«Խելունք կաց» ու արցախյան հեքիաթներ սկաց - Mediamax.am

exclusive
4568 դիտում

«Խելունք կաց» ու արցախյան հեքիաթներ սկաց


Լուսանկարը` Սպարտակ Օսիպյան

Լուսանկարը` Սպարտակ Օսիպյան

Լուսանկարը` Սպարտակ Օսիպյան

Լուսանկարը` Սպարտակ Օսիպյան

Լուսանկարը` Սպարտակ Օսիպյան

Սոնա Մարգարյանը
Սոնա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Յանա Շախրամանյանը զրուցում է Սոնա Մարգարյանի հետ
Յանա Շախրամանյանը զրուցում է Սոնա Մարգարյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոնա Մարգարյանը
Սոնա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


*սկաց – լսիր, արցախյան բարբառ

 

2020թ. նոյեմբերին ստորագրված փաստաթղթով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի մի շարք շրջաններ, ընդհանուր՝ մոտ 200 բնակավայր: Այս համայնքներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, տեղական բանահյուսությունը, շրջաններից որոշները՝ սեփական՝ արցախյան մյուս հատվածներից տարբերվող բարբառը: Ադրբեջանական վերահսկողության տակ անցնելով՝ ոչնչացվեցին ոչ միայն համայնքներում գտնվող դպրոցները, եկեղեցիները, մշակութային կառույցները, այլեւ լուրջ վտանգի առաջ կանգնեց բարբառն ու բանահյուսությունը: Մարդիկ, որոնք ստիպված են եղել լքել հարազատ գյուղը կամ քաղաքը, տարիներ անց ի վերջո կդադարեն համայնք լինել, հետեւաբար՝ կոչնչանա համայնքի հաղորդակցման ձեւը՝ տեղական բարբառը:

 

Սոնա Մարգարյանը Սոնա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

2020թ. նոյեմբերից հետո Սոնա Մարգարյանն ընկերների հետ որոշեց ստեղծել թվային հարթակ, որում կհավաքեն արցախյան հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, բանահյուսության այլ նմուշներ՝ ընդգրկելով նաեւ արցախյան բարբառով ստեղծագործող ժամանակակից գրողների գործեր: Ստեղծվեց «Խելունք կաց» նախագիծը, որի մասին Մեդիամաքսը զրուցել է Սոնայի հետ:

 

Բանահյուսության թվայնացումն ու արցախյան աուդիոհեքիաթները

 

«Խելունք կաց»-ն արցախյան բարբառով տարբեր գրական ստեղծագործությունների թվային հարթակ է: Ունենք նաեւ ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբերաբար հրապարակում ենք արցախյան հետաքրքիր բառեր ու արտահայտություններ:

 

 

 

Նպատակն արցախյան բարբառը հնարավորինս հանրայնացնելն է, հավաքագրելը դրանով գրված ստեղծագործությունները, բանահյուսությունը, քանի որ 2020թ. նոյեմբերից հետո հատկապես ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջանների բարբառը վտանգված է:

 

 

 

Պատերազմից հետո մի օր նստած էինք արցախցի ընկերներիս հետ, եւ իրենք հիշեցին արցախյան բանահյուսության ամենահայտնի կերպարներից մեկին՝ Պլը Պուղիին (արցախցի զվարճախոս-կատակաբան – հեղ.): Երբ հարցրեցի՝ ո՞վ է, զարմացած ու մի քիչ էլ վիրավորված պատասխանեցին՝ «ո՞նց, չգիտե՞ս» ու պատմեցին նրա բազմաթիվ արկածները: Այդպես քիչ-քիչ սկսեցի ուսումնասիրել Արցախի բանահյուսությունն ու սկսվեց «Խելունք կաց»-ի հետազոտական աշխատանքը: Ինձ շատ էր օգնում մայրս՝ Աննա Բախշյանը, ով բանասեր է ու երկար տարիներ աշխատում է այս ոլորտում:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Սկսեցինք մի քանի գրքից, որոնցից Հայ ժողովրդական հեքիաթների հատորների հավաքագրման հարցում հսկայական աշխատանք է կատարել բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Գրիգորյանը: Նա անձամբ ճամփորդել է Արցախում ու գրի առել տարբեր շրջաններում, գյուղերում տեղացիներից լսած հեքիաթները: Բուն հեքիաթներից բացի, ծանոթագրությունների բաժնում ընդգրկվել են նաեւ որոշ հետաքրքիր կենսագրական տեղեկություններ դրանք պատմողների մասին: Օրինակ՝ «հեքիաթն ասել է Շոշ գյուղից Նազիկ բաջին, որը ժամանակին չի ամուսնացել, քանի որ փեսացուն ամուսնացել է այլ աղջկա հետ»:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հետազոտության ընթացքում մեր գտած հեքիաթները բավականին շատ էին, հիմա ընտրել ենք դրանցից հիսունը՝ շեշտը դնելով հատկապես ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջանների հեքիաթների վրա: Դրանք թվայնացնում ենք, տեղադրում մեր հարթակում ու նաեւ աուդիոգրքերի վերածում: Արդեն պատրաստ է հինգ աուդիոգիրք, որոնցից երկուսը Հադրութի բարբառով են, իսկ այն արցախյան բարբառի առանձնահատուկ ճյուղ է ու բավականին տարբերվում է մյուս շրջանների բարբառից: Ունենք նաեւ խաղիկների, հանելուկների, առակների ու ժամանակակից ստեղծագործողների բաժիններ:

 

Հեքիաթի փոխանցումը սերնդեսերունդ ինչ-որ պահից դադարել է

 

«Խելունք կաց» նախաձեռնության մյուս կարեւոր մասը մեր այցելություններն են Արցախի համայնքներ: Բանահյուսության հավաքագրումից ու թվայնացումից բացի, պարբերաբար այցելում ենք Արցախի համայնքներ ու տեղի դպրոցների երեխաներին հեքիաթներ տանում:

 

Լուսանկարը` Սպարտակ Օսիպյան

 

Ընթացքում միտք ծնվեց, որ մեր աուդիոգրքերի շապիկները նկարեն արցախցի երեխաները: Ընտրում ենք որեւէ գյուղ, տեղի երեխաներին տալիս հեքիաթը, որ կարդան ու նկարեն՝ ինչ պատկերացնում են: Նկարներից մեկը հետո դառնում է աուդիոգրքի շապիկ, նշումով՝ որ գյուղի, որ երեխան է նկարել:

 

Լուսանկարը` Սպարտակ Օսիպյան

 

Երեխաներն, իհարկե, շատ են ուզում, որ իրենց նկարն ամենասիրունը լինի, բայց մենք բացատրում ենք, որ դա այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը՝ սա հեքիաթը եւս մեկ անգամ կարդալու առիթ է: Հետաքրքիր է նաեւ, որ բարբառը կրող, դրանով ամեն օր խոսող երեխաները գրքում այն տեսնելով՝ հաճախ դժվարությամբ են հասկանում: Մի անգամ երեխաներից մեկը հեքիաթը կարդալիս ասաց՝ «իսկ յիրա-ն, ի՞նչ է նշանակում», բայց բարբառի ամենագործածական բառերից է: Նախկինում հեքիաթները պատմելով փոխանցվել են սերնդեսերունդ, պահպանվել են, մինչեւ ինչ-որ մեկը դրանք գրի է առել: Այսօր այս շղթան ընդհատվել է, ու մեր այցելություններով ցանկանում ենք երեխաների մոտ նորից հետաքրքրություն առաջացնել հեքիաթի հանդեպ: Ինչպես ասացի՝ տպագրված հեքիաթները հաճախ ուղեկցվում են այն պատմած անձի մասին տեղեկություններով:

 

Լուսանկարը` Սպարտակ Օսիպյան

 

Մի անգամ Ասկերանի շրջանի Շոշ գյուղ հեքիաթ էինք տարել, որը պատմել էր գյուղի Մարգարիտ բաջին: Երբ կարդացին հեքիաթը, ուսուցիչը երեխաներին հարցրեց՝ «երեխաներ, ո՞ւմ տատիկը կամ ապուտատն է Մարգարիտը»: Սա տպավորիչ էր, որովհետեւ այս ու մյուս համայնքներում մարդիկ ապրել են սերունդներով, ու մեծ է հավանականությունը, որ այդ կնոջ սերնդից որեւէ մեկը լինի աշակերտների մեջ:

 

Ինչո՞ւ «Խելունք կաց»

 

Նախաձեռնության անվան վրա երկար ենք մտածել: Ունեինք արցախյան բարբառի հայտնի բառերի բազմաթիվ տարբերակներ, բայց ցանկանում էինք, որ դրանք չլինեն փոխառություններ այլ լեզուներից: Շատ հետաքրքիր բառեր կային, որոնք կիրառվող են, բայց ունեն թուրքական արմատներ:

 

 

 

Արդյունքում ընտրեցինք արցախյան բարբառի այնպիսի արտահայտություն, որը հասկանալի ու պարզ կլինի շատերի համար: Արցախյան բարբառում փոխառություններ կան ռուսերենից, պարսկերենից, այո, նաեւ թուրքական ծագմամբ բառեր կան, եւ պատմությունը հաշվի առնելով՝ սա նորմալ է, բայց եթե զտենք այս բարբառը փոխառություններից, այն, երևի, ամենամոտն է գրաբարին:

 

***

 

Կյարունքը կյա, խըերավ կյա,

Ախպերավ  կյա, հարավ կյա,

Նըշան տըվող էն տղան,

Վըեսկին պետք չի, սերավ կյա։

(Արցախյան խաղիկ)

 

Ովքեր են աջակցում

 

Նախագծի իրականացման համար մեզ աջակցություն էր պետք: Դիմեցինք Գյուլբենկյան հիմնադրամին եւ իրենք համաձայնեցին աջակցել: Հիմա «Խելունք կաց»-ն իրականացնում ենք այս հիմնադրամի աջակցությամբ:

«Սաղսարա» ընտանիքը փրկում է գյուղական երգերը

Աուդիոգրքերը կարդում են արցախցիներ Վալերին Ղազարյանը (Լյոկա) եւ Ամալ Դոլուխանյանը: Ձայնաշտկումը կատարում է «Սաղսարա» նախագծի թիմը: Աջակցում են նաեւ Արցախի մեր ընկերները, որոնք այցելությունների ժամանակ օգնում են կազմակերպչական բոլոր հարցերով:

 

Արցախյան բարբառով ստեղծագործող ժամանակակից գրողներ կան

 

ցորտ ա

ծըմըռը եկալ ա

տանս առաջը սիպտակ ա

մազերս սիպտակ ա,

մաջս սիպ-սիպտակ ա

սիպտակ պատեն յիրա մին սիպտակ ըլբբաստրակ

թիվանգը յոր անիմ քինիմ յիրա անիմ

սիպտակ ծներին մաջեն

սիպտակ ըլըբաստրակ

վազ ա տամ

մի քանե կաթ կթարմուր արուն

ծըմըռ ա

տանս առաջը սիպտակ ա

սիպտակ պատեն մին սիպտակ ըլբբաստրակ

տու ինձ խե յիրա ըրեցեր

հեղինակ՝ Անահիտ Հայրապետյան

 

«Խելունք կաց»-ը բաց հարթակ է ու սիրով կհամագործակցի Արցախի բարբառով ստեղծագործողների հետ: Պարբերաբար փորձում ենք գտնել նման մարդկանց, բացի դրանից ունենք հայտ, որը կարող եք լրացնել եւ ուղարկել ձեր ստեղծագործությունը: Բարբառով ստեղծագործությունները սովորաբար բանահյուսության նմուշներ են լինում ու շատ ոգեւորիչ է, որ այսօր կան երիտասարդ գրողներ, բանաստեղծներ, որոնք գրում են բարբառով:

 

Սոնա Մարգարյանը Սոնա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Համագործակցում ենք նաեւ Արցախում տարբեր հասարակական կազմակերպությունների, մանկական խմբակների ու կենտրոնների հետ:

 

Շատ ենք ուրախանում, երբ ֆեյսբուքյան էջում հրապարակում ենք արցախյան բարբառի բառեր բացատրությունով ու դրանք տարածում են մարդիկ, որոնք այդ բարբառի կրող չեն: Պարզապես իրենց դուր է եկել բառը: Շատ ենք լսել, որ արցախյան բարբառը բարդ ու անհասկանալի է, բայց իրականում շատ տրամաբանական արտահայտություններ ունի, որոնք շատ սիրուն են: Վերջերս ֆեյսբուքյան էջում հրապարակեցինք արցախյան՝ «պորտը ցեց տինիլ» (պորտը ցեց դնել) արտահայտությունը, որը նշանակում է ցերեկը ննջել՝ մի քիչ ալարկոտության ենթատեքստով: «Պորտը ցեց դնելը», երևի, այս երեւույթի ամենապատկերավոր բնորոշումն է:

 

Իրար ավելի լավ լսելու, հասկանալու ու ճանաչելու մասին

 

Բարբառներն ու լեզուն առհասարակ, մեր ինքնության կարեւորագույն արտահայտումն են: Ինքնությունն անորոշ բառ է թվում, բայց միայն այն պահելով մարդը կարող է ինքնաճանաչման ուղի անցնել ու ինքն իրեն տեղորոշել այս աշխարհում: Ցավոք, խորհրդային տարիներին արված բանահյուսության հավաքագրման հսկայական աշխատանքից հետո գործընթացն ընդհատվել է ու գրեթե չի շարունակվել: Իհարկե, եղել են գրքերի թվայնացման որոշ աշխատանքներ Արցախի պետական համալսարանի կողմից, որոնք շատ գովելի են, բայց, ցավոք, դրանք չեն հանրայնացվել, մնացել են տարբեր կառույցների կայքերում կամ գրադարակներում:

 

Լուսանկարը` Սպարտակ Օսիպյան

 

Մեր աշխատանքի նպատակներից մեկը բարբառի հանրայնացումն էր, այդ նպատակով էլ որոշել ենք ակտիվ էջեր ունենալ սոցցանցերում: Հայկական բարբառները ճանաչելը շատ կօգնի, որ նաեւ իրար ավելի լավ ճանաչենք ու հասկանանք: Օրինակ՝ երբ հավաքվում ենք արցախցի, գյումրեցի, մյուս մարզերի ընկերներով, փորձում ենք գրական հայերենով խոսել, բայց ես շատ եմ սիրում, երբ յուրաքանչյուրը սկսում է իր բարբառով խոսել: Թվում է՝ այսպես մեկը մյուսին չի հասկանա, բայց հասկանալու եզր, միանշանակ, կա: Պարզապես պետք է իրար ավելի լավ լսենք:

 

***

 

Ես պիտի քըեզ պաչ անիմ,

Ծըեր շներին հաչ անիմ,

Հու հինչ օզըմ ա ասի,

Պըչպըչորիմ, պաչ անիմ:

 

«Ախրդ խեր ընի, վերջդ էլ՝ պարի»

 

Արցախյան բարբառից շատ սիրելի արտահայտություններ ունեմ, բայց կառանձնացնեմ արտահայտությունը, որը տատիկս էր շատ օգտագործում: Ընտանիքիս արմատները Սյունիքի մարզից են, ու մեր բարբառը շատ նման է արցախյանին: Սուրճ խմելուց հետո տատիկս հերթով նայում էր բոլորի բաժակները, վերջում ասում էր՝ «սիրտդ բաց» (սուրճի բաժակի տակ մրուրի վրա մատով նշան անելը – հեղ.), նորից վերցնում էր բաժակն ու ասում՝ «սիրտդ էլ բացվեց գարնան արեւի պես, ախրդ խեր ընի, վերջդ էլ՝ պարի»: Սա օրհնանք է, որը շատ եմ սիրում: Երբ «Խելունք կաց»-ի համար բառարաններ էի ուսումնասիրում, պատահական հանդիպեցի այս արտահայտությունն ու հիշեցի, ինչքան շատ էր ասում տատիկս:

 

Այսօրվա Արցախի տրամադրությունները

 

Պետք է հստակ գիտակցենք՝ սահմանային լարվածության ժամանակ լուրերում հայտնվող անվանումից բացի, Արցախը մագնիսական տարածք է, որտեղ ապրում են շատ տաղանդավոր երեխաներ ու շատ նվիրված ուսուցիչներ: Վերջերս Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում էինք: Թվում է՝ ինչ-որ հեռավոր համայնք է, բայց տեղում տեսնում ես որքան կոկիկ, մշակված ու նորոգված է դպրոցն ու հարակից տարածքը:

Յանա Շախրամանյանը զրուցում է Սոնա Մարգարյանի հետ Յանա Շախրամանյանը զրուցում է Սոնա Մարգարյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Եվ այս ամենը՝ տեղացիների ձեռքերով: Սա սեփական երկիրը, ապրելուդ վայրը սիրելու, երևի, ամենամեծ արտահայտումն է: Ուսուցիչները պարբերաբար տարբեր միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի երեխաների առօրյան միօրինակ չլինի, որ զվարճանան, նոր գիտելիքներ ստանան: Երբ ինձ հարցնում են՝ Արցախում չկա՞ն անկումային տրամադրություններ, ասում եմ՝ անկումային տրամադրությունները մեզ մոտ են: Արցախ գնում ես, ուժ ստանում ու վերադառնում:

 

***

 

Վըեննը կաց, կըյինի պիրիմ,

Լոխճան շատ ես կսիրիմ,

Ես էս պիծի տեղավըս,

Շաղված խելքըտ տոն կպիրիմ:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին