Քաղցկեղի ստվերում. հոգեբան Եվայի ջանքերն ու ոլորտի բացերը - Mediamax.am

exclusive
3846 դիտում

Քաղցկեղի ստվերում. հոգեբան Եվայի ջանքերն ու ոլորտի բացերը


Լուսանկարը` Tom Leuntjens

Եվա Ասրիբաբայանը
Եվա Ասրիբաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվա Ասրիբաբայանը
Եվա Ասրիբաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվա Ասրիբաբայանը
Եվա Ասրիբաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվա Ասրիբաբայանը
Եվա Ասրիբաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Ավագյանը
Արմեն Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին տարիներին Երեւանի մի շարք հիվանդանոցներում պացիենտների հետ սկսել են նաեւ հոգեբաններ աշխատել, սակայն հոգեբանության եւ հոգեուռուցքաբանության ոլորտը շարունակում է մնալ չհամակարգված, առանց լիցենզավորման եւ հստակ ֆինանսավորման: 

 

Մեդիամաքսը զրուցել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կլինիկական հոգեբան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր եւ տնօրեն Եվա Ասրիբաբայանի հետ բժշկական հաստատություններում հոգեբանների գործունեության կարեւորությունն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ ոլորտի կարգավորմանն ուղղված անհրաժեշտ քայլերը պարզելու նպատակով:

 

ՓՈԽԵԼՈՎ ՔԱՂՑԿԵՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ 

 

Տխրելը նորմալ է

 

Երբ մարդու մոտ ախտորոշվում է քաղցկեղ, նրա վարքը մի շարք փոփոխությունների է ենթարկվում. առաջանում են հաղորդակցության խնդիրներ, վախեր, որ կխղճան, կվերաբերվեն որպես «ավարտված մարդու»: Մեր աշխատանքի մի մասն է այդ վախերը փոքրացնել, հիվանդությունն ու բուժման ընթացքը դարձնել առօրյայի մաս:

 

Առաջին փուլում ծանոթանում եմ պացիենտների հետ ու փորձում հնարավորինս պարզ ներկայացնել մեր ծառայությունները: Շատերն ակնկալում են, որ հոգեբանի հետ խոսելուց հետո իրենց տրամադրությունն անմիջապես պետք է բարձրանա, մինչդեռ հոգեբանն այն մարդն է, որի հետ կարող ես լացել ու հասկանալ, որ տագնապելն ու տխրելը նորմալ է:

Եվա Ասրիբաբայանը Եվա Ասրիբաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոգեբանի հետ զրույցի արդյունքում ոչ թե ցավերն են վերանում, այլ փոխվում է վերաբերմունքն իրականության հանդեպ: 

 

Մեր գործառույթը ստաբիլիզացիան է. դասական թերապիայում հոգեբանն աշխատում է վերակառուցման վրա, այստեղ մենք աշխատում ենք հիվանդության ուղեկցման, այն քիչ տրավմատիկ կերպով հաղթահարելու ուղղությամբ: 

 

Հիմնական տագնապները 

 

Քաղցկեղ ունեցող պացիենտները միշտ հարցնում են՝ «Ինչո՞ւ ես», «Ինչո՞ւ է հենց ինձ հետ տեղի ունենում այս ամենը»: 

 

Մյուս հիմնական հարցն արտաքինի փոփոխության մասին է: Պացիենտները սկսում են անհանգստանալ, որ մարդիկ չտեսնեն իրենց առանց մազերի: Հատկապես երեխաների համար ինֆորմացիայի կարիքը մեծ է, ինչի բացակայության արդյունքում տագնապ է սկսվում: 

 

Իհարկե, մազաթափությունը կողմնակի տհաճ գործոն է, սակայն այն ոչ թե հիվանդության հետեւանք է, այլ բուժման, թեեւ միշտ ասոցացվում է հիվանդության հետ:

 

Հոգեբաններս փորձում ենք խոսել պացիենտի հետ ու հասկանալ, թե ինչ կարելի է անել, օրինակ, երբ արտաքինը փոխվում է:

 

Բուժումն ավարտելու ժամանակ շատերը կրկին սկսում են տագնապել, թե ինչ կլինի դրանից հետո, գուցե կրկնվի հիվանդությունը: Մարդն ամիսներ շարունակ ապրում է արտակարգ իրավիճակում, որից հետո բնականաբար կարիք ունի ադապտացվելու, կրկին հարաբերություններ կառուցելու: 

 

Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը պացիենտի հետ նաեւ բուժման ավարտից հետո, եթե նա նման ցանկություն հայտնի: 

Եվա Ասրիբաբայանը Եվա Ասրիբաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պացիենտի հարազատները

 

Քաղցկեղ ունեցող մարդկանց մտերիմները հաճախ գերխնամք են ցուցաբերում, ինչը նորմալ ցանկություն է, սակայն կարող է վնասել երկուսին էլ, քանի որ պացիենտն էլ է ցանկանում իրեն օգտակար զգալ: 

 

Երբ պատասխանատվություն ես զգում մտերիմիդ վիճակի համար, բավական ծանր բեռ ես վերցնում ուսերիդ: Եթե պացիենտը կայուն հոգեվիճակում չէ, մտերիմը պարզապես սպառվում է, ու ստացվում է, որ եւս մեկ մարդ ունենում է հոգեկան առողջության հետ կապված խնդիր, հյուծվածություն: 

 

Մենք աջակցման խմբեր ենք կազմակերպում, որտեղ այցելում են ոչ միայն պացիենտներն ու քաղցկեղ վերապրած մարդիկ, այլեւ հարազատները: 

 

Մի շարք երկրներում բժշկական հաստատությունները մի քանի հոգեբան ունեն, որոնք աշխատում են թե՛ հարազատների, թե՛ բժիշկների հետ, քանի որ վերջիններիս եւս սպառնում է աշխատանքային հյուծվածությունը:

 

ՈԼՈՐՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ 

 

Երիտասարդ ոլորտ

 

ԵՊՀ-ում առանձին Հոգեբանության ֆակուլտետ ստեղծվել է 90-ականներին: Սկզբում եղել է Ընդհանուր հոգեբանության ամբիոն, այնուհետեւ 2000-ականներին մասնագիտացումներ են ավելացել, այդ թվում՝ Կլինիկական հոգեբանությունը:

 

2007-ին Կիրառական հոգեբանության կենտրոնն է բացվել, որը պրակտիկ հմտությունների զարգացման տեղ է դարձել ուսանողների համար, եւ որի հիման վրա էլ հիմնել ենք Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան: Վերջինի նպատակը հոգեուռուցքաբանությունն առանձին գիտական ճյուղ ճանաչելն է իր օրենքներով, կանոններով, պահանջներով, էթիկայի ստանդարտներով, բնորոշ հետազոտական նյութերով:

 

Ասոցիացիան իր գործունեության ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու կլոր-սեղան քննարկումներ է կազմակերպել բժիշկների ու շահագրգիռ այլ կողմերի հետ, որոնց արդյունքում հիվանդանոցների ուռուցքաբանության բաժիններում այժմ աշխատում են հոգեբաններ: 

 

Անձնական փորձից

 

Հոգեուռուցքաբանությունը զբաղվում է քաղցկեղի հոգեսոցիալական խնդիրներով՝ թե՛ պացիենտի, թե՛ ընտանիքի անդամների, թե՛ անձնակազմի հետ: Խոսում ենք ոչ թե հիվանդության ծագման, այլ առողջությանը նպաստող վարքի ձեւավորման մասին, թե ինչպես պացիենտն իր մասին հոգ տանի հիվանդության եւ բուժման ընթացքում: 

 

Առաջին հետազոտական աշխատանքս հենց այս ոլորտում է եղել: 

 

Երբ 17 տարեկան էի, հայրիկիս մոտ քաղցկեղ ախտորոշվեց, տեղյակ էր ուռուցքի մասին, բայց չգիտեր, որ վերջին փուլում է: Բոլորն ասում էին հորս՝ «Լա՜վ կլինի», «Լա՜վ կլինի», ինչը ճիշտ չէ: Մարդը հասկանում է ամեն ինչ, բայց նրան անընդհատ հեռացնում են դրանից: Արդյունքում ստացվեց, որ միայն ես էի, ում հետ նա կարողացավ խոսել: Եթե ես էլ մյուսների նման վարվեի, նա միայնակ էր մնալու: Ես չեմ ցանկանում, որ մյուսների հետ էլ այդպես լինի: 

Եվա Ասրիբաբայանը Եվա Ասրիբաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանն ավարտելուց հետո հասկացա, որ ցանկանում եմ աշխատել Քիմիաթերապիայի բաժնում: Այս ոլորտի ամենակարեւոր մասն այն է, որ, ի տարբերություն հոգեթերապեւտների, դու առանձին չես կարող աշխատել, արդյունավետ չես լինի, եթե թիմային աշխատանք չլինի: 

 

Քիմիաթերապիայի բաժնի թիմին միացա չորս տարի առաջ, մինչ այդ հիվանդանոցում հոգեբանի գործառույթները փորձում էին լրացնել ուռուցքաբանները: 

 

Պալիատիվ խնամք

 

Զբաղվում եմ նաեւ պալիատիվ խնամքի ոլորտում (լատիներեն՝ pallium՝ «ծածկոց», «թիկնոց» բառից. ամոքիչ օգնություն, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների խնդրին բախվող հիվանդների եւ նրանց ընտանիքների կյանքի որակը - խմբ.) կրթության զարգացմամբ: ԵՊՀ-ի Կիրառական հոգեբանության կենտրոնի թիմով ստեղծել ենք Պալիատիվ հոգեբանության ակադեմիական կուրս, որն այժմ կլինիկական հոգեբանների մագիստրոսական ծրագրի մաս է: 

 

Դասավանդման ընթացքում նաեւ նկատում եմ, որ շատերն են սկսել հետաքրքրվել, ավելի շատ կուրսային աշխատանքներ գրել հոգեուռուցքաբանության, պալիատիվ խնամքի թեմաներով: 

 

Նախածննդյան դեպրեսիայից մինչեւ պլաստիկ վիրահատություններ

 

Ցանկացած իրավիճակում, երբ մարդն առերեսվում է հիվանդության հետ, կամ նրա կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունենում, առաջանում է հոգեբանի ծառայության անհրաժեշտություն: 

 

Հաճախ են հանդիպում նախածննդյան եւ հետծննդյան դեպրեսիաները, ավելին՝ անգամ պլաստիկ վիրահատությունների դեպքում արժի, որ հոգեբանը մարդկանց հետ զրուցի սպասելիքների մասին:

Եվա Ասրիբաբայանը Եվա Ասրիբաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խրոնիկ հիվանդությունների դեպքում նույնպես հոգեբանական աջակցությունը կարեւոր է, քանի որ այն ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում եւ փոխում նրա կենսակերպը: 

 

Ներկայում հոգեբաններ են աշխատում պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանության ինստիտուտում, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, «Էրեբունի», «Արաբկիր» ԲԿ-ներում: 

 

Կարգավորում, ֆինանսավորում 

 

Հոգեբանության ոլորտը Հայաստանում որեւէ կերպ չի վերահսկվում եւ չունի իրավական կարգավորում: Իդեալական կարգավորման համար անհրաժեշտ է նախաձեռնել մասնագետների լիցենզավորման գործընթաց:

 

Շատերին հետաքրքրում է՝ հոգեբանությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի՞, թե՞ Առողջապահության նախարարության կարգավորման տիրույթում պետք է լինի: Ըստ իս՝ առողջապահության, քանի որ այն հասարակության հոգեկան առողջության տարրերից է, թեեւ բժշկական մասնագիտություն չէ: 

 

Ինչ վերաբերում է հոգեուռուցքաբանության ֆինանսավորմանը, ապա քանի որ այն բնակչությանը մատուցվող ծառայություն է, ճիշտ կլինի պետական ֆինանսավորման ապահովումը:

 

ԲՈՒԺՈՂ ԲԺԻՇԿԸ՝ ՀՈԳԵԲԱՆԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ 

 

Միքայելյան հիվանդանոցի քիմիաթերապեւտ Արմեն Ավագյան 

 

Հոգեբանի աշխատանքի արդյունքում հեշտանում է պացիենտի ու մեր շփումը: Լարվածությունը պակասում է, այն հարցերը, որը մենք չենք հասցնում քննարկել, հոգեբանի հետ զրույցից հետո ստանում են լիարժեք պատասխաններ: 

Արմեն Ավագյանը Արմեն Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաճախ նաեւ հոգեբանն է բժիշկներիս հուշում՝ պացիենտներին որ կողմից ավելի շատ ուշադրություն դարձնենք: 

 

Հոգեբանի կարիք ունեն բոլոր բժշկական կենտրոնները: Ընդ որում՝ աշխատանք է անհրաժեշտ ոչ միայն պացիենտի, այլեւ հարազատների հետ: Պատկերացրե՛ք վերակենդանացման բաժանմունքում պացիենտն ու բժիշկը փակված են ներսում, իսկ հարազատներն ամբողջ օրը կանգնած են փակ դռների հետեւում, եւ նրանց հետ ոչ ոք չի շփվում: Քանի որ բժիշկը ժամանակ չունի դուրս գալ՝ զրուցելու, այստեղ շատ կարեւոր է հոգեբանի դերը: 

 

Կարծում եմ՝ ֆինանսավորման խնդիրների պատճառով է, որ այս հարցին շատերը չեն ցանկանում անդրադառնալ, քանի որ վստահ են՝ հիվանդանոցները շատ ավելի կարեւոր խնդիրներ ունեն: 

 

Ամալի Խաչատրյան

Տաթեւ Հովհաննիսյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Armenian Psycho-Oncology Association-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին