Արցախի հերոս գնդապետ Շաքարյանը եւ նրա գործը շարունակող որդիները - Mediamax.am

exclusive
12892 դիտում

Արցախի հերոս գնդապետ Շաքարյանը եւ նրա գործը շարունակող որդիները


Գնդապետ Շաքարյանը՝ զավակների հետ
Գնդապետ Շաքարյանը՝ զավակների հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Սլավան
Սլավան

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Սևակը
Սևակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնդապետ Շաքարյանի զավակները
Գնդապետ Շաքարյանի զավակները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սլավան
Սլավան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնդապետ Սերգեյ Շաքարյանը
Գնդապետ Սերգեյ Շաքարյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Գնդապետ Շաքարյանը՝ դստեր հետ
Գնդապետ Շաքարյանը՝ դստեր հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


Յուրաքանչյուրիս համար մեծ շնորհ է ապրել իրական հերոսների կողքին, որ իրենց կյանքով շոշափելի են դարձնում պաշտպանելու, նվիրումի, զոհաբերության ու անձնազոհության գաղափարները: Նաեւ մեծագույն պատասխանատվություն է լինել նրանց շարունակողը, ձգտել ապրել նրանց նման, երբեմն էլ, ցավոք, նրանց փոխարեն:

 

Նման մարդկանցից է Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանը: Նրա ապրած կյանքը հայրենիքի հանդեպ անսահման նվիրումի մասին է, իսկ մահը՝ անձնվիրության անդառնալի կնիք:

 

Մեդիամաքսը զրուցել է գնդապետի ընտանիքի անդամների հետ նրա կերպարի, որդիների դաստիարակության եւ պատերազմի օրերին իրենց իսկ ապրածի մասին:

Գնդապետ Սերգեյ Շաքարյանը Գնդապետ Սերգեյ Շաքարյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

«Պարո´ն Շաքարյան, Ձեզ հարգում է ամբողջ ազգը, Ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը, Դուք իրական Արցախի հերոս եք»,- Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այս խոսքերով 2020 թվականի հոկտեմբերի 4-ին գնդապետ Սերգեյ Շաքարյանը պարգեւատրվում է «Ոսկե արծիվ» շքանշանով՝ արժանանալով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: Պարգեւն անձամբ ստանալ նա այդպես էլ չի կարողանում. մարտը թեժ էր, հրամանատարը չէր լքում առաջնագիծը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 25-ին՝ 46 տարեկան հասակում: Նրա հայրը՝ Սլավիկ Շաքարյանը, որ 1990-ականների Արցախյան ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, զոհվել է 1993 թվականի ճիշտ նույն օրը՝ ճիշտ նույն տարիքում:

 

18-ամյա սպան

 

Սերգեյ Սլավիկի Շաքարյանը ծնվել է 1974թ. դեկտեմբերի 9-ին, Հադրութի շրջանի Այգեստան գյուղում: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ուսումը շարունակել է բարձրագույն ուսումնական հաստատությունում, սակայն 3 ամիս անց սկսվել է պատերազմը:

 

«Պատերազմի առաջին իսկ օրը վերադարձավ հայրենի գյուղ, հոր հետ զենքը ձեռքին սկսեց պայքարել հայրենիքի համար: Մեր տունը ողջ ունեցվածքով հենց առաջին օրերին թշնամին հրդեհեց, ինքն էլ ավելի մեծ վրեժխնդրությամբ լցվեց: 3 ժամում տանկ վարել սովորեց, նստեց ու գնաց առաջնագիծ: Առաջին տանկը միշտ ինքն էր վարում»,- պատմում է մայրը՝ տիկին Վալյան:

 

Սերգեյը սպա դարձավ արդեն 18 տարեկանում: Պատերազմի ավարտից հետո առաջարկել են ուսումը շարունակել Ռուսաստանի Դաշնության Ֆրունզեի անվան ակադեմիայում, որն էլ կարմիր դիպլոմով է ավարտել:

 

Շարունակելով ծառայությունը հայոց բանակի շարքերում՝ ՊԲ տարբեր ստորաբաժանումներում զբաղեցրել է հրամանատարական մի շարք պաշտոններ, պարգեւատրվել 24 մեդալներով, բազում պատվոգրերով ու շնորհակալագրերով:

 

«Նա հայր էր զինվորների համար, շատ խիստ էր, պահանջկոտ, շատ էր ջղայնանում հրամանատարների, բայց ոչ երբեք զինվորների վրա, ասում էր՝ հրամանատարը եթե ճիշտ ծառայի, զինվորն էլ ճիշտ կծառայի: Միշտ դիրքերում էր՝ գիշեր, թե´ ցերեկ, 30 երկար ու ձիգ տարիներ: Մի կիրակի էլ թե մնում էր տանը, ասում էր՝ մի հատ գնամ դիրքեր ու գամ, որ հանգիստ լինեմ: Ուշքն ու խելքը միշտ էնտեղ էր»,- հիշում է տիկին Վալյան:

 

Գնդապետ Շաքարյանը՝ զավակների հետ Գնդապետ Շաքարյանը՝ զավակների հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

 

Սերգեյ Շաքարյանի համար մեծ պարգեւ էին երեք զավակները՝ հայոց բանակի զինվորներ Սլավան եւ Սեւակը, ու 8-ամյա դուստրը՝ Մանեն: Տիկին Վալյայի խոսքով, երբ Սերգեյ Շաքարյանը ջղայնացած տուն էր գալիս, դստերը համբուրելուց հետո ջղայնությունն անմիջապես անցնում էր:

 

Ավագ որդի Շաքարյանը

 

20-ամյա Սլավան՝ Սերգեյ Շաքարյանի ավագ որդին, օրեր առաջ է զորացրվել: Եկել է շարունակելու ուսումը Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետ է ուզում դառնալ:

 

«Ծառայել եմ Վարանդայում (Ֆիզուլի), 6 ամիս շարքային եմ եղել, հետո դարձել ջոկի հրամանատար: Ընդամենը մի քանի ամիս ծառայելուց հետո մասնակցել եմ ՀՕՊ Շարժական կառավարման կետերի մրցույթին, որտեղ ծառայակից ընկերներիս հետ ՀՀ ՊՆ-ում 1-ին հորիզոնականն ենք զբաղեցրել: Ծառայության 10-11-րդ ամսում սերժանտ էի՝ բոլոր հնարավոր շքանշաններին արժանացած: Ծառայության ընթացքում երբեք հորս անունը չեմ տվել, ծառայել եմ ոչ թե որպես գնդապետ Շաքարյանի որդի, այլ որպես Սլավա»,- պատմում է նա:

 

105-106 օրից Սլավան ավարտելու էր ծառայությունն ու տուն գնար: Ասում է՝ 100 օրվա հետհաշվարկը զինվորների համար առանձնահատուկ տոն է, բայց ինքն ու իր ծառայակից ընկերները չկարողացան այդ պահը վայելել. պատերազմ սկսվեց:

 

Սլավան Սլավան

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

 

«Կռիվը որ սկսվեց, նենց էր ստացվել, որ սպաների բացակայություն կար: Ես, լինելով մեր հրամանատարական կետի սերժանտ, ինձ վրա եմ վերցրել պատասխանատվությունը, մարտական մեքենան պետք է դուրս բերեի: Ուշադրությանս կենտրոնում մի բան էր՝ իմ ջոկի անձնակազմին բարով-խերով հասցնեմ մարտական դիրք, որ այնտեղ սկսենք լիարժեք մասնակցել մարտական գործողություններին: Կռիվը որ սկսում ա, ամեն ինչի մասին մոռանում ես, միայն մտածում ես, որ քեզ վրա խնդիր ա դրված պաշտպանելու, ու կատարում ես»,- հիշում է երիտասարդ զինվորը:

 

Սլավան ասում է, որ պատերազմի ժամանակ չէին հասկանում՝ օրերը ոնց են անցնում: Գիտեին, որ գուցե հաջորդ վայրկյանին էլ չլինեն:

 

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

 

«Մենք՝ մեր ջոկի տղաներով, մինչեւ հիմա զարմանում ենք՝ ինչի ենք մենք հիմա ողջ՝ լինելով հրամանատարական կետի անձնակազմ: Ընթացում, երբ դիրք էինք զբաղեցնում, պատսպարումը շատ լավ էինք իրականացնում, գրագետ գործելու շնորհիվ էր երեւի, բայց դե բախտի գործոնն էլ շատ էր: Դիրքերում մենք չէին մտածում պարտվելու մասին, ռադիո էինք, լսում՝ անընդհատ լավ նորություններ ... վստահ էինք, որ լավ ա ամեն ինչ: Բայց թե մեր թիկունքում ինչ կատարվեց ...»:

 

Պատերազմը, որ դարձավ «սովորական»

 

18-ամյա Սեւակը, որ եղբոր պես եւս սովորում է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում, մի քանի օրից բանակ է զորակոչվելու: Տատն է պատմում, թե Սեւակն ինչքան շատ էր ուզում ամռանն անցնել ծառայության, բայց մի քանի օրվա տարբերության պատճառով չի ստացվել: Երազում էր հոր հրամանատարության ներքո ծառայել: Չնայած ծանր ժամանակներին ու մեծ կորստին, միեւնույն է, ծառայության մասին խոսելիս Սեւակի աչքերը սկսում են փայլել:

 

Սեպտեմբերի 27-ին Սեւակը նախատեսում էր Արցախ գնալ՝ անակնկալ մատուցելով ընտանիքին: Պատմում է, որ առավոտյան վաղ արթնանալիս երաժշտություն միացնելու սովորություն ունի, այդ կիրակի եւս 7-ին արթնանալուց հետո երաժշտություն է միացնում, սակայն այն անընդհատ ինքն իրեն անջատվում էր: Հետո գալիս է Սեւակի ընկերն ու ասում՝ Հադրութի վրա հարձակվել են:  

 

«Միանգամից զանգեցի տուն, չպատասխանեցին, զանգեցի Սլավային՝ անհասանելի էր, պապան էլ էր անհասանելի: Հետո մի կերպ կապվեցի, իմացա, որ հարեւանի տանն էին պատսպարված: Ուզում էի գնայի իրենց դուրս բերեի, բայց մաման խաբեց, ասաց, թե պապան ասել ա չգնամ, մի քանի ժամից ամեն ինչ կվերջանա: Դե ես էլ պապայի խոսքից չեմ կարա դուրս գամ, իր ասածը ինձ համար միշտ օրենք է»,- պատմում է Սեւակը:

 

Սևակը Սևակը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

2-3 օր ընտանիքը՝ Սերգեյ Շաքարյանի կինը՝ Զարինեն, մայրը եւ դուստրը Հադրութում են մնացել՝ նկուղներում պատսպարված: Հետո դժվարությամբ հասել են Երեւան՝ մնալով այն տանը, որտեղ վարձով բնակվում է ուսանող որդին:

 

«Գիշերները քնել չէի կարողանում, դրա համար էլ կամավորագրվում էի թիկունքի աշխատանքներում, ցրվում էի, որ չմտածեմ պատերազմի մասին: Օրերի հետ մի տեսակ սովորական դարձավ պատերազմը՝ զոհ, վիրավոր, տարածք ենք կորցրել, տարածք ենք վերցրել:

 

Գնդապետ Շաքարյանի զավակները Գնդապետ Շաքարյանի զավակները

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Սառած մարդ էի դարձել: Պապան, որ առաջին անգամ կարողացավ զանգել տուն, չիմացա՝ ով է խոսողը, ձայնը շատ էր խզված, շատ կարճ խոսեցինք, դե հասկացա՝ շատ է գոռացել կառավարելուց, գիշեր-ցերեկ չի քնել»,- հիշում է Սեւակը:

 

Վերջին զրույցը

 

Սլավան նույնպես հազվադեպ էր կարողանում կապ հաստատել հոր հետ, ընտանիքի անդամների հետ եւս: Հիշում է, որ մի անգամ, երբ նորից կարողացել է խոսել հոր հետ, հարցրել է՝ ե՞րբ է վերջանալու պատերազմը.

 

- Չգիտեմ, Ալիեւն ու Փաշինյանը պետք ա հանդիպեն, իսկ մենք ստեղ մեր գործն անում ենք:

 

Հոր վարորդն էլ պատմում էր Սլավային, որ իրենց դիմաց գրեթե գրոհ չէր կատարվում, հակառակորդը միանգամից ոչնչացվում էր, միայն ինքնաթիռներն էին ... Գնդապետ Շաքարյանն էլ զոհվեց ինքնաթիռի ռմբակոծությունից. «F-16 էր, պատճառն էլ այն էր, որ չկար դրա դեմ զինատեսակ»,- նշում է Սլավան:

 

Հոր մահվան մասին գլխի է ընկել, որովհետեւ իր ներկայությամբ մարդիկ սկսել են իրենց տարօրինակ պահել: Հետո զանգել է հոր ծառայակցին, որն էլ հաղորդել է բոթը: «Ուրախ եմ, որ չերկարացրեց, ես ուղիղ խոսքը գնահատում եմ»:

 

Սեւակը հիշում է հոր հետ վերջին զրույցը. «Ասում էր՝ ձիգ մնա, դուխով մնա, կյանքում գլուխդ չկախես: Դեպքը հենց դրա հաջորդ օրը եղավ»:

 

Որդիները պատմում են, որ մինչեւ գնդապետ Շաքարյանի մահը Հադրութը մի քանի հաշված դիրքեր էր զիջել, այն էլ մարտավարական նպատակներով:

 

«Հալալ է տղերքին, առանձնահատուկ հալալ է Հադրութի զորամասի տղերքին: Իրենց կատարած խիզախություններն աննկարագրելի են, մենակ ֆիլմերում կարան ավտոմատով տանկ խոցեն, իսկ թե ոնց՝ պատմեմ, չեք հավատա»,- ասում է Սլավան:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Սեւակն էլ հավելում է, որ առանց հրամանատարի մնալուց հետո, զինվորները Հադրութից ինչ-որ հրամանով դուրս են եկել, բայց թե ով էր հրաման տվողը՝ պետք է քննությունը պարզի: «Դավաճաններ շատ են եղել, դասալիք հրամանատարներ եւս»,- ասում է նա:

 

Հրամանատար հոր կերպարը

 

Որդիները հոր մասին շատ բան կարող են պատմել, ասել, թե նրա գրագետ գործելու շնորհիվ քանի կյանք է փրկվել, ինչ գրոհներ են եղել, պաշտպանությունն ինչպիսին էր, բայց ճիշտ են համարում, որ նրա զինվորները խոսեն իրենց հրամանատարի մասին:

 

Սերգեյ Շաքարյանի մահից հետո ընտանիքը բազմաթիվ նամակներ է ստացել նրա զինվորներից, անգամ 15 տարի առաջ ծառայածներն են գրել:

 

«Պապայիս կերպարը շատ ուրիշ էր թե´ ընտանեկան մթնոլորտում, թե´ զինվորական: Զինվորը, որ գալիս երկու տարի ծառայում էր, պապայիս ավելի շատ էր տեսնում, քան ես: Գիշերները կարողա 1-ի կողմերը գար, որ ուշ էի քնում, ես էի դիմավորում իրեն: Առավոտն էլ ամենաուշը 6-ից արդեն տանը չէր: Մեծ հարց էր կգա՞ տուն ճաշելու, թե՞ չէ: Ինքը միշտ դիրքերում էր, միշտ զինվորի կողքին: Ապրածս 20 տարվա մեջ ես 3 անգամ եմ տեսել, որ Նոր տարին մեզ հետ անցկացնի: Գալիս էր, շնորհավորում, էլի գնում զորամաս կամ դիրքեր: Այ տենց նվիրված էր ծառայությանը»,- ասում է Սլավան:

 

Սեւակին հայրը փոքր տարիքից միշտ ասում էր, որ պետք է լավ կրակել սովորի: Մի անգամ, երբ դեռ փոքր էր ու հայրը նրան հրաձգադաշտ էր տարել, կրակելիս մի քանի անգամ կպել է թիրախին: Հետո հայրն է նստած տեղից կրակել ու 30/30 փամփուշտով բոլոր թիրախները գետնին հավասարեցրել: Դեռ երեխա Սեւակն այդ ժամանակվանից համոզվել է, որ պիտի հոր նման լավ կրակել սովորի, հետո ամեն հնարավորություն օգտագործել հմտանալու համար:

 

Գնդապետ Շաքարյանը՝ դստեր հետ Գնդապետ Շաքարյանը՝ դստեր հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

 

«Պապայի վարորդը հրաշքով փրկվել էր: Իրեն որ տեսա, հարցրի՝ պապան քանի՞ ժամ էր քնում գիշերը, ասաց՝ էնտեղ ժամով քնել չկար, ձեռքը դնում էր գլխի տակ, 10-15 րոպե աչքերը փակում, հետո շարունակում կառավարումը: Նենց վիճակ է եղել, դեպի իրենց գնացող ճանապարհը անդադար ռմբակոծվել է, մեքենա չէր կարողանում մոտենալ, 3-4 օր եւ´ սոված էին, եւ´ ծարավ: Ասում էր, որ այդ օրերին պապայիս առաջին անգամ է տեսել չսափրված: Ինքը ամեն առավոտ ժամը 5-ին սափրվում էր, իմ վրա էլ միշտ ջղայնանում էր, ասում էր՝ ես 2 000 հոգու սափրվել եմ տալիս, իսկ դու անթրաշ ես»,- պատմում է Սեւակը:

 

Ընտանիքի անդամների խոսքով՝ 30 տարվա ծառայության ընթացքում գնդապետ Շաքարյանը միայն երեք անգամ է արձակուրդ գնացել՝ այն էլ խիստ պատճառաբանված:

 

Կյանքի արժեքը

 

Ստանալով հրամանատար հոր դաստիարակությունը, տղաներին պատերազմն ամենեւին էլ չի կոտրել, ընդհակառակը, ավելի է ամրացրել: Սեւակը վստահ է, որ պիտի առաջ նայենք: Յուրաքանչյուրը պիտի մտածի, որ կոչված է պաշտպանելու առաջին հերթին իր ընտանիքը, իսկ հայրենիքի հիմքում հենց ընտանիքն է:

 

«Հերոս տղերք շատ են եղել, փառք իրենց, բայց եղել են նաեւ մարդիկ, որ իրենց կյանքն ամեն ինչից վեր են դասել: Բոլորս էլ մի օր մահանալու ենք, չգիտես՝ 5 րոպե հետո ինչ կլինի քեզ հետ: Քիչ կամ շատ՝ էական չի, պիտի նենց ապրես, որ ապրածդ տարին արժեք ունենա: Հայրս հենց տենց էր ապրում: Միշտ մտածում էր հայրենիքի, ընտանիքի, յուրաքանչյուր զինվորի մասին: Ես իր խրատներով ու իր կյանքով առաջնորդվելով եմ ապրում, նման կերպ պիտի կառուցենք մեր երկիրը»,- ասում է նա:

 

Սլավան Սլավան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Սլավան էլ կարծում է, որ մեզ համար կործանարար է արցախցի ու հայաստանցի բաժանումը: Այսօրվա իրավիճակը հենց դրա հետեւանքն է: Դավաճաններ կան թե´ արցախցիների, թե´ պայմանական ասած հայաստանցիների մեջ, ու միեւնույն ժամանակ հերոսի նման կռվել են թե´ «հայաստանցիներ», թե´ «արցախցիներ»:

 

«Խաղաղ ժամանակներում ինքդ քո մեջ մտածելուց գուցե չկարողանաս լավ ընկալել հայրենիքի պաշտպանության գաղափարը, հանուն հայրենիքի զոհվելը, բայց հենց կռիվը սկսում ա, գիտակցում ես, որ քեզնից շատ բան ա կախված, ու էդ ժամանակ հայրենիքից վեր ուրիշ բան չես դասում: Արկերի տակ վազելուց, րոպեների ընթացքում փոս փորելուց ես էդ էի զգում: Նկարագրելու բան չի»,- հիշում է Սլավան:

 

Պարտավոր ենք

 

Շաքարյանները կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը, անգամ հոր մեքենան են գողացել, բայց միեւնույն է, մյուսներին գոտեպնդողն իրենք են:

 

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

 

«Ես կորցրել եմ տունս, հայրենիքս ու ամենաթանկը՝ հորս: Մարդկային կյանքն է, որ չի կարելի հետ բերել: Հողը հետ կբերես, տունը կկառուցես, բայց մարդկային կյանքից միայն հուշ է մնում: Թեկուզ թշնամու վերահսկողության տակ է Հադրութը, մեկ է, մեր հայրենիքն է: Թեկուզ ունենք փոքր Արցախ, մասնատված Արցախ, շատ սպիներ ունի, բայց պետք է բուժենք ու հետ վերադարձնենք մեր հայրենիքը»,-ասում է Սեւակը:

 

«Ու առանց մարդկային զոհերի, առանց պատերազմի, - լրացնում է Սլավան,- նրանք, որ էլ մեզ հետ չեն, երազում էին ազատ ու անկախ Արցախի, զարգացած Հայաստանի մասին: Մենք պարտավոր ենք իրենց գործը շարունակել: Իրենք կռվել ու զոհվել են հանուն մեզ, ու հատ առ հատ բոլորի անունները պիտի բարձր պահենք, ցույց տանք աշխարհին հայի կամքն ու զորությունը»:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին