Փառուխից մեկ տարի անց. «մոռացկոտ» իրականությունն ու ահագնացող տագնապը - Mediamax.am

exclusive
1977 դիտում

Փառուխից մեկ տարի անց. «մոռացկոտ» իրականությունն ու ահագնացող տագնապը


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Խրամորթից Փառուխ տանող ճանապարհը
Խրամորթից Փառուխ տանող ճանապարհը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


2021-ի մարտի սկզբին, երբ առաջին անգամ էինք հետպատերազմյան Ստեփանակերտում, ադրբեջանական գերություններից վերադարձած զինվորների եւ խաղաղ բնակիչների հետ մի քանի հանդիպում պետք է ունենայինք: Արցախի ՄԻՊ (այն ժամանակ դեռ պաշտոնակատար) Գեղամ Ստեփանյանը մշտական պատրաստակամությամբ օգնեց մեզ կապ հաստատել նրանցից շատերի հետ:

 

Մտքումս անջնջելի կերպով դաջվել է այն պահը, երբ խոսակցությունը կանգ առավ Խրամորթից երկու խաղաղ բնակչի գերեւարման պատմության վրա: Վերջիններս հարազատ գյուղի արտերից վերադարձին մոլորվել ու հայտնվել էին նոր, այն ժամանակ դեռեւս անընկալելի սահմանի մյուս կողմում եւ 5 օր մնացել ադրբեջանական գերության մեջ՝ դաժան ծեծի ենթարկվելով:

 

«Բայց դուք կգնա՞ք Խրամորթ», - Ստեփանյանի հարցը ինձ մի պահ անհասկանալի թվաց:

Խրամորթից Փառուխ տանող ճանապարհը Խրամորթից Փառուխ տանող ճանապարհը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Չէի հասկանում՝ ինչո՞ւ պիտի չցանկանայինք գնալ Խրամորթ: Այդ ժամանակ հետպատերազմյան Արցախի իրականության մասին տարատեսակ քննարկումները, «ախուվախերը» շատ էին, հստակ տեղեկատվությունը՝ քիչ:

 

Պարզվեց՝ 44-օրյա պատերազմից, իսկ ավելի ճիշտ՝ Ակնա/Աղդամի հանձնումից հետո դրան սահմանակից Խրամորթը հայկական մյուս բնակավայրերին կապվելու միայն մեկ՝ այլընտրանքային գրունտային ճանապարհ ուներ (2023-ին շրջափակված Արցախում նստած այս տողերը գրելիս ունեցած զգացողությունները նկարագրելը բարդ է), որով անցնելը մեծ քաջություն էր պահանջում: Ասֆալտը, որով տարիներ շարունակ խրամորթցիները տուն էին գնում եւ հակառակը, եւ որը մաս էր կազմում նախկինում Ստեփանակերտից մինչեւ Մարտակերտ ձգվող, Ասկերանի միջով եւ Ակնա/Աղդամի կողքով անցնող ավտոճանապարհի, այլեւս ընդհատվում էր Ասկերանում:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Ասկերան տանկը կանգնած ա, էդտեղից վերեւ թուրքն է արդեն, վերջ», - իրավիճակը կարճ նկարագրում էին ասկերանցիները:

 

Այսպիսով՝ այն խրամորթցիները, որոնք պատերազմից հետո նորից, հերթական անգամ նախընտրել էին գյուղ վերադառնալ, ստիպված էին շրջանցել այդ հատվածը անտառի միջով անցնող գռունտային ճանապարհով, որն անցնում է Ակնա/Աղդամին կիպ կպած եւ մեղմ ասած անվտանգ չէ:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Դրանից բացի նույն օրերին եւս մեկ անգամ լսեցի Խրամորթի անունն արցախցիներից. ինչ-որ մեկն ահաբեկված պատմում էր, որ գյուղին կպած ադրբեջանական դիրքերից գիշերները բարձր երաժշտություն են միացնում ու լուսարձակներ ուղղում գյուղի վրա՝ մարդկանց հոգեպես ճնշելու համար:

 

Դրանից ուղիղ մեկ տարի անց՝ 2022-ի մարտին Խրամորթի անունն ավելի շատ էր շահարկվում հայկական լրատվադաշտում՝ կապված հետպատերազմյան Արցախում էթնիկ զտման հերթական փորձի, գյուղի վրա նոր սանձարձակ հարձակումների հետ կապված: Սակայն Արցախ, Գեղարքունիկ կամ Վայոց ձոր գնալով է, որ հասկանում ես՝ Խրամորթը, Բերդաշենը, Սոթքն ու Կոթին կամ Խաչիկը լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող ու կորչող անուններ լինելուց զատ մեր իրականության ամենաճշգրիտ արտացոլումն են, իսկ այդտեղ ապրելը՝ ամենօրյա ջանք: Առհասարակ՝ երկիր ունենալը, փաստորեն, ամենօրյա ջանք է:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Այսօր՝ մեր ու պարոն Ստեփանյանի խոսակցությունից երկու եւ Ակնա/Աղդամի հանձնումից ավելի քան երկուսուկես տարի անց թեեւ Խրամորթի ճանապարհն ավելի բարվոք է, սակայն ոչ ավելի անվտանգ, իսկ գյուղի անունն այլեւս ասոցացվում է մեր նորագույն պատմության՝ անպատասխան մնացած հերթական բազմաթիվ հարցերի հետ:

 

«Աղդամից, հուսով եմ, այլեւս չեն կրակի». մոտ 8 տարի առաջ Արցախյան առաջին պատերազմին հաջորդած աղդամյան իր հուշերն էր կիսել Մեդիամաքսի հետ Ալվարդ Բարխուդարյանը:

 

Թերեւս, ավելի լավ չէր կարելի մեկ նախադասության մեջ ամփոփել 1993-ի ձմռանն Աղդամից հարձակման հետեւանքով այրված ու վերակենդանացած Խրամորթի, նույն տարվա հուլիսին իրականացված Աղդամի գործողության ու դրանից հետո այդքան քննարկված դրա տխուր ավերակների, այս շփման գծի երկայնքով կամ առանց դրա հնարավոր ու անհնար համակեցության «ոդիսականը»:

 

Աղդամից, ցավոք, վերջին երկուսուկես տարում ավելի ու ավելի շատ են կրակում:

        

«Հայելային» հետ քաշումն ու «գազային տեռորի» ավանդույթի սկիզբը

 

Ներկայում շրջափակված Արցախում իր հերթին երեք կողմից շրջափակման մեջ գտնվող Խրամորթում կյանքը շարունակվում է, թեեւ այստեղ նույնպես «Ո՞նց եք» հարցն այլեւս խիստ հրետորական է հնչում: Նախորդ տարի Խրամորթի հարեւան Փառուխի՝ ադրբեջանական ուժերի կողմից գրավումից հետո օղակն է՛լ ավելի է սեղմվել:

 

Փառուխին հարակից Քարագլխի բարձունքը, որից հեշտությամբ վերահսկելի է ամբողջ Աղդամն ու Ասկերանի շրջանի զգալի հատվածը, եւ որը հայկական վերահսկողության տակ էր մնում 2020-ի պատերազմից հետո էլ, անչափ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի: Մինչդեռ տարօրինակ ու, երեւի տեղին կլինի ասել՝ հանցավոր անգործության պատճառով այն պաշտպանության տակ առնելու որեւէ գործողություն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմը չէր ձեռնարկել:

 

2022-ի ձմռան վերջն ու գարնան սկիզբը, որն առանձնացավ իր ցրտաշունչ եղանակով, Արցախում հիշվեց նաեւ 1990-ականներից ի վեր առաջին անգամ առանց բնական գազի անցկացրած ծանր օրերով: Ստեփանակերտի ավտոկայանում անդադար իջեցվում էին Երեւանից այս կամ այն կամավորական նախաձեռնության միջոցով գնված ու հասցված գազի բալոնները, որոնք Արցախում գազի բացակայության պատճառով բենզինով երթեւեկող տաքսիներով այդ նույն ավտոկայանից գյուղական համայնքներ էին ուղարկվում ավելի թանկ գնով, քան հասել էին Երեւանից Ստեփանակերտ:

 

Դրան զուգահեռ հետպատերազմյան Արցախի ամենախոցելի կետերից երեքում՝ Փառուխում, Խրամորթում ու Թաղավարդում գրեթե ամենօրյա ռեժիմով սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանցիները բարձրախոսի միջոցով «հորդորում» էին հայերին լքել տները, ինչպես իրենք էին բառացի ասում՝ «ձեր իսկ երեխաների ապագայի համար»: Հիշում եմ՝ այդ օրերին Թաղավարդում ադրբեջանական դիրքերից 200 մետր այս կողմ ոմանք տուն էին նորոգում, իսկ Խրամորթ հասած ընկերները պատմում էին, որ գյուղացիներն ի պատասխան ադրբեջանցիների հոխորտանքների գյուղամեջում բարձր ազգային երգեր են միացնում:

 

2022թ. մարտի 24-ին պարզ դարձավ, որ Խրամորթին ու հարեւան Փառուխին մոտեցող ադրբեջանական ուժերին չի կանգնեցնելու ո՛չ ազգագրական երգուպարը, ո՛չ խաղաղապահ ուժերը, որոնց հետ մինչ փառուխյան դեպքերը Արցախում ավելի շատ մարդ էր հույսեր կապում, եւ որոնք այդ պահի դրությամբ, ինչպես պնդում է Փառուխի գյուղապետը, արդեն տեղում չէին:

 

Ըստ գյուղապետ Վարդան Միքայելյանի՝ 2022թ. մարտի 19-ին Արցախի ՊԲ ուժերն իջեցվել են Փառուխի դիրքերից, եւ նոր շփման գծից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող փառուխցիները մոտ 4-5 օր ուղղակի պաշտպանական դիրքեր որպես էդպիսին չեն ունեցել: Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակահատվածում հայկական կողմից առաջարկություն էր հնչել հայելային հետ քաշման մասին, որը, սակայն, իրականացվեց միակողմանի: Միքայելյանի խոսքով՝ իրեն որպես գյուղապետ մնացած բնակիչներին տարհանելու ցուցում չի տրվել, դիրքերը ետ քաշելու հետ կապված որեւէ բացատրություն՝ նույնպես: Այդ օրերին գյուղում մնացած են եղել 4 հոգով (մինչ 44-օրյա պատերազմը Փառուխում բնակվում էր մոտ 50 մարդ, պատերազմից հետո գյուղի՝ խիստ անբարենպաստ դարձած դիրքի պատճառով այստեղ վերադարձել էին միայն 3-4 ընտանիք):

 

Հատկանշական է իրադարձությունների հաջորդականությունը, որով տեսնում ենք, որ հայկական դիրքերի հետ քաշումից հետո դեպի Արցախ գազի մատակարարումը կարճ ժամանակով վերականգնվել էր, սակայն երկու օր անց կրկին կասեցվել, ինչից հետո տեղի ունեցավ բուն հարձակումը Փառուխի եւ Խրամորթի ուղղությամբ:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Տեղացիների վկայությամբ՝ 2022թ. մարտի 23-ին վերոնշյալ դիրքերը զբաղեցրել են ռուս խաղաղապահ ուժերը, հաջորդ օրվանից՝ ադրբեջանցիները:

 

Զերծ մնալով գնահատականներից՝ նշենք միայն, որ Ադրբեջանը փաստացի «կուլ տվեց» Փառուխն առանց մեկ կրակոցի, իսկ 4 փառուխցիներն ու հարեւան Խրամորթում գտնվող ավելի քան 20 ընտանիքների կանայք, երեխաներն ու ծերերը կարողացան առանց զոհերի տարհանվել միայն «հրաշքով»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Խրամորթում համայնքի ղեկավարի գլխավորությամբ ձեւավորվել էին  ինքնապաշտպանական ուժեր, որոնց հաջորդող օրերին միացան նաեւ կամավորներ Արցախի տարբեր բնակավայրերից եւ հերթափոխով հսկում էին կիսադատարկ Խրամորթը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Նույն օրերին Քարագլխի մյուս՝ Խնապատին հարող հատվածներում Արցախի ՊԲ-ի իրականացրած գործողությունների մասին օբյեկտիվ պատճառներով մանրամասներ ներկայացնել չենք կարող, սակայն վստահ կարող ենք շեշտել՝ թեեւ Արցախից դուրս շատերի մոտ համոզմունք է ձեւավորվել, թե Արցախի ներկա սահմանների պահպանությունն ամբողջովին վստահված է խաղաղապահներին, սակայն հենց հայկական ուժերի մի քանի կարեւոր ստորաբաժանումների շնորհիվ  Խրամորթում կանխվեց ավելի մեծ ողբերգություն, իսկ հարեւանները վճարեցին ավելի թանկ, քան հաշվարկել էին ի սկզբանե:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Այսօր գյուղում հսկողություն են իրականացնում նաեւ ռուս խաղաղապահները՝ դեպի Խրամորթ ադրբեջանցիների առաջխաղացումը զսպելու համար: Տարհանված խրամորթցիների զգալի մասը որոշ ժամանակ անց կարողացավ գյուղ վերադառնալ, թեեւ այսօր՝ Արցախի տոտալ շրջափակման պայմաններում սերմացուի բացակայությունն ու Աղդամից նորից ու նորից հնչող կրակոցները դեռ չեն թողնում, որ գյուղացին իր ամենակարեւոր գործով՝ գարնանացանով զբաղվի:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Ներկայում Քարագլխի բարձունքը ադրբեջանցիների ձեռքում է բացառությամբ հարեւան Խնապատին հարող մի փոքր, ստորին հատվածի, ինչը, սակայն, չի փոխում այստեղ խիստ խախտված ուժերի հարաբերակցությունն ու թողնում ադրբեջանցիների ափի մեջ թե՛ Խրամորթը, թե Սարդարաշենը, թե՛ Խնապատն ու Ասկերանը:

 

«Մոռացկոտ» իրականությունն ու ահագնացող տագնապը

 

2022թ. մարտի վերջին ու ապրիլի առաջին օրերին, այսինքն՝ Փառուխի դեպքերից անմիջապես հետո, կրկին Արցախում էինք: Այդ ժամանակ Աղավնոն եւ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից կառուցվող հատվածի շինարարական աշխատանքներն արդեն սկսված էին, թեեւ ո՛չ Երեւանում, ո՛չ Ստեփանակերտում այդ մասին ոչ ոք չէր խոսում: Արցախում նոր ճանապարհի մասին մեր հարցումներին ի պատասխան միայն զարմացած հայացքներ էինք տեսնում:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Այդ ժամանակ նոր ճանապարհը փորող ադրբեջանական բուլդուզերներն արդեն հասել էին Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն գյուղ եւ մեր մուտքն այնտեղ հնարավոր դարձավ միայն ռուս խաղաղապահների ստուգումից եւ ուղեկցությունից հետո: Ադրբեջանական բուլդուզերները, որոնք ինչպես ավելի ուշ բացատրվեց արցախցիներին, փորում էին այն ճանապարհը, որը նախապես գծվել ու համաձայնեցվել էր Արցախի իշխանությունների հետ, անակնկալ էին նույնիսկ հինշենցիների համար, որոնք սկզբում շվարած ու ահաբեկված չէին հասկանում, թե ինչ գործ ունեն «թորքերն» իրենց գյուղում, եւ որոնց այդ մասին ոչ ոք նախապես բացատրություններ չէր տվել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Երբ հուլիսի սկզբին ադրբեջանցիներն արդեն շատ արագ ավարտել էին ճանապարհի կառուցումն ու հասել Լիսագորին միացող մայրուղու հատվածին, իսկ հայկական մեդիա դաշտն արդեն ողողված էր Աղավնոն ու Բերձորը հանձնել-չհանձնելու բուռն վեճերով, այդ նույն Աղավնոյում ու Բերձորում օդում կախված ծանր լռություն էր, բայց տարհանման հրաման էլի չկար: Երբ Աղավնոն ու Բերձորը տարհանվում էին արդեն բերձորյան էսկալացիայից ու երկու զոհից հետո, իսկ հանրությունը վիճում էր, թե ավելի ազնիվ է այրե՞լ տները, թե՞ ոչ, Աղավնոն ու Բերձորը շրջանցող նոր ճանապարհի մասին ադրբեջանցիների հետ բանակցած «վերեւներից» «մոռացել» էին տեղափոխել կարեւոր ենթակառուցվածքներ եւ ամենակարեւորը՝ էլեկտրագծերը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Դա պարզվեց ավելի ուշ, երբ Արցախի տոտալ շրջափակման սկզբից շուրջ մեկ ամիս անց՝ 2023թ. հունվարի 10-ին վնասվեց ՀՀ-ից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ գիծը հենց Աղավնոյին հարակից հատվածում, ինչի հետեւանքով արդեն գրեթե երեք ամիս է, ինչ Արցախի էլեկտրամատակարարումը կախված է միայն Սարսանգի ջրամբարի հաշվին գործող «Սարսանգ» ՀԷԿ-ից, իսկ հովհարային անջատումները շարունակվում են:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Այսօր, երբ ադրբեջանական մամուլը ողողված է Սարսանգի ջրամբարի ուղղությամբ նոր գործողության մասին բացահայտ կոչերով, երբ Արցախի շրջափակումից ի վեր Ադրբեջանի առաջ քաշած պայմաններից առնվազն երկուսը՝ Կաշենի հանքի փակումն ու արդեն նախկին պետնախարարի հեռացումն իրականություն են, երբ ռուս խաղաղապահների միջոցով Արցախ մուտք գործող սնունդն ու հիգիենայի պարագաների եռակի թանկ գների մասին պաշտոնական մակարդակով մեկնաբանություններ Արցախում այդպես էլ չեն տրվում, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ արդեն նաեւ Տեղ-Աղավնո հատվածն ադրբեջանցիների կողմից փակվելու ֆոնի վրա ստանում ենք միայն լղոզված ու կիսատ տեղեկատվություն, Արցախում ամենամեծ ներքին տագնապը սա է.՝ մի օր չարթնանալ ու պարզել, որ այս անգամ էլ  «վերեւներում» ինչ-որ բան մոռացել էին մեզ զգուշացնել:

 

Սոֆիա Հակոբյան (Արցախ)

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի (լուսանկարներն արվել են 2022թ. մարտ-ապրիլ ամիսներին)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին