«Ճանաչո՞ւմ եք մարդկանց, որոնք հին երգեր գիտեն». այս հարցը կրկնելով՝ գյուղում շրջում են երիտասարդ տղաները, ապրում գյուղացու կյանքով, կիսում նրանց օրը: Նշված դրվագները «Սաղսարա» նախագծի վավերագրական ֆիլմից են, որտեղ մի խումբ երիտասարդներ որոշել են փնտրել մոռացված կամ ոչ հայտնի ժողովրդական երգերը, մշակել ու աշխարհին նորովի ներկայացնել հայկական մշակույթը:
Այս գաղափարի շուրջ հավաքվել է 12 երիտասարդ, նկարահանել արդեն երկու ֆիլմ, մշակել եւ ձայնագրել ժողովրդական երկու երգ: «Սաղսարա» նախագիծը դեռ երկար ժամանակ շարունակելու է շրջել Հայաստանի բոլոր մարզերով ու փրկել հին երգերը:
Մեդիամաքսը հանդիպել է «Սաղսարա» թիմի անդամներից մի քանիսին եւ զրուցել նախագծի պատմության, գյուղական դրվագների ու նպատակների մասին:
Գոռ Թադեւոսյան (երաժիշտ, հնչունային օպերատոր)
Հայկական ժողովրդական երաժշտությանը նոր շունչ տալու գաղափար վաղուց ունեինք: Նախնական ուզում էինք խումբ ստեղծել, վերցնել հին ժողովրդական երգերն ու մեր ձեւով փոխել: Մի քանի ընկերներով բենդ հիմնեցինք, երաժիշտներից մեկը՝ Րաֆֆին, առաջարկեց բենդը կոչել՝ «Սաղսարա», այսինքն՝ ամբողջը սար է:
Զուգահեռ, մեր ընկերներից երկուսը՝ Բագրատն ու Արմենը, վաղուց ուզում էին վավերագրական ֆիլմերի սեփական նախագիծ սկսել, նրանք միասին մեդիա ոլորտում են աշխատել: Երբ մեր բենդի գաղափարով կիսվեցինք, հասկացանք՝ կարող ենք բոլոր գաղափարները միացնել իրար: Մի քանի ընկերների էլ առաջարկեցինք միանալ մեր թիմին, բենդի միտքը ժամանակավոր դադարեցրինք ու սկսեցինք աշխատել ավելի զիլ գաղափարի վրա՝ «Սաղսարա» նախագծի:
«Սաղսարան» մշակութային-երաժշտական նախագիծ է, որի շրջանակներում հետազոտվում են Հայաստանի մարզերի ժողովրդական երաժշտության պահպանված նմուշները։ Երիտասարդների խումբը շրջում է Հայաստանի մարզերով, վավերագրում է գյուղի կյանքը, պատկերը, առօրյան, սարերում պահված մշակութային ժառանգությունը, միաժամանակ հավաքագրում է տարածքի երգն ու աշխատում երգողների հետ:
Անուշ Քոչարյան (պրոդյուսեր)
Մինչ «Սաղսարան» բոլորս իրար ճանաչել ենք: 12 հոգուց մեծ մասը լոռեցի ենք, երկուսը՝ Երեւանից, մեկը հայրենադարձ՝ Իրանից, մեկն էլ Ֆրանսիայից է, որը մեր նախագծի համար է ամեն անգամ Հայաստան գալիս:
Նախագծի ընդհանուր գաղափարը հետեւյալն է՝ ուզում ենք կարծրացած գաղափարները եւ արտահայտությունները նյութական դարձնել: Օրինակ, «Գյուղ կանգնի, գերան կկոտրի»-ի համար ստեղծել ենք «Սաղսարա համայնքը». նախագծի շրջանակում մինչ օրս ամեն ինչ այդ համայնքի միջոցների շնորհիվ է արվել, որտեղ մենք ենք, մեր ընկերներն ու տարբեր կազմակերպություններ: Ամեն անգամ աջակիցների մեծ թիմ է հավաքվում, ակնկալում ենք՝ այնքան մեծանա թիմը, որ «Գյուղ կանգնի, գերան կոտրի»:
«Սաղսարան» ամեն ամիս ստեղծում է երկու ֆիլմ (մինչեւ 30 րոպե), որտեղ ներկայացվում է տվյալ գյուղը եւ երաժշտական առանձնահատկությունները: Վավերագրված նյութը եւ ընտրված երգն արդեն մայրաքաղաքում անցնում է մշակումների փուլ: Արդյունքում՝ «Սաղսարան» ստեղծվում է ֆիլմ, որն ամփոփվում է ժողովրդական որեւէ երգի մշակումով։
Արմեն Պապյան (երաժիշտ, ռեժիսոր)
Առաջին փուլում ուսումնասիրում ենք գյուղը, բնակչությունը, դիրքը, ապա հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք երգողներ կան, դեռ ողջ են...
Երկրորդ փուլում թիմի մի քանի անդամ ներկայանում է մարզպետարան, տեղեկացնում, որ շուտով գալու ենք ու սկսենք նկարահանումները:
Մարզպետարաններն օգնում են գտնել ընտանիքներ, որոնք պատրաստ են մեզ հյուրընկալել:
Երրորդ փուլում երաժիշտները մնում են գյուղացիներից մեկի տանը ու սկսում փնտրել երգը: Ապրելով գյուղում՝ հինգ գործող անձիք սկսում են վավերագրության ընթացքը՝ փնտրելով տվյալ գյուղի «երգողին»։ Ամբողջ ընթացքը տեւում է մոտ 15 օր, Երեւան վերադառնալուց հետո բաշխում ենք աշխատանքը թիմի մյուս անդամների միջեւ. մի մասը մշակում է երգը, մյուսը հանրայնացման գործընթացն է անում:
«Սաղսարայի» առաջին կանգառը Լոռու մարզն էր, թիմն այցելել էր Լեռնապատ գյուղ, երկրորդը՝ Շիրակի մարզ, Ոսկեհասկ գյուղ:
Գոռ Թադեւոսյան (երաժիշտ, հնչունային օպերատոր)
Երեք-չորս օր ապրում ենք գյուղացու տանը: Երբ գյուղ ես գնում, արդեն պատկերացնում ես, որ պարզություն ու մաքուր օդ ես գտնելու, բայց հաճախ ստանում ենք մեր ակնկալածից ավելին: Պատկերացրեք՝ սկսում ես բնության հետ ապրել, գյուղացու ռիթմով շարժվել, նրա հետ հավասար զարթնում ես առավոտյան 06:30, իր առօրյա գործերին ես մասնակցում ու նկարահանում ընթացքը:
Երբ վերադառնում ենք Երեւան, այնքան դրական փոփոխություններ ենք զգում մեր մեջ, այնքան էներգիա ենք ստանում, որ մինչեւ մյուս ամիս հերիքում է: Ասես, քաղաքի կեղտից ենք մաքրվում, քաղաքային աղմուկներից ու բացասականից ենք կտրվում: Գյուղական մաքրությունն ու էներգետիկ դաշտը վարակիչ է, ուզում ենք անընդհատ վերադառնալ:
Բագրատ Սարոյան (օպերատոր)
Ես մեր թիմի երեւանցին եմ: Ընտանիքը գյուղում ապրող բարեկամներ չի ունեցել, փոքր ժամանակ ընկերներս անհամբեր սպասում էին ամառային արձակուրդներին, որ գյուղ գնային, իսկ ինձ համար միշտ անհասկանալի էր նրանց ոգեւորությունը: Մինչեւ վերջերս էլ չեմ հասկացել՝ որն է գյուղի «կայֆը»: Երբ այլ գործերի համար գնում էի գյուղ նկարահանումների, կրկին չէի տպավորվում. գործս անում, վերջացնում էի, վերադառնում քաղաք:
Երբ «Սաղսարա» նախագծով գնացինք ու մտանք նույն գյուղերը, գյուղացիները մեզ այնպես ընդունեցին իրենց տանը, որ կարծես 1000 տարի ճանաչել են մեզ, նույնիսկ ասում էին՝ սառնարանից հանգիստ օգտվեք: Հիմա այնքան շատ ենք կապվել նրանց հետ, անընդհատ մեզ զանգում, հարցնում են՝ երբ ենք կրկին գնալու, մենք էլ փորձում ենք պլանավորել ու կրկին այցելել բոլորին:
Արմեն Պապյան (երաժիշտ, ռեժիսոր)
Գյուղացիների հետ շփվելուց հետո զգում եմ, որ դարձել եմ ավելի պարզ ու համբերատար: Հասկանում եմ, որ շատ կենցաղային երեւույթներ, որոնց առաջ կարեւորել եմ, դարձել են անկարեւոր:
Ոսկեհասկ գյուղում չորս օր ենք մնացել: Ամեն օր գյուղացու հետ հավասար մի գործ ենք արել՝ լավաշ թխել, խմոր պատրաստել, սխտոր ցանել, երգել, պարել: Մեր նպատակն է՝ մաքուր վավերագրությունից դուրս չգալ: Մենք ենթարկվում ենք գյուղի առօրյային ու խոսքին:
Նաեւ մեր բոլոր երգերի սկզբնական հատվածում պահում ենք գյուղացու կատարումը:
Լելո Բալյան (հանրայնացման պատասխանատու, վոկալիստ)
Մի ամբողջ ամիս մեր բոլոր քայլերը հանրայնացնում ենք, թե երբ դուրս եկան տղաները, ինչ արեցին: Կախված երաժշտական մշակումից՝ մեզ նաեւ հյուրեր են միանում երաժշտական համայնքից, Արտո Թունջբոյաջյանը մեր երկրորդ ֆիլմի հյուրն էր, առաջին ֆիլմում սաքսոֆոնահար ունեինք:
Գործող անձինք երգը բերում են Երեւան, այստեղ հավաքվում են տարբեր երաժիշտներ, տարբեր կարծիքներ, օրեր շարունակ, գիշեր-ցերեկ մշակվում է երգը: Տարաձայնությունները շատ են, սակայն երբեք վեճի չեն վերածվում: Իսկապես մի մեծ ընտանիք ենք. երբ մի մասն աշխատում է, մյուսը որոշում է՝ ինչ պատրաստել ընթրիքին, հնարավոր հարմարությունները փորձում ենք ստեղծել մեկս մյուսի համար: Մեզ շատ հաճելի է այս գործընթացը, մեծ բավականություն ենք ստանում:
«Սաղսարան» առջեւում ունի եւս 10 գյուղ եւ 10 երգ: Երկրորդ եթերաշրջանին նախագիծը հնարավոր է դուրս գա Հայաստանի սահմաններից: Որոշ ժամանակ անց հասանելի կլինեն նաեւ «Սաղսարա» բենդի առանձին ելույթները. ընթացքում մշակվում են այնպիսի երգեր, որոնք ֆիլմի մաս չեն կազմում:
Անուշ Քոչարյան (պրոդյուսեր)
Յուրաքանչյուր ֆիլմի համար ակնկալում ենք աջակցություն: Նախագիծը բավականին «թանկ» է. տեխնիկական միջոցներ, սնունդ, ճանապարհածախս…
12 հոգի աշխատում է նախագծի վրա ու ոչ մեկ գումար չի ստանում, բոլորս կամավոր ենք: Արդյունքում՝ ունենում ենք մեր նախատեսված բյուջեի 5-10 %-ը: Մեր մեքենաներով ենք գնում գյուղ, ուտելիքը նախապես տանն ենք պատրաստում, հետներս վերցնում:
Վերջերս շատերն եմ մեզ դիմում, որպեսզի աջակցեն մեր երրորդ ֆիլմի նկարահանումներին: Առաջ մեր աջակիցները մեր ընկերներն էին, հիմա մեծ մասը անծանոթ են: «Սաղսարային» միացել են մի քանի կազմակերպություններ ու անհատներ: Ընդգծեմ, որ միայն մեկ խոշոր հովանավոր չի կարող լինել:
Լազո Պողոսյան (երաժիշտ, հնչունային օպերատորի օգնական)
Արձագանքները բացառապես դրական են, ինչը տարօրինակ է եւ նույնիսկ վախեցնող: Երաժշտական համայնքից ենք մշտապես ոգեշնչող կարծիքներ ստանում:
Սփյուռքի հայերն են շատ ոգեւորվում, նրանք աջակիցների ցանկում բավականին շատ են: Հուզիչ է այն պահը, երբ դրսում ապրող հայը լինում է տվյալ գյուղից: Շատերն են այդ գյուղերում ծնվել, մեծացել ու արտագաղթել, մեր ֆիլմերում տեսնում են իրենց ներկայիս տունը, հարեւաններին...
Այս պահին «Սաղսարան» պատրաստում է երրորդ ֆիլմը: Նախագծի գործող անձինք մեկնել են Արագածոտնի մարզ, սկսվել են նկարահանումները եւ երգի փնտրտուքը:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ «Սաղսարա» նախագծի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: