2019 թվականի սեպտեմբերին «Դասավանդի՛ր Հայաստան» շարքում պատմել էինք երկու տարով Չինարի եկած հատուկ մանկավարժ ու կենսաբան Մարիամ Գրիգորյանի մասին: Երկու տարին վաղուց անցել է, բայց Մարիամը շարունակում է ապրել եւ աշխատել Չինարիում:
«Մի անգամ ինձ ասացին, որ իմ մեջ մանկականությունը չի մարել: Մաղթեցին, որ ամբողջ կյանքում մնամ այսպիսին, եւ ես փորձում եմ...»,-պատմում է Մարիամը:
Հուշերի թելը ձգվում ու սահմանապահ Չինարիից մեզ տեղափոխում է Մարիամի ծննդավայր Սիսիան: Տատի մասին խոսելիս` անուշ ժպտում է: Հիշում է նրա պատմած առակները, զրույցները ու հաճախ վերապատմում իր աշակերտներին:
Դեռ մանկության տարիներից հասցրել է ճանաչել Սիսիանի սարերն ու դաշտերը, ծաղիկներն ու խոտաբույսերը, որոնք առանձնահատուկ սիրով ու խնամքով էր հավաքում: Ասում է՝ կենսաբանության նկատմամբ սերը դեռ մանկուց հենց բնությունն է սերմանել իր մեջ:
Ամենանվիրական երազանքը, սակայն, բալետի պարուհի դառնալն էր: «Ինչպես մարզերում բնակվող շատ երեխաներ, ես նույնպես հրաժարվեցի իմ երազանքից. համապատասխան կրթություն ստանալու համար ստիպված պիտի տեղափոխվեի մայրաքաղաք, իսկ ես դեռ շատ փոքր էի: Մի կերպ համակերպվեցի, բայց արդեն միեւնույն էր՝ ինչ մասնագիտություն կընտրեմ: Մայրս նկատել էր մի բան, որ անգամ ես չէի նկատել. սիրում էի խաղալ ինձնից փոքր երեխաների հետ, բայց ինչ-որ բան սովորեցնելու նպատակով: Ինձ երջանկացնում էր որեւէ մեկին օգտակար լինելու գիտակցումը: Մայրս իրավացիորեն նկատում էր, որ մի օր մանկավարժությամբ եմ զբաղվելու»:
Երբ հասա Չինարի, իմ առջեւ բացվեցին դրախտի դռները
Մարիամն ուսանել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում: Առաջին մասնագիտությամբ հատուկ մանկավարժ է, երկրորդ մասնագիտությամբ՝ կենսաբան: Վստահեցնում է` երկու մասնագիտությունները լիարժեքորեն փոխլրացնում են միմյանց:
Լուսանկարը` անձնական արխիվ
Համալսարանն ավարտելուց հետո երկար է փնտրել այն, ինչ իրեն պիտի երջանկացներ: Տարբեր գիտական կենտրոններում, գրախանութում աշխատելուց հետո կտրուկ որոշում կայացրեց դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին:
Հիշում է. «Ինձ երկու անգամ մերժել են, բայց չեմ հանձնվել: Մտածում էի՝ դա ինքնաճանաչման այն ճանապարհն է, որ ես եմ ընտրել. եթե ինձ մերժում են, դեռ չի նշանակում, որ պիտի հանձնվեմ: Դիմեցի նաեւ երրորդ անգամ եւ առանց վարանելու որոշեցի՝ գնալու եմ Արցախ: Երբ ներկայացնում էին համայնքները, վստահ էի, որ Արցախ եմ գնալու, բայց լսեցի՝ Տավուշ, Չինարի: Գյուղի մասին ինձ ծանոթ բոլոր պատմությունները կապված էին սահմանային միջադեպերի հետ: Եղան մարդիկ, որոնք հորդորում էին հրաժարվել Չինարի տեղափոխվելու մտքից: Ասում էին, թե դժոխք եմ գնում, բայց երբ հասա Չինարի, իմ առջեւ բացվեցին դրախտի դռները. այդքան շատ ծաղիկներ ես երբեք չէի տեսել, իսկ «Ծաղիկները դրախտի մնացորդներն են երկրի վրա...»»:
Ուսուցչությունը համարժեք է պատասխանատվությանը
Սկզբնական շրջանում դժվարությունները շատ էին. նոր, օտար միջավայր, անծանոթ մարդիկ... Բայց կարճ ժամանակ անց Չինարին դարձավ հարազատ ու սիրելի:
Լուսանկարը` անձնական արխիվ
«Ես համոզված եմ, որ դժվարությունները հաղթահարելով` մենք հոգեւոր աճ ենք ունենում: Իսկ դրանք այստեղ շատ են: Տասնյակ տարիներ մարդիկ ապրում են թշնամու թիրախում, բայց շարունակում են արարել: Երբ Արցախում պատերազմ էր, ես տեսել եմ, թե Չինարիում ինչպես են քարը քարի վրա դնում: Կյանքը շարունակվում էր... Հետո պարզվեց՝ այդ անխաղաղ պայմաններում ես գտել էի իմ խաղաղությունը. այն նյութական չէ, հոգեւոր է: Գաղափար է, որի հետեւից պիտի գնաս, գտնես, փայփայես ու դարձնես քոնը»:
Մարիամն այսպես է բանաձեւում ուսուցչի առաքելությունը. «Ուսուցչությունը համարժեք է պատասխանատվությանը, նվիրվածությանը... Այստեղ անասելի շատ սեր ու զոհաբերություն կա: Ուսուցիչը պիտի օգնի աշակերտին կայանալ, բայց դա անի այնպես, որ նրան թվա՝ ինքնուրույն է անում. չպիտի ուսուցչի ստվերն ամբողջ կյանքում հետեւի աշակերտին: Նա սովորեցնում է իմաստավորել ամեն քայլը, ասված խոսքը: Ուսուցչի կերպարն անասելի համեստ է: Նա նաեւ պետք է շատ զգույշ ապրի. չէ՞ որ կերպար է, օրինակ, արժեքների եւ գաղափարախոսության կրող, հետեւաբար, նաեւ փոխանցող»:
Չինարիի դպրոցականների հաջողված բիզնես-ծրագրերը
Միայն դասարանային միջավայրը, սակայն, բավարար չէր՝ կյանքի կոչելու այն բոլոր երազանքներն ու նպատակները, որոնք Մարիամին «տեղափոխել» էին Չինարի:
Առաջին արտադասարանական աշխատանքը դպրոցի դարպասները «վերակենդանացնելն» էր. ընկեր Գրիգորյանն աշակերտների օգնությամբ արտանկարեց Վան Գոգի, Մարտիրոս Սարյանի հայտնի գործերից:
Հաջորդ քայլն էկոխմբակ հիմնելն էր, որը, ժամանակի ընթացքում զարգանալով, վերածվեց էկոակումբի:
Լուսանկարը` անձնական արխիվ
«Էկոակումբի շրջանակներում բազում նախաձեռնություններ են իրականացվել. տարբեր` օգտագործման համար ոչ պիտանի տարաներից աղբամաններ, ծաղկամաններ, գրչամաններ, բազմաթիվ այլ իրեր ենք պատրաստել: Եվ աշակերտներն այնքան սիրով էին կատարում այդ աշխատանքը, կարծես դա աշխարհի ամենակարեւոր գործը լիներ: Ի դեպ, չափազանց կարեւոր է աշակերտի մեջ ամրապնդել հենց այդ միտքը, քանի որ ոգեւորվելու, իր ստեղծածի կարեւորությունը գիտակցելու դեպքում նա կձգտի ավելիին»,-ներկայացնում է Մարիամը:
Մարիամի նախաձեռնությամբ հաջողությամբ կյանքի կոչվել եւ այսօր էլ շարունակում են իրականացվել համայնքային սոցիալական ծրագրեր:
««Չինարի արթ» նախաձեռնության շրջանակում աշակերտները Չինարիի դաշտերից հավաքած ծաղիկներին երկրորդ կյանք են պարգեւում. դրանք վերածվում են գեղեցիկ էջանշանների: Պատրաստում են նաեւ փայտե, կավե իրեր: Այս նախաձեռնության ակունքում կանգնած աշակերտներս հիմա ուսանողներ են, սակայն շարունակում են աշխատել նաեւ Երեւանից: Հիմա ծաղկունքի շրջան է, ինձ խնդրել են ծաղիկներ չորացնել, որ շարունակեն էջանշաններ պատրաստել:
Լուսանկարը` անձնական արխիվ
Հաջորդ նախաձեռնությունն «Արեգնահամն» է. աշակերտները խոտաբույսեր են հավաքում, փաթեթավորում եւ վաճառում: Երկու բրենդներն էլ ունեն լոգո, ֆեյսբուքյան, ինստագրամյան էջեր»:
Կատարյալ երջանիկ էի եւ չէի կարող հրաժարվել իմ ունեցածից
Երկամյա ծրագրի ավարտից հետո Մարիամը կրկին կտրուկ որոշում կայացրեց` եւս մեկ տարի ապրել ու աշխատել Չինարիում:
«Ես ունեի հրաշալի աշակերտներ, վայելում էի բնակիչների սերն ու հարգանքը: Ունեի շատ սիրուն այգի՝ չքնաղ ծաղիկներով, հավատարիմ շուն՝ Չալոն: Կատարյալ երջանիկ եւ չէի կարող հրաժարվել իմ ունեցածից»,- ասում է Մարիամն ու հավելում. ««Սերմնացանի առակը» հավանաբար հիշում եք. ես կարծում եմ՝ մեր ցանած ոչ բոլոր սերմերը կարող են ծլարձակել, կանաչել: Իսկ մենք շատ հաճախ մոռանում ենք այդ մասին, ու երբեմն, ցանկալի արդյունք չտեսնելով, հիասթափվում ու ճնշվում ենք:
Մինչդեռ անհրաժեշտ է ամուր լինել ու ոչ մի դեպքում չկոտրվել: Իրականությունն այլ է. ցանածդ սերմերը կարող են ծլարձակել որոշ ժամանակ հետո միայն: Ընդ որում, ոչ բոլորը: Եթե դրանցից թեկուզ մի քանիսը ծլարձակում են, ուրեմն` աշխատանքդ արդյունք տալիս է: Ուրեմն՝ ճիշտ տեղում ես: Ես արդեն տեսնում էի իմ աշխատանքի արդյունքը, եւ իսկապես դժվար էր թողնել ու հեռանալ»:
Սերը` սահմանին. համագյուղական հարսանիք, որտեղ բոլորը երջանիկ էին
Կյանքը սահմանապահ գյուղում շարունակվում էր բնականոն հունով: Դպրոց, դասեր, արտադասարանական աշխատանք... մինչեւ Մարիամը Տեր Աբել քահանա Քարտաշյանի եւ նրա որդու շնորհիվ ծանոթացավ Գեւորգ սարկավագ Միրզոյանի հետ:
Լուսանկարը` անձնական արխիվ
«Սարկավագն իմ ընկերն էր Չինարիում: Մենք միասին պատարագի էինք գնում: Պարզվեց՝ պատարագների ընթացքում Աստված այլ բան էր նախատեսել մեզ համար: Շատ շշուկով ու զգուշությամբ էր Աստված դա անում: Իհարկե, զգացնել տալիս էր ինչ-որ բաներ, բայց զգուշություն կար: Փոքր քայլերով ստեղծում էր այն ընտանիքը, որն այսօր ես ունեմ: Օրերից մի օր Գեւորգ սարկավագը խոստովանեց, որ սիրահարված է ինձ: Ես նույնպես խոստովանեցի: Մեր սերը ծնվել էր պատարագների ընթացքում: Այն նախեւառաջ հոգեւոր սեր էր, որը վերածվեց երկրային սիրո եւ արդեն ընտանիք ստեղծելու ժամանակն էր»:
Լուսանկարը` անձնական արխիվ
Որոշեցին, որ հարսանիքը պետք է լինի ավանդական, գյուղական, համայնքային: Լինի բացառիկ: «Ուզում էինք, որ դա լինի ոչ թե մեր օրը, այլ իրական տոն`բոլորի համար: Ամեն ինչ այնպես էինք կազմակերպել, որ հնարավորինս մոտ լինենք մեր բնական վիճակին: Եվ դա մեզ հաջողվեց: Իհարկե, շատ գեղեցիկ են ժամանակակից հարսանիքները, աղջիկները` ճերմակ զգեստներով, լույսերը, բայց մենք ցանկանում էինք, որ մեր հարսանիքը լինի հայկական մաքրամաքուր ավանդույթներով:
Լուսանկարը` անձնական արխիվ
Հարսի եւ փեսայի հագուստը հատուկ էինք ընտրել: Փեսայի հագուստն ամբողջությամբ Մարաշի ասեղնագործություն էր` պատված ասեղնագործած փոքր խաչերով: Իմ զգեստը կարված էր Սյունիքի տարազի մոտիվներով, որպեսզի ավելի մոտ լինեմ արմատներիս: Հարսանեկան ծեսերը նույնպես հայկական էին:
Լուսանկարը` անձնական արխիվ
Հարսանիքը բացօթյա էր: Շատ գեղեցիկ ու բնական էր ամեն ինչ, եւ մարդիկ իսկապես երջանիկ էին»:
Իմ վաղվա օրը կրկին պատկերացնում եմ Չինարիում
Արդեն չորրորդ տարին է`Մարիամն ապրում է սահմանապահ Չինարիում՝ արդեն որպես Չինարիի բնակիչ: Շարունակում է կենսաբանություն դասավանդել սահմանապահ գյուղի դպրոցում: Ինչպես ինքն է նշում՝ աշակերտներն էլ շարունակում են սիրել կենսաբանությունը:
Լուսանկարը` անձնական արխիվ
«Ապրում ենք սարկավագի ծնողների հետ` խաղաղ ու հաշտ: Շարունակում եմ իմ մանկավարժական գործունեությունը: Դպրոցում աշխատանքներն ընթանում են էլ ավելի բուռն ընթացքով: Փորձում եմ ստեղծագործական մտքի միջոցով պահել այն կետը, որը կար, երբ ես նոր էի եկել Չինարի: Դա շատ պատասխանատու եւ դժվար աշխատանք է. անհրաժեշտ է անընդհատ մոտիվացնել, ոգեւորել երեխաներին, որպեսզի նրանց մեջ եղած կայծը չմարի: Դրա համար կամք է պետք եւ առաջ շարժվելու ձգտում: Այսօրը Չինարում շատ գեղեցիկ է, որովհետեւ մարդիկ ապրում են, արարում, հողագործությամբ են զբաղվում, ցանում են, որ վաղը սպասեն բերքին: Իմ վաղվա օրը եւս սպասումն է լինելու այն բերքին, որի սերմերը ես ցանում եմ այսօր: Ես պատկերացնում եմ իմ վաղվա օրը՝ կրկին Չինարիում` իմ ընտանիքի հետ, բայց ակնկալիքով, որ Չինարիով չի սահմանափակում կյանքը. ես այն կետն եմ, որը պետք է Չինարին միացնի շատ այլ կետերի հետ: Եվ ոչ միայն ես: Ես դա սովորեցնում եմ իմ աշակերտին, ով իմ վաղվա եսն է լինելու: Չինարիում երջանիկ եմ այսօր, երջանիկ կլինեմ վաղը»:
Հասմիկ Գյոզալյան
Լուսանկարները՝ Մարիամ Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: