յուրահատուկ զգացողություն էր՝ գիտես, որ հյուրանոցի տարածքում ես, բայց միաժամանակ կարծես ավանդական թբիլիսյան ջերմ բակերից մեկում լինես:
Լուսանկարը` Silk Hospitality
Հակառակ, բայց եւս հաճելի զգացողություն ունենում էինք առավոտյան նախաճաշելիս՝ Grand Cafe-ն ասես Վիեննայի հայտնի սրճարաններից մեկը լիներ:
Լուսանկարը` Silk Hospitality
Telegraph-ը իսկապես պատմությունը եւ ավանդույթները հարգելու, սերունդների կապը չխախտելու մասին է: Ցավոք, վերջին տասնամյակների ընթացքում Երեւանում մենք հաճախ լրիվ հակառակն են տեսել: Նոր սեփականատերերը լավագույն դեպքում պահպանել են հին շենքի ֆասադը կամ դրա մի մասը, ներսում ստեղծելով նախորդի հետ կապ չունեցող միջավայր:
Լուսանկարը` Silk Hospitality
Եվ այդ «ավանդույթը» շարունակվում է: Թբիլիսիից վերադառնալուց երկու օր հետո կարդացի, որ Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի նախկին շենքն առաջիկա 1,5 տարում կհավասարեցվի հողին։ Կառուցապատողը ստացել է շենքն ապամոնտաժելու դրական եզրակացությունը։
Արա Թադեւոսյան





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: