Սուրբ ծնունդը՝ շրջափակման մեջ - Mediamax.am

exclusive
5699 դիտում

Սուրբ ծնունդը՝ շրջափակման մեջ


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Այստեղից երբեք չերեւացող հորիզոնից բարձրացող արեւի՝ լեռների երկայնքով ցրիվ տված թավ, մուգ ծիրանագույն շողերի գույներով ու բազմիմաստ լռությամբ են լցված ստեփանակերտյան տոնական առավոտները:

 

Հացի փռի կտուրից վեր բարձրացող փոքրիկ խողովակն ու դրանից դուրս եկող ծուխը հոգեկան կայունության թիվ մեկ նախապայմանն է՝ հացը կա, ուրեմն դեռ, ինչպես Արցախում են ասում,  «ձիգ կտանք (կձգենք)»:

 

Մի բան է միայն փոխվել հացի փռում.

 

«Ցելոֆան օնի՞ք»… Ոչ, Արցախում երբեք չեն փորձել որդեգրել պոլիէթիլենից հրաժարվելու քաղաքականությունը: Սակայն այժմ ուզած-չուզած պիտի ձեռքով տանես հացը տուն, ներկրված տոպրակները սպառման եզրին են:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Տեղի՝ աշխարհից զուգահեռ իրականության առօրյա խոսակցությունները մի փոքր այլ ժանրից են.

 

«Բրատ, կարողա պատառ բենզին ինի՞, գինը կարեւոր չի»:

 

«Նինա, դե որ հանկարծ պեսոկ ստանաք՝ զանգ տո լի, թեկուզ կես կիլո, խոխաս մըղրան ալերգիա օնի, կարում չի չայը մըղրավ խմի: Տոնը 3-4 գազար օնիմ, թա մինը օզի փոխանակի պեսոկին հետ՝ կասիք»:

 

«Ա դե հինչա իլյալ, առաջին կռվավը 3 տարի պադվալումը կեցա՞լ չընք»…

     

Մի քիչ հեռու, մյուս անկյունում պարոն Ալբերտի բանջարեղենի խանութը, որտեղ դեռ երկու շաբաթ առաջ կարելի էր գտնել վերջին կարտոֆիլը, արդեն ամբողջությամբ փակ է: Փակ են նաեւ մյուս բոլոր բանջարեղենի ու մրգի խանութները. Ամանորից առաջ դեռ առկա միակը մնացած ու արհամարհված պամելոները, որոնց վերաբերյալ Արցախում հասցրին տեղում մի քանի անեկդոտ հորինել, արդեն չկան, իսկ տեղական մի քանի կանաչու համար մեծ վաճառակետերը, ասում են, գործել չեն կարող, տուժում են: Այսպիսով, Սուրբ Ծննդի նախօրեին էլ «Նոր տարվա մանդարինը» այդպես էլ Արցախ չհասավ, իսկ փոքրիկ կրպակների դիմաց դեռ հպարտ շարված են Արցախի տեղական նուռը եւ կես դույլ արքայանարինջը:  

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Արքայանարինջ ու նուռ են վաճառում նաեւ հայաստանցի վարորդները, որոնք սովորաբար Արցախից դրանք տեղափոխում էին Երեւան, սակայն այս անգամ մնացին կես ճանապարհին՝ բլոկադայից այս կողմ:

 

Նույն հպարտությամբ խանութների դատարկ շարքերում իր դիրքն է պահպանում տեղական մածունն ու թթվասերը, որն այլեւս այլընտրանք չունի եւ խիստ սահմանափակ քանակով է բերվում: Հատիկեղենի, շաքարավազի ու պանրի բաժիններ Արցախի խանութներում արդեն վաղուց չեն էլ մոտենում, գիտեն՝ ոսպ կամ բրինձ գտնելը ֆանտաստիկայի ժանրից է:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

«Էդ մինը արդեն զբաղված ա, քուրիկ», - կանգնեցնում է մեզ Ստեփանակերտի ծայրամասում փոքրիկ խանութի վաճառողուհին, տեսնելով մեր հիացած հայացքը կրպակի վերջին դդումը հայտնաբերելիս:

 

«Ինձ համար եմ պահել, քուրիկ, տանը խոխա օնիմ, օրիշ բանջարեղեն կա վեչ, վեր մի սուպ շինինք: Կօզիս՝ վերջին վարիանտ կիսեմ, կեսը քեզ՝ կեսը ինձ», - ճարահատյալ առաջարկում է տիկինը, որին, իհարկե, մեծ սիրով մերժում ենք:

 

Միշտ կենսունակ ու կենսատու Թաղավարդը

 

Մինչ Ստեփանակերտում մեկը մյուսի հետեւից փակվում են բանջարեղենի ու մրգի խանութները, իսկ ձվի հերթերը երկարում, Արցախի գյուղերում, որոնցից գրեթե բոլորն այժմ սահմանամերձ են, կյանքի ռիթմը քիչ է փոխվել:

 

«Արցո, լսալ ը՞ս, ասում են՝ քաղաքումը էն ա պանիկան ընկած», - կատակում են արդեն երկու տարի երեք կողմից շրջափակման մեջ ապրող, Արցախի, թերեւս, ամենախոցելի կետում՝ Թաղավարդում:

Այստեղ շրջափակման մասին գրեթե չեն խոսում, ճգնաժամն իրենց մաշկի վրա զգում են միայն նորաթուխ մայրիկները, որոնք դժվարացել են Ստեփանակերտից նորածինների կաթնախարնուրդ գտնել: Կարմիր Խաչի միջոցով օրերս 10 տոննա մարդասիրական բեռի փոխանցումից հետո, սակայն, ամենախրթին այս հարցը կարծես թե ժամանակավոր լուծում է ստացել:

 

«Դե ստի կամաց-կամաց կպիրին, կասին՝ դե կեցեք, հացը կա, պամպերսը կա, սկոռին էլ Կարմիր Խաչով քինի կյա: Բա մինը ասում չի՝ եթե բլոկադա կա վեչ, էդ սկոռիի մաշինը խե Կարմիր Խաչին կողքին ա քինում, հինչու՞մն ա պռաբլեման, ա՛յ անաստվածներ: Մինն էլ ասում չի՝ Ղարաբաղը խե բանտ ա՞, վեր մինակ ուտելիքը մտնե, մեզ էլ ստի կապ (փակ) պհին», - քաղաքական վերլուծությունները Թաղավարդում նույնպես անում են կարճ ու դիպուկ:

 

Եվ չնայած ամենի, Թաղավարդում, ուր հաճախ հնչող կրակոցները չեն թողնում «անջատվել» վերջին երկու տարվա նոր իրականությունից, իսկ ադրբեջանական դիրքերը երեւում են բոլոր տների պատուհաններից, շարունակում են երեխաներ ծնվել, տներ նորոգվել, ընտանեկան բիզնեսներ ծաղկել:

 

«Դու քաղաքումն ըս կենում, մագազիններումը ֆրուկտը կա վեչ, կարտոլը, սողանը կա վեչ, ձուն կա վեչ, շենումը բոլ-բոլ ա, հինչ վեր հարկավեր ինի՝ կասիք, ղարկիմ», - ասում է թաղավարդցի տիկին Երմոնյան, ում կարի արտադրամասի վերաբացումը լուսաբանել էինք դեռ այս տարվա գարնանը: Խոսում ու քամու արագությամբ վազվզում է մեր մեքենայի շուրջ՝ իր տանը եղած գրեթե ամեն ինչը ուղիղ կես արած բեռնավորելով մեզ հետ, մինչ հարեւան տանից գալիս է մի քանի փունջ թարմ կանաչին ու տնական ձուն:

Ասում են՝ բոլոր պատերազմների ժամանակ գյուղն է պահում քաղաքը:

 

Իսկ ինչո՞ւ վերջին երկու տարում միայն մեկ «Կյանքի ճանապարհ» ունեցող Արցախում չէին մտածել այս օրվա մասին, ո՞ր օրվա համար պիտի ծառայեին գյուղատնտեսական բազմաթիվ ծրագրերն ու վարկերը, որոնց համար այդքան գումար էր ներդրվում, ինչո՞ւ այստեղ շատերը ծանոթ չեն «պարենային անվտանգություն» եզրույթին եւ որտե՞ղ են այդքան թմբկահարված ջերմոցները, կաթիլային ոռոգումը, երբ Ստեփանակերտի շուկայում չկա գեթ մեկ սոխ: Հարցերը, երեւի թե, հրետորական են: Մեկ բան հստակ է՝ այն, ինչ մենք համառորեն չենք ուզում ինքներս գիտակցել, ինքնուրույն է գալիս մեր դուռը, եւ սովորաբար՝ թշնամու ձեռքով:

 

Հին ու նոր «օղակը»

 

Մերօրյա «օղակի» մեջ գտնվելու առաջին օրերից անհնար է չհիշել հադրութեցի Յուրա պապի պատմածները 1991-ին Արցախին պատուհասած «Օղակ» գործողության եւ այլեւս երանելի հեռու դարձած իր հարազատ Ցորի մասին: Այն ժամանակ Յուրա պապի պատմածները անիրական, մեզ հետ կապ չունեցող, քարացած անցյալի մի մաս էին կազմում:

«Ձայն Հադրութի»  նախագծի շրջանակներում Յուրա պապին հանդիպել էինք պատերազմից մի քանի ամիս անց՝ Արարատի մարզում, ուր նրան հյուրընկալել էին նախկին համագյուղացիները: Պարզվեց՝ այժմ երկուսս էլ բլոկադայից այս կողմ՝ միասին Արցախում ենք հայտնվել:

 

«Գիդա՞ս ըս, վեր Յուրա պապին ստեղ ա, երեկի եմ հիվանդանոցի օչերեդումը տեսալ, ձեռքն ա կոտրալ»…

 

Անշուշտ, բախտավոր ենք, որ բոլոր հադրութեցիներն իրար լավ են ճանաչում, Յուրա պապին՝ առավել եւս:

 

Հիմա արդեն ոչ թե հարազատ Հադրութի, այլ Ստեփանակերտի տուն-ինտերնատի ուրախությունն ու հպարտությունն է Յուրա պապը: Մի փոքր ծերացած ու հոգնած, մի քիչ էլ զարմացած, բայց անսահման ուրախությամբ է դիմավորում մեզ:

 

«Չեք պատկերացնի՝ ինչքան ուրախ եմ: Չեմ կարողանում գյուղի մասին խոսել, խեղդվում եմ: Ինձ էստեղ շատ լավ են նայում, ամեն ինչից գոհ եմ, ինձ մինչեւ էդ էլ Հայաստանում շատ օգնություններ ա եկալ, հագուստ, սնունդ, մարդիկ բերել, նվիրել են: Բայց ես ամեն օր ուզում եմ մենակ երազիս տեսնեմ իմ գյուղը, ինձ իմ հայրենիքն ա պետք, մեր Հադրութը»…

 

Միայն Յուրա պապը չէ, ում գաղթի ճանապարհը Հադրութից բերել հասցրել է տուն-ինտերնատ: Հադրութի Մեծ Թաղեր, Հակակու, Տումի, Վարդաշատ եւ այլ գյուղերից տեղահանվածներն այստեղ շատ են:

 

Յուրա պապը 90-ականների բովով անցած հադրութեցու անվրդովությամբ է խոսում շրջափակման ու դրա բերած դժվարությունների մասին: 30 տարվա պայքարի հոգնածության բեռն ու Ցորում թողած մի ամբողջ կյանքի հույզերը մի կողմ դրած, ասում է՝ հիմա բողոքելու ժամանակը չէ.

 

«Մեկ-մեկ ասում են՝ իյա, ամեն օր վերմիշե՞լ ենք ուտելու: Դուք չգիտե՞ք, որ Արցախն անընդհատ պատերազմի մեջ ա, ինչ ա, ուզում եք ամեն օր խորովա՞ծ ուտեք»:

 

«Բա որ ճանապարհը փակ է՝ Ձմեռ պապիկը ո՞նց է գալու»

 

Խորովածն ամեն օր չէ, բայց Ամանորյա սեղանին Արցախում պարտադիր է: Առավել եւս, որ միայն մսի շուկան է, որ շարունակում է անխափան գործել. Արցախում վաճառվող միսը սովորաբար տեղական է, միշտ թարմ ու մեծ պահանջարկ վայելող մթերք:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Բացի մսի առատությունից մեկ այլ հանգամանք էլ կա, որը թույլ է տալիս անկախ ամենից այստեղ չչեղարկել Ամանորյա տոնը. արցախցիները չափազանց ավանդական, երեխայասեր ու երեխայապաշտ հայկական ընտանիքի մոդելին են հարում, հետեւաբար ամեն ինչ արվում է, ինչպես այստեղ են ասում, «խոխոնց դարդան»:

 

«Բա որ ճամփեն կապ ա, Ձմեռ պապիկը հունց ա կիլան (գալու)», հարցնող փոքրիկների համար մայրիկներն ու հայրիկները երկար ժամանակ չլիցքավորված բանկոմատներից դրամ կանխիկացնելու լուրջ խնդիրն էլ, անորոշությունն ու լարված տրամադրությունն էլ հաղթահարում, դեռեւս գործող խաղալիքների խանութների նոսրացող ցուցատախտակներից էլ ինչ-որ բան գտնում են: Ի վերջո՝ Ձմեռ պապիկը պիտի գա, ամեն գնով պիտի գա:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Ես ու «Ի գործ» ծրագրով Մոսկվայից Արցախ տեղափոխված Մերին շրջափակման մոտ երկրորդ շաբաթվանից արդեն դադարեցինք խոսել Ամանորը տանեցիների հետ՝ Երեւանում կամ Մոսկվայում անցկացնելու հավանականության մասին. թեման սովորաբար շրջանցում ենք, գիտենք, որ թեեւ ձեւացնում ենք, որ բնավ ընկճված չենք, բայց դա միակ բանն է, որ կցանկանայինք Ձմեռ պապից ու որի հույսը թաքուն մինչեւ 2022-ի վերջին վայրկյանը պահում էինք:

 

«Ձեր մամաները էստեղ չեն, չնեղանաք, միշտ պիտի հիշացնեմ՝ տաք եք, չէ՞ հագնվել, չայը վարենիով խմեք, հոնինը լավն ա, արխային կերեք, էս ամառ ես պատրաստված եմ», - տան շեմից սկսում է մեր արցախյան մայրիկը՝ տիկին Վեներան: Միշտ գործնական ու անսպառ էներգիայով լի 60-ամյա Վեներայի կենսուրախությունը չի նահանջում, նույնիսկ հիմա՝ երբ մի փոքր սրտնեղած է, որ դստերը չեն կարող ուղարկել Երեւան հետազոտության: Ցավերը օր օրի չեն նահանջում, իսկ Կարմիր Խաչը բանակցում է միայն առանձնակի ծանր դեպքերի համար:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Հենց այդ մասին մեր ծանրացած մտորումների ֆոնին տիկին Վեներայի փոքրիկ տան միակ սենյակ է մտնում, ուշադրություն… նարինջը: Ոչ մի տեղ չգտնվող, բացառիկ, փոքրիկ ու մի քիչ ճմրթված նարինջը: Մինչ Ամանոր պահված, փայփայված, վերջին նարինջը: Ես, որ կերել եմ Մուսալեռի առանց պարաֆինի քաղցրագույն նարինջը ու խոր անտարբերություն եմ տածել Հայաստան ներկրվող նարինջների նկատմամբ, երբեք չեմ մտածել, որ դրա հոտը ինձ մոտ կասոցացվի հենց մայրական կարոտի, անսպասելիության ու Ամանորյա հրաշքի զգացման հետ:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

«Մի նարինջ ու ինչքան էմոցիա, չէ՞», - ասում է Մերին ու բռնացնում բոլորիս դեմքին միաժամանակ վառված ժպիտը:

 

Սոֆիա Հակոբյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին