Դպրոց ճաղերի հետեւում. դատապարտյալնների սեպտեմբերի 1-ը - Mediamax.am

exclusive
393 դիտում

Դպրոց ճաղերի հետեւում. դատապարտյալնների սեպտեմբերի 1-ը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քիմիայի ուսուցիչ Մարիամ Սարգսյանը
Քիմիայի ուսուցիչ Մարիամ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեփան Սուքիասյանը
Ստեփան Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեփան Սուքիասյանը
Ստեփան Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մաթեմատիկայի ուսուցիչ Փառանձեմ Հովհաննիսյանը
Մաթեմատիկայի ուսուցիչ Փառանձեմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Քոչարյանը
Արթուր Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատմության ուսուցիչ Լիլիթ Սարգսյանը
Պատմության ուսուցիչ Լիլիթ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեփան Սուքիասյանը
Ստեփան Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մետաղական դուռը փակվում է ծանր ձայնով։ Բանտի դպրոցը հակասությունների տեղ է։ Դասարան, որտեղ կան տետրեր, գրիչներ ու գրատախտակ, բայց ոչ ոք դասի ավարտին տուն չի գնա։ Ուսուցիչը բացատրում է, աշակերտները՝ գրում, ու մի պահ մոռանում ես՝ սա սովորական սեպտեմբերի մեկն է, թե՞ բետոնե պատերով զուգահեռ աշխարհ։

 

Հենց այստեղ է, որ զգում ես՝ բանտում ժամանակը խաբում է։ Խցում այն կանգ է առնում, օրերը միմյանց նման են, տարիները կորցնում են հաշիվը։ Իսկ դասի ընթացքում ժամացույցը կարծես շարժվում է․ յուրաքանչյուր լուծված խնդիր մի փոքր դուրս գալ է ժամանակի կաղապարից։ Թվերը, բառերը, պատմության տարեթվերը դառնում են այն շարժիչը, որ քաշում է մարդուն դեպի կյանք, դեպի հասարակություն։

Լուսանկարը` Մեդիամաքս

2022 թվից «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է դատապարտյալների հանրակրթության կազմակերպման գործընթացը։ Կրթությունը բանտում միայն դաս չէ․ դա միակ ճանապարհն է ցույց տալու, որ նույնիսկ փակ տարածքում հնարավոր է շարունակություն։

 

Քիմիայի դաս. նոր խումբ

 

Դատապարտյալներն առաջին անգամ են դասի։ Մեկը լուռ է թզբեխն է հաշվում, կողքինը ոտքն անընդհատ շարժվում է լարվածությունից, դիմացի նստարանին նստած հիսունն անց տղամարդը ձեռքում խաղում է գրիչով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկսում են 7-րդ դասարանի ծրագիրը։ Ուսուցչի հարցին՝ «Մինչեւ ո՞ր դասարանն եք սովորել», մի տղա լուռ պատասխանում է․ «Վեցերորդ»։ Դատապարտյալները փորձում են հիշել այն, ինչ տարիների ընթացքում մոռացել են։ 

Քիմիայի ուսուցիչ Մարիամ Սարգսյանը Քիմիայի ուսուցիչ Մարիամ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սարգսյանը 2019-ից դասավանդում է քրեակատարողականներում եւ ասում է, որ չափահասները սովորելու որոշումը գիտակցված են կայացնում՝ ցանկանում են վերհիշել մոռացված գիտելիքը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դատապարտյալների դեմքերին մի տեսակ վստահություն կա. կյանքի փորձից երեւում է՝ շատ հարցերի պատասխանները հասկանում են։ Բայց հենց որ խոսքը գիտելիքին է հասնում, լռությունն ավելի ծանր է դառնում, քան երկաթե դուռը։ Առաջին շարքում այդ լռության մեջ նստած է Ստեփանը։

 

Մանկություն առանց ծնողների

 

Ստեփան Սուքիասյանը այսօր 42 տարեկան է։ Ծնվել է Մարտունու շրջանի Լիճք գյուղում։ Նրա մանկությունը համընկել է Արցախյան առաջին պատերազմի հետ։ Ծնողները առաջնագծում էին, իսկ ինքը պետք է մնար տատիկի տանը։ Վեց-յոթ տարեկանից սկսած՝ Ստեփանը հաճախ փախչում էր տնից։ Փողոցն էր նրան մեծացնում։

Ստեփան Սուքիասյանը Ստեփան Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Չէի մնում տատիս տանը, փախնում էի, գնում փողոց։ Փողոցում մեծացա, լսեցի լիքը չար մտքեր ու դարձա դրա մի մասը», - պատմում է նա։

 

Դպրոցն էլ երկար չտեւեց։ Վարդենիսի Ավազան գյուղի դպրոցում անընդհատ դասերից փախչում էր։ Հետո միայն հասկացավ՝ որքան էին ուսուցիչները փորձում նրան ուղղել՝ «Ստեփան ջան, սովորի»։ Բայց ուշ էր։

 

Առաջին գողությունը եւ կրկնվող փակուղիներ

 

14 տարեկանում նա առաջին անգամ գողություն արեց։ Սոված էր։ Գյուղի խանութից սնունդ գողացավ։ «Ձու գողացողը ձի էլ կգողանա։ Էդ ձուն գողացա, կերա։ Հետո սկսեցի «ձի»-ն էլ գողանալ», - հիշում է նա։

Ստեփան Սուքիասյանը Ստեփան Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

16 տարեկանում նա առաջին անգամ պայմանական դատավճիռ ստացավ։ Պետք է նախազգուշացում լիներ, բայց չդարձավ։ 2001-ին զորակոչվեց բանակ։ Բայց ձեռքը արդեն սովոր էր «հեշտ ճանապարհին»։ Գողության պատճառով առաջին անգամ բանտում հայտնվեց։

 

Հետագա տարիները կրկնվող շրջան էին. ազատվում էր, հետո նորից հայտնվում ճաղերի հետեւում։ 2006-ին, հետո՝ 2009-ին Մոսկվայում թմրանյութերի գործով, 2012-ին՝ մեքենա գողանալու համար։ Ամեն անգամ նույն սխալը, նույն փակուղին։ Վերջին անգամ դատապարտվել է 2023-ին՝ վեց տարով։

 

Այսօր Ստեփանը բանտում է՝ ոչ թե պատանեկան անփորձությամբ, այլ տարիների կրկնվող սխալների ծանրությամբ։

Ստեփան Սուքիասյանը Ստեփան Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեփանը ութերորդ դասարանից հետո թողել էր ուսումը։ Փողոցի փորձը շատ ավելի գրավիչ էր թվում։ Բայց հենց այդ բացն էր ճակատագրական. չուներ մասնագիտություն, չուներ զբաղմունք, չուներ գիտելիք, որը կարող էր նոր կյանք սկսել։

 

«Ամեն ազատումից հետո նորից նույն կետին էի վերադառնում», - խոստովանում է նա։ Այժմ բանտում սկսել է կրթական ծրագրերի մասնակցել։ Սովորել է կայքերի ստեղծում, դիզայն։ «Հիմա կարամ կայք սարքեմ։ Մի կազմակերպության համար փորձնական արդեն արել եմ», - ասում է նա։ 

 

Մաթեմատիկա. ավագ խումբ

 

Ավագ խմբի տղաներն ավելի ազատ են ու անկաշկանդ։ Դասարան մտնելիս մի դատապարտյալ ողջունում է՝ ոգեւորված, եւ հպարտությամբ պատմում, որ դասարանի գերազանցիկն է, տասնյակ պատվոգրերով։

Մաթեմատիկայի ուսուցիչ Փառանձեմ Հովհաննիսյանը Մաթեմատիկայի ուսուցիչ Փառանձեմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էսօր անում ենք «ուղեղի գրոհ»՝ անցածի հիման վրա ստուգում», - ասում է մաթեմատիկայի ուսուցիչ Փառանձեմ Հովհաննիսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրատախտակի մոտ դատապարտյալը սկսում է լուծել ուսուցչի կողմից թելադրված խնդիրը։ Բարդ է, թերահավատությամբ նայում է, ստուգում գրքերը, գուցե թվերն են սխալ գրել։ Միանում են դասընկերները, սկսում միասին տրամաբանել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես հատուկ ոչինչ չեմ ասում, թող ինքնուրույն քննարկեն ու բացառելով՝ գտնեն ճիշտ լուծումը: Այդպես է զարգանում նրանց տրամաբանությունը», - ասում է Փառանձեմ Հովհաննիսյանը։

 

Մոտենում է մյուս աշակերտը, արագ կարդում է խնդիրը, մի քանի վայրկյան մտածում եւ ասում պատասխանը։ Ոմանք նույնիսկ լրացուցիչ խնդիրներ են ուզում, կամ գրքերից գտնում ու բերում են, որպեսզի միասին լուծենք։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մաթեմատիկան նրանց հետագայում շատ է օգնելու։ Նրանք հասկանում են, որ ցանկացած խնդիր պահանջում է քայլերի հաջորդականություն։ Այդ ալգորիթմային մտածողությունը կօգնի, երբ, օրինակ, դատավորները կոպիտ հարցեր տան կամ բարդ իրավիճակներում պետք լինի ինքնուրույն գտնել ճիշտ ուղին», - ասում է ուսուցչուհին։

 

Բանտից՝ բուհ

 

Ցմահ դատապարտյալ Արթուրը Քոչարյանը 21 տարի բանտում է։ Մասնակցել է կրթական ծրագրին, ավարտել է եւ ատեստատ ստացել։ Նա ընդունվել է բուհ եւ հոգեբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է, սովորելու է հեռակա՝ բանտից։

Արթուր Քոչարյանը Արթուր Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցից դուրս եկավ ոչ թե ցանկությամբ, այլ հիմար հարցի պատճառով։

 

«8-րդ դասարանում կատակելով ուսուցչիս հարցրի՝ Դդմաշենը Ապարանի գյուղերից ա, թե՞ ոչ։ Ուսուցիչս Ապարանից էր ու որպես վիրավորանք ընկալեց, բողոքեց։ Հենց այդ պատճառով ստիպված դուրս եկա դպրոցից, չցանկանալով նույն դասարանում մնալ։ Ծնողներս որոշեցին ինձ տեղափոխել այլ դպրոց, բայց այնտեղ գումար էին պահանջում, որի հնարավորությունը չունեինք, ու ես չսովորեցի», - հիշում է Արթուրը։

 

Նա մասնակցել է բոլոր վերասոցիալականացման ծրագրերին եւ այժմ աշխատում է բանտում՝ ուսուցիչների օգնականի պաշտոնում։ «Երբ փոքր էի, անընդհատ ասում էին՝ «անուն-ազգանուն գրել գիտես, հերիք է»։ Հա, կատակ էր, բայց այնքան հաճախ էին կատակել, որ իրականություն դարձավ», – անկեղծանում է Արթուրը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առաջին անգամ, երբ այստեղ դասի գնացի, զգացի, որ նպատակս վերջապես իրականություն դարձավ։ Առաջինն էի, գիտակցում էի, որ պետք է օրինակ ծառայեմ, որպեսզի մյուսներն էլ գան սովորելու։ Այդպես էլ եղավ. շատերը եկան իմ հետեւից։ Կալանքի մեջ շատ ժամանակ կա կրթվելու։ Այն, ինչ երբեք ազատության մեջ չէիր սովորի, այստեղ սովորում ես», – պատմում է Արթուրը։

 

Դատարանը հիմա քննում է Արթուրի վաղաժամկետ ազատման դիմումը։ «Ձեր հաջորդ այցին կարող է ես արդեն այստեղ չլինեմ։ Լավատես եմ, վատ լինել չի կարող. չկատարածի համար 20 տարի հետո նորից վատ լինի, չեմ հավատում», – ասում է Արթուրը։

 

Արթուրը հավատում է, որ կրթությունը կարող է կոտրել փակ շղթան։ Նրա երազանքը մանկապարտեզ կառուցելն է։ 

 

«Մարդիկ անդադար բողոքում են, պետք է փորձել փոխել իրականությունը։ Իսկ դրա ճանապարհը կրթությունն է», – վստահ է նա:

 

«Ընկեր Սարգսյան, դուք մարդ կսպանեի՞ք»

 

Պատմության ուսուցիչ Լիլիթ Սարգսյանը հիշում է այն օրը, երբ իր անչափահաս աշակերտներից մեկը հարցրեց. «Ընկեր Սարգսյան, դուք մարդ կսպանեի՞ք»։

 

Նա անկեղծ պատասխանեց. «Եթե իրավիճակը ստիպեր, գուցե՝ այո»։ Այդ հարցը նրան հիշեցրեց՝ դատապարտյալները հաճախ պարզ ըմբռնում են փնտրում։

Պատմության ուսուցիչ Լիլիթ Սարգսյանը Պատմության ուսուցիչ Լիլիթ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մարդիկ պետք է հասկանան, որ այստեղ գտնվողները գազաններ չեն։ Սովորական մարդիկ են, որոնք սխալվել են», - ասում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեփանը բանտը անապատի հետ է համեմատում։ «Այստեղ իմ մեղքերից եմ մաքրվում», - ասում է նա։ Ազատվելուց հետո ուզում է գնալ Տաթեւի անապատ՝ մարդկանցից հեռու։ Իսկ Մարիամն ու Փառանձեմը հավատում են, որ իրենց աշակերտները կարող են վերադառնալ հասարակություն։

 

Վերադառնալու իրավունք

 

Բանտում մարդիկ նորից սովորում գրել իրենց անունը, կարդալ, ծրագրավորել կամ խնդիրներ լուծել։ Բայց ամենակարեւորը՝ հավատալ, որ կյանքը կարող է շարունակվել։ Ճաղերից դուրս սպասում է այլ քննություն. արդյո՞ք հասարակությունը պատրաստ է ընդունել նրանց՝ ոչ թե «նախկին դատապարտյալ», այլ որպես քաղաքացի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք սովոր ենք գիծ գծել «ճիշտ» եւ «սխալ» մարդկանց միջեւ։ Եվ այդ գիծը շատ հաճախ ավելի ծանր պատիժ է դառնում, քան տարիները բանտում։ Եթե հասարակությունը երկրորդ հնարավորություն չի տալիս, ազատությունն էլ վերածվում է նոր փակուղու։

 

Հասարակության ուժը չափվում է նաեւ ներելու, երկրորդ հնարավորություն տալու կարողությամբ։ Միայն այդպես կարող ենք կոտրել շրջանը, որից այսօր դեռ շատերը չեն կարողանում դուրս գալ։

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին