«Հայրենիք եկանք ոչ թե մի բան սպասելու, այլ հայրենիքին տալու համար» - Mediamax.am

exclusive
1989 դիտում

«Հայրենիք եկանք ոչ թե մի բան սպասելու, այլ հայրենիքին տալու համար»


Լուսանկարը` Genesis Armenia

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Հայորդի» ճամբար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի


Թամարը եւ Վարուժանը իրենց դստեր՝ Բալիկի հետ 2016 թվականին Բեյրութից տեղափոխվեցին ու բնակություն հաստատեցին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում: 2022 թվականի օգոստոսի 4-ին նրանց հաղորդեցին, որ պետք է կարճ ժամանակում թողնեն տները. Աղավնոն հանձնվում է թշնամուն:

 

Պատերազմով ընդհատված երջանկություն

 

Երբ Թամարն ու Վարուժանը որոշեցին Բեյրութից Հայաստան տեղափոխվել, իրենց դուստրը 6 տարեկան էր:

 

«Երեխայի համար որոշեցինք տեղափոխվել Հայաստան, որ օտար երկրում օտարների հետ չմեծանա, գա ու իր հայրենիքում մեծանա: Մեզ առաջարկեցին տեղափոխվել Արցախ, Աղավնոյում նորակառույց տուն տրամադրեցին ու հաստատվեցինք այդտեղ»,- պատմում է Թամար Տումպալեան-Թիթիեզեանը:

 

Ընտանիքը 7 տարի ապրեց Աղավնոյում: Ամուսինը գյուղի դպրոցում օպերատոր էր աշխատում, իսկ Թամարը սուպերմարկետում մենեջեր էր: «Շատ լավ կյանք ապրեցինք, շատ երջանիկ էինք»,- հավելում է Թամարը:

 

2020 թվականի պատերազմի ժամանակ մինչեւ վերջին շաբաթը գյուղը չեն լքել: Զինվորների համար լավաշ էին թխում:

 

«Լուր ստացանք, որ զինվորների համար լավաշ է պետք թխել, գյուղապետն էլ ասաց՝ Թամա´ր, սկսի´ր: Ես էլ կյանքումս ո´չ հաց էի թխել, ո´չ լավաշ, բայց սովորեցի: Օրական 50 կգ ալյուր էինք սպառում, առավոտից սկսում մինչեւ գիշեր թխում, այնքան էինք ուղարկում, որ մի օր ասացին՝ բավ է, շատ լավաշ կա»,- հիշում է Թամարը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընտանիքն Աղավնոն թողնել չէր պատրաստվում, սակայն հրադադարի հայտարարության ստորագրումից մեկ շաբաթ առաջ զինվորականներ են ասել, որ 10 րոպե ունեն, պետք է դուրս գան: Ստորագրումից հետո էլ ասել են, թե Աղավնոն հանձնվելու է թշնամուն, պետք է իրերը դուրս բերեն, սակայն ավելի ուշ տեղեկացրել են, որ կարող են վերադառնալ՝ դպրոցը վերաբացվելու է, Աղավնոն վերադառնալու է բնականոն կյանքին:

 

Նորից բաժանում

 

Մոտ մեկ ամիս բարեկամի տանը բնակվելուց հետո ընտանիքը վերադարձել է Աղավնո: Պատերազմի հետեւանքով սուպերմարկետն այլեւս չէր աշխատում եւ Թամարն աշխատանքի կարիք ուներ:

 

2021 թվականի դեկտեմբերին Աղավնոյում աշխատատեղեր հիմնելու, գյուղի սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակը բարելավելու նպատակով Genesis Armenia-ի եւ UMCOR-ի ջանքերով բացվեց հացի արտադրամաս, որտեղ Թամարը սկսեց աշխատել որպես մենեջեր: Գյուղի կանայք այստեղ հաց, լավաշ, նաեւ տարբեր խմորեղեն էին թխում: Շատերն էին թե´ Հայաստանից, թե´ Արցախի այլ շրջաններից հատուկ գալիս Աղավնո՝ փռից հաց տանելու համար:

 

«2022 թվականի օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն ասաց, որ միչեւ ամսի 25-ը պետք է դուրս գանք: Տունը չենք վառել, քո ապրած տեղը ո՞նց վառես: Պատերի վրա միայն գրություն թողեցի: Ես, որ 7-8 տարի միայն ապրեցի այնտեղ, ինձ համար անասելի դժվար էր, իսկ մյուս մարդիկ, որ այնտեղ են ծնվել եւ մեծացել ... Մինչեւ հիմա սրտիս մի անկյունն այնտեղ է»,- պատմում է Թամարը:

Լուսանկարը` «Հայորդի» ճամբար

Հարազատ գյուղից ու ընկերներից բաժանումը շատ ծանր էր Թամարի դստեր՝ Բալիկի համար: Այդ օրերին իրականացվում էր «Հայորդի» ճամբարը եւ ճամբարի կազմակերպիչները որոշեցին Աղավնոյի երեխաներին եւս ներգրավվել ճամբարում, որպեսզի նրանց հիշողության մեջ չդաջվի գյուղը լքելու տեսարանը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Թամարը Բալիկին եւս ճամբար ուղարկեց: Հիմա էլ «Հայորդու» թիմը շարունակում է օգնել երեխաներին պահել միմյանց հետ կապը:

 

Տանիքի փնտրտուքով

 

Աղավնոյից դուրս գալով տեղահանված ընտանիքների խնդիրները չավարտվեցին: Երկար ժամանակ Թամարին մերժում էին Հայաստանի տարածքում բնակարան գնելու վկայական տրամադրել՝ ասելով, որ վերաբնակեցման ծրագրով սփյուռքից Արցախ եկած ընտանիքներին միայն Արցախի տարածքում է տուն հասնում: Այս ընթացքում Թամարի ամուսնու առողջական վիճակը վատթարացավ է եւ այդ պայմաններով ընտանիքի համար անհնար դարձավ Արցախում ապրելը, քանի որ Վարուժանը բուժման կարիք ունի:

 

«Ասում էի, որ հաշմանդամ ամուսին ունեմ, Երեւանում բուժում է ստանում: Երկար պայքարեցի, տարբեր լրատվամիջոցներով խոսեցի, որ չեն տրամադրում վկայական, օգոստոսի 15-ը դարձավ 25, 25-ը՝ 30, բայց ի վերջո նոյեմբերին ՀՀ տարածքում բնակարանի գնման վկայականը ստացանք՝ մինչեւ 10 մլն արժողությամբ, եթե այն Երեւանից դուրս է: Հիմա մեկ այլ դժվար փուլ է սկսվում՝ գտնել համապատասխան բնակարան: Խնդիրն այն է, որ տունը գալիս են գնահատելու, եւ եթե սեփականատերը վաճառում է, օրինակ, 10 մլն դրամով, իսկ գնահատողն ասում է, որ տունն այդքան չարժե, ճնշող մեծամասնությամբ սեփականատերը հրաժարվում է պայմանագրի կնքումից:

 

Հիմա էլ քանի որ տարեվերջ է, բանկերն այլեւս գործարք չեն անում: Մյուս տարի երբ տունը գտնենք, պետք է 500 000 դրամ մուծենք՝ 5%-ը, որպեսզի բանկը սկսի գործարքը: Հետո էլ տարեկան 35 000 դրամ ապահովության գումար ենք վճարելու, դա ոչինչ, գոնե իմանայինք, որ տունը մերն է: Դեռեւս 10 տարի սեփականության վկայական չենք ստանալու, մինչեւ պետությունը գումարը մարի, եթե չմարի, բանկը տունը ետ է վերցնելու»,- մանրամասնում է Թամարը:

 

Ոչ թե սպասել հայրենիքից, այլ տալ

 

Ամուսնու եւ դստեր խնամքը կազմակերպելու համար Թամարը ստիպված է տանից աշխատել: Այժմ պատվերով կիսապատրաստուկներ ու համեղ ուտեստներ է պատրաստում: Մենյուն շատ հագեցած է, պատվիրողներ էլ գտնվում են, չի դժգոհում:

 

«Աշխատում եմ «Թամարի խոհանոցը» («Tamar’s Cuisine») ֆեյսբուքյան խմբով: Պատրաստում եմ լահմաջո, ֆալաֆել, հարիսա, աղցաններ, իշլի քյուֆթա, արեւելյան խոհանոցի տարբեր ուտեստներ: Թող ոչ ոք ինձ չասի, թե Հայաստանում աշխատանք չկա, կամ սղություն է: Ամեն տեղ է սղություն, միայն թե պետք է չծուլանալ ու աշխատել: Հայրենիք եկանք ոչ թե մի բան սպասելու, այլ հայրենիքին տալու համար»,- ասում է Թամարը:

 

Թամարի ամուսինը՝ Վարուժանն ասում է, որ սփյուռքում հայրենիքի ընկալումը բոլորովին այլ է, որովհետեւ այնտեղ ինքնությունը կորցնելու վտանգը մեծ է, մարդիկ ձգտում են ամեն կերպ պահել իրենց ավանդույթները եւ խիստ կապված են եկեղեցուն:

 

«Երբ նոր էինք եկել, այստեղի հայրենիքի ընկալումը բավականին ծանր էր մեզ համար ընդունելը: Մեծ մասն անտարբեր են, կարծես վարձով են եկել, այսօր այստեղ են, իսկ վաղը կթողնեն կգնան այլ տեղ»,- ասում է նա:

 

«Ինձ այստեղ մեկը հարցրեց՝ ամուսինդ հաշմանդամություն ունի, ո՞նց ես դիմանում, ինչու՞ չես թողնում ու գնում: Ասում եմ՝ ես եկեղեցու խորանի առաջ, Աստծո առաջ խոսք եմ տվել՝ թե´ լավ օրերին, թե´ վատ օրերին պետք է հետը լինեմ, ո՞նց թողնեմ, ընտանիքը սրբություն է: Չգիտեմ՝ ի՞նչ տեսակ են մտածում մարդիկ, որ նման հարցեր են առաջանում»,- հավելում է Թամարը:

 

Չնայած բոլոր դժվարություններին՝ ընտանիքը ոչ մի ակնթարթ չի փոշմանել հայրենիք վերադառնալու համար:

 

«Այստեղից չեմ գնա: Հայրենիքդ է, ուր էլ ապրես, պետք է հայրենիք վերադառնաս: Դժվարության ժամանակ պիտի սիրես հայրենիքդ, ոչ թե լավ եղած ժամանակ: Պիտի չթողնես, չգնաս, հիվանդին թողնու՞մ են: Չէ´: Եթե հիմա նորից ասեն, Աղավնոն ազատագրել ենք, եկեք, առանց իրեր վերցնելու վազելով կգնամ»,- ամփոփում է Թամարը:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին