Չեռնոբիլ. հայ զինվորը, անտեսանելի ռադիացիան եւ անվերջ 11 ամիսը - Mediamax.am

exclusive
6113 դիտում

Չեռնոբիլ. հայ զինվորը, անտեսանելի ռադիացիան եւ անվերջ 11 ամիսը


Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Գեւորգ Վարդանյանը 1986 թվականին
Գեւորգ Վարդանյանը 1986 թվականին

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Կառուցված սարկոֆագը
Կառուցված սարկոֆագը

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Գեւորգ Վարդանյանը
Գեւորգ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Վարդանյանը
Գեւորգ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Վարդանյանը
Գեւորգ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթարը մարդկության պատմության մեջ խոշորագույն միջուկային աղետներից մեկն է, որի հետեւանքները մեղմելու համար Խորհրդային միության երկրներից բազմաթիվ մարդիկ համախմբեցին։ 2019 թվականին Չեռնոբիլի վթարի մասին հիշելու առիթ դարձավ ամերիկյան HBO ընկերության նկարահանած համանուն սերիալը:

 

Հայերն առաջիններից էին, որ հայտնվեցին վթարված ատոմակայանում եւ դրա շրջակայքի ամայացած բնակավայրերում։ Պաշտոնական տվյալներով՝ 1986-1990 թվականներին Հայաստանից աշխատանքներին մասնակցել է 3 հազարից ավելի մարդ։ Այժմ Հայաստանում աշխատանքներին մասնակից շուրջ 1 000 մարդ է ապրում։

 

Մեդիամաքսի հետ զրույցում Հայաստանի «Չերնոբիլ» միություն հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Վարդանյանը տարիներ անց վերհիշել է, թե ինչպես է հայտնվել Չերնոբիլում եւ 11 ամիս աշխատել այնտեղ։ Հայաստան վերադառնալուց հետո նա ընդունվել է Երեւանի պետական համալսարան եւ իրավաբանի մասնագիտություն ստացել։ 

 

Խորհրդավոր գործուղումը

 

Խորհրդային բանակի ժամկետային զինծառայող էի, Լիտվայում էի ծառայում։ Չերնոբիլի աղետի ժամանակ որպես դասակի հրամանատար վերապատրաստում էի անցնում ուսումնական զորամասում՝ Նովոսիբիրսկ քաղաքում։ Ուսումնական փուլն անցնելուց հետո մեզ համապատասխան կոչումներ տվեցին եւ հետ ուղարկեցին մեր զորամասեր։ 

Գեւորգ Վարդանյանը 1986 թվականին Գեւորգ Վարդանյանը 1986 թվականին

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Մի օր հրաման եկավ, որ մայորի հետ պետք է գործուղման մեկնեմ։ Հարցրեցի՝ ո՞ւր, ասացին՝ Մոսկվա։ Դե պարզ է՝ չէին ասում կոնկրետ։ Գնացի մայորի հետ հանդիպման, այնտեղ ականջիս հասավ, որ արտասովոր տեղ են ուղարկում։ Մայորն  էլ կոնկրետ չասաց, թե ուր ենք գնում։ Գնացքով հասանք Ուկրաինա՝ «Տետերեւ» կայարան, դուրս եկանք, մարդաշատ մեծ հավաքատեղի էր։ Մայորը դիմեց, փաստաթղթերը լրացրեց, ավտոբուս նստեցինք եւ երբ հասանք անցակետի մոտ, այդ ժամանակ միայն նկատեցի, որ մարդիկ դիմակներ դրեցին։ Մայորն ասաց՝ ամեն բան նորմալ է, մի անհանգստացիր։ Արդեն փշալարերի մոտ տեսա «դոզիմետրիկներին»՝ քիմիական հագուստներով, մեքենաներն էին լվանում։ Քանի որ արդեն լսել էի, որ Չերնոբիլի ատոմակայանում վթար է եղել, հասկացա՝ ուր ենք գնում։ Բայց որեւէ մեկը մանրամասներին տեղյակ չէր, չգիտեինք՝ ինչ վտանգի մասին է խոսքը եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ 

 

Առաջին «ռադիացիան»

 

Ավտոբուսն ամայի գյուղերի միջով էր անցնում, բոլոր տները դատարկ էին։ Մոտ երկու ամիս էր անցել վթարից։ 

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Հասանք Չերնոբիլ քաղաք՝ մանկական տուն-ինտերնատի մոտ։ Տեսանք, որ պատուհանների տակ բեռնատար մեքենաներ էին կանգնած, վերեւից մանկական մահճակալներն ու սենյակի մյուս կահույքը նետում էին դրանց մեջ։ Մի մասը գետնին էր ընկնում, հետո լցնում էին մեքենան եւ տանում։ Ասացին, որ գույքը դատարկում են, որպեսզի զորամաս տեղակայեն։ Այդ կահույքն արդեն ախտահարված էր։ 

Գեւորգ Վարդանյանը Գեւորգ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկզբնական շրջանում այդ տուն-ինտերնատում զինվորականներին տեղակայելու աշխատանքներն էինք կատարում։ Նրանք պետք է այդտեղ բնակվեին, սնվեին ու այդտեղից մեկնեին ատոմակայանում աշխատանքներ անելու։ 

 

Ես, հիմնականում, կազմակերպչական աշխատանքներ էի անում, քանի որ դասակի հրամանատարի կոչում ունեի։ Հետագայում զբաղվում էի նաեւ սննդի տեղափոխմամբ. ատոմակայանի մոտ, որտեղ աշխատում էին մարդիկ, ճաշարան կար, որի համար սնունդ եւ այլ անհրաժեշտ իրեր էինք մատակարարում։ 

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Վրանային թաղամասեր էլ էին ձեւավորվել անտառների մեջ։ Սկզբնական աշխատանքները փորձում էին զինծառայողների օգնությամբ կատարել, բայց կարճ ժամանակ անց հասկացան, որ մասնագետներ են հարկավոր։ Մեծ ուժեր ներգրավեցին, երբ սկսեցին սարկոֆագի կառուցումը։ Ատոմակայանում աշխատանքների առաջին երկու-երեք ամիսներին ներգրավված ժամկետային զինծառայողների մոտ սկսել էին լուրջ առողջական խնդիրներ ի հայտ գալ։ 

Կառուցված սարկոֆագը Կառուցված սարկոֆագը

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

«Ռադիացիան» (ռադիոակտիվ ճառագայթում) ամենուր էր եւ անտեսանելի։ Միայն ցուցանակները եւ փշալարերն էին հուշում վտանգի մասին։ Կային մարդիկ, ովքեր այդ տարածքում մեկ րոպե կանգնելու կամ ծառի տակ հինգ րոպե պառկելու հնարավոր հետեւանքների մասին տարրական գիտելիքներ չունենալով՝ վտանգում էին իրենց կյանքն ու առողջությունը։  

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Ռադիոակտիվ 11 ամիսը

 

Չերնոբիլում մնացել եմ մոտ 11 ամիս, բոլորը զարմանում էին, քանի որ առավելագույնը 3-4 ամիս էին պահում։ Հրամանատարներն ասում էին՝ քեզ ինչո՞ւ են այսքան երկար պահել այստեղ, ասում էի՝ երեւի շատ եմ դուր գալիս իրենց։ 

 

Հենց տեղում առողջական խնդիրներ առաջացան. ցավեր ունեի, քթիցս պարբերաբար արյուն էր հոսում, ինչպես նաեւ մատներս էին ճաքճքել եւ արյուն էր գալիս։ Անգամ չէի կարողանում հագուստս հագնել։ Գնում էի պահեստից ապրանք դուրս գրելու, վերադառնում էի, «դոզիմետրով» մի քանի անգամ ստուգում ու կտրոն էին տալիս, որ հագուստս փոխեմ։ Երբ տեսնում էին, որ ռադիացիան շատ բարձր է, ուղարկում էին սառը ջրով եւ օճառով լողանալու։ Օրվա ընթացքում 2-3 անգամ կարող էի հագուստ փոխել։ Հետագայում հսկողությունը թուլացրեցին։ 

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Հատուկ սարքեր կային, որ կպցնում էինք մեր հագուստին, մեկ շաբաթ հետո դրանք տանում էին ստուգման, որ տեսնեին, թե որքան է մարդը ճառագայթում ստացել, սակայն թվերը ճշգրիտ չէին գրում։ Երբ փաստաթղթերը տալիս էին, որ տանեի հատուկ կետ, որտեղ պետք է կնքեին, որպեսզի զորացրվեի, նկատեցի, որ ստացած ճառագայթման մասին տեղեկանքում սիմվոլիկ թվեր էին գրում։ Հետագայում Կիեւում հաշվարկեցին իմ ստացած ճառագայթումը եւ այդ թիվը կազմել էր 109 ռենտգեն, մինչդեռ փաստաթղթերիս մեջ 26,4 էին գրել։ 

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Հետեւանքների մեղման աշխատանքները

 

Հայաստանում Ուկրաինայի դեսպանները միշտ ասել են, որ հայերը առաջիններից էին, որ հասել են օգնության։ Շատ կարեւոր աշխատանքներ հենց հայերին էին վստահում, նրանք էլ համաձայնում էին աշխատել ամենավտանգավոր վայրերում։ 

 

Մարդիկ աշխատում էին առանց «գլուխ պահելու»։ Մի օր կարող էին խողովակներ անցկացնել, հաջորդ օրը՝ բետոնալցման, հողի հարթեցման աշխատանքներ անել։ Կային վարորդներ, կռունկավարներ, շինարարներ, ինչպես նաեւ հատուկ գործուղված մասնագետներ, օրինակ՝ ատոմակայանների աշխատակիցներ, ամենօրյա չափումներ անող «դոզիմետրիկներ», քիմպաշտպանության փորձագետներ։ 

Լուսանկարը` Գ. Վարդանյանի արխիվից

Մարդիկ էին ներգրավվել, որոնք վրանային տեղամասեր հիմնելու համար անտառում ծառերն էին կտրում եւ տարածք ազատում, «տրակտորիստները» հողի շերտն էին հավաքում։ 

 

Արտասահմանից ռոբոտ էին բերել, որ մաքրի տանիքը, որտեղ վթարից հետո մեծ քանակությամբ ուրան էր թափված, բայց այն չաշխատեց։ Զինծառայողներին ներգրավվել էին, որպեսզի ուղղաթիռներից պարկերով արճիճ նետեն պայթած ռեակտորի մեջ, որպեսզի շատ ճառագայթ դուրս չգա։ «Արփա-Սեւանից» էին մասնագետներ ներգրավվել, թունելներ էին փորում, մտածում էին ռեակտորը թաղելու մասին, բայց քանի որ այդտեղով ջուր էր հոսում, շիկացած ռեակտորը կարող էր ջրածնային ռումբի վերածվել։ 

 

Ամեն ինչ անում էին, որ արդյունքի հասնեին, բայց երբ տեսան, որ չի ստացվում, որոշվեց սարկոֆագի կառուցումը։ Դրա շինարարական աշխատանքներին եւս հայեր մասնակցեցին։

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Ատոմակայանի աշխատանքներից մարդիկ վերադառնում էին գունատ, քնկոտ, տեղ էին փնտրում, որ կարողանային քնել։  Այնտեղից վերադառնալուց հետո, ոմանք ստացել են թե՛ ֆիզիկական թե՛ հոգեկան խեղումներ։ Ոմանք նաեւ առողջական խնդիրներով երեխաներ լույս աշխարհ բերեցին։ 

 

ՉԱԷԿ-ի տված «նվերները»

 

Ռադիացված տարածքում աշխատանքն առաջնային ազդում է իմունային համակարգի վրա, թուլացնում է այն։ Առողջական խնդիրներն ի հայտ են գալիս այն օրգաններում, որոնք ի սկզբանե թույլ են։ Այս տարիների ընթացքում, երբ փորձել եմ շփվել Չերնոբիլի վթարից հետո այնտեղ աշխատած հիվանդ մարդկանց հետ, հասկացել եմ, որ այդ ամենը, բացի ֆիզիկական առողջության խնդիրներից նաեւ հոգեկան լուրջ հետեւանքներ է թողել։ 

Գեւորգ Վարդանյանը Գեւորգ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանում՝ Ճառագայթային բժշկության կենտրոնում, բացումից հետո, առաջնային սկսեցին ընդունել Չերնոբիլի վթարից հետո այնտեղ աշխատած մարդկանց։ Դիսպանսեր հսկողություն սահմանվեց, մասնակիցներն անձնական քարտեր ունեն՝ ամբուլատոր ստուգումներ եւ բուժում անցնելու համար: Մինչ օրս կենտրոնը, պետպատվերի շրջանակներում, սպասարկում է այդ մարդկանց։ 

 

Պետության վերաբերմունքը

 

Որքան տարիները «հեռանում են» այդ դեպքերից, խնդիրներն այնքան ավելանում են։ Պետության վերաբերմունքն էլ, այսպես ասած, «սառչում» է։ Ուրախալին այն է, որ վերջին շրջանում մի քիչ աշխուժություն է նկատվում։ 2007թ․-ին աղետից հետո կատարված աշխատանքների մասնակիցների սոցիալական պաշտպանվածության մասին օրենքի նախագիծ էր ներկայացվել, որի մշակմանը ես էլ եմ մասնակցել, բայց գործընթացը սառեցվել է։ Հիմա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից դարձյալ ուզել են նախագիծը, շատ լավ կլինի, եթե այդպիսի օրենք ընդունվի, որպեսզի մենք ոչ թե կառավարության որոշմամբ, այլ օրենքով պաշտպանված լինենք։  

Գեւորգ Վարդանյանը Գեւորգ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ մարդիկ իրենց պարտականությունները կատարել են խիզախաբար, իրենց կյանքի եւ առողջության գնով, եւ իրենք ուշադրության կարիք ունեն։ Մենք չենք ասում բոլորից առավել ենք, բայց յուրաքանչյուրս էլ ցանկանում ենք հասարակության մեջ յուրովի ուշադրության արժանանալ։ 

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին