Գոռի եւ Մարթայի ընտանիքը վերջին երկու տարում երեք տեղափոխության միջով է անցել՝ բռնի տեղահանում Արցախից, արտագաղթ Ֆրանսիա եւ կամավոր վերադարձ Հայաստան։ Ամուսիններն Արցախում կայացած իրավաբաններ են եղել, բայց բռնի տեղահանումից հետո Հայաստանում ստիպված են եղել աշխատանք փնտրել նաեւ այլ ոլորտներում, բայց ոչինչ չի ստացվել։ Չհաջողված փորձերի պատճառը ցածր վարձատրություն է եղել, տարիքն ու քաղաքացիության բացակայությունը։ Ֆիզիկական, իրավական եւ հոգեբանական խնդիրները, Եվրոպայում անհոգ կյանք ունենալու մասին լսած պատմությունները պատճառ են դարձել, որ ընտանիքը ապաստան ստանալու ու կայունություն գտնելու հույսով մեկնի Ֆրանսիա։
Միգրանտների «գեղեցիկ կյանքի» միֆի փլուզումը
«Ծանր իրողությունները՝ Արցախում երկարատեւ շրջափակումը, պատերազմը, բռնի տեղահանումն ու դրան հաջորդող ծանր ժամանակահատվածը մեզ տարան արտագաղթի ճանապարհով։ Մինչ այդ, իհարկե, փորձեցինք ինտեգրվել Հայաստանում, որովհետեւ սա էլ մեր երկիրն է, բայց դժվարություններ եղան։ Կամավորություն էինք անում, զուգահեռ՝ աշխատանք փնտրում։ Ես էլ, կինս էլ իրավաբան ենք։ Այստեղ մեզ առաջարկվող աշխատանքի դիմաց վարձատրությունը չնչին էր։ Տեղափոխվելուց հետո տուն էինք վարձել, պետությունն օգնում էր, բայց այդ գումարով անգամ տան վարձը չէինք կարողանում տալ։ Ժամանակ չունեինք, պետք է կարողանայինք հոգալ ընտանիքի կարիքները, դրա համար աշխատանքի տարբեր առաջարկներ էինք դիտարկում։ Հիմնականում մերժում էին, պատճառը տարիքն էր՝ ես 40 տարեկան եմ, կինս՝ 43, մյուս խնդիրը քաղաքացիություն չունենալն էր, իրավական առումով էլ այդ հարցը դեռ կարգավորված չէր, պարզ չէր՝ փախստականի կարգավիճակ կստանա՞նք, թե՞ քաղաքացիություն»,- պատմել է Գոռը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Բարդ իրողությունից փախչելու ցանկությունը Գոռին ու Մարթային հավատ են ներշնչել, որ իրենց կարգավիճակով Ֆրանսիա մեկնելուց հետո այնտեղ հեշտությամբ կհաստատվեն ու պետությունից օգնություն կստանան։
«Որոշեցինք որպես զբոսաշրջիկ մեկնել Ֆրանսիա ու այնտեղ «հանձնվել»՝ ապաստան ստանալու համար։ Մեկնելու համար օգտագործեցինք սեւ օրվա համար պահած մեր վերջին գումարն ու վաճառեցինք իմ մեքենան։ Ես, կինս ու մեր անչափահաս երեխան էինք։ Զբոսաշրջային վիզան թույլ էր տալիս այդ երկրում օրինական մնալ 30 օր, բայց երկու օրվա ընթացքում որոշեցինք «հանձնվել»։ Տեղավորեցին միգրանտների ճամբարում, բայց այդպես էլ չսկսվեց միգրանտների «գեղեցիկ, հիասքանչ, անհոգ» կյանքը, որի մասին պատմում են։ Առաջին կասկածները, որ միգրանտների կյանքն կատարյալ լինելուց շատ հեռու է, այս ճամբարում եղան։ Ամեն առավոտ ժամը 9-ին բոլորը պետք է դուրս գային հանրակացարանից եւ վերադառնային երեկոյան 6-ին։ Եղանակային վատ պայմաններ, անձրեւ, ձյուն ոչինչ նշանակություն չուներ, կանոնն անփոփոխ էր։ Այդ ժամերին զբոսնում էինք քաղաքում, սոցիալական վայրեր կային, որտեղ ճաշում էինք, դրանց ժամերն էլ սահմանափակ էին, կարող էինք այցելել մինչեւ ժամը 3-ը, իսկ 3-6-ը ընկած հատվածում ոչ մի տեղ չկար, ուր կարող էինք գնալ»,- ասել է Գոռը։
«Գրկաբաց սպասող» Ֆրանսիան եւ կամավորության ինստիտուտը
Գոռի կինը՝ Մարթան, պատմել է, որ չորս օր անց միգրացիոն մարմիններն իրենց մի փոքր ավելի լավ պայմաններով կացարան են տվել, քանի որ փոքրիկ երեխայի հետ են եղել, շուրջ մեկ ամիս անց էլ՝ սոցիալական բնակարան։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր երեք հոգանոց ընտանիքի համար ամեն ամիս ստանում էինք 400 եվրո: Ֆրանսիայի համար սա չափազանց փոքր գումար է, անգամ ուտելիքի համար չէր բավականացնում։ Որոշակի վայրից ուտելիք վերցնելու հնարավորություն էլ ունեինք, բայց սնունդը կամ թարմ չէր, կամ նույն օրը ժամկետն ավարտվում էր։ Լեզու չիմանալն էլ մեկ այլ խնդիր էր, սկզբում փորձում էինք թարգմանող հավելվածների օգնությամբ շփվել սոցիալական աշխատողների հետ, բայց շատերը նույնիսկ մեր դեմքին չէին նայում»,- պատմել է նա։
Գոռն ասել է, որ միգրանտի կարգավիճակում լինելու ընթացքում իրենց համար մի շարք միֆեր են կոտրվել, նախ այն, որ Ֆրանսիայում միգրանտներին «գրկաբաց են սպասում», հետո՝ որ առողջապահական համակարգը հասանելի է միգրանտների համար։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայաստանից մեկնելուց նաեւ կարծում էինք՝ կարողանալու ենք աշխատել, որովհետեւ շատերը պնդում էին, որ մինչ կարգավիճակ ստանալը հնարավոր է «սեւով» աշխատանք գտնել, բայց դա էլ չկար։ Աշխատանքի տեղավորման գործակալություն դիմելու համար պետք է լավ տիրապետել ֆրանսերենին։ Միգրանտներին խրախուսում են կամավորություն անել, քանի որ այն իբր կարող է դրական ազդել պատասխանի վրա։ Ես կամավորական աշխատանք էի անում։ Որքան էլ մարդկանց հետ շփման ընթացքում փորձում էի ժպտալ, ուրախ ձեւանալ, բայց պահեր էին լինում, որ չէի կարողանում կտրվել մեր խնդիրներից, Արցախում մեր տունն էի հիշում, հարազատներիս, ընկերներիս։ Այդպիսի մի պահի ինձ հուշեցին, որ գրպանում պետք է պահել «հերթապահ ժպիտ»։ Հասկացրին՝ իրենց հետաքրքիր չէ, ով ես, որտեղից, ինչ խնդրով, միշտ պետք է ժպտալ։ Կամավորի ինստիտուտն էլ միֆ է, մարդիկ կան, որ հիանալի տիրապետում են լեզվին, հակաօրինական ոչինչ չեն արել, տարիներ շարունակ կամավորություն են անում, խրախուսանքների են արժանացել, բայց այդպես էլ կարգավիճակ չեն ստացել»,- ասել է նա։
Արցախցիների՝ ԵՄ-ում մերժվելու իրավական հիմքերը
Միգրացիոն փորձագետ Տաթեւիկ Բեժանյանն ասել է՝ թյուր կարծիք կա, թե քանի որ Արցախից տեղահանվածները Հայաստանում ճանաչվել են փախստական, ապա իրենք հանգիստ կարող են գնալ ԵՄ երկրներ եւ այնտեղ կրկին ապաստան հայցել ու ստանալ փախստականի կարգավիճակ՝ ավելի բարեկեցիկ երկրում, բարեկեցիկ պայմաններով փորձել կառուցել իրենց ապագան։
«Այդ պատկերացումը միֆ է, որովհետեւ ապաստանի համակարգն առնվազն ասում է, որ եթե տեղի է ունեցել, ինչպես արցախցիների պարագայում, բռնի տեղահանություն իրենց մշտական բնակության ծագման երկրից եւ մարդիկ մուտք են գործել առաջին ապահով երկիրը, որը նրանց տվել է պաշտպանություն, իսկ Հայաստանը նրանց տվել է ժամանակավոր պաշտպանություն, փախստականի կարգավիճակ, դրանով իսկ պատասխանատվություն վերցնելով իր վրա այդ մարդկանց ճակատագրի առումով, հետեւաբար նրանց դիմումները մերժվում են եւ այդ մարդիկ վերադարձվում են իրենց պաշտպանություն տված երկիր։ Արցախցիներին հենց այս հիմքով են մերժում, ուստի հորդորում եմ, որ ԵՄ երկրներ մեկնելու համար անիմաստ մեծ գումարներ չծախսեն։ Ցավոք, նրանց այնտեղ կարգավիճակ չեն տալու եւ իրենց վերադարձնելու են Հայաստան»,- նշել է փորձագետը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Տաթեւիկ Բեժանյանն ասել է, որ արցախցիների համար նաեւ ԵՄ երկրներ մուտքի վիզա ստանալն է բավականին դժվար։ Դեսպանատները կամ հյուպատոսները շատ լավ հասկանում են, որ 070 կոդով անձնագիր ունեցողները փախստականի կարգավիճակ ունեն։
«Սկզբնական շրջանում 070 անձնագրով անձանց նույնիսկ զբոսաշրջային վիզաների դեպքում էին մերժում, հետագայում ԵՄ երկրները, կարծես, կոնսենսուսի եկան, բայց արդեն վիզա տրամադրում են ոչ այն պայմաններով, ինչպես, օրինակ, ՀՀ քաղաքացիներին։ Մինչեւ 2023 թվականը անձնագրի տարբերակում չէր դրվում եւ արցախցիների համար էլ՝ ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, գործում էր բավականին պարզեցված կարգ։ Այսուհետ, ամենայն հավանականությամբ, նրանց համար այդ տարբերակներն այլեւս չեն կիրառվի։ Հստակ սահմանազատում է դրվել, որ նրանց ունեցած ՀՀ քաղաքացու անձնագրի նման անձնագիրը ՀՀ քաղաքացիություն չի ենթադրում, ավելին՝ այն ենթադրում է փախստականի կարգավիճակ։ ԵՄ երկրների դեսպանատները՝ մտավախություն ունենալով, որ այդ անձինք կարող են մեկնել իրենց երկիր, ապաստան հայցել, կարգավիճակ ձեռք բերել ու այդ ընթացքում սոցիալական կախվածություն ունենալ պետությունից, ուղղակի սկսեցին մերժել։ Վիզա ստացած եւ մեկնածների դեպքում էլ մերժվեցին ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ստանալու դիմումները ու նրանք հետ վերադարձվեցին կամ ինքնակամ վերադարձան Հայաստան»,- ասել է Տաթեւիկ Բեժանյանը։
«Ստոպ»՝ վերադարձի որոշում Ֆրանսիայից Հայաստան
Մեկ տարի եւ մեկ ամիս Ֆրանսիայում գտնվելուց, ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան չստանալուց հետո Գոռի եւ Մարթայի ընտանիքը այս տարա հունվարին որոշել է կամավոր վերադառնալ Հայաստան։
«Ֆրանսիայում գտնվելու ընթացքում հասկացանք, որ միգրանտներին ընդունելու գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում։ Անգամ եթե դրական պատասխան էլ ստանայինք, այնպես չէր, որ դա մեզ համար այդ երկրում ընդմիշտ մնալու հիմք էր լինելու։ Կարող ես 4 տարով ապաստանի դրական թուղթ ստանալ, ժամկետը լրանալուց հետո կրկին դիմել ու մերժվել։ Դրա համար էլ որոշեցինք դիմել միգրացիոն մարմիններին ու կամավոր վերադառնալ Հայաստան։ «Ստոպ» հասկացություն կա, որից օգտվեցինք վերադառնալու համար։ Դիմում ես միգրացիոն հարցերով զբաղվող մարմին, մերժում են ավելի վաղ տված քո դիմումն ու ընթացք տալիս վերադարձի դիմումին։ Քանի որ Ֆրանսիայում մնալու օրինական ժամկետն անցել էր, չէինք կարող պարզապես լքել երկիրը, դրա համար պետք էր լքման թուղթ ստանալ»,- ասել է Մարթան։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վերադարձին նախորդող գործընթացը մի փոքր երկար է տեւել՝ երկու ամսից ավելի, պատճառը երեխայի անձնագրի ժամկետանց լինելն է եղել։
«Անձնագրի ժամկետը լրացել էր Ֆրանսիայում գտնվելու ընթացքում։ Դիմել էինք Միգրացիոն մարմիններին, բայց անընդհատ պրոցեսը ձգձգվում էր, վերջում որոշեցինք դիմել Փարիզում ՀՀ դեսպանություն եւ Մարսելում ՀՀ հյուպատոսություն։ Պատասխանեցին Մարսելից, հյուպատոսն օգնեց երեխայի անձնագրի հարցում։ Այն պահին, երբ «ստոպ» ես քաշում, պետության կողմից ֆինանսական օգնությունը դադարում է։ Առանց վիզային երկրների բնակիչների համար կան լքման ճամբարներ, հայերի համար՝ ոչ, դրա համար մինչեւ վերադառնալը մնացինք մեզ տրամադրած բնակարանում, հետո տեղափոխվեցինք Փարիզ, մեզ եւ եւս 5 ընտանիքի ուղեկցեցին, որպեսզի առանց խնդիրների վերադառնանք։ Կամավոր վերադարձողներին որոշակի օգնություն են տրամադրում՝ գումար, վերադարձի տոմսեր, մենք էլ օգտվեցինք այս աջակցություններից»,- ասել է Մարթան։
Նոր սկիզբ
Ընտանիքը Հայաստան է վերադարձել Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գրասենյակի վերաինտեգրման ծրագրով։ Քանի որ Հայաստանում բնակարան չունեն, Ֆրանսիայում ասել են, որ վերադարձից հետո գուցե մի քանի ամիս կարողանան բնակարանի վարձի գումար ստանալ եւ աջակցություն՝ նոր մասնագիտություն ձեռք բերելու հարցում։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը բնակարանի հարցում մերժել են, փոխարենն առաջարկել են բիզնես ծրագիր ներկայացնել։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Արցախում պետական կառույցում իրավաբանական բաժին էի ղեկավարում։ Օնլայն խանութ ունեինք, ձեռագործ իրեր, խաղալիքներ էինք վաճառում, հանգստյան օրերին էլ գեղեցկության սրահում էլեկտրաէպիլացիա էի անում, համապատասխան սարքավորումներ էի ցանկանում, սակայն ասացին, որ իրավաբանի կրթությամբ չեն կարող այդպիսի աջակցություն տալ, բժշկական կրթություն է անհրաժեշտ։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի վերաինտեգրման ծրագրով ինձ էլ, Գոռին էլ մասնագիտական կուրսեր ընտրելու հնարավորություն տվեցին, Գոռն ընտրեց խոհարարի մասնագիտությունը, ես՝ հրուշակագործի։ Հունվարին ենք եկել, Գոռն արդեն ավարտել է մեկամսյա բազային կուրսը, մեկ կարճ կուրս էլ դեռ պիտի անցնի, ես էլ հաճախում եմ հրուշակագործության դասերի»,- նշել է Մարթան։
Ամուսինները նշել են՝ եթե բռնի տեղահանումը չլիներ, երբեք չէին մտածի այլ երկիր տեղափոխվելու, անօրինական միգրացիայի մասին։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Արցախում աշխատում էինք, մեր կյանքից գոհ էինք, խնայած գումարներով ճամփորդում էինք։ Բռնի տեղահանումը մեր կյանքը լիովին փոխեց։ Ֆրանսիա գնալու որոշումն էլ ավելի բարդացրեց առանց այդ էլ մեր դժվար իրավիճակը։ Այն գումարը, որ պետք է հիմք դառնար այստեղ զրոյից կյանք սկսելու համար, դա էլ կորցրեցինք։ Եթե եվրոպական երկրներում անօրինական ճանապարհով հաստատված մարդիկ պատմեն իրական ճանապարհի մասին, որով իրենք անցել կամ դեռ անցնում են, անօրինական միգրացիայի ուղին բռնելուց առաջ մարդիկ շատ ավելի երկար կմտածեն։ Հիմա կրկին փորձում ենք ամեն ինչ զրոյից սկսել, այստեղ էլ հեշտ չէ, բայց Արցախից հետո Հայաստանում մեզ գոնե տանն ենք զգում»,- շեշտել է Գոռը։
Հոդվածը պատրաստվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: