Ճամփորդություն «Միմինոյի» եւ իշխան Ճավճավաձեի երկիր - Mediamax.am

6663 դիտում

Ճամփորդություն «Միմինոյի» եւ իշխան Ճավճավաձեի երկիր


Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Աջից ձախ: Պետրոսյան-Բոյլը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Գեորգի Ռամիշվիլին
Աջից ձախ: Պետրոսյան-Բոյլը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Գեորգի Ռամիշվիլին

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality

Լուսանկարը` Silk Hospitality


Լրագրողներին երբեմն հրավիրում են մեդիա-շրջագայությունների՝ պետությունները, ընկերությունները, գործընկեր կազմակերպությունները: Վերջին անգամ նման շրջագայության մեկնել էի տարիներ առաջ, եւ, անկեղծ ասած, այլեւս չէի պատրաստվում: Բայց երբ հրավեր ստացանք Radisson ցանցից եւ Վրաստանում նրա գործընկեր Silk Hospitality-ից, որը Silk Road Group-ի մաս է կազմում, ինչ-որ բան ինձ հուշեց, որ արժե գնալ: Ամենագրավիչն այն էր, որ բացի Թբիլիսիից, ծրագրում ընդգրկված էր այցելություն Ծինանդալի, որտեղ Ճավճավաձեների տոհմական կալվածքում գործում է Tsinandali Estate-ը, որը ներառում է Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարանը, խաղողի այգիները, գինու գործարանը, Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցը եւ վերջերս բացված Park Hotel-ը:

 

Radisson Blu Iveria

 

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի հենց սկզբում գտնվող Radisson Blu Iveria-ում իջեւանել էի 10 տարի առաջ՝ ընդամենը մեկ օրով: Հագեցած գործնական ուղեւորություն էր, ուստի, իմ սենյակից բացի, այն ժամանակ հյուրանոցում կարգին բան չէի տեսել։ Սակայն լավ հիշում էի անսովոր երկար բազմոցը, որը տեղակայված էր մեծ պատուհանների երկայնքով, որի վրա պառկած կարելի էր դիտարկել ամբողջ Թբիլիսին:

Լուսանկարը` Silk Hospitality

Այս անգամ ապրում էինք 14-րդ հարկում, եւ տեսարանները հիասքանչ էին. ամբողջ Թբիլիսին կարծես ափի մեջ էր։ Էլ ավելի անհավանական տեսարան էր բացվում հյուրանոցի վերջին երկու հարկերից, որտեղ գտնվում է Anne Semonin Spa-ն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաջորդ առավոտյան մեր խմբի կանացի կազմը համադրեց Թբիլիսիի տեսարանների դիտումը ոչ պակաս հաճելի SPA-պրոցեդուրաներով։

Լուսանկարը` Silk Hospitality

«Ուշ լանչը» սպասում էր մեզ հյուրանոցի Filini իտալական ռեստորանում։ Բովանդակությամբ այն հիմնականում իտալական էր, իսկ տաք ուտեստների քանակով՝ վրացական։ Դրանք չո՛րսն էին։ Հիանալի ռիզոտո սնկով, ֆլորենցիական սթեյք, միդիաներ՝ սերուցքային սոուսով եւ հայտնի վրացական  ճուտը: Իսկական առատության եղջյուր էր վաղ առավոտյան Երեւանից դուրս եկած եւ ճանապարհից հոգնած մարդկանց համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

 «Անդրոպովի ականջներից»՝ դեպի Republic

 

1983 թվականին ԽՍՀՄ գլխավոր քարտուղարի այցին ընդառաջ Թբիլիսիի Հանրապետության հրապարակում՝ «Իվերիա» հյուրանոցի դիմաց, ստեղծվել էր «Տոնակատարությունների հրապարակի տրիբունայի տարածական կամարաշարք» ճարտարապետական անսամբլը։

 

Սակայն բոլորն այն անվանում էին շատ ավելի կարճ ու սրամիտ՝ «Անդրոպովի ականջներ»։

 

2005 թվականին համալիրը քանդեցին, իսկ մի քանի տարի առաջ Silk Road Group-ը «ականջների» տեղում կառուցեց չորսհարկանի բազմաֆունկցիոնալ Republic շենքը: Առաջին հարկում Republic 24 ռեստորանն է, երկրորդ եւ երրորդ հարկերում՝ 800 հյուրերի համար նախատեսված միջոցառումների եւ համերգների Republic Event Hall սրահը, իսկ չորրորդ հարկում Republic ռեստորանն է՝ հսկայական պատշգամբով:

Լուսանկարը` Silk Hospitality

Այս դեկորատիվ վահանակը հատուկ Republic-ի համար ստեղծել է վրացի նկարիչ եւ դիզայներ Թամարա Կվեսիտաձեն՝ Բաթումիում գտնվող «Նինոն եւ Ալին» քանդակի հեղինակը։ Նրա աշխատանքները դեռ տեսնելու ենք Tsinandali Estate-ում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընթրիքը, բնականաբար, առատությամբ չէր զիջում ճաշին։ Սերուցքային սոուսով սաղմոնին եւ հավին հաջորդեցին Republic 24-ից «ժամանած» խինկալին եւ իմերեթական խաչապուրին։ Republic 24-ը օր ու գիշեր գործող վրացական խոհանոցի ռեստորան է։ Եթե հանկարծ Թբիլիսիում ուշ գիշերը կամ վաղ առավոտյան խինկալի կամ աջարական խաչապուրի ցանկանաք, ապա գիտեք, թե ուր գնալ:

Լուսանկարը` Silk Hospitality

Գիշերային ակումբ, նախաճաշ եւ «Իվերիա» սրճարան

 

Ընթրիքից հետո անցանք փողոցը եւ Radisson հյուրանոցի մուտքի մոտով իջանք դեպի նախկին ստորգետնյա անցում, որտեղ գտնվում է Silk Hospitality-ին պատկանող Noble Savage գիշերային ակումբը՝ Թբիլիսիի ամենամոդայիկ վայրերից մեկը։

Լուսանկարը` Silk Hospitality

Այստեղ շատ գեղեցիկ էր ու խորհրդավոր։

 

Մտածեցի, որ կարելի է նման բան ստեղծել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող ստորգետնյա անցման տարածքում, որը շատ վաղուց լքված ու անմխիթար տեսք ունի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ակումբը սկսում է լցվել կեսգիշերին, իսկ դատարկվում է վաղ առավոտյան։ Կարծում եմ՝ նախքան տուն գնալը այցելուներից շատերը չեն դիմանում Republic 24 մտնելու գայթակղությանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճանապարհորդելիս հատկապես սիրում եմ նախաճաշերը հյուրանոցներում: Քանի որ անցած երեք տարիների ընթացքում գրեթե չէի ճանապարհորդել, Radisson Blu Iveria-ն նախաճաշի առատությունը հատկապես հաճելի էր:

 

Մինչ Կախեթի մեկնելը, թեթեւ ճաշեցինք հյուրանոցի հարեւանությամբ գտնվող «Իվերիա» սրճարանում՝ այդպիսով «լրացնելով» Silk Hospitality-ի յուրօրինակ «քառակուսին» Թբիլիսիի սրտում՝ Radisson Blu Iveria-Republic-Noble Savage-Iveria:

Լուսանկարը` Silk Hospitality

Մեր ուղեւորության համար պատասխանատու Տակո Մգելաձեն՝ Silk Hospitality-ից, իր մեքենայով մեզանից շուտ մեկնեց Ծինանդալի՝ «համոզվելու, որ ամեն ինչ պատրաստ է ձեզ ընդունելու համար»։

 

Ճանապարհ դեպի Կախեթի, «Գիվի Իվանովիչը», Վարդան Մինասյանը, Կվարացխելիան եւ Մխիթարյանը

 

Երբեք չէի մտածի, որ երբեւէ կհայտնվեմ Թելավի քաղաքում, որը մեծ համբավ ձեռք բերեց 1977 թվականից՝ լեգենդար «Միմինո» ֆիլմի էկրաններին դուրս գալուց անմիջապես հետո։

 

Նստում ենք միկրոավտոբուս, որը մեզ տանելու է Կախեթի, եւ պարզվում է, որ վարորդ Ռաֆիկը հայ է։ Շատ ուրախ է, որ տանելու է իր ազգակիցներին եւ ջղայնությամբ պատմում է, որ առավոտյան արաբների էր տարել Մցխեթա, ինչից հետո ողջ մեքենան «չիփսի մեջ կորած» էր։

 

Թբիլիսիից Թելավի եւ Ծինանդալի տանում է երկու ճանապարհ՝ ավելի երկար խճուղային եւ ավելի կարճ լեռնային: Գնացինք Գոմբորիի լեռնային ճանապարհով։ Այն շատ գեղեցիկ է, սակայն եթե ճանապարհային ոլորանները դժվար եք տանում, խորհուրդ եմ տալիս մեկնելուց առաջ «Դրամինա» հաբեր խմել։

 

Մեքենան սկսում է իջնել 1620 մետր բարձրության վրա գտնվող լեռնանցքի գագաթից, երբ հանկարծ հորիզոնում երեւում է հզոր եւ անհավանական երկար լեռնաշղթա։ Մեծ կամ Գլխավոր Կովկասյան լեռնաշղթան է, որի մասին այդքան շատ էի կարդացել, սակայն երբեւէ չէի տեսել։ Թվում էր, թե լեռները չեն կարող զարմացնել Հայաստանում ծնված ու ողջ կյանքը ապրած հային։ Պարզվեց՝ կարող են։

 

Շուտով մոտենում ենք Թելավիին եւ տեսնում ենք ցուցանակ՝ 4 կիլոմետր մինչեւ այն օդանավակայանը, որի տնօրեն Գիվի Իվանովիչին «չէր հարգում ԳԱԻ-ն»։ Թելավիի կենտրոնից մինչեւ Ծինանդալի՝ մի 10 րոպե է։ Այդ ընթացքում հասցնում եմ հիշել, որ մի քանի ամիս առաջ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է «Թելավի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։

 

Ֆուտբոլի մասին Silk Hospitality-ից Վատո Շելիայի հետ զրուցում էինք նախորդ երեկոյան կայացած ընթրիքի ժամանակ: Նա չէր համակերպվում, որ «Նապոլիի» աստղ Խվիչա Կվարացխելիան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Միլանի» հետ խաղում կարեւոր 11 մետրանոց չէր խփել եւ ուրախանում էր, որ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է հենց «Միլանի» հետ։

 

Ժամանումը Tsinandali Estate

 

Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցի մուտքի մոտ մեզ դիմավորում են հյուրանոցի կառավարիչ Ալեքս Կոբելաշվիլին եւ նրա անձնակազմը՝ Tsinandali Estate Sparkling Extra Brut-ով լի գավաթներով: Լեռնային ճանապարհից հետո մի գավաթ սառը փրփրուն գինին շատ տեղին էր:

Լուսանկարը` Silk Hospitality

Բարձրացանք սենյակ, դուրս եկանք պատշգամբ եւ ... հորիզոնում դարձյալ Կովկասյան Մեծ լեռնաշղթան է: Թվում է, թե Radisson-ը Վրաստանում մասնագիտանում է տեսարանների վրա՝ քաղաքային համայնապատկերներ Թբիլիսիում, լեռնային համայնապատկերներ՝ Ծինանդալիում։ Սենյակում մեզ սպասում են յասամանի բուրավետ փունջը եւ սառույցով դույլի մեջ փրփրուն Tsinandali-ի շիշը: Դիմակայում ենք այն բացելու գայթակղությանը։

Լուսանկարը` Silk Hospitality

Հյուրանոցի ինտերիերի հեղինակներն են գերմանացի դիզայներ Ինգո Մաուերն ու մեզ արդեն ծանոթ Թամարա Կվեսիտաձեն։

 

 «Գաղտնի սենյակը» եւ հավատարմությունը Ճավճավաձեի ավանդույթներին

 

Ալեքսը մեզ ցույց է տալիս Tsinandali Estate-ը: Հյուրանոցի տանիքում լողավազան է, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Մեծ Կովկաս, եւ Anne Semonin Spa-ն:

Լուսանկարը` Silk Hospitality

Մեկ այլ՝ 27 մետրանոց լողավազան էլ կա հյուրանոցի տարածքում՝ դեպի խաղողի այգիներ եւ թենիսի կորտեր տեսարանով: Երկու լողավազաններն էլ հյուրերին հասանելի են ողջ տարին. ցուրտ եղանակին ջուրը տաքացվում է:

Լուսանկարը` Silk Hospitality

Ստորգետնյա հատվածում, որտեղ 19-րդ դարում Ալեքսանդր Ճավճավաձեն հիմնել էր շշալցվող գինու առաջին արտադրությունը Վրաստանում, այսօր Natella եւ Prince Alexander ռեստորաններն են, բար-գրադարանը եւ «գաղտնի սենյակը»՝ փոքրիկ սրահ VIP-հյուրերի համար։

Լուսանկարը` Silk Hospitality

Tsinandali Estate-ի առանձնահատուկ հպարտությունը 1200 հոգու համար նախատեսված բացօթյա ամֆիթատրոնն է եւ փակ սրահը, որոնցում 2019 թվականից հյուրընկալվում է Tsinandali Festival-ը։

Լուսանկարը` Silk Hospitality

Այստեղ ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ՝ դիրիժոր Զուբին Մետան, դաշնակահարուհիներ Յուջա Վանգը եւ Մարթա Արգերիխը, դաշնակահար Միխայիլ Պլետնեւը եւ շատ ուրիշներ։

Լուսանկարը` Silk Hospitality

Մեզ պատմում են, որ Silk Road Group-ի հիմնադիր Գեորգի Ռամիշվիլին Ալեքսանդր Ճավճավաձեի կալվածքը վերականգնելիս ձգտում էր վերականգնել նաեւ կարեւոր խորհրդանիշները։ Ճավճավաձեների ընտանիքը շատ երաժշտասեր էր, եւ Tsinandali Festival-ը խորհրդանշում է հավատարմությունը իշխանական ընտանիքի ավանդույթներին: Խաղողի այգիները եւ ժամանակակից գինեգործարանը նույնպես հարգանքի տուրք են Ալեքսանդր Ճավճավաձեին:

 

Համակովկասյան նվագախումբը, Park Hotel-ը եւ Prince Alexander-ը

 

Հատուկ Tsinandali Festival-ի համար ամեն տարի կազմավորվում է «Համակովկասյան նվագախումբը»` իտալացի դիրիժոր Ջանանդրեա Նոզեդայի ղեկավարությամբ, որում նվագում են երիտասարդ երաժիշտներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, ինչպես նաեւ՝ Թուրքիայից, Ղազախստանից, Ուկրաինայից եւ Թուրքմենստանից։ Նաեւ նրանց «շնորհիվ» է, որ Tsinandali Estatе-ի տարածքում բացվեց Park Hotel-ը. սովորաբար երաժիշտները ժամանում են փառատոնի մեկնարկից 2 շաբաթ առաջ եւ ապրում են այնտեղ։ Մնացած ժամանակ Park Hotel-ում իջեւանում են երիտասարդները, որոնց գրավում են մատչելի գները եւ այն փաստը, որ հյուրերին հասանելի է Tsinandali Estate-ի ողջ ենթակառուցվածքը՝ ինչպես եւ Radisson Collection-ի բնակիչներին: Երեկոյան ընթրիքի ժամանակ Ալեքսը պատմում է, որ մեր հարեւանությամբ քեֆ անող երիտասարդները հենց Park Hotel-ի հյուրերից էին:

Լուսանկարը` Silk Hospitality

Ընթրում ենք Prince Alexander ռեստորանում: Ալեքս Կոբելաշվիլին ներողություն է խնդրում, որ խոհանոցը վրացական չէ եւ խոստանում, որ վաղը վրացական ավանդական խնջույք կունենանք։ Պարզ չէ, թե ինչու է Ալեքսը ներողություն խնդրում՝ մատուցում են համեղ իշխան եւ նրբագույն միս։ Համեղ ուտեստներն ուղեկցվում են սպիտակ «Ծինանդալիով», իսկ հետո մեզ առաջարկում են փորձել հնեցված «նարնջագույն» գինի. amber wine-ը այսօրվա վրացական գինեգործության առանձնահատկություններից է։

Լուսանկարը` Silk Hospitality

Թանգարան եւ մի փոքր պատմություն

 

Հաջորդ առավոտը սկսում ենք Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարան այցելությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տան մեծ մասը ավերվել էր 1854 թվականին՝ իշխանի մահից 7 տարի անց, երբ Իմամ Շամիլը արշավել էր դեպի Կախեթի եւ հարձակվել կալվածքի վրա։ Շամիլի մարտիկները գերի էին վերցրել Ճավճավաձեի 26-ամյա հարսին՝ իշխանուհի Աննային։ Ութ ամիս անց իշխանուհուն փոխանակեցին Շամիլի Ջամալուդինի որդու հետ։ Սակայն Աննայի ամուսինը՝ Դավիթ Ճավճավաձեն, ստիպված էր նաեւ հսկայական փրկագին վճարել, որը վարկ էր վերցրել ռուսական պետական բանկից։ Հետո իշխանը չկարողացավ մարել վարկը, եւ կալվածքը դարձավ բանկի, իսկ հետո՝ Ռոմանովների տան սեփականությունը։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում շրջելով՝ մտածում էի, որ 1811 թվականի հոկտեմբերին միգուցե հենց այս սենյակից Ալեքսանդր Ճավճավաձեին գործուղեցին Երեւան՝ գեներալ-մայոր Լիսանեւիչի մոտ՝ վերջինիս կողմից պարսիկների դեմ ձեռնարկած արշավախմբի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով։ Այս պատշգամբում էլ նա, թերեւս, կանգնած մտածում էր 1827 թվականին՝ նոր գործուղման նախօրեին՝ Պասկեւիչի կողմից Երեւանը գրավելուց հետո։ 1828 թվականի փետրվարին գեներալ-մայոր Ճավճավաձեն նշանակվել էր Երեւանի մարզի շրջանային պետ եւ զորքերի հրամանատար։ Նույն թվականին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, Ճավճավաձեն ղեկավարում էր Բայազետի գրավման գործողությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս

2019 թվականի ամռանը, նախքան Արարատ բարձրանալը, կանգնած էի այնտեղ, որտեղ ժամանակին Բայազետի բերդն էր, եւ մտքովս չէր կարող անցնել, որ 4 տարի անց կհայտնվեմ գրեթե 200 տարի առաջ այստեղ պատերազմած գեներալի տանը։

 

Այգին եւ գինեգործարանը

Լուսանկարը` Silk Hospitality

Երկու դար առաջ կալվածքի հյուրերն էին Պուշկինը, Լերմոնտովը, Ալեքսանդր Դյումա-հայրը։ Կալվածքի տարածքում գտնվող հսկայական այգու հզոր ծառերը պիտի որ «հիշեն» այդ դասականներին: Այգու օդն այնքան մաքուր ու «համեղ» է, որ անսովորությունից թեթեւ գլխապտույտ է առաջացնում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գլխապտույտն ավելի առարկայական է դառնում գինեգործարանում, որտեղ մեզ հյուրասիրում են երիտասարդ գինի՝ վերջերս գնված իտալական կաթսաներից, որոնցում գինին կայունացման շրջան է անցնում՝ քվեւրիներում (կարասներում) գտնվելուց հետո:

Լուսանկարը` Silk Hospitality

Նման քվեւրիներից մեկն էր մտել Լեոնիդ Պարֆյոնովը իր In Qvevri Veritas ֆիլմում. դիտեք 06:50-ից:

 

 

Գինուց բացի գինեգործարանում նաեւ հիանալի խաղողի օղի` ճաճա են պատրաստում:

 

Մոգական երեկոն

 

Վերջին օրը երեկոյան հավաքվում ենք ընթրելու Natella ռեստորանի պատշգամբում։ Ռեստորանի շեֆ-խոհարար Իրման եւ նրա անձնակազմը վարպետության դաս են անցկացնում մեր խմբի համար՝ սովորում ենք պատրաստել խաչապուրի, խինկալի եւ չուրչխելա: Իրման ընթրիքի համար անակնկալ է խոստանում՝ տոլմա սերուցքի եւ պարմեզանի սոուսով։ Միանգամից ասեմ՝ շատ համեղ էր։

Լուսանկարը` Silk Hospitality

Ալեքսը պատմեց, թե ինչպես էր հյուրանոցային բիզնես սովորում Անգլիայում ՝ այն միջոցների շնորհիվ, որոնք իր հայրը մի կերպ կարողացել էր «հետ գցել» սոված 90-ականներին։ Նա էլ է սիրում լեռներ գնալ։ Ալեքսը պատմում է Կազբեկ, ես՝ Արարատ բարձրանալու մասին։

Լուսանկարը` Silk Hospitality

Շուտով մեզ են միանում Tsinandali Estate-ի կառավարիչ գործընկեր Գեորգի Խարաբաձեն եւ նրա հյուրը՝ Իրաքում ծնված, ողջ կյանքը Ֆրանսիայում ապրած եւ լիբանանյան անձնագիր ունեցող հայուհին, որը գիրք է գրում Կովկասի նշանավոր կանանց մասին:

Լուսանկարը` Silk Hospitality

Գեորգի Խարաբաձեն պատմում էր 80-ականների վերջին Մոսկվայում իր կյանքի, դասական երաժշտության աստղերի հետ շփվելու նրբությունների մասին, ես հիշում եմ մեր արկածները ռոք-աստղերի հետ։ Գեորգիին ասում եմ, որ իմ  դասընկեր Յուլիա Պետրոսյան-Բոյլը՝ National Geographic-ի փոխնախագահը, երկար տարիներ Վրաստանում Silk Road Group-ի հետ համատեղ հրատարակում է National Geographic Magazine-ի վրացակաան տարբերակը։ Գեորգին ժպտում է եւ ասում, որ Յուլիան իր հյուրն էր Ծինանդալիում 2022 թվականի աշնանը, երբ եկել էր Վրաստան՝ National Geographic ամսագրի հրատարակման 10-ամյակի կապակցությամբ։

Աջից ձախ: Պետրոսյան-Բոյլը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Գեորգի Ռամիշվիլին Աջից ձախ: Պետրոսյան-Բոյլը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Գեորգի Ռամիշվիլին

Լուսանկարը` Silk Hospitality

Եվ ես հասկանում եմ, որ Tsinandali Estate-ի գաղափարն աշխատում է. Ալեքսանդր Ճավճավաձեի հիմնադրած ավանդույթները շարունակվում են։ Նստած ենք Կովկասյան լեռների ֆոնին, գինի էինք խմում, ռուսերենից անցնում անգլերենի եւ հակառակը, ընդհանուր ընկերներ գտնում։ Եվ սա ոչ թե սովորական «մեդիա-շրջագայություն» էր, այլ հրաշալի ճամփորդություն, որի ընթացքում մեզ բախտ վիճակվեց հանդիպել հրաշալի մարդկանց։

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին