Եթե Ալավերդիում կամ տարածաշրջանում հարցնեք Մադանի մասին, բոլորը կասեն, որ այն նախկինում հույներով բնակեցված գյուղ է եղել: Կասեն նաեւ, որ Մադանը հիմա Ալավերդիի թաղամասերից մեկն է՝ կիսավեր տներով, կողպված դռներով, անսովոր լռությամբ: Բայց կա մի բան, որ տարիների ընթացքում չի փոխվել այստեղ՝ գյուղի կոլորիտը, որի անբաժան մասն են բնակավայրի վերջին մի քանի հույները:
Վասիլի Ասլանովի տունը գյուղի սկզբնամասում է: Պատշգամբում էր, երբ մոտեցանք դարպասին: Ուշադիր հետեւում էր մեզ՝ հավանաբար պարզելու, թե ովքեր են մոռացված այս բնակավայրի հերթական այցելուները: Անհանգստություն արտահայտող հայացքը մեզնից չկտրելով՝ մոտեցավ, հարցուփորձ արեց: Ու երբ խնդրեցի, որ պատմի տեղի հույների ու ընդհանրապես Մադանի մասին, դեմքը միանգամից պայծառացավ:
«Առաջվա Մադանն ուրիշ էր, կենտրոն էր, էստեղ ամեն ինչ կար, ուսումնարան, գործարան, եկեղեցի, հիվանդանոց, խանութներ, դպրոց: Երբ դպրոց էի գնում, 1200 աշակերտ էինք դպրոցում, համ հայկական հոսք կար, համ ռուսական: Երեք հերթափոխ կար, անգամ՝ գիշերային, որովհետեւ տարածքը չէր հերիքում: Գյուղում շատ մարդ էր ապրում, մեծ մասամբ՝ հույներ, ռուս ու ադրբեջանցի ընտանիքներ էլ կային, շատ էինք կապված իրար հետ»,- պատմում է 79-ամյա Վասիլի Ասլանովն ու հիշողությունների թելը չի կտրվում:
9 տարի մանկավարժ է աշխատել սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում, այնուհետ՝ ինժեներական կրթություն ստացել, աշխատանքի անցել պղնձաձուլարանում: Մադանում ամեն ինչ լավ էր՝ մինչեւ խորհրդային կարգերի փլուզումը:
«Մենք առաջ Հունաստանի տեղը չգիտեինք, պերեստրոյկեն էղավ, հանքերը, գործարանները փակվեցին, լավ ա Հունաստանն էլ կար, որ մարդիկ կարացին գնան, փրկվեն»,- հիշում է Ասլանովը:
Հունաստան գնացողների մեջ նաեւ նրա ընտանիքն է եղել: Ներկայում միակ որդին՝ իր ընտանիքով, քույր-եղբայրները՝ իրենց թոռներով, Հունաստանում են: Ինքն այստեղ միայնակ է ապրում: Ասում է՝ Հունաստանի խոնավ կլիման առողջությանը վատ է անդրադառնում, ու ստիպված ծերության օրերը հարազատներից հեռու՝ Մադանում է ապրում:
Ֆիլա Կոտանով. նախապես ներկայանալով ու ձեռքսեղմումով իր հարկի տակ մեզ հյուրընկալեց Մադանի 84-ամյա բնակիչը, ապա ծանոթացրեց կնոջ՝ վրացուհի Թամարա Եգորովնայի հետ, որն ամուսնու ազգանունն է կրում:
«1960 թվի սեպտեմբերի 18-ին Վրաստանից բերել եմ իրան (կնոջ կողմն է ցույց տալիս): Էն ժամանակ ավտոբուս չկար, գռուզավիկով եմ բերել, մինչեւ էսօր մեր հարսն ա, մեր տան տերն ա: Մեր համատեղ կյանքից շատ գոհ ենք: Երեք երեխա ենք ունեցել, 55 տարի աշխատել եմ զավոդում (պղնձաձուլական գործարանում – խմբ.), Մադանի մեջ աղայի նման ապրում էինք: Հայ, հույն, ռուս, ադրբեջանցի. չորս ազգ ապրում էին, ոնց որ ախպեր: 1988թ., երբ ադրբեջանցիները գնում էին, լացով ենք ճամփել: Հետո արդեն պերեստրոյկեն էղավ, բոլորը փախան, գնացին, Մադանը դատարկվեց»,- պատմում է Ֆիլա Կոտանովը:
Բոլորի նման նրանք էլ ճանապարհ են ընկել իրենց մյուս հայրենիք՝ Հունաստան: Ու ընդամենը 6 տարի են կարողացել հարմարվել, մնալ այնտեղ:
«Ես ուրիշ տեղ երկիր չունեմ, մեր երկիրը Հայաստանն ա, Հունաստանը երկիր ըլներ, մեզ կպահեր: Փող չեն տալիս, տուն չեն տալիս, գործ չեն տալիս: Ինձ ասում էին՝ պետք ա գրվես Կոտանիդիս: Ասի՝ ոչ մի դեպքում, հայերը ինձ չեն ասել՝ գրվի Կոտանյան, հիմի ինչի՞ եք ուզում փոխեք իմ ազգանունը: Շատ դժգոհ եմ էնտեղից, փախանք էկանք»,- նեղսրտելով ասում է Ֆիլա պապն ու սկսում առանձնակի հպարտությամբ պատմել, թե ինչպես է այգի մշակում, անտառից մոշ, վայրի տանձ ու նաեւ փայտ բերում ձմռան համար:
Ֆիլա Կոտանովի երեխաները՝ թոռների հետ, Հունաստանում ու Գերմանիայում են ապրում: Ասում է՝ 5 տարի է՝ երեխաներին չի տեսել, շաբաթվա մեջ մեկ-երկու անգամ են խոսում: Մեզ ճանապարհելիս էլ պատշգամբից մատնացույց է անում քիչ հեռվում երեւացող սպիտակ տունը, որտեղ Մադանի վերջին հույներից մեկն է ապրում:
Միխայիլ Կոտանովին հանդիպեցինք տան բակում: Խորդանոցում ճաշ էր պատրաստում: Կրակի վրայից վերցրեց, կողքի դրեց ու զգուշացրեց, որ պետք է անպայման հագուստը փոխի, նոր՝ զրուցենք:
Նրա կյանքի պատմությունն էլ մյուսներից շատ չի տարբերվում: Պապն ու հայրը հանքափոր են եղել, ինքն էլ 30 տարի աշխատել է պղնձաձուլարանում: Ասում է, որ տեղաբնակ հույների աշխատանքը հանքերում է եղել, հետո արդեն՝ գործարանում: Այլ տեղ աշխատելու մասին ոչ-ոք չի մտածել: Չեն մտածել նաեւ Մադանից երբեւէ հեռանալու մասին:
«Առաջվա Մադանն էնպիսի տեղ էր, որ բոլորը խնդրում էին, որ Մադանում ապրեն: Քաղաքն ի՞նչ էր, որ: Հանքերն աշխատում էին, 800 մարդ կար ապրող, հիվանդանոց ու դպրոց ունեինք: Մենք 12 երեխա ենք էղել մի տան մեջ, անդադար աշխատել ենք, օգնել հորս, որ լավ ապրենք: Կյանքը Մադանում ուրախ էր շատ»,- հիշում է Միխայիլ Կոտանովը:
Արդեն 16 տարի նա Հայաստան-Հունաստան ճանապարհին է: Որդիները, հարսները, դուստրերն ու փեսաները 6 թոռների հետ Հունաստանի քաղաքացիություն են ստացել, այնտեղ տուն ու աշխատանք ունեն: Ինքն էլ զավակների կողքին լինելու համար է տեղափոխվել:
«Հունաստանը սիրում եմ, բայց էլի մտածում եմ՝ գնամ, իմ Հայաստանի ջուրը խմեմ, տեսնեմ ծառերս, ծաղիկներս ոնց են: Կարոտում եմ, դրա համար գալիս եմ: Տունս իմ դժվար աշխատանքի արդյունքն է, սոված մնում էինք, որ տուն սարքենք: Ոչ թե հաց չկար ուտելու, այլ՝ ժամանակ: Դասից որ գալիս էի, ուզում էի հաց ուտեմ, հերս ասում էր՝ ժամանակ չկա, գործը մնաց»,- հիշում է Միխայիլ պապը:
Ամեն տարի Մադան է գալիս 10-15 օրով, այցելում հարազատ-բարեկամներին, տանը, այգուն է հետեւում, կարոտն առնում: Վերջում ստանում է կենսաթոշակը, Հայաստանի բարիքներից գնում երեխաների համար ու պատրաստվում վերադառնալուն: Տան դուռը փակում է, բայց չի կողպում. վստահելի հարեւան ունի, որն իր տունը աչքի լույսի պես է պահում:
Հրաժեշտի պահին Միխայիլ պապն ասում է, որ մի քանի օրից նորից Հունաստան է գնալու ու, մի տեսակ հպարտությամբ, առաջարկում տեսնել իր տունը: Տեղի հույների տներում իրերի դասավորությունն ու յուրահատուկ մաքրությունը միանգամից աչքի են զարնում: Միխայիլ Կոտանովը շարունակում է՝ ասելով, որ գնացածներից շատերն են մոռացել Մադանը, իրենց հարազատ տունը: Իսկ տարբեր բնակավայրերից Մադան տեղափոխված ու հույների տներում վերաբնակեցվածները լավ չեն պահում կացարանները, լքված ու մոռացված տներն էլ քանդում են, մաս-մաս վաճառում:
Մադանում կիսավեր է նաեւ 1800թ. կառուցված եկեղեցին, որը չի գործում: Եկեղեցուն կից շինությունը գյուղի ակումբն է՝ դարձյալ փակ դռներով: Իսկ գյուղի հատուկենտ այցելուները հիմնականում այն մարդիկ են, որոնք հանգուցյալ ունեն տեղի գերեզմանոցում:
Տաթեւիկ Ճուղուրյան
Լուսանկարները՝ Լուիզա Ձավարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: