Միասին հաղթահարելով կորուստը. «Հայորդին» կմիավորի արցախցի երեխաներին - Mediamax.am

exclusive
2190 դիտում

Միասին հաղթահարելով կորուստը. «Հայորդին» կմիավորի արցախցի երեխաներին


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Սլավա և Սևակ Շաքարյանները
Սլավա և Սևակ Շաքարյանները

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի


Օգոստոսի 18-26-ը Լոռու մարզում կանցկացվի «Հայորդի» հայրենաճանաչողական ճամբարը, որին կմասնակցեն 44-օրյա եւ Ապրիլյան պատերազմների հետեւանքով հայր ու հայրենիք կորցրած ավելի քան 100 երեխաներ: Ճամբարի նպատակը երեխաներին օգնելն է՝ հաղթահարելու կորստի ցավն ու գոնե մի փոքր վերականգնելու նրանց ընդհատված մանկությունը:

 

Մեդիամաքսը պատմում է ճամբարի կազմակերպման մանրամասների մասին եւ բացահայտում՝ ինչ է սպասում երեխաներին:

 

Երեխաները սպասում էին

 

 «Հայորդի» ճամբարն առաջին անգամ իրականացվել է 2021-ին՝ միավորելով Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին: Ծրագրի հաջողությունից հետո դրա հիմնադիր Վաչե Վարդանյանը որոշում է նորից կազմակերպել, սակայն այս անգամ այլ մոտեցմամբ:

«Այս մեկ տարվա ընթացքում նախորդ ճամբարին մասնակցած 50 երեխաներն անընդհատ հարցնում էին՝ այս տարի նորից կլինի՞ ճամբար, թե՞ ոչ: Նպատակ դրեցի, որ պետք է ավելի հստակ ծրագիր մշակել ու «Հայորդի» ճամբարը դարձնել ամենամյա»,- պատմում է Վաչե Վարդանյանը:

 

Այս տարի ճամբարի թիրախում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների տեղահանված ու սահմանամերձ գոտիներում բնակվող ընտանիքներն են:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Հերոսական ընտանիքները՝ սերնդի դաստիարակության հիմքում

 

Այս տարի ճամբարը նվիրված է լինելու բանակի նվիրյալ, անփոխարինելի հրամանատար, գնդապետ Սերգեյ Շաքարյանի հիշատակին: Վաչե Վարդանյանի խոսքով՝ այս որոշումն կայացրել է Շաքարյանի ընտանիքին ու նրանց պատմությանը ծանոթանալուց հետո:

 

Արցախի դիրքեր զինվորների համար անհրաժեշտ պարագաներ մատակարարելու իր գործունեության ընթացքում Վաչեն ծանոթացել է Սերգեյ Շաքարյանի կրտսեր որդու՝ Սեւակի հետ, որը պատերազմից հետո ծառայելու որոշում էր կայացրել: Նա այժմ էլ գտնվում է սահմանի շատ լարված հատվածներում: Դրանից հետո Վաչեն սկսում է ավելի շատ ուսումնասիրել գնդապետի կենսագրությունը, նրա մասին բազմիցս լսում է զինվորներից:

«Պատերազմից հետո իմ գործունեության ընթացքում աշխատել եմ որեւէ մեկին չառանձնացնել, որովհետեւ մեր երկրում նման խնդիր կա՝ մենք մարդկանց ընտրողաբար ենք հերոսացնում, շատ արժանի նվիրյալներ մնում են ստվերում: Կարեւոր է հասկանալ, թե որն է հերոսի մարմնացումը, տարբեր մարդկանց համար այն տարբեր կարող է լինել: Ինձ համար հերոսության գաղափարը ոչ միայն անձերին է հատուկ, այլեւ ընտանիքներին, ու Շաքարյանի ընտանիքը հենց նման հերոս ընտանիքներից է, որովհետեւ նրանց ամբողջ պատմությունն Արցախին նվիրումի մասին է»,- ասում է Վաչեն:

Սլավա և Սևակ Շաքարյանները Սլավա և Սևակ Շաքարյանները

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Նրա խոսքով՝ տարբեր հրամանատարների մասին զինվորները սովորաբար տարբեր կարծիքներ են արտահայտում, բայց Շաքարյանի պարագայում երկրորդ կարծիք չի հնչել: Նրան ճանաչած բոլոր զինվորները փաստում են Շաքարյանի՝ եզակի հրամանատար ու բանակի նվիրյալ լինելու մասին:

 

Ճամբարը Սերգեյ Շաքարյանի անունով կոչելու իր որոշման մասին Վաչեն ասում է Սլավա Շաքարյանին, որն էլ մեծ ուրախությամբ միանում է կազմակերպչական աշխատանքներին:

 

«Երբ իմացա, որ ճամբար է կազմակերպվելու, շատ ուրախացա: Հիմա քիչ են մարդիկ, որ առանց սեփական շահի որեւէ բան են նախաձեռնում: Ինքս այսքան ժամանակ չեմ փորձել խոսել պապայի մասին, չեմ ցանկանա, որ նրա անձի շուրջ լեգենդներ հորինվեն: Թող որ մարդիկ նրան ճանաչեն այնպիսին, ինչպիսին կար, որեւէ ավել բան նրա մասին ոչ ասում եմ, ոչ գրում»,- ասում է Սլավան:

 

Դրամահավաքի անսպասելի ընթացքը

 

Որոշումից հետո անհրաժեշտ էր անցնել գումարի հայթայթմանը: Վաչեի խոսքով՝ ինչպես մյուս ծրագրերի պարագայում է սովորաբար լինում, շատ անսպասելի ձեւով ինչ-որ տեղից անհրաժեշտ գումարի մի մասը հայտնվում է, ինչ-որ մեկը որոշում է օգնել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

«Մեր ընկերներից մեկն իր մեքենայի վաճառից ստացված գումարի մի մասը նվիրաբերում է ճամբարի իրականացմանը՝ շուրջ 2 մլն դրամ: Քանի որ ի սկզբանե ցանկանում էինք 100 երեխայի ընդգրկել, իսկ այդ գումարով միայն 50-ին կարող էինք ապահովել, սկսեցինք դիմել մի շարք ընկերություների: Ցավոք, շատերը մերժում էին՝ պատճառաբանելով, որ չճանաչված հանրապետության համար է, հաշվետվություններում ծախսերն արտացոլել չեն կարող: Ինչ-որ պահից որոշեցինք այլեւս ոչ մեկի չդիմել ու մեր ուժերով կազմակերպել դրամահավաք, որն անսպասելի տարածում ստացավ»,- մանրամասնում է Վաչեն:  

 

Շուտով դրամահավաքին իր աջակցությունն է հայտնում «Պրեգոմեշ»-ը՝ աճուրդի հանելով յուրօրինակ աշխատանքներ ու վաճառքից ստացած գումարը նվիրաբերում ճամբարին: Մի շարք անհատներ, արցախցի կանայք եւ երեխաներ սկսում են իրենց ձեռքի աշխատանքները վաճառել՝ դրամահավաքին միանալու համար: Դրամահավաքը դեռեւս շարունակվում է, սակայն ընթացքից կարելի է ենթադրել, որ անհրաժեշտ գումարը կհավաքվի:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Սպասումի զանգեր

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տրամադրած տեղեկատվության շնորհիվ Վաչեն եւ Սլավան կապ են հաստատում զոհվածների ընտանիքների հետ:

 

«Ցավոք, զոհված զինծառայողները շատ են, եւ որոշակի սահմանափակ քանակով երեխաներ ընտրելը շատ բարդ է: Որոշեցինք առաջնահերթությունը տալ զոհված զինծառայողների տեղահանված ընտանիքների 10-17 տարեկան երեխաներին՝ յուրաքանչյուր ընտանիքից ներգրավելով մեկ երեխայի: Երկրորդ հերթին ծրագրին սկսեցինք ընդգրկել սահմանամերձ գյուղերում բնակվող զոհվածների երեխաներին»,-ասում է Վաչեն:

 

Զանգերը բավականին բարդ են տրվում, քանի որ երեխաների մոր հետ խոսելիս՝ ստիպված են սկզբում ամուսնու անունը տալ:

 

«Կարծես սպասումի զանգեր լինեին: Երբ սկզբում ամուսնու անունն էինք տալիս, կարծում էին, թե լուր ունեք հաղորդելու: Ցանկում նաեւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների տվյալներ կան, մի զանգ անելիս չգիտեի, որ անհետ կորած է ամուսինը, էլի հարցրի՝ այսինչի կնոջ հե՞տ եմ խոսում, դրան հաջորդեց լռություն ու զանգն ընդհատվեց: Հետո արդեն կնոջ մայրը զանգեց ու ասաց, որ նա ուշագնաց էր եղել, քանի որ կարծել էր՝ ամուսնուց լուր ունեմ»,- հիշում է Վաչեն:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

«Մայրերը հիմնականում համաձայնում են, որ երեխան ճամբար գա, վստահում են մեզ, սակայն նրանց ձայնի մեջ միշտ վիշտ կա, ցավը դեռ չի բթացել»,- հավելում է Սլավան:

 

Ճամբարի կազմակերպչական աշխատանքների շրջանակում Սլավան եւ Վաչեն նաեւ Արցախ են այցելել, տեղում շփվել երեխաների հետ:

 

«Երբ տղաներին ասացինք, որ ճամբարում նաեւ ֆուտբոլ ենք խաղալու, իրենց ուրախությանը չափ չկար: Մտածում ենք, որ հրաշալի կլիներ, եթե գտնեինք մի բարերարի, որը ճամբարի երեխաներին ֆուտբոլային մարզաշապիկներ նվիրեր իրենց ազգանուններով: Վստահ եմ, դա շատ թանկ նվեր կլիներ նրանց համար»,-ասում է Սլավան:

 

Ծրագիրը եւ թիմը

 

Ծրագրի շրջանակում սպասվում են տարբեր հանդիպումներ հոգեւորականի, հոգեբանների, հաջողությունների հասած մարդկանց հետ: Հիմնական ուղվածությունը ոչ թե ժամանցն է, այլ հայրենաճանաչողությունը, ուստի լինելու են նաեւ այցեր պատմամշակութային վայրեր, ազգային երգուպար, արվեստի դասընթացներ, ռազմական արշավներ եւ այլն:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

«Ճամբարի ընթացքում մեկ օր սպասվում է նաեւ սոցիալական ծրագրերի հեքեթոն, որի ընթացքում պատանիները պետք է ծանոթանան բիզնես ոլորտին, Հայաստանում հաջողված սոցիալական նախագծերին, մեդիագործիքներին եւ ֆինանսական գրագիտություն ունեցող մարդկանց օգնությամբ վեր հանեն իրենց մտքերն ու վերածեն ծրագրերի: Հաղթող թիմը կստանա դրամական մրցանակ՝ իր ծրագիրն իրագործելու համար: Հեքեթոնի իրականացման հարցնում մեզ իր աջակցությունն է հայտնել IDBank-ը»,- մանրամասնում է Վաչեն:

 

Նախատեսված են մի քանի համերգներ, որոնց մուտք կունենան նաեւ նվիրաբերություն կատարած մարդիկ: Նպատակն այն է, որ մարդիկ ծանոթանան ու շփվեն արցախցի երեխաների հետ, կապեր հաստատեն ու գուցե յուրաքանչյուրը հետագայում մի երեխայի հետ կապը պահպանի, աջակցի տարբեր հարցերում:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

«Քանի որ շատ խոցելի խմբի հետ գործ ունենք, մեզ պետք էին մարդիկ, որոնք իրենք էլ այդ ցավի կրողն են ու հաղթահարման իրենց օրինակով կարող են օգնել երեխաներին, նրանց հետ աշխատանքի ճիշտ լեզու գտնել: Մեր ջոկատավարներից մեկը՝ Վանուհին, 90-ականների պատերազմում հորն է կորցրել, իսկ վերջինում՝ երկու եղբայրներին: Այս ընթացքում նա իր կորուստը գործի է վերածել, մշտապես օգնում է մեր ծրագրերին: Ջոկատավար է լինելու նաեւ Տիգրանուհին, որը 90-ականների պատերազմում հորն է կորցրել, իսկ վերջինում՝ ամուսնուն, սակայն նրա այսօրվա կյանքը հիացմունքի արժանի է»,- պատմում է Վաչեն՝ հավելելով, որ ջոկատավարների շարքում են լինելու նաեւ պատերազմի մասնակից, վիրավորում ստացած զինվորներ, իսկ ջոկատները կրելու են հերոսացած տղերքի ազգանունները:  

«Երեխաները չպետք է տեսնեն, թե ինչպես են լքում իրենց ծննդավայրը»

 

«Հայորդի» ճամբարը միավորելու է նաեւ բակային ընկերներին, որոնց բաժանել է պատերազմը: Մեկ տեղում են հավաքվելու Շուշիի, Հադրութի եւ այլ կորցրած տարածքների երեխաները, որոնց մեծ մասն այժմ Արցախի այլ հատվածներում է բնակվում, մյուսներն էլ ՀՀ տարբեր մարզերում:

 

«Այս ծանր կորուստներով Արցախի երեխաների համար, ցավոք, պատերազմը չավարտվեց, այն այսօր էլ շարունակվում է: Մայրերից մեկի հետ էի խոսում, ասաց, որ հիմա, երբ նորից կրակում են, իր երեխաները մյուսների նման այլեւս չեն կարող վազել ու հոր գրկում իրենց պաշտպանված զգալ: Այս ընտանիքներից մեծ մասում 90-ականներին էլ երեխաների պապիկներն են զոհվել: Նրանց հողի հետ կապել է ցավը: Երբ զրուցում էի երեխաների հետ, ասում էին, որ իրենց հոր գերեզմանը չեն լքի, դրա համար են մնալու Արցախում: Ուզում ենք, որ ճամբարը նոր մեկնարկ դառնա նրանց համար, այն ոչ թե ժամանցի, այլ միավորվելու ու վերարժեւորելու վայր է»,- ասում է Վաչեն:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Երբ հայտնի դարձավ, որ օգոստոսի 25-ին Արցախ տանող Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը հանձնվելու է թշնամուն, Վաչեն եւ Սլավան որոշեցին ճամբարի ծրագրում ընդգրկել նաեւ Աղավնոյի երեխաներին:

 

«Երեխաները չպետք է տեսնեն, թե ինչպես են լքում իրենց ծննդավայրը, այդ տեսարանը չպետք է դաջվի իրենց մանկության հուշերում։ Գյուղի դատարկման եւ տարհանման օրերին երեխաները կլինեն ապահով վայրում՝ «Հայորդիում»»,-ասում է Վաչեն:

 

Թեեւ «Հայորդի» ճամբարի օրերը հայտնի են, սակայն ամեն պահին իրավիճակը կարող է փոխվել: Իրավիճակն Արցախում շարունակում է լարված մնալ, եւ ոչ ոք չգիտի՝ արդյոք ինչ-որ բան կխանգարի՞ երեխաներին Արցախից Լոռի բերելուն ու անվտանգ Արցախ վերադարձնելուն:

 

Ճամբարին կարող եք աջակցել հետեւյալ հաշվեհամարներով.

 

- Idram 098508909

-IDbank 11815010409901

-inecobank 2050090675597003

Ստացող՝ Վաչիկ Վարդանյան

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին