Թաղավարդ. Կես-կես ներկան ու փշալարից այն կողմ մնացած անցյալը - Mediamax.am

exclusive
5165 դիտում

Թաղավարդ. Կես-կես ներկան ու փշալարից այն կողմ մնացած անցյալը


Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին
Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին
Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին
Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին
Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին

Լուսանկարը` REUTERS

Հեռվում Ավետարանոցն է
Հեռվում Ավետարանոցն է

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Թաղավարդում
Թաղավարդում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչմաչը
Խաչմաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շոշի Սբ. Աստվածածին եկեղեցին
Շոշի Սբ. Աստվածածին եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս


Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի անունը շատերին ծանոթ է հետպատերազմյան շրջանի առաջին շաբաթներին մամուլում հաճախ հանդիպած հրապարակումներից, որոնք պատմում էին կես-կես եղած գյուղի՝ նոր ու անելանելի կարգավիճակի, անորոշ ներկայի, անիրական թվացող ապագայի մասին։ Ի՞նչ եղավ Թաղավարդի ու թաղավարդցիների հետ՝ հետագայում քչերս ենք անդրադարձել։

 

Արի ու տես՝ անգամ անիրական թվացող պայմաններում թաղավարցիների զգալի մասը շարունակում են ապրել մասնատված, պատերազմի անթիվ զրկանքները կրած հարազատ գյուղում, ավելին՝ եղած սուղ պայմաններում արարել, փխրուն խաղաղության պայմաններում էլ երեխաներ մեծացնել։

Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին

Լուսանկարը` REUTERS

Ճանապարհը դեպի Թաղավարդ անցնում է Արցախի ամենակենսական ճանապարհներից մեկով, որն արցախյան երկրորդ պատերազմից հետո է՛լ ավելի առանցքային նշանակություն է ձեռք բերել, այժմ՝ ոչ միայն հայկական կողմի համար։ Երեք կողմից շրջափակման մեջ գտնվող Թաղավարդը մյուս հայկական բնակավայրերին միացնող միակ ճանապարհը Կարմիր Շուկայի հայտնի մայրուղին է, որը կապում է Թաղավարդը մայրաքաղաք Ստեփանակերտին Սարուշեն, Խաչմաչ, Շոշ եւ Մխիթարաշեն գյուղերով։     

Շոշի Սբ. Աստվածածին եկեղեցին Շոշի Սբ. Աստվածածին եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս նույն տարածքով շաբաթական երեք օր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում են շինանյութ տեղափոխող ադրբեջանական անծայրածիր ավտոշարասյուները։ Ամիսներ առաջ անհավանական թվացող այս իրականության մասին տեղացիները պատմում են որպես այլեւս սովորական, առօրյա երեւույթի մասին։  

 

Ինչպես եւ անցյալ անգամ, այս անգամ նույնպես մեր այցը համընկել է ադրբեջանական ավտոշարասյսան անցնելու օրվա եւ ժամի հետ։ Ճանապարհի եզրին կայանած ադրբեջանական պետհամարանիշերով բազմաթիվ բեռնատարները, ադրբեջանցի վարորդներին ու շարասյան ամենավերջում կանգնած ռուս խաղաղապահներին մենք էլ ենք նկատում։ Այս ճանապարհից ադրբեջանական կողմին օգտվելու հնարավորություն է տրվել մինչ վերջիններս կկառուցեն Ֆիզուլի-Շուշի նոր ճանապարհը, որը հնարավորություն կտա նրանց Շուշիին կապվել ոչ թե լեռներով, ինչպես պատերազմի օրերին, այլ հիմնական մայրուղով։ Ասում են ՝ չնայած, որ «օրենքով» Կարմիր Շուկայի ճանապարհով ադրբեջանցիների անցումը պետք է լինի առանց կանգառ՝ միեւնույնն է, հաճախ են խախտում այդ պայմանը։   

Լուսանկարը` Մեդիամաքս

Առհասարակ՝ շատ բան կա մտորելու դեպի կիսված Թաղավարդ ճանապարհին։ Շուշին, դրա պռնկին գտնվող Մխիթարաշենն ու Շոշը, վերեւում կանաչ ցելոֆանով պատված Ղազանչեցոցը, ներքեւում՝ շարունակվող կյանքն ու անորոշության ստվերը... Ստեփանակերտից մինչ Կարմիր Շուկա ու Թաղավարդ՝ անդադար երկու տարբեր իրականությունների միջեւ ես դեգերում. մի կողմում մենք, մյուս կողմում՝ կորուստը, աջ կողմում՝ անխուսափելի ու պարտադիր առերեսումը, ձախում՝ մեր հեռու եւ մոտիկ կարոտն ու ապրելու կամքը միաժամանակ։

Թաղավարդում Թաղավարդում

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվ ահա՝ ճանապարհի վերջում Թաղավարդն է, որը կարծես խորհրդանշական կերպով նույնականացվում է կիսված երազների, կիսված ներկայի ու կիսված Արցախ աշխարհի հետ։ Այստեղ ոտք դնելուն պես մեկ բան ակնհայտ է՝ Թաղավարդն ու Արցախը, անկախ ամենից, դեռ կան, դեռ դիմադրում են ու դեռ սպասում մեզ։

 

***

 

Արցախի ամենախոշոր գյուղերից մեկը՝ Թաղավարդն այլեւս կիսված է փշալարով։ 132 տուն մնացել են գյուղի՝ ադրբեջանցիներին անցած կողմում, 135-ը՝ հայկական վերահսկողության տակ գտնվող Ներքին Թաղավարդում կամ, ինչպես տեղացիներն են ասում, Կալեր Թաղավարդում։ Ադրբեջանական բանակի վերահսկողության տակ մնացած հատվածում ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանցի բնակչություն չկա։ Դիրքերում կանգնած տղաները վստահեցնում են՝ վերջին շրջանում խաղաղ է, իրենք էլ ՝ «մինչեւ վերջ «զալատոյ» կծառայեն»։ Բնակիչները հավելում են՝ «սմենից է կախված», ասում են՝ առավել տարիքով հրամանատարի դեպքում ադրբեջանցիները ավելի զուսպ են, օդ կրակողները հիմնականում երիտասարդներն են։   

Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին

Լուսանկարը` REUTERS

Փշալարից այս կողմ տարածքը հսկում են Արցախի ՊԲ զինվորները, չեզոք գոտին այս հատվածում մի փոքր ընդլայնվել է, այնպես որ փշալարի մոտ կանգնած լինելով այլեւս այդքան հեշտ չէ նկատել ադրբեջանցիներին։ Փոխարենը հակառակորդի դիրքերը հստակ նկատվում են գյուղը շրջապատող արոտավայրերի ու դաշտերի տարածքում, որոնք գրեթե ամբողջությամբ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են։  Գյուղացիներն այլեւս խոտի մեծ մասը գնում են, կենդանիներին պահում գոմում, մինչեւ երբ՝ չգիտեն։

Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին

Լուսանկարը` REUTERS

Սակայն թաղավարդցիների համար պատմության ամենաողբերգական մասն այլ է.

 

Վերին /Բուն/ Թաղավարդում են մնացել գյուղի եկեղեցին եւ գերեզմանատունը։ Թաղավարդցի 47-ամյա Սեյրան Թամրազյանը նոյեմբերի վերջին ադրբեջանական գերության մեջ հայտնվեց այն բանից հետո, երբ ինքնուրույն որոշեց հատել նոր սահմանն ու գնալ գերեզմանատուն։ Գյուղացիներն ասում են՝ երեւի որոշել է վերջին անգամ հրաժեշտ տալ այնտեղ հուղարկավորված ազատամարտիկ եղբորն ու ծնողներին։ Ըստ գյուղում պտտվող շշուկների՝ ադրբեջանցիները թույլ են տվել նրան մոտենալ հարազատների գերեզմաններին, սակայն րոպեներ անց ձերբակալել են Թամրազյանին ու տարել Բաքու։ Արցախյան առաջին պատերազմին եղբորն, իսկ երկրորդին որդուն կորցրած թաղավարդցին այսօր գերության օրերի մասին նախընտրում է չխոսել։   

 

«Հիմա էլ գերեզմանոց էլ չկա, քանդել են, ավիրել, մեր զինվորները տեսել են», - ասում է երկու երեխաների մայր 28-ամյա Գայանեն, ում տունը գտնվում է Թաղավարդը բաժանող տխրահռչակ փշալարից մի քանի տասնյակ մետր ներքեւ։

Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին Լուսանկարն արվել է Թաղավարդում 2021թ. փետրվարին

Լուսանկարը` REUTERS

Իրեն տուն տանող ճանապարհին մեզ հանդիպած աղբյուրից Գայանեն մեզ հորդորում է ջուր չխմել։ Նախկինում Ներքին Թաղավարդի ջուրը Վերին Թաղավարդից էր գալիս, հիմա էլ վերեւում դիրքավորված ադրբեջանցիները ջուրը չեն կտրել, բայց գյուղացիներն այն օգտագործելուց վախենում են, միայն ծայրահեղ դեպքում են օգտվում։ Նոր ջրագիծը կառուցվում է Կարմիր Շուկայից դեպի Թաղավարդ, իսկ մինչ այդ գյուղում ջրի խնդիրը շարունակում է արդիական մնալ։

Խաչմաչը Խաչմաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծնունդով Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղից Գայանեի ընտանիքը 30 տարի առաջ ձեռնունայն է փախել Բաքվից, Հայաստան տեղափոխվել չեն ցանկացել, վերադարձել են հայրենի Խաչմաչ։ Գայանեի մայրը հարեւան Ակնաղբյուր գյուղից է, որն Արցախի Մարտունու շրջանի՝ կորսված գյուղերի շարքում է։ Այժմ Մարդիյանների՝ Խաչմաչի տան պատշգամբից շատ հստակ երեւում են նոր, դեռեւս անընկալելի սահմանի մյուս կողմում մնացած հարազատ Ակնաղբյուրը, մյուս երկու կողմերից՝ Սղնախն ու Ավետարանոցը։

Հեռվում Ավետարանոցն է Հեռվում Ավետարանոցն է

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանեի մեծ քույրը՝ Նինան շատ աղոտ է հիշում ծննդավայր Բաքուն. հիշողության մեջ տպվել են միայն ծովի ափին մոտ գտնվող գեղեցիկ տունն ու փախուստի ժամանակ մոր՝ «Սուսեք, սուսեք» շշուկով նախատիքը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր Գայանեի 5 եւ 6 տարեկան աղջիկները կրկին «շշուկով» մանկություն են ապրում։ Երբեմն նրանց քրքիջը ընդհատվում է 50 մետր այն կողմ ֆուտբոլ խաղացող կամ օդ կրակող ադրբեջանցիների ձայներով։ Նրանց՝ միանգամից գլխիվայր շուռ եկած իրականությունը, մանկական անհոգությունն ու «թորքի» կողքին ապրելու գիտակցությունն ու մոր վախը կարծես զուգահեռ աշխարհներ են մեկ վայրում։

 

Փոքրիկները գիտեն՝ տան բոլոր բարիքներն առաջին հերթին իրենց քունը հսկող զինվորինն են, հետո նոր իրենցը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր տոն երկու ծյոծայըն եկալ, մզետի լյավ-լյավ պեներըն պերալ, մինն էլ ինձ կատվինն հետ նկարելա», - զարմացել է փոքրիկ Մարին։

 

Չէ՞ որ Թաղավարդը, Արցախի երբեմնի ամենամեծ ու ծաղկուն գյուղերից մեկն այսօր հազվադեպ են հիշում ու այցելում։

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին