Աղջիկ-կամավորականի օրագիր․ մաս 1-ին - Mediamax.am

exclusive
74435 դիտում

Աղջիկ-կամավորականի օրագիր․ մաս 1-ին


Նարինէ Վարդանյանը
Նարինէ Վարդանյանը

Լուսանկարը` հեղինակի արխիվից

Լուսանկարը` հեղինակի արխիվից

Լուսանկարը` հեղինակի արխիվից

Լուսանկարը` հեղինակի արխիվից


ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, լրագրող Նարինէ Վարդանյանը, ով ծնունդով Ներքին Կարմիրաղբյուրից է, 2016թ․ ապրիլին որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ եւ 14 օր անցկացրել առաջնագծում որպես բուժքույր։ Մեդիամաքս-ը հրապարակում է Նարինէի՝ այդ օրերի օրագիրը։  

 

Ինձ պարտադրված պատերազմը

 

Ես ծնվել եմ այն տարում, երբ, ասում են, խաղաղություն պիտի հաստատվեր Մոսկվայում ստորագրված մի թղթի կտորով:

 

Երբ ես ծնվում էի, հայրս դիրքերում էր ու մորս հիվանդանոց տանելու ժամանակ չուներ: Իսկ ես որոշել էի ծնվել մի ամիս շուտ: Շրջանի միակ հիվանդանոցում լույս չէր եղել, ու ջուր տաքացնելու համար փայտի վառարանի մեջ գցելու փայտ էին ուզել ծննդաբերող մորիցս: Պատերազմի ժամանակ ինձ ո՞վ էր իրավունք տվել ժամանակից շուտ ծնվել:

 

Արկի բեկորը վնասել էր օրորոցիս մի ոտքը: Տատս հիշել էր, որ օրորոցում, որի տակ կծկվել էր պայթյուն լսելուց հետո, ես եմ քնած: Ես արթնացել ու լուռ նայել էի տատիս: Ու ժպտացել էի: Տատս լաց էր եղել օրորոցիս մի ծայրը գրկած:

 

Ես ապրել էի: Ու թվում էր՝ մենք պատերազմի ժամանակ ծնված վերջին սերունդն ենք, բայց պատերազմը պարտադրելու էր ինձ ծնվելուց բացի նաեւ ապրել պատերազմի ժամանակ:

 

22 տարի անց՝ իմ տարիքի չափ անց նոր մի սերունդ պիտի խլեր մեր՝ պատերազմի ժամանակ ծնվածներիս «պիտակը»:

 

Իմ կյանքի լավագույն գրքերն ես մոմի լույսի տակ կարդացի. մութ ու ցուրտ տարիները չէին, չէ՜, 2008-2012 թվականներն էին, ու իմ գիրք կարդալու տարիներին իմ գյուղում դեռ պատերազմ էր, ու գիշերները թիրախ չդառնալու համար լույսը չէինք վառում:

 

Հետո եկավ ապրիլը:

 

Մի գիշերում եկավ: Տագնապի նման կախվեց, որ ասի՝ սիրեք իրար, մեկ դարձեք հանուն ձեր ընդհանուր երկրի… Հայրենիքի չէ, երկրի, որովհետեւ, եթե առաջ Հայաստանը հայրենիք էր, հիմա վաղուց ժամանակն է, որ երկիր լինի: Երկիր ունենալու իրավունքը վաստակել ենք: Հենց ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանն է վաստակել բոլորիս համար ու բոլորիս փոխարեն:

 

 

Երեւի օրագրերն այսպես չեն սկսում:

 

Այսպես պատերազմներն են սկսվում՝ օգտագործված հասարակ տետրի անշուք թղթի վրա, ինչ-որ ուրիշ պատմության, եղածի վրա:

 

08.04.2016

Երեւան, հավաքակայան

Նարինէ Վարդանյանը Նարինէ Վարդանյանը

Լուսանկարը` հեղինակի արխիվից

- Էս պստիկ-մստիկ, նուրբ աղջկան ո՞ւր եք տանում,- ես դեռ չէի տեսել ինձ այդպես նայող գեներալի կոչումը:

 

- Կրակել գիտեմ,- պարծեցա,- համ էլ ես լրա...

 

- Մեր բուժքույրն ա,- Մրդոն կտրեց բառս մեջտեղից, ձեռքս սեղմեց. «Քեզ լրագրողով ու էդքան օրով ո՞վ կհասցնի Ղարաբաղ»:

 

Ես ստացա հագովս չորս ռազմեր մեծ համազգեստը, գրկեցի ինձնից մի քիչ թեթեւ ավտոմատս ու նորաթուխ Կալաշնիկով-տղուս անուն դրեցի՝ «Սաքո»: Անվան շուրջ երկար չմտածեցի, Եղնիկներում վիրավորված Սաքոյին հիշեցի միանգամից, հետո նկատեցի, որ զենքիս համարի վերջին թվերն էլ Սաքոյի տարիքն են՝ 23:

 

«Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանն ուղիղ ու պինդ-պինդ նայեց աչքերիս մեջ. «Լրագրո՜ղ, բուժքույր, չէ՛ մի, ինչի ես քո աչքերից չե՞մ տեսնում՝ ինչի ես գնում,- ու ամուր բռնեց դաստակներս,- կրակելիս դաստակներիդ ժգուտ կփաթաթես անպայման, չնեղվես, առաջին անգամ որ զենք բռնեցի, քեզնից էլ նիհար էի»:

 

Ու սեղմեց ափերս՝ տաք ու ուժեղ:

 

Ճանապարհ

 

Ասացին՝ Ճամբարակ են տանելու: Սիրտս կախ էր, հայրիկին զանգեցի, նեղվեցի: Գիտեի, որ Արցախ գնալս իր սրտով չի, բայց որ նեղվել էի, սկսեց մխիթարել, ասաց՝ ոչինչ, կգաս, կգնաս Արցախ:

 

Մեր հսկա ավտոբուսը տեղից շարժվեց, զգացի, որ դեպի հարավ ենք գնում, դուրս եկանք Աշտարակի մայրուղի. հաստատ Արցախ ենք գնում:

 

Հայրիկին ուրախացած ասացի, որ դեպի Արցախ ենք շարժվել, հեռախոսի մյուս կողմում սրտի սեղմվելը զգացի, ձայնն ասում էր՝ հաճախ կզանգես, զգույշ կլինես…

 

Արարատյան դաշտի տափակ երկայնքով ծիրանենիներ են փռվել՝ բաց բողբոջագույն. սիրելիք երկիր ջան:

 

Հսկա ավտոբուսում միակ աղջիկն եմ: Մեր ավտոբուսում ազատամարտիկ-կամավորների երկու ջոկատ կա՝ Շուշիի առանձնակի գումարտակի Արթիկի ջոկատն ու «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ-ի ջոկատը:

 

Տղերքը ընդհանուրին դիմելիս հերթով կանչում են՝ «տղե՛րք», հետո նայում ինձ ու մեղավոր ժպտում. «Դու էլ ես մեր ախպերն, էլի»,- ասում են 40-78 տարեկան «ախպերները»:

 

Ես ու Սպարտակ պապը միասին ուղիղ 100 տարեկան ենք, ես՝ 22, ինքը՝ 78:

 

Արթիկցիներից մեկը՝ Վարոն, շատ է չարացած ու բարկացած: Ամբողջ ավտոբուսով զսպում են, որ չհայհոյի իմ ներկայությամբ:

 

«Գնում ենք տղերքի մոտ, գնում ենք էն կանսերվի բանկեքի տեղը շարվենք, որ թուրքը գա, էրեխեքին իմաց տանք: Արթու՞ր,- իրենց հրամանատարին է դիմում,- դու կանսերվի բանկա կեղնի՞ս»:

 

Հետո լռում ու քթի տակ երգում է «Թաթուլ Կրպեյանի երգը», կանգ առնում մի տողում ու մոռանում, նորից երգում նույնը. «Ավաղ, վերքերիդ համար չեղավ դեղ-դարման…»:

 

Ու աչքերը թրջվում են:

 

Տեսնես այստեղ գտնվող քանի՞ հոգու վերքի համար դարման չեղավ այդպես էլ…

 

 

Պանիր էի կտրում, դանակ տվեցին: Տվողը Ասատուր քեռին էր՝ թավ բեղերով շիրակցի մի մարդ: Դեռ չէի հասցրել առաջին կտորը կտրել, Ասատուր քեռին ասաց. «Կտրի՜, գիտե՞ս՝ քանի թուրքի ականջ ա կտրել էդ դանակը..»:

 

Ձեռքիցս սահեց, ընկավ կարմիր կոթով դանակը՝ պանրի սպիտակ շերտը վրան: Ամբողջ ավտոբուսով համոզում էին, որ կատակ է արել:

 

Մինչեւ հիմա մտքիս մեջ է, թե քանիսն են առաջնագիծ գնում իրենց չավարտված կռվի հետեւից…

 

Ասացին՝ արի, ծանոթացի, իսկական լեգենդն էս է՝ Արամոն։ «Արամոյի» տղերքը՝ հաղթանդամ, բարձրահասակ, Արամոն ինքը՝ իմ բոյին: Խռպոտ ձայնով ողջունեց.

 

-Բարեւ, բալա՛:

 

Ասացին՝ ինչքան հարց կարաս, տուր: Ժպտացի: Կանգնեցրել եք ինձ Արցախի ու Սյունիքի, պատերազմի ու պատերազմի միջեւ ու ասում եք՝ հարց տուր:

 

«Գնանք Արցախ, գանք, հարցերս կտամ»,- փոխադարձ ժպտում ենք. վերադարձի խոստման է նման:

 

 

Դրսում թանձր մառախուղ է: Ստեփանակերտը լուռ է ու առաջվա նման մաքուր-սիրուն:

 

Զորամասի մոտ Երեւանից ծանոթ տղաների եմ տեսնում: Իրենց առաջ թեթեւ բարեւում էի, մոտեցա, գրկեցի: Էս օդից է երեւի, սերն էս օդից է:

 

Տղերքը պարապ են էստեղ: Մեկ-մեկ չեք-ին են լինում Արցախում, թիթիզանում:

Պատերազմը հեռու է:

 

Հեռու է մի քանի կիլոմետր․․․

 

9.04.2016

Ստեփանակերտ, Ցոր

Լուսանկարը` հեղինակի արխիվից

«Առաջին ու երկրորդ պատերազմներ ձեւակերպումներով եկա: Բայց երբ արթնացա ազատամարտիկ-կամավորների հետ նույն կազարմայում, ձեւակերպումներս ցնդեցին: Ցնդեցին, երբ մահճակալների մոտ շարված տեսա առաջին պատերազմի բերածը՝ արհեստական ոտքեր...

 

Ու հասկացա, որ պատերազմը առաջին ու երկրորդ չի եղել, ու հասկացա, որ էս դեռ առաջինների կռիվն է...»

 

10.04.16

Մոնթեակերտ ջան: Մարտունիում ենք:

Լուսանկարը` հեղինակի արխիվից

12.04.16

 

Էն սիրուն, լույս ձագն էստեղ՝ Մարտունու զորամասի մոտ գտնվող սպայական շենքերի մոտ ա զոհվել: Իջել եմ խանութ, բոլորը շշուկով են դեռ խոսում: Մի կնոջ հարցրի՝ ո՞ւմ երեխան էր, ասաց՝ մեր...

 

Վաղինակը բոլորիս երեխան էր, որ մեռավ դպրոցի ճամփին․․․

 

13.04.16

Պատերազմը կնոջ տեղ չի:

 

Էստեղ Նելլիին եմ հանդիպել: Ո՞վ կմտածեր, որ դիպուկահար ա: Ամբողջ օրը բողոքում ա, որ դիրքեր չեն տանում: Հայացքում ապրելու անասելի մեծ ցանկություն կա:

 

Բայց մահից ա խոսում անընդհատ:

 

Զորամասում մի քանի կին էլ կա: Առաջին գիշերը մեզ հատկացրած առանձին սենյակում եմ քնել, առավոտ շուտ հավաքել եմ իրերս, եկել ջոկատիս մոտ՝ ընդհանուր «կազարմա», բանակցում եմ, որ էստեղ մնամ: Դժվար է սովորել էստեղի կանանց խոսակցություններին: Էս կանայք էստեղ են 25 տարի առաջվա նման, ինձ թվում է՝ նրանք եկել են իրենց երիտասարդության հետեւից, կամ սերերի, կամ, չգիտեմ…

 

Մեծ սխալ կա էս կանանց մեջ: Երեքից երկուսի դիմագծերն աղավաղված են, ժպիտ չունեն: Երեխա չունեն: Խաղաղություն չունեն: Առաջին անգամ, երբ մտածեցի՝ ինչքան մեծ հետք կա պատերազմից այս կանանց մեջ, նայեցի նրանց ու վախեցա. ես էսպիսին չեմ ուզում լինել:

 

Ավագ ընկերներիցս մեկի հետ էի զրուցում, ասում է՝ «պատերազմը կնոջ տեղ չի, որովհետեւ կյանք տվողին չպետք ա մահին սովորացնես»: Ասում է՝ «կնոջ աչքը պատերազմին չպիտի սովորի»:

 

Ես գիտեմ, արդեն հաստատ գիտեմ, որ պատերազմը կնոջ տեղ չի:

 

Գիտեմ նաեւ, որ մարդու ու հատկապես կնոջ մեծագույն առաքելությունն արարելն է:

Կնոջ մեծագույն շնորհներից մեկն էլ՝ ծնելը: Լավ մարդիկ ծնելը:

 

Առավոտյան զորամասի ծաղկանոցում ծաղիկներ եմ ցանել, հինգ փոքր սոխուկ: Լացս անցավ:

 

Իսկ կապույտ թրաշուշաններն արդեն բացվել են․․․

Լուսանկարը` հեղինակի արխիվից

13.04․16

Մահերը շատ են: Շատ-շատ: Մարդիկ ինչպե՞ս են ապրում այսքան մահից հետո: Ինչպե՞ս են հաջողացնում չխելագարվել: Տղաներից մեկը ծառայող եղբորից մի ամբողջ շաբաթ լուր չի ունեցել: Ասում է՝ ապրում էի էդ օրերին, որ հաստատ իմանամ՝ ախպերս ողջ ա: Հետո ինչ կլիներ-կլիներ… Էդ օրերին հանուն դրա զգույշ էի, ուշադիր էի, դիպուկ էի:

 

Եղբայրը ողջ է, լավ է, զանգում է մեկ-մեկ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերում է:

 

14.04․16

Հինգօրյա նպատակային, համատեղ ջանքերից հետո վերջապես ջոկատս սովորեց հերթ կանգնած ու համարյա շարայինով գնալ ճաշարան: Տեսնել էր պետք՝ ոնց էին ծերուկներս իրար թեւ մտած, ծիծաղելով, իրար հրելով գնում-գալիս: Կամավորների պատասխանատուն հինգ օր ա՝ համոզում է, որ իրանց մի քիչ կանոնավոր զորքի պես պահեն, տղերքն արդարանում են․ «է, դե մեր վախտով կանոնը չմեռնելն էր, սովոր չենք»:

 

Էսօր ճաշարանի զինվորները մեր շարայինը չորս են գնահատել:

 

14.04․16

Էրիկի հետ եմ խոսել: Էս դժվար մարդը, ում բոլորը «Տրուդնի» են ասում, մեծ սիրտ ու կամք ունի: Նեղացած ա Արցախից, բայց սիրում ա դեռ: Ասում ա՝ տանը պատերազմն երեսով շատ են տվել, բայց էլի եկել ա: Ուրիշ ձեւ չէր կարա լիներ:

 

«Մեզնից յուրաքանչյուրը մի ձեւ վերապրեց պատերազմից հետո…

Մազերիս սպիտակը տեսնո՞ւմ ես:

Ոմանք ներս քցեցին, որ ապրեն:

Ճերմակեցին լուռ:

Ոմանք չհաշտվեցին տենց էլ:

Ոմանք թաքցրին, որ ապրեն:

Ոմանք գժվեցին:

Պատերազմը լավ բան չի, բալա:

Ոչ մի զինվոր պատերազմ չի ուզում:

Ոչ էլ սպանել:

Պատերազմ տեսած ոչ մի մարդ պատերազմ չի ուզում, ընկեր կորցնել չի ուզում: Եթե ինչ-որ մեկը քեզ խաբի, թե երազում էր կռվել նորից, «նորից»-ին չհավատաս, ինքը առաջ չի կռվել:

 

Մեր տղերքը հաճախ են հավաքվում՝ գալու էն տեղերը, որոնց համար արյուն ենք թափել: Ես դժվար եմ գալիս: Ինձ համար ծանր ա քայլել էն հողի վրայով, որի վրա ընկերներիցս մեկը մեռավ..․ Պատերազմը մեռնել ու մեռած ապրելն ա: Մեր բախտը չբերեց: Ապրեցինք:

 

Էսօր ես գիտեմ՝ ինչի համար եմ եկել, բայց էսօր էլ ա դժվար: Բա՞ որ նորից մեր բախտը բերի:

 

Ես ուզում եմ ուղղենք մեր սխալը: Գուցե էս անգամ հնարավոր լինի ապրել:

 

Վաղուհասում գրկել էի Մկոյին՝ Մալիշին ու արնաթաթախ վազում էի դեպի վանքը: Չէի կարում հասկանալ՝ որ մեկիս արյունն ա: Կարեւոր էլ չէր: Ինքը Սամվելին էր գրկած հասցրել վերեւ, ես՝ իրեն….»

 

15.04․16

 

Տարել են «պալիգոն»՝ կրակելու: Ջոկատս ու հարակից ջոկատները գիտեն՝ կրակել չգիտեմ, ով ինչ հիշում ա զենքի հետ կապված, պատմում ա:

 

Ես էլ լսում եմ խելոք:

 

Ծերուկներս կրակում, զենքի թերությունները հայհոյելով հետ են գալիս: Մոտենում եմ կրակելու, տղերքս վերեւից «դուխ» են տալիս. «Բալա, խփի, մեզ խայտառակ չանես»:

 

Մենահատ եմ կրակում: Կրակ:

 

Նշանակետս պառկել ա: Մեջքիս հետեւում մի պահ լուռ են ու․ «Ուռա՜, ջան, կպել ա, էրեխեն կպել ա»:

 

Երկրորդ դիպուկով ապացուցում եմ, որ պատահական չէր: Վրիպել եմ 10-ից 2-ը: Գեղի հերոսն էսօր ես եմ: ՀԱԿ-ի զինվորներն էլ արդեն գիտեն, որ «էն թազա, սաղ օրը ստեղ ֆոտո-մոտո անող աղջիկը առաջին անգամ լավ ա կրակել»:

 

Դե արի ու հիմա էլ համոզի, որ առաջին անգամը չէր, մեկ ա՝ արդեն բոլորն իրանց հմուտ սովորեցնելուն են վերագրել լավ կրակելս:

 

15.04․16

 

Ջոկատս առաջին օրը դիրքեր ա բարձրացել՝ առանց ինձ, ես էլ ամբողջ օրը նեղացել, նստել եմ: Հիմա վիդեոներն եմ նայում: Կյաժ Լյովն ա նկարել ինձ համար: Նստած են, Արամը՝ Նիկոլ Դումանի հրամանատարն ինչ-որ բառ ա ասում, Լյովը թե՝ չենք ասել Ծ-ով, Գ-ով, Բ-ով, Ք-ով ոչ մի բառ:

 

«Արա դե էրեխեն ստե չի»,- էրեխեն ես եմ:

 

«Ստե ա, հրես վիդեո եմ անում»,- ասում է Լյովը:

 

Էնտեղից Էրիկը, թե՝ «Ո՜նց Ծ-ով ոչ մի բան, բա ծնողների կենացը ո՞նց ենք խմելու»: Հետո էլ՝ ձեռքով ա անում կամերային ու՝ «Բալես, կոֆեով նկատի ունեմ, մեզ ո՞ւր ա խմելու բան»:

 

Վաղը վերջապես կտանեն հետները․․․

 

Շարունակելի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին