Սմբատաշեն պարիսպներից ոչ հեռու միշտ թափառող ճերմակ ու զինվորների պես շարքով քայլող սագերի ձայնից, անհասկանալի ծաղիկների հյուսքեր վաճառող քուրդ երեխաների չարաճճի ճչոցներից, ինչպես նաեւ թուրքական բջջային օպերատորի «Էրմենիստանա հոշ գելդինիզ» (Բարի գալուստ Հայաստան) «տրագիկոմիկ» հաղորդագրությունից եմ միշտ վեր թռնում, եթե հանկարծ Կարսից Անի ճանապարհին հասցրել եմ «աչք կպցնել»։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
Այս անդրադարձը պատրաստելիս փորձեցի հաշվել՝ քանի՞ անգամ եմ ի վերջո եղել Անիում։ Վստահ չեմ, բայց որոշեցի կանգնել մոտ 30-ի վարկածի վրա։ Իհարկե, ոչ մի այլ պարագայում հնարավոր չէ հանգիստ նիրհել այդ ճանապարհին, որտեղ անցյալն ու ներկան, իրականությունն ու հեքիաթը, սենտիմենտալությունն ու սթափությունը նույն ակնթարթում հարվածում են գիտակցությանդ… Արագածի չորս կատարները Կարսի սարահարթից, աջից՝ Մասիսի զառամյալ գլուխն ու տիպիկ շիրակյան, մերկ, բայց հրաշալի մշակված դաշտերը, հունական Վժան գնացող ճանապարհը, ռուս մոլոկանների երբեմնի շենքերը, Բաշգեդիկլեր գյուղի ցուցանակը, որտեղ դասավանդել է Չարենցը եւ քիչ անց ՆԱ՝ միակն ու անկրկնելին, ավերն ու փառավորը… Անին։
Շիրակի Անին եւ «Մառի Անին»
Այո, Անին թեեւ միակն է ու անկրկնելին, բայց «անիները» Հայկական լեռնաշխարհում մի քանիսն են։ Ըստ ավանդության, բոլորն էլ կապված են եղել Անահիտ դիցուհու պաշտամունքի հետ, կարճ՝ Անի։ Բագրատունյաց գոհարը, որին պատմիչները սիրել են անվանել նաեւ Շիրակի Անի, այսօր ՀՀ սահմանի պռնկին է. մեր Խարկով, Հայկաձոր գյուղերից մեկ ձոր, իսկ Գյումրիից մոտ 30 կմ հեռու։
Ի հակառակ տարածված կարծիքի՝ Անին չի լքվել եւ ավերվել ցեղասպանության տարիներին եւ ոչ էլ ավելի վաղ՝ Բագրատունյաց թագավորության անկումից հետո։ Բյուզանդիայի, սելջուկ-թուրքերի ժամանակավոր տիրապետությունների տակ էլ Անիում կյանքը շարունակվել է, մարդիկ՝ արարել ու նոր վեհաշուք կառույցներով ծաղկեցրել նվիրական ու սիրելի քաղաքը։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
Քաղաքի վերջնական անկումը սկսել է 14-րդ դարի կեսից՝ Անիի ոչ առաջին, բայց ամենակործանարար երկրաշարժից։ Ավելի ուշ՝ Լենք Թեմուրի արշավանքներից հետո, որոնք իրենց հերթին տարածաշրջանի հզորագույն առեւտրային խաչմերուկներից մեկը եղած բանուկ ու հարուստ Անին վերածեցին անշուք ավերակի, հատուկենտ հիշատակումներ ենք հանդիպում քաղաքի մասին։ Արեւելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմում հայտնվելուց հետո Անին արդեն դարեր ի վեր ավերակ «քաղաք ուրվական էր»՝ մեծամասամբ հողի հաստ շերտի տակ, իսկ անեցիների սերունդները վաղուց տարածվել էին աշխարհով մեկ՝ Կիլիկիայից եւ Նախիջեւանից մինչեւ Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան եւ ոչ միայն։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
«…Պատահեց այնպես, որ Կայսերական հնագիտական հանձնաժողովը ուղղակի ստիպված էր ձեռնարկել Հայաստանի հնագիտական ուսումնասիրությունը, թեեւ մինչ այդ նա որոշակի կերպով խուսափում էր դրամ ներդնել այդ «անհեռանկար» , ինչպես ենթադրվում էր, գործում։ Բանն այն է, որ ընդամենը մի քանի տարի առաջ ֆրանսիացի Մորգանը պեղումներ էր կատարել Ալավերդու շրջակայքում եւ հայտնաբերելով գիտական մեծ արժեք ներկայացնող մետաղյա իրար, տարել էր Ֆրանսիա եւ հրատարակել երկու շքեղ հատորներով», - Անիում առաջին լայնածավալ եւ պաշտոնական պեղումների գաղտնիքն է բացահայտում Վ.Ա. Միխանկովան իր՝ Նիկողայոս Մառին նվիրված աշխատության մեջ եւ շարունակում․
«Կայսերական հնագիտական հանձնաժողովը «վիրավորված էր» զգացել իրեն եւ արգելելով Մորգանին նոր պեղումներ կատարել, ստիպված էր որեւէ կերպ արդարացնել իր դիրքը- չէ՞ որ առանց որեւէ հիմնավոր պատճառի հնարավոր չէր մերժել։ Եվ ահա որոշվում է հնագիտական պեղումներ սկսել նաեւ Անդրկովկասում եւ հատկապես Անիում»։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
Հենց անվանի արեւելագետ, հայագետ, լեզվաբան ու հնագետ Մառին է վիճակվում գլխավորել այդ դարակազմիկ իրադարձությունը՝ Անի մայրաքաղաքի առաջին լուրջ ուսումնասիրությունը՝ սկսած փաստացի 1892-ից եւ ընդհատված մեկ տարի անց։ 1904-ից Մառը կրկին գործի է լծվում։ Ազգությամբ վրացի հայագետը ոչ միայն մեծ ոգեւորությամբ էր ստանձնել այդ գործը, այլեւ ինքն էր անձամբ պնդել, որ ի սկզբանե հավուր պատշաճի պետք է հետազոտվի հենց Անին՝ որպես ավելի վաղ շրջանին վերաբերող հետագա ուսումնասիրությունների «ելակետ»։

Մառի կողքին էին նրա աջ ձեռքը դարձած Հովսեփ Օրբելին, լուսանկարիչ Արամ Վրույրը, նկարիչ Պոլտարացկին, հայ եւ այլազգի գիտնականներ, ինչպես Չուբինաշվիլին եւ Տոկարսկին, Ադոնցը եւ Քալանթարը, եւ իհարկե՝ ճարտարապետ Թորոս Թորամանյանը, ում կատարած հետազոտությունները անգնահատելի ներդրում դարձան հայ ճարտարապետության պատմության մանրակրկիտ ուսումնասիրության համար։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
«Պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ իրերն արդեն լցրել էին երկու թանգարանների բոլոր դարակները եւ այլեւս ոչ մի հնարավորություն չկար քիչ թե շատ մեծածավալ թանգարանի վերածել ամբողջ Անին։ Նորահայտ մեծ բեկորները այլեւս թանգարան չեն տեղափոխվում, եւ համապատասխան ծածկույթներ կառուցելով տեղում, պաշտպանում են նրանց մթնոլորտային տեղումներից։ Վերանորոգումից հետո թանգարանի մի բաժին է դառնում նաեւ Փրկչի եկեղեցին»․ «Նիկողայոս Մառը եւ Հայաստանի ճարտարապետությունը» իր հատորում տարիներ անց գրում է Ստեփան Մնացականյանը։

Տարբեր փոքր ընդհատումներով Մառն ու իր՝ այն ժամանակ դեռ երիտասարդ գիտնականների խումբը Անիում պեղումները շարունակում են ընդհուպ մինչեւ 1917 թվական, ընդհանուր առմամբ գրեթե 16 տարի աշխատելով Հայոց ամենաճոխ մայրաքաղաքի պատերից ներս եւ ոչ միայն։ Անիի արվարձաններն ու Շիրակի այլ կոթողներ՝ Բագնայրից մինչեւ Հոռոմոս եւ Մրեն, Եզնասարից մինչեւ Արուճ եւ Թալին, նույնպես մեծ դժվարությամբ ու հաճախ սուղ միջոցներով, բայց ի վերջո ենթարկվել են պրոֆեսիոնալ ուսումնասիրության Նիկողայոս Մառի կողմից։

Հատկանշական է, որ հենց 1917-ին Մառն ու իր թիմը պեղում են Անիի Մայր տաճարի կողքին գտնվող մուսուլմանական դամբարանի մնացորդներ, որը Մառի ենթադրությամբ, կառուցվել է Մայր Տաճարը մզկիթ դարձնելու առիթով։ Ի դեպ, Մայր տաճարն ու ոչ հեռու գտնվող Սբ․Փրկիչը պեղումների սկզբնական փուլում ամենաառաջին մասամբ ուսումնասիրված կոթողներն են եղել Անիում։
Ով գիտի՝ եթե վրա չհասներ հայ-թուրքական պատերազմը եւ ավելի ուշ Կարսի տխրահռչակ պայմանագիրը, որով Անին նույնպես հայտնվեց նոր սահմանից այն կողմ, ինչ նոր անակնկալներ կմատուցեին Անիի պեղումները հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողներին, մեզ, հարեւան ազգերին, աշխարհին։
Վեհապանծ կեցվածքով հսկան…
«Ահա դարերի խորքից մեզ է նայում Աստվածամոր տաճարը։ Անի քաղաքի ակնապարար կոթողներից մեկն է այն, որն իր վեհապանծ կեցվածքով տիրապետում է մայրաքաղաքի վրա եւ Անի այցելողի ուշադրությունը գրավում։ Նա կառուցված է 10-րդ դարում (ավարտվել է 1001 թ․-ին) Կատրանիդե հայոց թագուհու կողմից։ Տաճարի չորս պատերը արտաքուստ ունեն զարդաքանդակներ, նուրբ որմնասյուներ ու կամար աղեղներ։ Լուսամուտները կրում են զարդաքանդակ պսակներ ու շրջափակեր։ Երեք մուտք ունի այս հսկան՝ հյուսիսային, հարավային եւ արեւմտյան։ Հարավային պատի վրա փորագրված է Կատրանիդե թագուհու արձանագրությունը՝ դա կառուցման արձանագրությունն է։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
Արեւելյան ճակատի երկու մեծ խորշերի մեջ, վերին մասում, նուրբ ճաշակով քարե ժապավենների վրա կերտված են նրբին քանդակներ, որոնք իրենց ձեւով ու բովանդակությամբ բացառիկ են հայ պատմական արձանագրության մեջ։ Այդ քարե ժապավենները իրենց քանդակներով կարելի է նմանեցնել ասեղնագործ-նրբին հյուսվածքների։ Թերեւս Կատրանիդե թագուհին իր ասեղնագործ վարպետուհիներից մեկի հորինվածքն է իր տաճարի արեւելյան մեծ խորշերի վրա դրոշմել», - Արտաշես Վրույրի՝ Անիի Կաթողիկեի այս նկարագրի կողքին բարդ է ավելի վեհ բառեր գտնելը։
Միակ բանը, որ թերեւս, կարող ենք հավելել այն է, որ հեղինակի՝ Աստվածամոր տաճարին տրված ոչ մի ածական իսկապես չափազանցված չէ։
Արամ Վրույրի որդին իր՝ «Անիում» հուշագրության մեջ այսպես է նկարագրում տաճարի ներսի հատվածը․
«Բոլորովին այլ է ներքին տեսքը։ Այստեղ ոչ մի քանդակ չկա։ Չորս ծանրանիստ ու երկասլաց մույթերի վրա օդի տարածությունները հանդուգն կերպով սղոցում են սրածայր, վեհ կամարները։ Այդ հոյակապ կառուցվածքի մեջ կա եւ վեհություն ու համաչափություն եւ գեղեցկություն իր պարզության մեջ»։
Սմբատ Տիեզերակալ արքայի կողմից շինարարությունը սկսված եւ Գագիկ արքայի տիկնոջ՝ Կատրանիդե թագուհու կողմից ավարտին հասցված Անիի Մայր տաճարի հեղինակը նշանավոր Տրդատ ճարտարապետն է, ով նաեւ կառուցել է Անիի լեգենդար Սմբատաշեն պարիսպները, Գագկաշեն Սուրբ Գրիգորը, Արգինայի կաթողիկոսարանի Կաթողիկեն եւ կաթողիկոսանիստ պալատը, ըստ որոշ վկայությունների՝ Մարմաշենի վանքը, Հաղպատի Սբ. Նշանը, Սանահինի Սբ. Ամենափրկիչը եւ այլ նշանավոր կոթողներ։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
Թորամանյանն իր՝ «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» հայտնի հատորում Տրդատի հասցեին այսպիսի խոսքեր է շռայլում. «Շիրակի նման փոքր թագավորության մեջ ծնվել ու զարգացել էր այնպիսի հայ արվեստագետ, ով ոչ միայն մրցակից հանդիսացավ Հուստինիանոսի զույգ ճարտարապետներին՝ Անթեմիուսին եւ Իսիդորին, այլեւ՝ իր հավիտենական մահարձանը կանգնեց Բյուզանդիայի Սբ. Սոֆիա տաճարի վրա՝ պատիվ ու պարծանք իր հայրենիքին, իր ցեղին»։
Նույն աշխատության մեջ Թորամանյանը թողել է Անիի Մայր Տաճարի մասին պատմության մեջ երեւի թե ամենագեղեցիկ ու հուզիչ նկարագրություններից մեկը. «…որպես արեգակ՝ երկնանման գմբեթից կախված, լուսավորի տաճարիս մեջ աղոթող հավատարիմ ու անձնվեր ժողովրդիս, եւ շուրջը հազարավոր ոսկի եւ արծաթ կանթեղներ մշտավառ աստղերի պես փողփողեն»…
Հայկական եկեղեցիների համար անսովոր ճոխ ներքին հարդարանք է ունեցել Կաթողիկեն, ինչը, ըստ ժամանակի պատմիչների, պետք է խորհրդանշեր հենց վերականգնված Հայոց պետականության հզորությունը։ Անիի Կաթողիկեն իր չափսերով գերազանցում էր Էջմիածնի տաճարին եւ զիջում էր միայն Անիի թագավորական պալատին։
Ընդունված է կարծել, որ Աստվածամոր տաճարի գմբեթը 14-րդ դարի սկզբի երկրաշարժի ժամանակ է փլուզվել, թեեւ պատմաբան-աշխարհագրագետ Թադեւոս Հակոբյանը նշում է 1840 թվականն ու այդ ժամանակ Շիրակում պատահած հերթական երկրաշարժը։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
Քարի մշակվածության կատարելությամբ, ընդգծված վերսլացությամբ, զուսպ, բայց հզոր ու անխոս համարձակ իր լուծումներով Անիի Սբ. Աստվածածին Մայր տաճարն, ըստ Մուրադ Հասրաթյանի, հիմք է հանդիսացել գոթական ճարտարապետության մի շարք առանցքային տարրերի զարգացման համար։ Իր՝ «Հայ ճարտարապետություն» աշխատության մեջ Հասրաթյանը գրում է․ «…ներվյուրների նմանողությամբ մույթերի եւ կամարների խրցաձեւ մասնատումը, երկկենտրոն՝ սլաքաձեւ կամարները եւ թաղերը՝ այս բոլոր առանձնահատկություններն ավելի ուշ կիրառել եւ զարգացել են գոթական ճարտարապետության մեջ»։
Աստվածամոր տաճարը՝ «Նվաճման» մզկիթ
Անիի Մայր տաճարն առաջին անգամ չէ, որ որպես մզկիթ է ծառայելու նոր տան տերերին։
1064 թվականին, երբ ընդամենը 19 տարի առաջ Անին գրաված եւ Բագրատունյաց թագավորությունը կործանած բյուզանդացիները գրեթե զրոյական դիմադրություն ցույց տվեցին սելջուկ-թուրքերին, քաղաքը հայտնվեց վերջինների տիրապետության տակ։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
Սուլթան Ալփարսլանի՝ այստեղ առաջին նամազը կատարելով էլ Անիի Մայր տաճարն առանձնահատուկ դեր ստացավ նաեւ թուրքերի պատմության՝ հատկապես Փոքր Ասիայում ամրանալու էջերում։ Անիում երբեւէ եղած զբոսաշրջիկները գիտեն՝ տաճարի դիմացի ցուցանակին միշտ գրված է՝ «Ֆեթհիյե ջամի», այսինքն՝ «Նվաճման մզկիթ»։ Այստեղ պետք է հաշվի առնել, անշուշտ, որ իսլամի գաղափարախոսական տեսանկյունից նվաճումը բոլորովին այլ կերպ է ընկալվում, քան մեզանում, իսկ «նվաճման իրավունքով» ձեռք բերվածը՝ լիարժեք եւ արդար ժառանգություն է։
Այսօր բաց երկնքի տակ թանգարան դարձած քաղաքի հիմնական այցելուները միայն հայերը չեն. հարեւան վրացիներից (որոնք բազմազգ Անիում ժամանակին նույնպես համայնքներ են ունեցել) մինչեւ եվրոպացի հյուրեր, ինչպես նաեւ տեղացի զբոսաշրջիկներ է հաճախ ընդունում Անին։ Մի քանի տարի առաջ վերագործարկված «Արեւելյան էքսպրես» գնացքի ձմեռային երթուղին, որը ձգվում է Անկարայից մինչեւ Կարս, խթանել է մեծ թվով տեղացի զբոսաշրջիկների հոսքը դեպի ձյունոտ եւ տարբերվող ճարտարապետությամբ Կարս եւ Անի։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
Անիում նոր, առանց մեր մասնակցության լայնածավալ պեղումները շարունակվում են արդեն մի քանի տարի եւ 2020-ից ի վեր այնտեղ այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ դրանց ականատեսն է։ Թեեւ 1944, 1964-67, 1989-2005, 2006-2010 թվականներին թուրք պրոֆեսորների գլխավորությամբ պեղումներ Անիում նույնպես իրականացվել են, վերջինը, թերեւս, ամենածավալունն է։ Բոլորիս աչքի առաջ ստորգետնյա խորքերից դուրս են գալիս նոր գտածոներ, երբեմն՝ ամբողջական փողոցներ։
Թեեւ Անիում մի քանի ցուցանակի վրա «հայ» բառն ամեն դեպքում հանդիպում ենք, եւ թուրքալեզու աղբյուրների մեջ կարող ենք հանդիպել նաեւ տեղեկություններ նույն Մայր տաճարի հիմնադիրներ թե՛ Սմբատ, թե՛ Գագիկ թագավորների եւ Կատրանիդե թագուհու մասին, սակայն ոչ ամենուր է պարզեցված նրանց ազգությունը եւ կառույցի՝ երբեմնի Հայոց մայրաքաղաքի սիրտը լինելը։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
«Հիմա իրանք ասում են, որ իրենցն է՞», - պարտադիր վրդովված հարցնում են հայ զբոսաշրջիկները Անի մտնելիս։ Իրականությունն այն է, որ Թուրքիան վաղուց զբոսաշրջային եւ, ինչու ոչ, գիտական շրջանակներում, որդեգրել է Անիի եւ նույնիսկ ամբողջ Թուրքիայի «բազմաթիվ քաղաքակրթությունների օրրան» լինելու թեզը, որը, ինչ խոսք, հաջող է մտածված եւ նույնքան հաջող էլ աշխատում է եւ ոչ ոքի չի «կծում»։
Աղթամարից՝ Անի
Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, թերեւս, միակ լուրջ փորձը Աղթամարի Սբ. Խաչի նորոգումն ու վերաօծումն է։ Մինչդեռ 1950-ին նույն կոթողը հայտնվել էր չարաբաստիկ «մահվան ցուցակում» արդեն վերացված Տեկորի, Խծկոնքի չորս եկեղեցիների, Կարսի Գր․ Լուսավորչի եւ հունական եկեղեցու հետ միասին, որոնք կոճակի մեկ սեղմումով օդ էին բարձրացել։ 2013-ին Հայաստանը հասցրել է իր երախտագիտությունը հայտնել ազգությամբ քուրդ գրող, այսօր արդեն լուսահոգի Յաշար Քեմալին՝ Աղթամարի Սբ․ Խաչի փրկման մեջ իր անգնահատելի դերի համար, պարգեւատրելով նրան «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։
Քչերը գիտեն, որ արդեն Էրդողանի իշխանության օրոք՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների ֆոնին Աղթամարի Սբ. Խաչի նորոգության համար Թուրքիայի մշակույթի նախարարությունը հենց սեփական նախաձեռնությամբ կապվել է նախ Պոլսո պատրիարքարանի հետ, արդեն լուսահոգի պատրիարք Մութաֆյանն իր հերթին ընտրել ու ներգրավվել պոլսահայ ճարտարապետ Զաքարյա Միլդանօղլուին։
Միլդանօղլուն, բավականին փորձառու եւ աչալուրջ մասնագետ լինելով, մասամբ ներգրավվել է հայաստանցի մասնագետների՝ խորհրդատվության մակարդակում։ Որոշակի փուլերում հաջողվել է անգամ հայաստանցի վարպետների անմիջական ներգրավվածությունը՝ արծաթե խաչի եւ դրա տակի խնձորակի պատրաստման համար։ Խաչն, ի դեպ, տեղադրվել է պատրիարքի համբերատար ու, ինչու ոչ, ճարպիկ մտքի շնորհիվ՝ եկեղեցու օծումից եւ լրատվամիջոցների ուշադրության փոքր-ինչ շեղվելուց որոշ ժամանակ անց միայն, օծվել է լուսահոգի Թաթուլ Անուշյանի կողմից՝ գիշերային ժամի։
Դեռեւս 2022-ին Պոլսում Միլդանօղլուի հետ մեր հանդիպման ժամանակ ճարտարապետը պատմել է, որ վերականգնման աշխատանքների մեկնարկից առաջ մշակույթի նախարարությունից իրեն եկած վերականգնման պլանում խաչը չի եղել, ինչն արժանացել է իր հակազդեցությանը։ Անտարբերությու՞ն, գիտելիքի պակաս՞, թե՞ քաղաքական միտում կար այդ ամենի մեջ՝ ենթադրություններից զատ մեր ձեռքում ոչինչ չունենք։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս
Բայց ունենք դեռ չտրված ու անպատասխան մնացող մեկ հարց․ որպես ժողովուրդ, որպես երկիր ու որպես ուղղակի մարդիկ, բարկացած մեկնաբանություն գրելուց ու աշխարհի դեմ խռովելու եւս մեկ առիթ դառնալուց բացի ինչի՞ համար է մեզ պետք Անին ու իր Մայր տաճարը, Տայքում միայն թուրքերեն ու վրացերեն ցուցանակներ ունեցող Խախն ու ժայռերի մեջ կորած Վաչեձորը, փրկված Սբ․ Խաչն ու չփրկված հարյուրները։
Ինչպես կասեին Թուրքիայում՝ «քոնն էլ հա՞րց էր իբր»․․․
Սոֆիա Հակոբյան
Լուսանկարները՝ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: