Երեք գաղթական հայի պատմություն «մարդակեր» Ամերիկայից - Mediamax.am

exclusive
15531 դիտում

Երեք գաղթական հայի պատմություն «մարդակեր» Ամերիկայից


Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz

Լուսանկարը` Rinzi Ruiz


«25 տոկոսը շատ զորավոր է»

 

Լոս Անջելեսի օդանավակայանում ինքնաթիռի իջնելուց հետո երեքուկես ժամ սպասեցի հերթում, մինչեւ անցագրային բաժին հասնելը, թեեւ, ինչպես վերջում պարզվեց, իմ ներգաղթային մուտքի արտոնագրի տեսակն ինձ թույլ էր տալիս մոտենալու հատուկ պատուհանին, որը գրեթե միշտ ազատ էր: Դա նշանակում էր, որ իզուր էի երեքուկես ժամ հերթ կանգնել: Ես չէի բողոքի իմ «հայի բախտից», եթե մինչ հերթ կանգնելը երկու տարբեր աշխատակցից հարցրած չլինեի՝ արդյոք ճի՞շտ գծում եմ կանգնած: Ինչեւէ, եղածը եղած էր, հիմա, երբ հերթս գրեթե հասել էր, միակ մտավախությունս այն էր, որ հանկարծ խիստ դեմքով, ոչ սովորական արտաքինով անցագրային աշխատակցի մոտ չընկնեմ, որի կեռ հոնքերը դեռ հերթի մյուս ծայրից էի նկատել: Բայց այստեղ էլ , ինչպես այդ ժամանակ էր ինձ թվում, բախտս չբերեց: Մինչ ես զննում էի նրա արտաքինը, նա բղավեց. «Հաջորդը, խնդրեմ»:

 

Հաջորդը ես էի: Նրա ազգությունը շատ դժվար էր որոշել: Նա ե՛ւ շեղ աչքերով էր, ե՛ւ միեւնույն ժամանակ ընդգծված սեւ, լայն բիբերով: Կարծես ճապոնացի էր, բայց միաժամանակ բոլորովին նման չէր ճապոնացու: Ինքս ինձ արձանագրեցի, որ հանդիպածս ամենայուրօրինակ ճապոնացին է, եւ մարտական քայլերով մոտեցա պատուհանին:

 

Ի զարմանս ինձ՝ խիստ հայացքով աշխատակիցը շատ բարեհամբույր էր: Նրա՝ «Ի՞նչ նպատակով եք ժամանել ԱՄՆ» հարցին մի քանի հերթապահ պատասխան տալուց հետո ասացի, որ այցիս ընթացքում նաեւ շատ եմ ուզում տեսնել Վիլյամ Սարոյանի թանգարանը: Դեռ խոսքս չէի ավարտել, երբ աշխատակիցը զգացմունքային շեշտադրությամբ բացականչեց.

 

- Օ՜, այդ մեծ գրողը, «Մարդկային կատակերգությունը», «Քո կյանքի ժամերը»...

 

Ինչ խոսք, ես հաճելիորեն անակնկալի եկա: Եվ մենք սկսեցինք զրուցել Սարոյանից՝ մոռանալով, թե ինչ առիթով ենք հանդիպել: Իմ հասցեին մի քանի հաճոյախոսություն լսելուց հետո ասացի.

 

- Դուք շատ բարեհամբույր ու բարի մարդ եք, սըր:

 

- Միգուցե դա իմ ազգանունից է,- խորամանկ ժպիտով ասաց նա:

 

Եվ միայն այդ պահին ես տեսա, կարդացի ու զարմացա, թե ինչպես օտար ափերում ամենուր հայեր փնտրող իմ աչքերը մինչեւ հիմա չէին նկատել վերնաշապիկի վրա փակցված «Բայանդուրյան» ազգանունը: Միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչու էր այդքան շատ սիրում Սարոյանին, եւ ինչու ճապոնացի լինելով՝ բոլորովին նման չէր ճապոնացու:

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

- Մի՛ զարմացեք,- իմ ապշած դեմքը տեսնելով՝ ասաց պարոն Բայանդուրյանը,- ազգանունս ժառանգել եմ հորական պապիկիցս, որը Ցեղասպանությունից մազապուրծ 1915 թվականին հայերի սուրբ քաղաքն է հասել՝ «Էչի-միա-ցին»,- վանկ առ վանկ ասաց նա,- հետո այնտեղից էլ ամերիկյան որբանոցի հետ ԱՄՆ է տեղափոխվել, ամուսնացել ճապոնացի տատիս հետ ու աշխատանքի անցել ամերիկյան նավատորմում: Հայ պապս մեծ մարդ էր: Հինգ տարեկան հայ որբին հաջողվեց դառնալ ամերիկյան նավատորմի գնդապետ-հրամանատար:

 

- Իսկ Ձեր հայրը՞...

 

- Հայրս նույնպես ամուսնացավ ճապոնացու հետ, բայց գնդապետ չդարձավ,- կատակեց ճապոնահայը,- հայրս եւ ես բավարարվեցինք նավատորմի սպա լինելով, իսկ այսօր ես այստեղ եմ:

 

- Դե սա էլ պատվաբեր գործ է:

 

- Գուցե, բայց ես շատ եմ կարոտում ծովը: Այս գործի լավ կողմն այն է, որ գրեթե ամեն օր հայերի եմ հանդիպում, իհարկե, ոչ բոլորի հետ եմ այսքան երկար զրուցում, բայց մի քանի բառ փոխանակելուց անգամ կարոտս առնում եմ: Պապիկիս կարոտը, հայ պապիկիս կարոտը: 

 

- Կարծում եմ՝ հայերի բախտն իսկապես բերում է, երբ Ձեզ մոտ են ընկնում,- ասացի ես,- ինչպես նաեւ՝ ճապոնացիներինը:

 

- Ես սիրում եմ ճապոնացիներին ու Ճապոնիան, բայց... Դուք գուցե զարմանաք. թեեւ 75 տոկոսով ճապոնացի եմ, բայց ինձ ավելի շատ հայ եմ զգում: Իմ հարազատներն ինձ չեն հասկանում, ոչ ոք ինձ չի հասկանում իմ շրջապատում: Ինձ ասում են՝ դու ընդամենը 25 տոկոսով ես հայ, երբեք չես եղել այդ երկրում, ինչո՞ւ ես քեզ հայ համարում: Բայց ահա թե ինչ կասեմ ես նրանց եւ բոլորին... այդ 25 տոկոսը երբեմն շատ զորավոր է: Երբ պապիկս ինձ համար կարդում էր Սարոյանի հայերի մասին պատմող գործերը, ես դեռ այն ժամանակ զգում էի, որ այդ ազգի մի մասնիկն եմ, «խենթ հայը», ինչպես ասում էր մեծ գրողը: Սարոյանը, որ մի ամբողջ ազգի, ԱՄՆ-ում հայի հաղթանակի խորհրդանիշն էր դարձել...

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

Վերջին նախադասությունը ինքն իրեն ասաց:

 

- Գիտեք, ես այնքան երջանիկ եմ, որ հենց Ձեր պատուհանին մոտեցա եւ առիթ ունեցա Ձեզ հետ ծանոթանալու:

 

- Այդ ես եմ ուրախ եւ շնորհակալ, որ զրուցեցիք ինձ հետ: Ինչպես մեր սիրելի գրողն էր ասում. «...Եթե երկու հայ երկրի որեւէ մասում հանդիպեն, կստեղծեն նոր Հայաստան»,- ասաց ու զրնգուն ձայնով բարձրաձայն ծիծաղեց պարոն Բայանդուրյանը:

 

Մինչ ես հուզմունքս հաղթահարած ցանկանում էի պատասխանել նրան, մեզ մոտեցավ մի սպա եւ ցածրաձայն ինչ-որ բան ասաց նրա ականջին: Հավանաբար մեր զրույցը երկարել էր, եւ սպան ճշտում էր՝ արդյոք ինչ-որ խնդի՞ր կա: Բայանդուրյանը նայեց սպայի աչքերի մեջ եւ ասաց.

 

- Ոչ, մի՛ անհանգստացիր, Ջեք, ամեն բան կարգին է, ես պարզապես հայրենակցիս եմ հանդիպել:

 

Մի քանի հաճոյախոսություն եւս փոխանակելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք իրար: Արդեն հետեւիցս բղավեց.

 

- Երբ վերադառնաս, բարեւի՛ր Հայաստանին եւ ասա, որ Բայանդուրյանն անպատճառ մի օր գալու է տեսնելու իր հայ պապի հայրենիքը:

 

- Անպայման,- ասացի ես,- Հայաստանը միշտ ունի Ձեզ նման հայի կարիքը:

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

Թաց աչքերով, առանց կոնկրետ պատճառի, բայց լիարժեք երջանիկ գնում էի վերցնելու ուղեբեռս: 17 ժամ տեւած թռիչքից, Դոհայի օդանավակայանում 4 ժամ սպասելուց եւ երեքուկես ժամ հերթ կանգնելուց հետո առաջացած հոգնածությունս իսպառ չքվել էր, որովհետեւ այս մեծ աշխարհի բազմազգ հատվածում հանդիպել էի հայրենակցիս: Եվ շատ շնորհակալ էի «հայի բախտին», որ ինձ կանգնեցրեց հերթի սխալ գծում:

 

«Արյունն ի՞նչ կարեւոր է»

 

Ամերիկահայերը «մոլերի» մոլի սիրահարներ են: Լոս Անջելեսի այդ մեծ հանրախանութներում, իհարկե, կարելի է յուրաքանչյուր ազգության մարդու հանդիպել, սակայն հայերը գերակշիռ մաս են կազմում ոչ միայն գնորդների, այլեւ վաճառողների շրջանում: Եվ բնականաբար, «մոլերում» ամենից շատ հնչող լեզուն հայերենն է, այնպես որ, ինձ համար շատ սովորական թվաց, երբ արեւմտահայերեն լսեցի տարիքով մի զույգի խոսակցություն․

 

«Ան մարմնով շատ պըզդիկ է, S-ը (հագուստի փոքր չափսը) փնտրիր»:

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

Եվ քանի որ ԱՄՆ-ը երկիր է, որտեղ XS չափսն անգամ ինձ վրա շատ մեծ է, Լոս Անջելես կատարած այցիս վերջում արդեն անգիր գիտեի, թե որ խանութի որ մասում են գտնվում ամենափոքր չափսերի հագուստները: Որոշեցի կուտակածս փորձը կիսել նրանց հետ եւ ոչ միայն ցույց տվեցի, թե այդ խանութի որ հատվածում փնտրեն փոքր չափսի հագուստ, այլեւ հուշեցի, թե «մոլի» որ խանութներում կարելի է փնտրել: Արեւմտահայ ամուսնական զույգը ե՛ւ շնորհակալ էր, ե՛ւ զարմացած, որ տեղաբնակ չլինելով՝ այդչափ տեղեկացված եմ «մոլերի անցուդարձից», իսկ երբ իմացան, որ Երեւանից եմ, սկսեցին հարցախեղդ անել: 

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

Ինչպե՞ս է քաղաքական իրավիճակը Հայաստանում, ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո, մարդկանց սոցիալական վիճակն ինչպե՞ս է: Սակայն հարցերի ամենամեծ քանակն ուղղված էր բանակին եւ սահմանում տիրող վիճակին, եւ հարցադրումներն այնքան մանրակրկիտ էին ու շատ, որ ես ակամայից հարցրի.

 

- Հավանաբար բարեկա՞մ ունեք բանակում:

 

- Ոչ,- ասաց ամերիկահայ տիկինը,- մենք առհասարակ բարեկամ-հարազատներ չունինք այդտեղ: Իմ ծնողները Լիբանանից հոս եկած են, ամուսնուս ընտանիքը՝ Սպահանից: Հայաստանում մարդ չունինք:

 

Ես մտածեցի, որ շատ անտակտ կհնչի հարցս, թե այդ դեպքում ինչո՞ւ եք այդ աստիճանի հետաքրքրված բանակով, եւ այդ պատճառով մի քանի վայրկյան լռություն տիրեց: Սփյուռքահայ տիկինը որոշեց խախտել լռությունը․

 

- Հայաստան ոչ մեկ չունինք, բայց մեր տղան կուզե երթալ Հայաստան ծառայելու: Կրնա՞ս պատկերացնել:

 

- Մեր միակ զավակն է Աբգարիկը եւ կուզե մեզի ձգե,- հավելեց ամուսինը:

 

- Անդեր-անդիրական, ի՞նչ պիդի ընէ էդտեղ: 

 

Ամուսինները, իրար հերթ չտալով, իրենց անհանգստությունների մասին էին պատմում: Իրենց 16 տարեկան տղան մեկ անգամ էր եղել հայրենիքում՝ 5 տարի առաջ: Շատ անհանգիստ էին, թե մեն-մենակ ի՞նչ էր անելու Հայաստանում, ինչպե՞ս էր ծառայելու իր համար օտար երկրում:

 

- «Մոնթեն ալ ոչ ոք չուներ Հայաստան, բայց եկավ ու միանգամից կռվի բերան գնաց, իսկ դուք ինձ բանակ երթալ չեք թողներ»,- ամբողջ օրը կսե Աբգարիկս: Չի հասկնար, որ ինքը մեր մինուճարն է:

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

Ինչպես պարզվեց, Դալարն ու Ավետիսը երկար ժամանակ երազել էին երեխա ունենալու մասին, բայց ապարդյուն: Եվ հետո հրաշք էր տեղի ունեցել:

 

- Աստված մեզ Աբգարիկին նվեր տվավ:

 

Դալարը պատմեց, որ Աբգարիկի սենյակի չորս պատին ամբողջությամբ հայ հերոսների, ֆիդայիների ու ազատամարտիկների նկարներ են փակցված: Բոլորին էլ շատ է սիրում Աբգարիկը, բայց Մոնթեն ու Նժդեհն ուրիշ նշանակություն ունեն իր համար: Հետո դարձավ ամուսնուն եւ ասաց, որ նա է մեղավոր տղայի՝ հայկական բանակում ծառայելու որոշման համար, որովհետեւ դեռ փոքր տարիքից իրենց տղային հայոց պատմության եւ հայ հերոսների մասին է պատմել:

 

- Դուն ալ քո մեղքի բաժինն ունիս,- վրա բերեց ամուսինը,- դուն ալ օրնիբուն հայրենասիրական երգեր կերգեիր:

 

Ես նրանց ասացի, որ իրականում շատ ճիշտ եւ ազգապահպան դաստիարակություն են տվել իրենց տղային, եւ դա միայն հիացմունքի է արժանի:

 

- Է՜հ, աղջիկս, ո՞ւմ է պետք: 51 քազըն ունի Աբգարիկը, անոնց կեսն անգամ չի հիշեր, որ հայ է, մեկ անգամ եղած լինեն, թե չէ, իսկ մեր խենթը կուզե երթալ կյանքը հայրենիքի համար զոհելու… Լսել ենք, որ Ձեզ մոտ սահմանին անընդմեջ թուրքերը կկրակեն: 

 

- Միշտ ալ Հայաստանի մասին կխոսեր, բայց երբ 2013-ին բերինք Երեւան, Հայաստանի տենդը մեջը մտավ:

 

Ծնողները շատ էին փորձել հետ պահել նրան հայկական բանակում ծառայելու մտքից, բայց չէր ստացվել. իր որոշման մեջ անդրդվելի Աբգարիկը ճշտել էր, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի այլ երկրի քաղաքացին ծառայի ՀՀ բանակում, եւ ավագ դպրոցն ավարտելուց հետո արդեն այս աշնանը պատրաստվում է գալ Հայաստան՝ դառնալու զորակոչիկ:

 

- Կուզե՞ս Աբգարիկի նկարը ցույց տամ, գիտե՞ս Աբգար ում անունն է: Առաջին քրիստոնյա թագավորի, բոլորը կկարծեն՝ Տրդատն է եղել, բայց հայ թագավոր Աբգարն անկե ավելի շուտ է Քրիստոսին ընդունել:

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

Սփյուռքահայերին, հատկապես՝ հնաբնակներին, միշտ թվում է, որ իրենք արեւելահայերից ավելի լավ գիտեն հայոց պատմությունը: Մինչ ես մտածում էի այդ մասին, Դալարը հանեց Աբգարիկի նկարը: Դալարն ու Ավետիսը թուխ մաշկով, սեւ մազերով եւ սեւ աչքերով էին, եւ ես շատ զարմացա, երբ նկարում տեսա կապուտաչյա, շեկ մազերով, երջանիկ լայն ժպիտով տիպիկ ամերիկացու: Հավանաբար, իսկապես շատ էի զարմացել:

 

- Դուն ալ ապշեցիր, բոլորը կզարմանան: Աստված Աբգարիկին մեզի նվեր տվավ, բայց ան մեր տղան չէ: Նրա մեջ հայու արյուն չկա, բայց ան մաքուր հայ է: Արյունն ինչ կարեւոր է, երբ հոգիդ հայի է:

 

Դալարը սկսեց լաց լինել, որովհետեւ երկար տանջանքներից հետո Աստված իրենց նվեր էր տվել: Եվ այդ «նվերը», որի մեջ ոչ մի գրամ հայկական արյուն չէր հոսում, շուտով հեռանալու էր իրենցից, որպեսզի ծառայի հայկական բանակում՝ իրենց պատմական հայրենիքի բանակում: Ես հիշեցի, որ Աբգարիկի 51 հայ քազընների մեծ մասն անգամ Հայաստանի տեղը չգիտի, եւ գրկեցի Դալարին, հետո՝ Ավետիսին: 

 

- Դուք ճիշտ եք, կարեւորը՝ հոգին հայկական է:

 

Եվ իմ լացն էլ եկավ:

 

«Երբ թակարդում ես, ավելի լավ է լինես հայրենակցիդ հետ»

 

Ինչպես արդեն ասացի, բոլորովին էլ զարմանալի չէ, երբ Լոս Անջելեսի ամենատարբեր անկյուններում հանդիպում ես հայի, բայց մի փոքր անսպասելի էր, երբ Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տաքսիի մեջ անգլերեն հնչեց «Դուք հա՞յ եք» հարցը: Վարորդն այնքան էլ նման չէր հայի, այդ պատճառով ես ու զարմուհիս, անակնկալի եկած, պատասխանեցինք. «Այո, իսկ Դո՞ւք» :

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

- Ես նույնպես,- պատասխանեց վարորդը,- անունս Ստեփան է, հայերեն բոլորովին չգիտեմ, չեմ էլ հասկանում, բայց երբ կողքիս խոսում են, միանգամից հասկանում եմ, որ հայերեն է: Այն միանգամից տարբերվում է, որովհետեւ հայերենը լեզու չէ, այն կարծես մեղեդի է: Մեծ տատիկիս լեզուն է, մեր տանը միայն նա էր հայերեն խոսում: Մանկությանս լեզուն է, այդ պատճառով է հավանաբար այդքան թանկ:

 

Ստեփանը ծնվել-մեծացել էր Բուենոս Այրեսում, ամբողջովին հայկական ընտանիքում: 1990 թվականին տեղափոխվել էր Վեգաս եւ, ինչպես հաճախ է պատահում, չգտնելով իր բարձրագույն կրթությանը համապատասխան աշխատանք՝ սկսել էր տաքսի քշել: Զարմուհուս հարցին՝ «Բայց սա եկամտաբեր աշխատանք է, չէ՞»,- նա պատասխանեց.

 

- Առաջ, այո՛, եկամտաբեր էր, հիմա շատ բան է փոխվել ԱՄՆ-ում եւ դեպի վատը: Օբաման ամեն ինչ փչացրեց, տնտեսությունը քայքայեց, այս շիկահեր խեղկատակն էլ, փոխանակ խելքի բերի երկիրը, պատեր է կառուցում:

 

Մինչ ես մտածում էի, որ հայերն ամենուր են քաղաքականացված եւ միշտ են բողոքում, կապ չունի, թե ղեկավարն ով է, Ստեփանը գերզգայուն ձայնով շարունակեց բողոքը.

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

- Ամերիկան առհասարակ «մարդակեր ճահիճ» է, գեղեցիկ, վառ գույներով, լայն ժպիտով փաթեթավորված մարդակեր, որն անհատից խլում է լավագույնը, ամենաթանկը, խլում է ամենանվիրական բաները եւ, որ ամենակարեւորն է, խլում է ապրելու ժամանակը… Ինձնից խլեց նաեւ իմ տղային: Ես 29 տարի է՝ խելագարի պես աշխատում եմ, որ ընտանիքս լավ ապրի, իսկ վերջում պարզվեց՝ ես աշխատել եմ, որպեսզի տղաս թմրամոլ դառնա:

 

Ստեփանի երկու տղաներից կրտսերը նրա մեծագույն ցավն էր, խոսելիս աչքերը լցրեց: Տղային մի քանի անգամ փորձել էին փրկել, 4 անգամ տարել էին «ռիհաբ» (վայր, որտեղ բուժում են կախվածություններ ունեցող մարդկանց), բայց ապարդյուն: Նրան մխիթարելու համար ասացի, որ թմրամոլությունը հիմա ամենուր է, նաեւ Հայաստանում:

 

- Այո՛, բայց այստեղ այն համատարած է: Ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Հատուկ մասնագիտություն է ստեղծվել, կան մարդիկ, որոնք երիտասարդներին թմրամոլ են դարձնում: Գուցե թմրամոլությունն ամենուր է, բայց ոչ մի երկիր չունի այն հնարավորությունները, հասանելիությունն ու լիակատար ազատությունը, որ սիրահոժար տալիս է ԱՄՆ-ը:

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

 

Տղային վերջին անգամ 3 շաբաթ առաջ էր տեսել: Ստեփանի կինը փորձել էր չթողնել, որ տղան դուրս գա տնից, նա էլ ուժով հրել էր մորը, իսկ երբ խառնվել էր հայրը, դանակով հարվածներ էր հասցրել հոր ձեռքերին: Այդպիսի բան դեռ չէր եղել: Տաքսին նստելուն պես նկատել էինք, որ վարորդի երկու ձեռքն էլ վիրակապված է: 

 

- Իսկ ինչպե՞ս եք քշում, չի՞ ցավում:

 

- Շատ է ցավում, բայց չքշելու տարբերակ չունեմ, մեծ տղաս արդեն իր ընտանիքն ունի, կինս չի աշխատում, իսկ մենք պիտի ապրենք: Կինս իռլանդուհի է: Ասում են, թե նրանք աշխատասեր են: Սուտ է: Կինս ու իր բոլոր բարեկամները շատ ծույլ են: Թեեւ իրենք էլ իրենց հերթին կարծում են, որ ես եմ ավելորդ աշխատասեր: 

 

Պատկերացնո՞ւմ եք, սա մի տարօրինակ երկիր է, որտեղ աշխատասիրության համար անգամ հիվանդություն կա հորինված՝ workaholics: Ուրեմն նշանակում է… Իմ ամբողջ ընտանիքը, բոլոր անդամները հիվանդներ են… Բայց ես չեմ դժգոհում, դեռ լավ է՝ կինս իռլանդուհի է, նրանք մեզ նման տաք, զգայուն ազգ են… Թեեւ, եթե անկեղծ լինեմ, ինձ թվում է… Եթե կինս հայ լիներ, իմ ընտանիքը հիմա այլ վիճակում կլիներ: Աշխարհի բոլոր մայրերն են պաշտում իրենց երեխաներին, բայց հայ մայրերն ուրիշ են, կյանքն էլ կզոհեն, բայց իրենց երեխային կփրկեն: Ինձ թվում է, ես ու կինս շատ մեղավոր ենք, որ մեր տղան… 

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

Ստեփանը հուզվեց եւ չավարտեց միտքը: Փոխարենն արտահայտվեց խոսակցության ընթացքում գրեթե լուռ զարմուհիս:

 

- Գիտե՞ք, մի մեղադրեք ո՛չ Ձեզ, ո՛չ Ձեր կնոջը: Նախկին ամուսնուս ծնողները էլ հայ են, եւ հավատացեք, նրանք իսկապես հոգատար, հրաշալի ծնողներ են եղել, բայց նրանց տղան նույնպես գնաց սխալ ճանապարհով: Ես ինքս հանուն երեխաների 10-ը տարի ապրել եմ նրա հետ, արել հնարավոր ամեն բան նրան դարձի բերելու համար… Ամեն բան, բայց ոչինչ չստացվեց: Իսկ թմրամոլի հետ ապրել ու այնպես անել, որ երեխաներդ էլ դա չնկատեն, մեղմ ասած, այնքան էլ հեշտ չէր: Ինչ-որ պահի ես չդիմացա ու ամուսնալուծվեցի, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկն իրավունք ունի ինձ մեղադրելու, որովհետեւ ես դա արել եմ առաջին հերթին հենց երեխաներիս համար: 

 

Տիրեց լռություն, ես հասկանում էի, որ այս պահին պետք է ինչ-որ բան ասեմ, քանի որ զարմուհիս ու Ստեփանը երկուսն էլ գերհուզված էին: Բայց ես նույնպես կարկամել էի, քանի որ գերդաստանում զարմուհիս հայտնի էր իր հավերժական զվարթությամբ ու անդարդությամբ: Ու ես նրան առաջին անգամ տեսնում էի աչքերը լցրած: Առավել տարօրինակ էր ինձ համար, որ նա արտասվեց ամուսնուց խոսելիս, որովհետեւ զարմուհիս միշտ մեծ թեթեւությամբ էր խոսում ամուսնալուծության մասին: 

 

- Ես չէի ուզենա սա ասել դեռեւս չամուսնացած քույրիկիս մոտ,- զարմուհիս նկատի ուներ ինձ,- բայց ամուսնությունն իրականում մեծ թակարդ է, եւ ազգությունը կապ չունի:

 

- Այո՛,- պատասխանեց Ստեփանը,- բայց երբ թակարդում ես, ավելի լավ է՝ լինես հայրենակցիդ հետ:

 

Փոքրիկ դադարից հետո Ստեփանը շարունակեց.

 

- Ես Ձեզ մի գաղտնիք եմ ուզում բացել, որի մասին միայն մեծ եղբորս եմ հեռախոսով հայտնել: Մեկ տարի հետո ես թոշակի եմ անցնում եւ որոշել եմ տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակության: Դա մի փոքր ռիսկային է, քանի որ երբեք չեմ եղել ձեր երկրում, բայց կարծում եմ՝ ինչքան էլ վատ լինի այնտեղ, հաստատ ավելի լավ կլինի, քան ցանկացած այլ վայրում, որովհետեւ Հայաստանը երկիր է, որտեղ ապրում են ինձ նման մարդիկ: Կնոջս հետ արդեն խոսել եմ ամուսնալուծության մասին, նա դեմ չի: Ուզում եմ հայի հետ ամուսնանալ եւ ապրել Հայաստանում, եթե, իհարկե, այս տարիքիս ինձ ինչ-որ մեկը հավանի: Եթե ամուսնանալն էլ չստացվի, բնակվելը երջանկություն կլինի… Ձեր կարծիքով՝ 1000 դոլարով կարելի՞ է ապրել Հայաստանում եւ բնակարան վարձել:

 

Լուսանկարը` Rinzi Ruiz

 

Ես պատասխանեցի, որ շքեղ, իհարկե, չես ապրի, բայց արժանապատիվ գոյություն կարելի է պահպանել: Միմյանց մի շարք բարեմաղթանքներ հղելուց եւ նրա համար կնոջ թեկնածուներ գտնելու խոստում տալուց հետո մենք իջանք մեքենայից: Արդեն գրեթե հրաժեշտ էինք տվել, երբ զարմուհիս անսպասելի մոտեցավ վարորդի պատուհանին եւ ասաց.

 

- Ես էլ Ձեզ մի գաղտնիք բացեմ: Թոշակի անցնելուց հետո ես էլ եմ պատրաստվում մշտական բնակության տեղափոխվել Հայաստան:

 

Մենք պիտի գնայինք դիտելու աշխարհի ամենահայտնի շոուներից մեկը, երբ ժամանցի մեծ սիրահար զարմուհիս անսպասելի ասաց.

 

- Դեմ չե՞ս, եթե տոմսը փոխենք եւ վաղը գնանք շոուի, իսկ այսօր գնանք գինի խմելու:

 

Մեր ուրախությանն ու զարմանքին չափ չկար, երբ Վեգասի լավագույն ռեստորաններից մեկի ճաշացանկում գտանք հայկական գինի: Մենք խմում էին գինին գրեթե լռության մեջ, սովորաբար միշտ շատախոս զարմուհիս այդ երեկո լուռ էր: Ես նույնպես լուռ էի: Նայում էի զարմուհուս, խմում հայկական դառնահամ գինին եւ հիշում Ստեփանին, Աբգարիկին, նրա ծնողներին, պարոն Բայանդուրյանին եւ ուրիշ հայերի, որոնց հանդիպեցի ԱՄՆ-ում՝ գաղթական հայերի՝ սփռված աշխարհով մեկ, իրարից այնքան տարբեր եւ այնքան նման ճակատագրերով:

 

Սոսսի Խանիկյան

 

Լուսանկարները՝ Rinzi Ruiz

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին