Երեւանցիները վերհիշեցին #ElectricYerevan-ը - Mediamax.am

3722 դիտում

Երեւանցիները վերհիշեցին #ElectricYerevan-ը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Ժուռնալիստների միության ցուցասրահում նոյեմբերի 12-ի երեկոյան բացվել է «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսը:

 

Այն «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն էր այս տարվա հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի եւ դրանց հերոսների մասին:

 

Ցուցահանդեսում ներկայացված է 70 լուսանկար, որոնցից շատերը սիրվել եւ տարածվել են թե՛ Հայաստանում, թե արտերկրում:  

 

««Ֆոտոլուրը», ինչպես նաեւ տասնյակ այլ լրատվամիջոցներ, երկու շաբաթ շարունակ, գիշեր-ցերեկ լուսաբանել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերն ու զարգացումները, ինչի արդյունքում արվեցին հարյուրավոր լուսանկարներ, որոնց ընտրանին այսօր ներկայացնում ենք ձեզ»,- ասել է գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը:

 

Ներկայացված ցուցադրության մեջ ներառված էին խորհրդանշական անվանումներ ստացած «Առավոտները Բաղրամյանում խաղաղ էին», «Պոմպեյի վերջին օրը», «Սոդոմ Գոմոր» լուսանկարները եւ այլն:

 

«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Հայկ Բաղդասարյանը լուսաբանել է Բաղրամյան պողոտայի իրադարձություններն ամենասկզբից: Նրա խոսքերով, այսօր կարոտով է հիշում այդ օրերը, երբ հերթափոխով աշխատում էին Բաղրամյան պողոտայում:

 

«Առաջին երկու օրերի ընթացքում մեծ խանդավառությամբ էինք նկարում, բայց մի քանի օր անց զգացինք, որ չափազանց հոգնած ենք: Ցուցարարներից շատերն արդեն հարազատ դեմքեր էին դարձել մեզ համար: Շատ բարի օրեր էին, որոնք մեծ կարոտով եմ հիշում»,- ասել է Հայկ Բաղդասարյանը:

 

Ցուցասրահի հենց կենտրոնում՝ հատուկ առանձնացված բեմահարթակում, ներկայացված է #Electricyerevan 2015 շարժման խորհրդանիշ դարձած լուսանկարը, որի հեղինակը լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանն է: Միջազգային առաջատար լրատվամիջոցները հենց այդ լուսանկարով սկսեցին պատմել երեւանյան թեժ ամռան ցույցերի մասին: Լուսանկարն այս տարի արժանացավ Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին:

 

Վահրամ Բաղդասարյանը չի սիրում խոսել իր աշխատանքների մասին, բայց ցուցահանդեսին ներկա լուսանկարի հերոսը, որն ի նշան բողոքի ոտքի էր կանգնել ջրցան մեքենայի շիթերի դեմ, Մեդիամաքսին պատմեց այդ օրվա իր ապրումների մասին:

 

«Մինչեւ հունիսի 23-ի լուսադեմը մենք անգամ պատկերացում չունեինք, թե ինչ է ջրցան մեքենան: Իրականում, դրա ջրի տակ մնալը բավական ցավոտ է: Ոստիկանության բաժանմունքում տասնմեկ ժամ անցկացնելու հետո, երբ տուն եկա  եւ սկսեցի համացանցում լուրերը փնտրել, տեսա այդ լուսանկարը: Մի պահ չհավատացի, որ ես եմ»,- պատմել է 21-ամյա ուսանող Կարո Ղուկասյանը:

Լուսանկարը` Photolure

Նրա խոսքերով, իր այդ կեցվածքով նա ընդվզում էր խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության ցուցաբերած վերաբերմունքի դեմ: Կարոն պատմում է, որ չի ցանկանում, որպեսզի այդ օրերը ետ վերադառնան, քանի որ երազում է ապրել այնպիսի երկրում, որտեղ կարիք չլինի պայքարել տարրական իրավունքների պաշտպանության համար: 

 

Ցուցահանդեսի բացումը բազմամարդ էր: Ներկա էին ցույցերին մասնակցած երիտասարդներ, քաղաքական, հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ:

 

Մեդիամաքսը զրուցել է նրանցից մի քանիսի հետ՝ խնդրելով բնութագրել իրենց հիշողություններում պահպանված ElectricYerevan-ը:

 

#ElectricYerevan-ի ակտիվիստ Մաքսիմ Սարգսյան

 

«Այս շարժումը կբնութագրեմ որպես ազգային միասնականության օրինակ: Որոշ իմաստով, այն նաեւ երիտասարդների վերածնունդ կարելի է անվանել, քանի որ այդ օրերի ամենաակտիվ զանգվածը երիտասարդությունն էր: Շատ մեծ կարոտով եմ նայում լուսանկարներին: Շատ ջերմ հուշեր կան այդ օրերի հետ կապված: Կան նաեւ բացասական հիշողություններ՝ ոստիկանների գործողությունների հետ կապված: Բայց հիմնականում տպավորությունները դրական են»:   

Լուսանկարը` Photolure

«Առավոտ» թերթի օնլայն տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյան

 

«Եվ՛ Բաղրամյան պողոտայի այս շարժումը, եւ՛ դրանից մեկ տարի առաջ տեղի ունեցած «100 դրամի» շարժումը, երևի թե, Արցախյան շարժումից հետո վերջին երկու տասնամյակում եղած ամենալուսավոր շարժումներն էին: Դրանց մեջ կարծես չկար չարություն: Այդ շարժումները որքան էլ ինչ-որ բանի դեմ էին, կարծես ավելի շատ «հանուն» էին: Շատ դրական լիցք պարունակող շարժում էր, եւ այս ցուցահանդեսը հիշեցնում է այդ մասին: Ինչ-որ չափով հիշեցի Արցախյան շարժման օրերը: Ճիշտ այդ օրերի նմանությամբ, Բաղրամյան պողոտայում նստացույց անցկացնող երիտասարդներին քաղաքացիները բերում էին սնունդ եւ ջուր»:

 

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Ավետիք Իշխանյան

 

«Ինչ-որ չափով այս ամռան դեպքերն ինձ հիշեցրին 1988 թ.-ի շարժումը: Ես մինչեւ հիմա շատ տպավորված եւ ոգեւորված եմ #ElectricYerevan-ով: Այս երիտասարդներն ինքնաբուխ դուրս եկան փողոց իրենց ուսերին կրելով որոշումներ կայացնելու հսկայական պատասխանատվությունը: Հենց այդ տեսանկյունից պետք է հիշենք նրանց հուզմունքն ու ապրումները, երբ նրանց հասցեին սկսեցին շատ կոպիտ արտահայտություններ անել՝ անվանելով «դավաճաններ»: Այդպես խիստ չպետք է դատել երիտասարդներին: Նրանք, ովքեր նայում են այս լուսանկարները, թող հասկանան, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր դարձել է այդպիսին հենց նման պայքարների եւ երիտասարդների շնորհիվ»:

Լուսանկարը` Photolure

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյան

 

«Անկախության հասակակից երիտասարդները փայլուն երիտասարդներ են, որոնք բռնել են ոչ թե արտագաղթի, այլ այս երկրի տերը լինելու ճանապարհը: Նրանք հենց այդ մոտեցմամբ ոտքի հանեցին իրենց հասակակիցներին՝ հորդորելով բոլորին բացել աչքերը, որպեսզի հայաստանցիները պինդ կառչած մնան այս հողին: Ողջունում եմ այդ շարժումը, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի պարտքն էր միանալ այդ շարժմանը: Այդ երիտասարդների մղումն ազնիվ էր, մաքուր: Նրանք քաղաքական խնդիր չէին ուզում լուծել: Մենք պետք է այս սերնդին պահենք, փայփայենք, քանի որ նրանք մեր հպարտությունն են: Լուսանկարներում տեսնում ենք երիտասարդներին, նրանց լարվածությունը, դիմադրությունը ջրի շիթերին: Կարծում եմ, նրանք այդպես կկանգնեն յուրաքանչյուր պահին, երբ հայրենիքը վտանգի մեջ լինի»:

 

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյան

 

«Միայն բարի հուշերով եմ հիշում այդ շարժումը, որը դեռ թարմ է բոլորիս հիշողություններում: Շատ լավ գործ է արված, եւ հաճելի է տեսնել այստեղ եկած մարդկանց  ոգեւորությունը: Այս էներգիան մեզ դեռ շատ է պետք»:

Լուսանկարը` Photolure

Ցուցահանդեսի բացմանն առաջին անգամ ցուցադրվեց նաեւ «#electricyerevan.Ոտնահարված իրավունքների մեկ օր» վավերագրական ֆիլմը: 

 

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ նոյեմբերի 26-ը:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին