Անիին նայող գյուղի միակ ծուխը վառ պահող տատին սպասում է - Mediamax.am

exclusive
65007 դիտում

Անիին նայող գյուղի միակ ծուխը վառ պահող տատին սպասում է


Վահանդուխտ տատին
Վահանդուխտ տատին

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Վահանդուխտ տատին
Վահանդուխտ տատին

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Վահանդուխտ տատին
Վահանդուխտ տատին

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Վահանդուխտ տատին
Վահանդուխտ տատին

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս


-Ես մենակ եմ էս գյուղում, բայց գիտես ինչքան արտասահմանցի լրագրողներ, տարբեր երկրներից տուրիստներ կուգան, խոսմ են, նկարմ են ու ասըմ են, տատի',  երանի քեզ…..

 

Իսկապես երանի է լինել գյուղի միակ բնակչի`Վահանդուխտ տատի տանը, թեկուզ մի քանի ժամով հայտնվել մի գյուղում, որ այնքան շատ զգացումներ կարող է առաջացնել` զարմանք, հիացմունք, կարոտ, անկարողություն, ափսոսանք, արյան կանչ ու անպաթոս հայրենասիրություն:

 

Վահանդուխտ տատն ապրում է Շիրակի մարզի Խարկով գյուղում, Գյումրիից հեռու է մոտ 50 կիլոմետր, Ախուրյան գետի ափին է: Այն գտնվում է ռուս սահմանապահ ուղեկալի տարածքում, եւ գյուղ մուտք գործելու համար մի քանի օր առաջ թույլտվություն է անհրաժեշտ ստանալ ռուսական սահմանապահ ջոկատից, որ բացվեն արգելապատնեշներն ու մտնես Խարկով: 

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Ես, որ Հոկտեմբերյանից հարս էի գալմ, գիտեի Ուկրանիայի Խարկով եմ էթըմ հարս, ինչ իմանայի, օր  Հայաստան Խարկով գյուղ կա, էկա տեսա, էլ ինչ անես, Անիին մոտեցա:  Շատերը  կերազեին` գոնե  մի անգամ  տեսնել Անին, ես ամեն օր տեսնում  եմ,- ժպտալով ասում է Վահանդուխտ տատն ու ներկայացնում գյուղը Խարկով անվանելու տարբերակներից մեկը: Այն քարը, որից սարքված են գյուղի տներն ու   նաեւ տեղի հողը ունի մի յուրահատկություն` արեւից «խարկվում է», գույնը փոխում է, հենց այսպես էլ կոչել են Խարկով:

 

Բայց մինչ գյուղ հասնելը, աչքերիդ առաջ բացվում է մի տեսարան, որ, երեւի, ոչ մի  տեսախցիկ ու լուսանկարչական ապարատ չի կարող իր մեջ ներառել ու փոխանցել, ինչ կարող է տեսնել հայի աչքը: 

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Հեռվում մեր Անին է, նշմարվում է մայր տաճարը, քաղաքի պարիսպների ու եկեղեցիների ավերակները, քարտուններն ու ծածանվող թուրքական դրոշը:

 

Հենց այդ պահին է, որ սրտիդ մեջ անբացատրելի փոթորիկ է սկսվում: Անհագ ցանկությամբ ուզում ես մոտենալ ու խնդրում վարորդին եւս մի քանի մետր առաջ ընթանալ: Ավելին տեսնել, աչքերդ ավելի լայն բացել, հասնել տերերին սպասող վեհ  կանգնած ու կանչող  քաղաքին: 

 

Հանկարծ սթափվում ու հասկանում ես, որ քարափի ծայրին ես, ինչքան էլ մոտենաս, միեւնույնն է Ախուրյան գետն է այն կապող ու բաժանարարը, որից այն կողմ անկարող ես….  

 

- Բա, 55 տարի էստեղ եմ ապրըմ, չե՞մ  ուզեցել մի օր անցնել ու մոտիկից տեսնել Անին,  բայց ոնց էթամ: Կյանքիցդ ձեռ ես քաշել, գյուղից կվռնդեն, կբանտարկեն, սաղ Հայաստան  կխառնվի իրար: Իմ ամուսինը անասուններին կտաներ մոտիկ արածացնելու, հեռադիտակով նայեր, անգիր գիտեր Անիի շինությունները, գիտեր որից մե քար պոկվեց: Կնստեր անթարթ կնայեր էն կողմ, - Վահանդուխտ տատը հիշելով ամուսնուն` նաեւ մտածում է, որ այն կողմում երեւի նկատել են, որ գյուղի միակ տան ծերունին արդեն երկու տարի է Ախուրյանի գետի երկայնքով չի արածացնում անասուններին: 

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Շատերին է ստիպել Անիի կարոտը անցնել Ախուրյանի մյուս ափը: Անցել են, բայց` արդեն որպես Թուրքիա այցելած զբոսաշրջիկներ: 

 

- Բելգիայից մե հայ տուրիստ կուգար մեզ հյուր, մե անգամ էլ դաշտն էի, մեկ էլ զանգ եկավ: Վերցրեցի, ասըմ է, նայի տատի, դիմացդ նայի: Ես Անի եմ, դաշտի մեջ քեզի տեսա, ուզեցա էս կողմից բարեւեմ, -   ուրախությամբ պատմում է տատին ու հիշում նման այլ դեպքեր, երբ Անիի կարոտը կանչել տարել է  մարդկանց իր մոտ:

 

Բայց պատմական քաղաքը տեսնողները նաեւ խոստովանել են, որ այն, ինչ այս կողմից է տեսանելի, գետից այն կողմ դառնում է կարծես անտեսանելի, ինչպես, օրինակ, Աղջկա բերդի ավերակները, կիրճի ծերպին ծվարած վանքը ու բնության այն հրաշք տեսարանը, որից հնարավոր չէ աչք կտրել:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Շատերն են նկատել, թե տարիների ընթացքում ինչպես են փորձել աստիճանաբար ոչնչացնել հայոց մայրաքաղաք Անիի  հետքերը` քանդելով, ջարդելով ու խեղելով պատմությունը, բայց տեսնելով, որ զբոսաշրջիկները շատ են, հիմա մեր Անիով գումար են աշխատում:Գնացողներից ոմանք Վահանդուխտ տատին պատմել են, որ  Անիի տարածք մտնելու համար մինչեւ 10 դոլար են վճարում: Ու հիմա Անին դարձել է  ընդամենը ձեռնտու վայր նրանց համար:

 

Խարկովի մենակությունը, սկեսուրի  պատգամը որդուն ու հարսին

 

- Կիսուրս ասմ էր քանի սաղ եք, գյուղը մնացեք, գյուղից ոչ մի տեղ չէթաք, դուք ինչքան կապրիք գյուղում, թող միշտ ձեր ծուխ ծխա: Ալյուր էլ չունենաս, որ հաց թխես,  թոնիրդ վառի, որ թշնամին տեսնի, որ գյուղում ծուխդ կծխա, -Վահանդուխտ  տատի ու ամուսնու համար սկեսրոջ խոսքերը դարձել են ուխտ Խարկովի համար: Ամուսինը ինժեներ էր`հրավիրել են աշխատելու տարբեր քաղաքներում, բայց իր հայրենի գյուղը չի թողել: Ու ամուսիններով մոտ 15 տարի ապրել են գյուղում մենակ:

 

70-ական թվականներին սահմանամերձ Խարկով գյուղը ունեցել է մինչեւ 80 տնտեսություն: 1949 թվականից սահմանը պահել են ռուս սահմանապահները: Բայց  արգելապատնեշները փակ չեն եղել, ինչպես հիմա է:

 

- Գիտես, ինչքան տուրիստներ, մեր գյուղացիք օրվա մեջ կէթային կուգային, հետո դպրոցը դարձավ չորսամյա, դրանից հետո էրեխեքը ստիպված պտի էթային  հարեւան գյուղեր, ոտքով 7 կիլոմետր ճամփա էր: Իմ 5 էրեխեքն էլ ոտքով կերթային  դպրոց: էդպես շատ ծնողներ էրեխանց վերցրին-գնացին: Երկրաշարժին էլ մասամբ գյուղի տներ քանդվեց, էդպես կամաց-կամաց գյուղը դատարկվեց,- պատմում է Վահանդուխտ տատն ու մի գաղտնիք բացահայտում:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

1994 թվականին սահմանամերձ Խարկովը բնակեցնելու համար ծրագիր է եղել` կառուցել նոր տներ երկրաշարժից վթարվածների փոխարեն: Շատ տներ կառուցելու մոլուցքով ու փոխհատուցում ստանալու անհագ ցանկությամբ նախկին գյուղապետը քանդել է գյուղի տները:

 

- Ես կէթայի կընկնեի բուլդոզերի առաջ, կսեի, էս մարդիկ տունը թողել գնացել են, էգուց  մյուս օր կարող է գան, ինչ պիտի ասեք, թողեք մնա, կուգան մի օր, բայց չլսեցին ինձ, ասում էին փող կտան - ցավով է պատմում տատին ու մատնացույց անում այն  տները, որոնց նայելիս թվում է Անիից էլ հին են, բայց իրականում ոչ թե ժամանակն ու երկրաշարժն է ավերակ դարձրել տները, այլ մարդկային ձեռքը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Խարկովից աստիճանաբար սկսեցին հեռանալ ոչ միայն դպրոց չունենալու պատճառով, այլ սահմանային գոտու խստացմամբ: Անցաթղթով ելումուտն հայրենի գյուղ շատերին ստիպեց հեռանալ: Հետո կիսադատարկ գյուղի անունը փոխեցին` Խարկովը վերանվանվեց Նորշեն ու հարեւան Բագրավան գյուղի վարչական մի մասը դարձավ, իսկ գյուղ տանող արգելապատնեշներն ավելի ամուր փակվեցին: Նախկին բնակիչներն էլ, ովքեր թողել են իրենց տունն ու հարազատների շիրիմները, կարող են գյուղ մտնել, եթե անցաթուղթ ունեն, որը կարող են ստանալ ամեն դեկտեմբեր ամսին:

 

Երկու տարի առաջ է մահացել Վահանդուխտ տատի ամուսինը`Աղվան պապին, հիմա գյուղում ապրում է միայն Վահանդուխտ տատն ու սահմանապահները: Մի քանի տարի է, ռուս սահմանապահներին է միացել տատիի կրտսեր որդին` Արկադին:

Վահանդուխտ տատին Վահանդուխտ տատին

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Ես որ հարս էկա, հայկական մի հատ ծառայող չկար, 6-7 տարի է հայերն են ծառայմ` կանտրակտիկներն են, հրամանատարները ռուս են, հաշտ-համերաշխ են եղել: Իմ ամուսնուս ասմ էին, «Պապիկ, տի նաշ զալատոյ զապաս, դու գիտես ինչ ես անմ մեզի համար»: Նվիրված, կօգնեն մեզի, մենք իրանց: Ես 55 տարի էստեղ ապրմ եմ, բայց ոչ մի արտառոց բան չեմ տեսել: Տղես էլ որոշեց ծառայել ռուսական բանակում: Հիմա կողքի զաստավնա, նորմալ ծառայում է: Մյուս չորս բալեքս էլ ընտանիք են կազմել, արդեն իրանց թոռներով են հյուր գալիս ինձ:   

 

Խարկովի խոնարհված «Թուխ Մանուկում» առաջին պատարագը մատուցել է Կոմանդոսի պապը

 

- Բա, մեր գյուղի առաջին պատարագն ու կնունքն արել է Կոմանդոսի պապը` Տեր Թադեւոսը: Բայց էն ժամանակ տերտերներին հալածում էին, ու ինքն էլ կարողացել է փախնել Թիֆլիս: Կոմանդոսը էնտեղ է ծնվել, - պատմում է Վահանդուխտ տատն ու ավելացնում, որ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը մանկության տարիներին հաճախ է գյուղ եկել, հիմա էլ տիկնոջ հետ գալիս է Վահանդուխտ տատին հյուր, մոմ վառում եկեղեցում: 

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Երկրաշարժից ու տարիներով անխնամ մնալու հետեւանքով Խարկովի Թուխ Մանուկ եկեղեցին զրկվել է տանիքից ու ավիրվել: Ու մի պահ նայելով Ախուրյանի ձախ ու աջ ափերին, ցավեցնող մի նմանություն ես նկատում. երկու կողմում էլ եկեղեցիները խոնարհված են, միայն թե այն կողմում ծածանվում է թուրքական դրոշը, այս ափին` հայկական:

 

Ի դեպ, մեկ տարի առաջ Անի-կայարանի գյուղապետ Մարտիրոս Միրոյանի նախաձեռնությամբ է, որ հայրենի գյուղում եռագույնը ծածանվում է: Բայց նրան էլ վրդովվեցրել է այն, երբ որոշ պաշտոնյաններ հարցրել են, իսկ  կա՞ր թույլտվություն, իրավունք ունե՞ր:    

 

- Ինչի չլինի, բա էնտեղից չտեսնեն մեր դրոշը, մարդիկ գալիս են էստեղ հյուր, Անին տեսնելու, դրանց դրոշը ծածանվում է, մենք չունենանք: Եկեղեցին էլ պտի վերականգնվի: Մի քանի տարի առաջ երիտասարդներ էկան մաքրեցին, բայց էդպես էլ բան չարեցին: Մեր սրբազանն էլ երկու տարի առաջ էկավ, պատարագ մատուցեց, լավ է, որ սարքվի, էն կողմից չտեսնե՞ն, որ մեր եկեղեցին գործմ է, ես էլ կէթամ մոմ կվառեմ, - մի փոքր վրդովված, բայց հաստատակամ նշում է 80-ամյա տատին, ապա   կատակով ավելացնում, - ես եմ ես գյուղի գյուղապետը, կուզեք բերեմ դակումենտներս ցույց տամ, որոշումներ ես եմ  ընդունում:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Իսկ երբ հետաքրքրվեցի, թե գյուղապետ տատը առանց հարեւան-բարեկամ, ամեն օր մենակ ինչ է անում, զարմացավ.

 

-Վայ, գործի հետ ես ընկնում, էնպես է օրն անցնմ, նապաստակներին կերակրեմ եմ, ոչխարներիս կեր եմ տալմ, կով է գալիս, խոզերին եմ կրակրեմ, մեղու ունեմ, վերջը տունը մաքրություն սիրմ է: Հյուրեր ենք ունենում, տղես ասում է, մամա, հաց սարքի տղերքով գալիս ենք: Օրը երկու անգամ ճաշ է, եփել է, թափել է, օրը պրծնում է:

 

Շիրակի մարզում շատերը գիտեն Վահանդուխտ տատի մասին, գիտեն, որ գյուղը պահողն ու հայ-թուրքական սահմանը պաշտպանողը տատին է: Երբ ասացի նրան այս մասին, մի փոքր տխրեց.

 

-  Չէ, մեր զինվորներն են մեր պաշտպանները, զինվորով ենք հպարտանում, դրանց ջանին մեռնեմ: Բայց մենք էլ իրանց թիկունքին պետք է մնանք, մեր ծուխ վառ պահենք… Մնանք, որ գյուղը գան շենացնեն: Գրանիցի բերանն է, թուրքի բերանն է, գյուղը ինչի դատարկվի:

Վահանդուխտ տատին Վահանդուխտ տատին

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Երբ գրկախառնվելով հրաժեշտ տվեցի Վահանդուխտ տատին, հասկացա, որ նրա  փոքրացած մարմնում ողջ մայր Հայաստան է, հայ մայր, ով ոչ թե խոսքերով, այլ իր  ապրած ամեն մի օրով է դաստիարակում մեզ:

 

Խարկովից դուրս գալիս՝ զգում էի Վահանդուխտ տատի հյուրասիրած Անիի ծաղիկների նեկտարով մեղրի համն ու գյուղի ուրցի հոտը: Մտքիս մեջ Անին էր, 80 տարեկան տատի բառերն ու անկեղծ ցանկությունս.  

 

-Առողջություն, տա~տ, քեզի մենակ չենք թողնի, շուտ-շուտ կուգանք, կռնա մե օրմ էլ գանք ու մնանք....

 

Անահիտ Հարությունյան

Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին