Անցանկալի դեպքերը պետք է բացառվեն, ասել է եպիսկոպոսը - Mediamax.am

exclusive
2916 դիտում

Անցանկալի դեպքերը պետք է բացառվեն, ասել է եպիսկոպոսը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը դժվարանում է կանխատեսել, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա Երեւանում վերջին օրերին մեկնարկած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը:

«Ցանկալի ելքը կլինի այն, որ փոխադարձ հասկացողությամբ համաձայնության եզրեր գտնվեն ժողովրդի եւ իշխանության միջեւ: Այս պահին շատ օրինակելի վարք են դրսեւորում թե՛ ժողովուրդը, թե՛ ոստիկանները: Նախորդ ամբողջ գիշերը խաղաղության մեջ է անցել: Փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա հանդարտ ու խոհեմ հոգեվիճակն է պետք պահպանել մինչեւ վերջ»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասել է նա:

 

Միաբաններն ու հոգեւորականներն արդեն երրորդ օրն է, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի դեմ պայքարող քաղաքացիների կողքին են:

 

«Բողոքի պողոտայում» հոգեւորականների հերթափոխը Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը մեկնաբանել է այսպես. «Մեր առաջին նպատակն է, որ հնարավոր բախումների դեպքում կարողանանք «պատնեշ» հանդիսանալ ժողովրդի եւ ոստիկանության միջեւ, որպեսզի անցանկալի դեպքերը չկրկնվեն ու բացառվեն: Որեւէ կերպով չխաթարվի այս պահի մթնոլորտը»:

 

Բագրատ սրբազանն ավելացրել է, որ հոգեւորականների «աղոթքն ու փափագն է, որպեսզի լուծումները շուտով գտնվեն եւ այս լարումը, այս իրավիճակը հասնի իր տրամաբանական եզրին, երկրում վերականգնվի խաղաղության ընթացքը»:

 

Նա նկատել է, որ Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջեւ է եւ հույս է հայտնել, որ լուծումները նպաստավոր կլինեն հայ ժողովրդի եւ պետության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին