«Վերջին անգամ նայեցի տանս. գուցե էլ չգամ» - Mediamax.am

exclusive
9157 դիտում

«Վերջին անգամ նայեցի տանս. գուցե էլ չգամ»


Լուսինե Ղարիբյանը զրուցում է Մարինա Գրիգորյանի հետ
Լուսինե Ղարիբյանը զրուցում է Մարինա Գրիգորյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինա Գրիգորյանը
Մարինա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինա Գրիգորյանը
Մարինա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Լյուբան
Տիկին Լյուբան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լուսինե Ղարիբյանի


Կոմպոտը գազի վրա էր, երբ լսվեցին կրակոցի ձայները: Մարինան երեխաներին հարեւան շենքի նկուղ ուղարկեց ու շարունակեց կոմպոտ փակելը. հո չէ՞ր փչանալու:

 

«Ես գազը վառած թողել, գնացել եմ նկուղ ու չեմ մտածել՝ Աստված չանի, մի հատ սնարյադ ընկնի իմ տունը, ամբողջ շենքը կպայթի գազի պատճառով: Ասեցի՝ բա իմ ապրանքը փչանում ա՝ ջուրն ածած, պեսոկը ածած, ղարաբաղցու մտածելակերպ ա: Նկուղում անընդհատ ժամին եմ նայում, խոխեքը կամաց ասում են՝ տեղդ նստի: Հարեւանը հարցնում ա՝ ո՞ւր ես ուզում գնաս: Ասում եմ՝ կամաց խոսի, մյուսները չհասկանան, բանկեքս դրել եմ գազին: Ասում ա՝ Մարի՛, շա՞շ ես:

 

Հետո գնացի, փակեցի: Առավոտն արթնացա, երկրորդ պարտիան էլ դրեցի: Էդքանը փակեցի, չհաշված մնացած պահածոներս, որ արդեն սարքել էի: Առեւտուր էլ արեցի. դուրս եկավ՝ ադրբեջանցիների համար: Որ գան, ասեն՝ լավ տուն ենք եկել»:

Մարինա Գրիգորյանը Մարինա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոմպոտի ուրախ պատմությունը Մարինան հիշում է մեր երկար զրույցի վերջում, երբ արդեն խոսել էինք Շուշիի տան, կորցրած հայրենիքի, հույսի ու անորոշ ապագայի մասին:

 

3 երեխաներին քրոջ ու նրա փոքրիկների հետ Մարինան Հայաստան էր ուղարկել սեպտեմբերի 29-ի լուսաբացին, ինքը տեղափոխվել Ստեփանակերտ՝ ծնողների տուն: Մարինայի ամուսինը զինվորական է: Հայրը՝ Ռոմա Գրիգորյանը, «Մարտական խաչ»-ի ասպետ է, Շուշիի ազատագրմանը մասնակցած ու ամբողջ կյանքն Արցախին նվիրած զինվորական:

 

«Ամեն անգամ, որ լարված իրավիճակ էր լինում, զանգում էի՝ պապ, որտե՞ղ ես: Ասում էր՝ Մարինա, հետո կզանգեմ: Ես արդեն գիտեի, որ պապաս ճանապարհին է»:

 

Մարինան ասում է՝ 64-ամյա հայրը սեպտեմբերի 27-ին նորից պատրաստ կանգնած էր: Դիմել է, որ թույլ տան գնա ու իրեն լավ ծանոթ տեղանքում օգնի երիտասարդ զինվորներին: Թույլ չեն տվել:

Մարինա Գրիգորյանը Մարինա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինան ու մայրը հիշում են, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իրենց ընտանիքը ոչ մի օր Ստեփանակերտից դուրս չի եկել: Բայց այս անգամ հենց հայրն է պնդել, որ լքեն Արցախը. մի բան, որ երբեք չէր արել:

 

«Բայց որ պապաս առաջին օրերին ասաց՝ էս ուրիշ բան ա, պատրաստվեցեք, որ դուրս գաք, ես լրիվ հուսախաբ եղա, թեւերս ոնց որ կտրեին: Ես միշտ իմ պապայի հայացքին եմ նայել. եթե պապայիս աչքերը մի քիչ ուրիշ էին, արդեն զգում էի, որ գործերը բուրդ են, ինչպես ինքն էր ասում: Էս վերջին անգամ ասաց՝ հավաքվեցեք, բայց հայացքը չէր բարձրացնում մեզ հետ խոսելիս: Ես արդեն պատկերացրեցի՝ դա ինչ է նշանակում»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինայի մայրը՝ տիկին Լյուբան, ասում է, որ այն, ինչ կատարվում էր Ստեփանակերտում, ֆիլմ էր հիշեցնում. մեքենաներն այրվում էին, փողոցները դատարկ էին, մարդիկ՝ նկուղներում: Տնից դուս էին եկել ու չգիտեին՝ տեղ կհասնե՞ն:

 

«Վերջին անգամ բարձրացա Շուշի, մի երկու իր վերցրեցի, դուրս եկա...,- հուզմունքը չի կարողանում զսպել Մարինան: -Հրաժեշտի հայացքով նայեցի տանս, ասացի՝ գուցե էլ չգամ: Բայց ոչ թե մտածում էի, որ Շուշին հանձնելու են, այլ, որ, գուցե, սնարյադներից ավերվի տունը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասում է՝ Շուշիում երեւի չգտնվեր մեկը, որի մտքով կանցներ, թե քաղաքը հանձնելու են: Դրա անհնարինության աստիճանը նկարագրում է՝ հիշելով. «ամուսինս նույնիսկ իր մեդալներով զինվորական համազգեստը պահարանում կախված է թողել»:

 

Տունը, որ պետությունը տվել էր զինվորական ամուսնուն, Կանաչ ժամի մոտ գտնվող երկհարկանի շենքում էր: Մարինան նկարագրում է տան տեղը, ու ես հանկարծ հիշում եմ, որ անցյալ տարի Շուշիի հենց այդ հատվածից լուսանկարել եմ սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:

Լուսանկարը` Լուսինե Ղարիբյանի

«Ճիշտ եք հիշում: Մի օր ամուսնուս բարեկամը գիշերով եկել էր մեր տուն: Առավոտյան արթնացավ, պատուհանը բացեց, Ղազանչեցոցն իր ամբողջ հզորությամբ տեսավ, ասաց՝ եթե տունն ուզես վաճառել, կարող ես ասել, որ Ղազանչեցոցն էստեղից լավ երեւում է: Հայաստանում ասում են, չէ՞, պատուհանից Մասիս սարն է երեւում»:  

 

Լուսանկարը ցույց եմ տալիս, Մարինան եւ աղջիկը՝ Լիան, արագ գտնում են իրենց շենքը:

Լուսինե Ղարիբյանը զրուցում է Մարինա Գրիգորյանի հետ Լուսինե Ղարիբյանը զրուցում է Մարինա Գրիգորյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեծ աղջիկս ասում ա՝ հաշվի մի հատ Սմերչ ա ընկել, մեր տունը քանդել ա: Ասում եմ՝ Իզա, ցավդ տանեմ, էնքան կուզեի, որ էդպես լիներ, գոնե կիմանայի՝ տունս չեն պղծել: Ցավոք, մեր շենքերին ոչինչ չի եղել»:

 

Մարինան համոզված է՝ Շուշին նվիրել են թշնամուն, ու նույնքան վստահ է՝ պատերազմի 4-րդ օրը Հայաստանի վարչապետին զեկուցել են՝ «դիմանալ չենք կարող, օդն անապահով է»: Ու նորից հնչում են անպատասխան հարցեր՝«եթե նվիրելու էիր, ինչո՞ւ 45 օր սպասեցիր, ինչո՞ւ էդքան երեխա զոհվեց»:

 

«Ես իմ 20 տարվա տունն եմ կորցրել, բայց դրա համար էնքան չեմ ցավում, ինչքան՝ Հադրութի, որովհետեւ Հադրութը պատմականորեն երբեք թշնամու լծի տակ չի եղել: Դուք հասկանո՞ւմ եք՝ մենք ինչ ենք կորցրել»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինան, մայրը, քույրը ու երեխաները հիմա Խարբերդում են ապրում: Շնորհակալ են մարդկանց հոգատարության, ջերմության ու օգնության համար:

 

«Ինչպես ասում ենք Մայր Հայաստան, իսկապես, մոր նման է եղել, էդ զգացողությունն ենք ունեցել: Երկու ամիս կենտրոնում անվճար տուն են տրամադրել, տարբեր տեղերից օգնություն ենք ստացել, Աստված բոլորին պահի, բոլորից շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ ձեզ ունենք»,- ասում է տիկին Լյուբան:

Տիկին Լյուբան Տիկին Լյուբան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինան ավելացնում է, թե Հայաստանում իրենց վատ մարդ չի հանդիպել. ով ինչով կարողացել, օգնել է: Հիշում է՝ Վերնիսաժում վաճառողներից մեկն իմացել է, որ Արցախից են, ու անմիջապես առաջարկել՝ թե տուն չունեք, իմ տունը եկեք:

 

«Խոսեցինք, ինքն էլ մեզ հետ հուզվեց, ասեց՝ վաղն էլ իմ տղան է գնալու, բայց չգիտեմ՝ հետ կգա՞, թե՞ չէ: Գնացի տուն, լսեցի առաջին հրադադարի նորությունը, սրտի խորքում ասացի՝ տա Աստված, էդ կնոջ տղան չգնա: Հետո մի օր գնացի Վերնիսաժ, որ նորից տեսնեմ էդ կնոջը, հարցնեմ՝ տղան ինչպե՞ս է, բայց էնտեղ չէր: Մի քիչ հուզվեցի, մտածեցի՝ միգուցե դժբախտություն է պատահել, որ չի եկել, ու չհամարձակվեցի կողքի վաճառողին հարցնել: Ավելի ճիշտ՝ չհարցրի, որ վատ բան չլսեմ: Հետ եկա, ասացի՝ ավելի լավ է՝ չիմանամ»:

Լուսանկարը` Մեդիամաքս

- Պետք չի հիշել, ամեն ինչ անցյալում է,- հուզված Մարինային հանգստացնում է մայրը:

 

Մարինայի ընտանիքը կիսվել է. ինքը, աղջիկն ու տղան Հայաստանում են, մեծ աղջիկն ու ամուսինը՝ Արցախում: Իզաբելլան ուսանող է, ուսումը Հայաստանում շարունակել չի ցանկանում: Արցախ են վերադարձել նաեւ Մարինայի ամուսնու ծնողները: Գնացել էին, որ Ասկերանի Բադարա գյուղի իրենց տնից որոշ իրեր վերցնեին ու մինչեւ նոյեմբերի 25-ը՝ Քարվաճառի հանձնումը, հետ գային: Բայց գնացել, գյուղ վերադարձած հարեւաններին տեսել ու որոշել էին մնալ:

 

Վերադարձածներն Արցախում, մյուսները Հայաստանում փորձում են նոր կյանքին հարմարվել: Երեխաները կրթության բացն են լրացնում: Լիան «Թումո» կենտրոն է գնում, դաշնամուրի դասերն է շարունակում: Ընկերներին կարոտում է, նոր միջավայրին չի ընտելանում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Չեմ հարմարվել էրեխեքի հետ, շատ ենք տարբերվում իրարից: Ես էստեղ ազատ չեմ: Եթե մեր մոտ կարող էի գնալ անծանոթ դասարան, էրեխեքի հետ խոսել, էստեղ չեմ կարող: Կան աղջիկներ, որոնց հետ շատ լավ շփվում եմ, բայց կան աղջիկներ, որ հեղհեղուկ պահվածք ունեն. մի օր կասեն՝ ո՞նց ես, մի օր ընդհանրապես չեն բարեւի»:

 

Սարգսյանների ընտանիքն իր ապագան դեռ չի պատկերացնում: Մարինան Արցախ վերադառնալու ու թշնամու հետ ապրելու մտքի հետ անգամ չի հաշտվում: Ասում է՝ շատ դժվարություններ է տեսել, բայց հայրենիքը լքելու մասին երբեք չի մտածել: Հիմա, ցավոք, մտածում է:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բայց մյուս կողմից էլ պիտի գնանք, որ Արցախ լինի, Արցախը մնա»,-ասում է տիկին Լյուբան:

 

Ու մինչ մյուսների հետ զրուցում ենք, Մարինան սենյակից դուրս է գալիս եւ վերադառնում կորոլյոկի տոպրակը ձեռքին: Պապայի աճեցրածն է, պետք է վերցնենք:

 

- Տա Աստված, եթե ես վերադառնամ Արցախ, հյուր կգաք: Ճիշտ է, իմ տունը չի լինի...

 

- Նորից քոնը կդառնա,- միաժամանակ ասում են քույրն ու մայրը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին