Ռուբեն Մելքոնյան, թուրքագետ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր
Միջազգային պրակտիկայում երկու հարեւան երկրների միջեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան (սահմանազատումն ու սահմանագծումը) նորմալ եւ, ըստ էության, պարտադիր երեւույթ է: Ֆիքսված ու փոխադարձաբար ճանաչված սահմանները լինելով քաղաքական պայմանավորվածությունների (բանակցություններ, պայմանագրեր), ռազմական իրավիճակի (պատերազմների ելք) ծնունդ՝ հետագայում ձեռք են բերում նաեւ տեխնիկական բնույթ, որում երբեմն պահպանվում է պատմա-քաղաքական բաղադրիչը: Սա կարող է դրսեւորվել օրինակ՝ սահմանների ռեդեմարկացիայի՝ վերասահմանագծման ժամանակ, երբ ծագող որոշակի տեխնիկական խնդիրներ (գետերի հուների փոփոխություն, բնական այլ երեւույթներ եւ այլն) ստիպում են կրկին անդրադառնալ սահմանին, որն էլ իր հերթին կարող է թարմացնել կամ ակտիվացնել սահմանի հետ կապված որոշակի պատմա-քաղաքական հիշողություններ եւ բարդույթներ: Ասվածը լիովին բնութագրական է նախկին ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հաստատված սահմանի համար, որի մի մասը այսօրվա Հայաստան-Թուրքիա սահմանն է:
Թուրքիայում Կարսի պայմանագրի շուրջ բարդույթի ձեւավորումը
ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ սահմանը որոշվել է խոցելի լեգիտիմությամբ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով (1921 թ.), որոնք հայկական գիտական, քաղաքական ու հասարակական լայն շրջանակների կողմից մինչ օրս, որոշակի իմաստով, ընդունելի չեն: Կարսի պայմանագրի հարցը միանշանակ չի ընկալվել անգամ ԽՍՀՄ վերնախավում եւ դա պաշտոնապես ու հրապարակային դրսեւորվել է 1945 թ.:
Լուսանկարը` Sputnikipogrom.com
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը, հաշվի առնելով Թուրքիայի բացահայտ աջակցությունը նացիստական Գերմանիային, ինչպես նաեւ հղում անելով պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությանը՝ Թուրքիային ներկայացրեց պահանջներ, որոնք վերաբերում էին սեւծովյան նեղուցների ռեժիմին եւ պատմական Հայաստանի զավթված երկու նահանգների՝ Կարսի եւ Արդահանի վերադարձին:
1945 թ. հունիսի 7-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Սարփերը հանդիպում է ԽՍՀՄ արտգործնախարար Վ. Մոլոտովի հետ, որի ընթացքում Մոլոտովը ներկայացնում է նոր պայմաններ ԽՍՀՄ-Թուրքիա 1925 թ. ստորագրված պայմանագրի երկարացման համար. այն է` վերանայել սեւծովյան նեղուցների ռեժիմի կարգը եւ խորհրդա-թուրքական սահմանները, որոնք ձեւավորվել էին Կարսի պայմանագրով: Այսինքն, ԽՍՀՄ-ը պաշտոնապես կասկածի տակ է վերցնում Կարսի պայմանագրի լեգիտիմությունը: Եվ չնայած հետագա միջազգային գործընթացներն ու կոնկրետ արեւմտյան տերությունները թույլ չտվեցին ԽՍՀՄ-ին կյանքի կոչել իր պահանջները, սակայն, այնուամենայնիվ, Կարսի պայմանագրի խոցելիության հարցը դարձավ համաշխարհային օրակարգի թեմա:
Կարսի պայմանագիրը Թուրքիայի քաղաքական, հասարակական շրջանակներում եւ հավաքական մտածողության մեջ ամենազգայուն թեմաներից է եւ իր այդ կարգավիճակն ու ընկալումը պահպանել է մինչ օրս: Ավելին, Կարսի փխրուն իրավական հիմքեր ունեցող պայմանագրով հաստատված խորհրդա-թուրքական սահմանների եւ ամեն պահի իրավիճակի փոփոխության հնարավորության հարցը, 1945 թ. ԽՍՀՄ ներկայացրած պահանջները Թուրքիայում ստեղծել են մի վիճակ, որը, մեր կարծիքով, կարող ենք անվանել «Կարսի բարդույթ»: Չնայած հետագայում ԽՍՀՄ-ը պաշտոնապես հրաժարվեց իր պահանջներից, սակայն թուրքական բարդույթը շարունակում էր խորանալ եւ ստիպում էր, որպեսզի թուրքական կողմը ամեն հնարավոր կամ անգամ անպատեհ առիթներով ձգտեր հասնել նրան, որ ԽՍՀՄ-ը եւս մեկ անգամ վերահաստատեր Կարսի պայմանագրի այսինքն՝ նաեւ սահմանների անձեռնմխելիության հանդեպ իր հավատարմությունը:
Լուսանկարը` Sputnikipogrom.com
Այս խնդիրը կամ բարդույթը սկսած 1991 թվականից տեղափոխվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների օրակարգ, ուստի թեմայի ուսումնասիրությունը եւ հատկապես թուրքական պետական մտածողության բարդույթավորված մանրամասների վեր հանումը ունի արդիական նշանակություն:
ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունների ծիրում Կարսի պայմանագրի եւ խորհրդա-թուրքական սահմանի անփոփոխելության վերահաստատման հարցը թուրքական կողմի ցանկությամբ օրակարգ էր մտնում կամ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերի, կամ հոբելյանական ինչ-որ տարեթվերի հետ կապված միջպետական միջոցառումների ժամանակ եւ թուրքական կողմը ամեն գնով ջանում էր կորզել իր համար ցանկալի հայտարարությունը: Սակայն, ինչպես ցույց են տալիս փաստերը, Կարսի պայմանագրի հետ կապված բարդույթը թուրքական քաղաքական վերնախավում դրսեւորվել է անգամ երկու երկրների (ԽՍՀՄ-Թուրքիա) միջեւ տեխնիկական բնույթի հարցերը կարգավորելիս եւ նմանատիպ ամենացայտուն օրինակը 1960-ականների վերջին սկիզբ առած վերասահմանագծման գործընթացը ամփոփող խորհրդա-թուրքական պայմանագրի հետ է կապված: Այսպես, երբ 1960-ականներին առաջ եկավ ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ վերասահմանագծման հարց, թուրքական կողմը փորձեց շեշտը դնել այդ հարցի ոչ այնքան տեխնիկական կողմի վրա, որքան սկսեց հետամուտ լինել արդեն ավանդական դարձած նպատակին՝ հասնել նրան, որ կրկին հայտարարվի Կարսի պայմանագրի վերաճանաչման մասին եւ այդպիսով եւս մեկ հավաստիացում ստանալ տվյալ սահմանի հանդեպ խորհրդային պահանջների բացակայության ու սահմանի անձեռնմխելիության մասին:
Այս խնդիրն ինչո՞վ է արդիական մեր օրերում. եթե անգամ Հայաստանը կարողանա Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ հաստատելու գործընթացում խուսափել Կարսի պայմանագրի ճանաչումից, ապա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման որեւէ գործընթաց սկսելու պարագայում առաջ է գալու Կարսի պայմանագրի հիշատակման եւ ուղղակի կամ անուղղակի ճանաչման հարցը, ինչն էլ թուրքական հայտնի նախապայմաններից է: Ուստի, կարեւոր ենք համարում անդրադառնալ 1967-1973 թթ. խորհրդա-թուրքական վերասահմանագծման գործընթացին եւ դրանում թուրքական բարդույթի դրսեւորմանը՝ Կարսի պայմանագրի եւ սահմանների անփոփոխելիության վերաճանաչմանը հասնելու ջանքերին: Սակայն այդ խնդիրը ներկայացնելու ենք վերասահմանագծման աշխատանքներում ԽՍՀՄ պատվիրակության մեջ ներգրավված մի պատվարժան հայ սպայի՝ գնդապետ Գուրգեն Նալբանդյանի պետականամետ եւ ազգային նկարագրին հարիր գործունեության նկարագրմանը զուգահեռ: Կարեւոր ենք համարում նաեւ փաստել, որ հիշյալ խնդրին նվիրված առաջին ամփոփ ուսումնասիրությունն արել է պատմաբան Ավագ Հարությունյանը ընդարձակ նախաբանով եւ ծանոթագրություններով հրատարակելով 1973 թ. Խորհրդային Հայաստանի ղեկավարությանն ուղղված գնդապետ Գուրգեն Նալբանդյանի գաղտնի զեկուցագիրը, որտեղ մանրամասնորեն ներկայացվում է ԽՍՀՄ-Թուրքիա վերասահմանագծման ողջ գործընթացը:
ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի վերասահմանագծումը 1969-1973 թթ.. տեխնիկական գործընթացի քաղաքական ենթատեքստը
Եվ այսպես, ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ առաջին սահմանազատումը եւ սահմանագծումը տեղի է ունեցել 1924-1926 թթ.. խորհրդա-թուրքական «Խառը սահմանային հանձնաժողովը» իրականացրել է սահմանազատում՝ ըստ 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի: Դրա հիման վրա ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ 1926 թ. ստորագրվել է «Գլխավոր արձանագրություն» սահմանազատման մասին, որտեղ առկա են մանրամասն տեխնիկական նկարագրություններ, որոնք բնորոշ են նման միջպետական փաստաթղթերին: Սահմանագծմանը հաջորդող տարիների ընթացքում խորհրդա-թուրքական սահմանին տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, որոնք կապված էին բնության երեւույթների հետ. մասնավորապես` փոխվել են Արաքս, Ախուրյան, Կարախան-չայ եւ Ճորոխ գետերի հուները եւ կարիք է առաջացել իրականացնել վերասահմանագծում:
1967 թ. փետրվարի 28-ին կողմերը հասել են համաձայնության սկսել վերասահմանագծում եւ ստորագրվել է համապատասխան արձանագրություն, իսկ 1969 թ. կազմավորվել է խորհրդա-թուրքական «Համատեղ հանձնաժողով»: Վերասահմանագծման մասին «Արձանագրության» հավելյալ «Տեխնիկական արձանագրությունը» սահմանում էր պատվիրակությունների կազմը` 12 անձ, որից 1 նախագահ, 1 տեղակալ, 5 անդամ, 3 անդամ-փորձագետ, 1 քարտուղար, 1 թարգմանիչ: Պատվիրակության կազմում էին մեկական ներկայացուցիչներ Հայկական ու Վրացական ՍՍՀ-ներից. Խորհրդային Հայաստանը այդ գործընթացում ներկայացրել է գնդապետ Գուրգեն Նալբանդյանը:
Գուրգեն Նալբանդյանը ծնվել է Մեծ Ղարաքիլիսա (ներկայիս՝ Վանաձոր) քաղաքում, հայրը Ղարաքիլիսայի հերոսամարտի մասնակից եւ նահատակներից էր: Գ. Նալբանդյանը ստացել է ռազմական կրթություն եւ երկար տարիներ ծառայել Խորհրդային Հայաստանի սահմանապահ զորքերում: 1951 թ. զորացրվելուց հետո աշխատել է պետական տարբեր կառույցներում, եղել է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահը, մահացել է 1998 թ. 96 տարեկանում: Երկարամյա ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ մեդալների, շքանշանների, պարգեւների. բավական հայտնի է եղել նաեւ Թուրքիայի սահմանապահ կառույցներում եւ ըստ որոշ փաստերի, թուրքերը նրան դիմել են ընդգծված հարգանք պարունակող «Նալբանդ փաշա» անունով:
Խորհրդա-թուրքական «Համատեղ հանձնաժողովը» պետք է լուծեր 616,5 կմ երկարությամբ պետական սահմանի վերասահմանագծման խնդիրը, որի համար հիմք է ընդունվել 1926 թ. իրականացված սահմանագծումը: Այդ գործընթացը սկսվել է 1969 թ. եւ ավարտվել 1973 թ. դեկտեմբերին, ինչից հետո Անկարայում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ: Վերասահմանագծման սկզբունքներից է տարածքային համաչափությունը, այսինքն՝ կողմերից որեւէ մեկի տարածքային կորուստի բացառումը: Վերասահմանագծման արդյունքում ԽՍՀՄ-ին է անցել 760,5 հեկտար թուրքական տարածքից, իսկ Թուրքիային՝ 787,7 հեկտար խորհրդային տարածքից: Ուստի, հավասարության սկզբունքի համաձայն թուրքական կողմը սահմանի մեկ այլ հատվածում (որը մանրամասնորեն նկարագրվում է) խորհրդային կողմին է զիջել 27,2 հեկտար տարածք: Ընդ որում, փոխհատուցվող տարածքը իր որակական հատկանիշներով պետք է չզիջի մյուս կողմին անցած տարածքից:
Սակայն այս ամբողջ գործընթացում Թուրքիայի հիմնական եւ երեւի թե միակ խնդիրը ոչ այնքան սահմանների վերահստակեցման տեխնիկական հարցն էր, որքան՝ պատմա-քաղաքական ենթատեքստը: Պատմաբան Ավագ Հարությունյանը իրավացիորեն նշում է, որ «Համատեղ հանձնաժողովն» ի սկզբանե իրավասու էր զբաղվել միայն տեխնիկական բնույթի հարցերով եւ քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարությունները՝ ԽՍՀՄ-Թուրքիա սահմանների անձեռնմխելիության, կամ 1921 թ. Կարսի պայմանագրի վերաճանաչման մասին, չէին մտնում նրա գործառույթների մեջ: Թուրքական պատվիրակությունը, սակայն, դատելով նրանց քայլերից, գործելաոճից՝ առավելապես կարեւորել է հենց այդ հարցը եւ ամեն կերպ ձգտել է հասնել նրան, որ ԽՍՀՄ-ը եւս մեկ անգամ ճանաչի Կարսի պայմանագիրը եւ հայտարարի խորհրդա-թուրքական սահմանի անձեռնմխելիության մասին: Սա Թուրքիայի պետական քաղաքականության եւ հավաքական բարդույթի հստակ դրսեւորումն էր, ինչին խորհրդային պատվիրակությունը եւ՛ անպատրաստ է եղել, եւ՛ անտարբեր: Պատվիրակության հայազգի անդամ գնդապետ Գուրգեն Նալբանդյանը սակայն դրսեւորելով բացառիկ քաղաքական հոտառություն ինչպես նաեւ առաջնորդվելով հայկական ազգային-պետական շահերով՝ հստակ ի ցույց է դրել թուրքական նկրտումները, այդ մասին զգուշացրել խորհրդային պատվիրակությանը եւ ամեն կերպ պայքարել թուրքական ծրագիրը ձախողելու համար:
Ընդգրկված լինելով խորհրդա-թուրքական պետական սահմանի վերասահմանագծման խորհրդային պատվիրակության մեջ որպես Խորհրդային Հայաստանի ներակայցուցիչ՝ Գուրգեն Նալբանդյանը «Համատեղ հանձնաժողով»-ի աշխատանքների ավարտից հետո՝ 1973 թ. դեկտեմբերի 31-ին ընդարձակ զեկուցագիր է ներկայացրել ուղղված ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Քոչինյանին, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահ Ն. Հարությունյանին, Մինիստրների խորհրդի նախագահ Գ. Արզումանյանին, արտաքին գործերի նախարար Կ. Ուդումյանին, որտեղ մանրամասն նշել է իրենց կատարած աշխատանքը, արել դիտարկումներ Թուրքիայի, թուրքական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաեւ հատուկ անդրադարձել է խորհրդա-թուրքական սահմանի անփոփոխելիության ու 1921 թ. Կարսի պայմանագրի հանդեպ թուրքական կողմի գերզգայուն վերաբերմունքին: Թուրքական գործելաոճը եւ դրանում վատ քողարկված պետական բարդույթը կապված Կարսի պայմանագրի եւ դրա վերաճանաչման խնդրի հետ՝ Գուրգեն Նալբանդյանը ուշադրությամբ դիտարկել է «Համատեղ հանձնաժողովի» գործունեության ողջ ընթացքում, սակայն դա հատկապես ցայտուն կերպով դրսեւորվում է աշխատանքների ամփոփման ժամանակ՝ 1973 թ. Անկարայում, երբ արդեն պետք է ստորագրվեր վերասահմանագծման մասին ԽՍՀՄ-Թուրքիա պայմանագիրը: Մասնավորապես թուրքական կողմը առաջարկել է ընդունել պայմանագրին կից համատեղ հայտարարություն՝ Կոմյունիկե, որտեղ էլ հենց տեղ են գտնում Կարսի պայմանագրի եւ խորհրդա-թուրքական սահմանի անփոփոխելիության մասին շեշտադրումները: Կոմյունիկե թուրքական տարբերակում հատուկ ընդգծված էին այդ խնդիրները, որոնք ըստ էության ժանրային առումով չէին համապատասխանում վերասահմանագծմանը հաջորդող տեխնիկական բնույթի պայմանագրին եւ առավելապես ունեին պատմա-քաղաքական բնույթ: Իսկ խորհրդային պատվիրակությունը առաջարկում էր ստանդարտ հայտարարության տեքստ, որը զերծ էր պատմական կամ քաղաքական խնդիրներին արված հղումներից եւ անդրադարձներից: Ահա հենց այս հարցի շուրջ է սկսվում պրոբլեմ երկու պատվիրակությունների միջեւ եւ այստեղ է որ Գուրգեն Նալբանդյանը գործադրում է աներեւակայելի ջանքեր թուրքական ծրագիրը տապալելու համար: Սակայն շուտով պատվարժան հայ սպան իր պայքարում մնալու էր միայնակ, քանի որ խորհրդային պատվիրակությունը եւ բարձրաստիճան դիվանագետները հեշտությամբ տեղի էին տալու եւ համաձայնվելու էին թուրքական առաջարկին:
«Կարսի բարդույթի» դիվանագիտական դրսեւորումները եւ հայ գնդապետը
«Համատեղ հանձնաժողովի» աշխատանքների ավարտին 1973 թ.՝ դեկտեմբերին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախապատրաստվել է ԽՍՀՄ եւ Թուրքիայի պատվիրակությունների կողմից վերասահմանագծման պայմանագրի ստորագրման եւ համատեղ Կոմյունիկե ընդունման գործընթաց: Այդ աշխատանքների սկսելուց առաջ երկու կողմի պատվիրակությունների համատեղ նիստում թուրքական պատվիրակության նախագահ Մուսթաֆա Քենանօղլուն հանդես է եկել ողջույնի ճառով, որում խոսել է այնպիսի փաստաթղթի ստորագրման կարեւորության մասին, «որը կերաշխավորեր թուրք-խորհրդային պետական սահմանի անփոփոխելիությունը»: Գ. Նալբանդյանը իր զեկուցագրում թուրք պաշտոնյայի ելույթը եւ դրանում գրեթե չթաքցված ակնարկները հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Մուսթաֆա Քենանօղլուի ճառից պարզ դարձավ, որ նստաշրջանի աշխատանքներում թուրքական պատվիրակության հիմնական նպատակը լինելու է Համատեղ հանձնաժողովի տեխնիկական իրավասության շրջանակներից քողարկված ձեւով դուրս գալը եւ իրենց օգտին քաղաքական բնույթի նոր փաստաթղթի ստեղծումը, որը որոշում է խորհրդա-թուրքական հարաբերություններն ընդհանրապես եւ ամենագլխավորը` երաշխավորում է «թուրք-խորհրդային սահմանի անփոփոխելիությունը»»: Ի դեպ, ուշագրավ է, որ թուրքական կողմը հայտարարել է, թե սահմանների անձեռնմխելիության մասին ձեւակերպումը նաեւ «թուրքական հասարակության ակնկալիքն է» եւ սա խոսում է ոչ միայն թուրքական պետական մտածողության, այլեւ հասարակության լայն շրջանականերում տարածված «Կարսի բարդույթի» մասին:
Շուտով թուրքական կողմը ԽՍՀՄ պատվիրակությանն է փոխանցում համատեղ հայտարարության իրենց նախագիծը եւ ինչպես նշում է Գուրգեն Նալբանդյանը. «Թուրքական նախագիծը, բնականաբար զգաստացրեց ինձ»: Նա անմիջապես դիմել է խորհրդային պատվիրակության ղեկավար Պ. Երմոշինին, ներկայացրել իր մոտեցումները եւ թուրքական վատ թաքցված միտումը: Խորհրդային եւ թուրքական պատվիրակությունները պայմանավորվել են, որ երկու կողմերի ներկայացրած Կոմյունիկեի նախագծերը պետք է ուսումնասիրվեն եւ հաստատվեն ընդհանուր նիստի ժամանակ՝ դեկտեմբերի 20-ին: Մինչ այդ` դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել խորհրդային պատվիրակության փակ քննարկումը Պ. Երմոշինի հյուրանոցային համարում` «թուրքերի կողմից գաղտնալսումը բացառող համապատասխան միջոցներով»: Գ. Նալբանդյանը այդ հավաքին պնդել է իր կարծիքը՝ պաշտպանել խորհրդային նախագիծը, որը լիովին համապատասխանում է խորհրդա-թուրքական «Համատեղ հանձնաժողովի» բնույթին եւ լիազորություններին, որոնք առավելապես տեխնիկական էին եւ առաջարկել է ամեն կերպ հասնել նրան, որպեսզի թուրքական հայտարարության տեքստից հանվեն քաղաքական շեշտադրումները (Կարսի պայմանագրի եւ սահմանների անփոփոխելիության վերաբերյալ ձեւակերպումները): Խորհրդային պատվիրակության անդամներից Ա. Բեսոնովը եւ Օ. Գիգինեյշվիլին, ըստ էության, կիսելով Գ. Նալբանդյանի մտահոգությունների մի մասը՝ նկատում են, որ «Համատեղ հանձնաժողովը» կատարել է տեխնիկական աշխատանք եւ թուրքական կողմի հայտարարության նախագիծը, որը պարունակում է հստակ քաղաքական բնույթ, կարելի է համարել հանձնաժողովի լիազորությունների գերազանցում: Սկզբնական փուլում, մեր կարծիքով նաեւ Նալբանդյանի բերած հիմնավորումների ազդեցության տակ, խորհրդային պատվիրակությունը որոշում է ընդունել պայքարել թուրքական կողմի առաջարկած հայտարարության տեքստում քաղաքական բնույթի շեշտադրումները հանելու համար եւ պաշտպանել ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության հետ արդեն իսկ համաձայնեցված հայտարարության տեքստը, այն է՝ խորհրդային նախագիծը:
Պատվիրակության քննարկման ավարտից հետո Գուրգեն Նալբանդյանը առանձին զրույց է ունեցել խորհրդային պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Երմոշինի հետ, ինչի մասին նույնպես մանրամասն ներկայացրել է իր զեկուցագրում: Նալբանդյանը փորձել է դեսպան Երմոշինին ներկայացնել թուրքական կողմի նպատակները մանավանդ որ դեսպանը բավական լավ ծանոթ է եղել Հայկական հարցին: Ըստ Նալբանդյանի, «Թուրքերը մտադիր են իրենց ձեռքը գցել հայկական հողերի նվաճումն իրենց օգտին ամրագրող նոր քաղաքական փաստաթուղթ» եւ հատուկ ուշադրություն հրավիրել «խորհրդա-թուրքական սահմանի անփոփոխելիություն» արտահայտության վրա: Պետք է փաստել նաեւ, որ Գուրգեն Նալբանդյանի տեսակետները, հիմնավորումները երբեմն ընդգծված կտրուկ են եղել, բայց մյուս կողմից կարելի է ենթադրել, որ նվիրյալ հայորդին խորհրդային պատվիրակությանը առավելագույն կոշտ տարբերակներ առաջարկելով՝ փորձել է հասնել գոնե նրան, որ ԽՍՀՄ պատասխանատուները ավելի ուշադիր լինեն թուրքական կողմի առաջ քաշած ընդգծված հակահայկական առաջարկներին:
Ի պատասխան Գ. Նալբանդյանի մտահոգություններին, դեսպան Երմոշինը նշել է, որ ինքը եւս գիտակցում է թուրքական ձգտումները սահմանների անփոփոխելիության մասին հայտարարություն կորզելու առնչությամբ, ինչպես նաեւ շեշտել է, որ դժվար է լինելու հայտարարության թուրքական նախագծից այդ դրույթը հանելը. «Դա կարող է տագնապ առաջացնել թուրքերի մոտ եւ հակառակի մասին տպավորություն ստեղծել»: Դեսպանի հետ զրույցում արժանապատիվ հայ սպան նաեւ ազնվորեն զգուշացրել եւ տեղյակ է պահել, որ հայտարարության տեքստի թուրքական նախագծի ընդունման դեպքում ինքը՝ որպես պատվիրակության անդամ, չի ստորագրելու այդ փաստաթղթի տակ եւ չի մասնակցելու որեւէ պաշտոնական միջոցառման: Իսկ իր այս մոտեցման պատճառը, ըստ գնդապետ Նալբանդյանի, այն է, որ ինքը որպես Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ փաստորեն դրանով կհամաձայնվի 1921 թ. Կարսի պայմանագրով հայկական հողերի բռնազավթմանը. «Ինչ-որ դիվանագիտական վրիպում այդ հարցում կարող է ողջ աշխարհում հայ հասարակության բացասական հակազդեցությունն առաջացնել»:
Նալբանդյանի զեկուցագրից պարզ է դառնում, որ խորհրդային պատվիրակության իրականացրած քննարկումներում հնչած կարծիքները հայտնի էին թուրքական կողմին եւ սրա ամենահավանական բացատրությունը հյուրանոցային համարների գաղտնալսումն է: Հաջորդ հանդիպմանը, որտեղ կրկին քննարկվել են համատեղ Կոմյունիկեի նախագծերը, թուրքական կողմը հանդես է եկել որոշակի նոր առաջարկներով, որտեղ իբրեւ թե հաշվի էին առնված խորհրդային պատվիրակության մտահոգությունները, սակայն իրականում անձեռնմխելի էր մնացել թուրքական հիմնական խնդիրը՝ Կարսի պայմանագրի եւ սահմանների անփոփոխելիության վերահաստատումը: Բացի այդ, թուրքական պատվիրակության ղեկավարը դիմելով խորհրդային պատվիրակության ղեկավարին հայտարարել է. «Պարոն դեսպան, վերասահմանագծման փաստաթղթերը ստորագրվում են Անկարայում, ուստի համապատասխան միջազգային դիվանագիտական ավանդույթներին եւ նորմերին, պետք է որպես հիմք ընդունվի Կոմյունիկեի թուրքական նախագիծը»:
Թուրքական նոր առաջարկից հետո խորհրդային պատվիրակությունը կրկին փակ քննարկում է կազմակերպել պատվիրակության ղեկավար Երմոշինի հյուրանոցային համարում, որտեղ Գուրգեն Նալբանդյանը հայտարարել է. «Թուրքերի առաջին եւ, այսպես կոչված, երկրորդ նախագծերը նույնական են, չեն համապատասխանում Խորհրդա-թուրքական հանձնաժողովի իրավասությանը եւ իրենց հռչակագրային մասում մտնելով կառավարությունների իրավասության մեջ, որոշում են խորհրդա-թուրքական հարաբերությունների սկզբունքները: Թուրքերի նախագծերը չեն կարող ընդունվել նույնիսկ որպես հիմք»: Շարունակելով իր միտքը՝ Նալբանդյանը առաջարկել է. «Որպես հիմք ընդունել խորհրդային նախագիծը, թուրքական նախագծերից հանել քաղաքական հռչակագիրը, հատկապես` խորհրդա-թուրքական սահմանի անփոփոխելիության մասին արտահայտությունը: Իմ առաջարկը պարտադիր կերպով հայտնել դեսպանությանը եւ ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությանը»: Կարելի է պնդել, որ ի տարբերություն թուրքական կողմի, խորհրդային պատվիրակության մոտ շատ թույլ է արտահայտված եղել, իսկ հետո արդեն լիովին բացակայել է տվյալ հարցի հետ կապված սկզբունքային պայքար մղելու եւ՛ ցանկությունը, եւ՛ մոտիվացիան, սակայն, այնուամենայնիվ որոշվում է, որ թուրքական նախագիծը պետք է ներկայացնել Թուրքիայում ԽՍՀՄ դեսպանությանը եւ ուղարկել Մոսկվա կարծիք ստանալու համար: Բացի այդ, Մոսկվա պետք է ուղարկվեր նաեւ գնդապետ Նալբանդյանի առաջարկը: Սակայն հաջորդ օրը` դեկտեմբերի 21-ին պարզ է դառնում, որ Թուրքիայում ԽՍՀՄ դեսպան Վ. Գրյուբակովը ոչ միայն հրաժարվել է Նալբանդյանի առաջարկը ուղարկել Մոսկվա, այլեւ հայտարարության տեքստի թուրքական նախագիծը համարել է ընդունելի ավելին՝ այն անվանել է «շքեղ»: Սրան զուգահեռ խորհրդային պատվիրակության որոշ անդամները, որոնք մինչ այդ կիսում էին Նալբանդյանի մոտեցումները (օրինակ՝ Վրաստանի ներկայացուցիչ Օ. Գիգինեյշվիլին) կապված թուրքական շեշտադրումների անընդունելի լինելու հետ, սկսում են հետքայլ անել եւ այլեւս չպաշտպանել նրա առաջարկը:
Նալբանդյանից Նալբանդյան 1973-2009 թթ.
Խորհրդային պատվիրակության դեկտեմբերի 21-ին կազմակերպած խորհրդակցությանը Երմոշինը ասել է. «Թուրքերը շատ են համառում, ոչ մի փոխզիջման չեն գնում, պահանջում են որպես հիմք ընդունել իրենց նախագիծը եւ պարտադիր կերպով նրանում տալ «սահմանների անվտանգության, տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության» երաշխիքների մասին պարբերությունը»: Չնահանջելով եւ փորձելով այդ բարդ վիճակում ելքեր գտնել՝ Գուրգեն Նալբանդյանը առաջարկել է, որ եթե թուրքերը այդքան պնդում են, ապա կարելի է հայտարարության տեքստում ներառել ոչ թե սահմանների անփոփոխելիության մասին արտահայտությունը, այլ «սահմանի անվտանգության եւ օրինականորեն (ընդգծումը մերն է Ռ. Մ.) պատկանող տարածքների անձեռնմխելիության» մասին ձեւակերպում: Նալբանդյանը եւս մեկ անգամ որպես պատվիրակության անդամ «վճռական կերպով առարկել է» Թուրքիայում ԽՍՀՄ դեսպան Գրյուբակովի առաջարկության դեմ եւ պնդել, որպեսզի իր հատուկ կարծիքը հասցվի Մոսկվա` արտաքին գործերի նախարարություն: Բացի այդ, կարելի է ենթադրել, որ առաջարկելով տեքստում ներառել «օրինականորեն պատկանող տարածք» ձեւակերպումը՝ Նալբանդյանը, ըստ էության արել է դիվանագիտական եւ անգամ գիտական ակնարկ առ այն, որ Կարսի պայմանագրով որոշված տարածքներից ոչ բոլորն են եւ ոչ ամբողջապես են օրինական:
Այստեղ մի հետաքրքիր զուգահեռ էլ կա, որը ի ցույց է դնում մի կողմից թուրքական քաղաքական ոճը, մյուս կողմից դրան դիմագրավելու եւ հակադարձելու հայկական ջանքը, որը տասնամյակների ինտերվալով եւ գրեթե նույն իրավիճակում դրսեւորվել է 1973 եւ 2009 թվականներին: Այսպես, 1973 թ. ի պատասխան թուրքական պնդումներին՝ գնդապետ Գուրգեն Նալբանդյանը կրկին փորձել է բացատրել, որ սահմանների անձեռնմխելիության մասին շեշտելը տվյալ պատվիրակության լիազորությունների մեջ չի մտնում եւ որպես մի այլընտրանք առաջարկել է, որպեսզի պայմանագրի ստորագրումից հետո կողմերից յուրաքանչյուրը մամուլի համար հանդես գա իր սեփական հայտարարությամբ, այլ ոչ թե ընդհանուր: 2009 թ. Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ սկանդալ է ծագում, քանի որ թուրքական կողմը մինչ այդ թաքցնելով իրենց հայտարարության տեքստը՝ ի վերջո ստիպված է լինում բացահայտել այն, որում նրանք խախտելով պայմանավորվածությունները, ինչպես նաեւ խեղելով բանակցությունների եւ արձանագրությունների ընդհանուր տրամաբանությունը՝ փորձել էին ընդգրկել Թուրքիայի հայտնի նախապայմանները կապված Արցախի, Հայոց ցեղասպանության, Կարսի պայմանագրի հետ ու հնչեցնել դրանք: 2009-ին մեկ այլ Նալբանդյան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը վճռական եւ սկզբունքային դիրքորոշում որդեգրելով՝ կասեցրել է թուրքական այդ ծրագիրը եւ ի վերջո, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո կողմերից ոչ մեկը հանդես չի եկել հայտարարությամբ. Թուրքիայի ցանկությունը հնչեցնել արձանագրության մեջ գոյություն չունեցող, բայց իրենց համար սկզբունքային ձեւակերպումները տապալվել է:
Լուսանկարը` REUTERS
Տարիներ հետո Էդուարդ Նալբանդյանը անդրադառնալով այդ խնդրին՝ նշում է. «Նույնիսկ արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ թուրքական պատվիրակությունը փորձ արեց «մեկնաբանական» հայտարարության տեսքով հնչեցնել այն նախապայմանները, որոնք առաջ էր քաշում դեռեւս բանակցային գործընթացի մեկնարկից առաջ։ Հենց այդ պատճառով էր, որ ստորագրման արարողությունը հետաձգվեց ավելի քան երկու ժամով։ Սակայն այդ փորձը եւս ձախողվեց հայկական կողմի հաստատուն դիրքորոշման շնորհիվ, որին աջակցեցին մեր միջազգային գործընկերները։ Արդյունքում արձանագրությունները ստորագրվեցին առանց արտաքին գործերի նախարարների բանավոր հայտարարությունների, որոնք նախատեսել էին արարողության կազմակերպիչները։ Ավելին` Ցյուրիխում ներկա բարձրաստիճան միջազգային ներկայացուցիչները ինչպես ստորագրման օրը, այնպես էլ հետագայում հանդես եկան հայտարարություններով, որ արձանագրությունները պետք է վավերացվեն եւ իրագործվեն առանց նախապայմանների»։
Վերադառնալով 1973 թ. զարգացումներին՝ առանձնացնենք գնդապետ Գուրգեն Նալբանդյանի սպայական պահվածքի եւս մեկ դրսեւորում: Հանդիպելով Նալբանդյանի նման սկզբունքայնությանը կապված թուրքական կողմի պահանջների անընդունելի լինելու հետ՝ խորհրդային պատվիրակության ղեկավարը հետաքրքրվել է, թե արդյոք այդ հարցում Նալբանդյանը ունի Խորհրդային Հայաստանի ղեկավարության հատուկ ցուցումը, ինչին ի պատասխան գնդապետը Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը հնարավոր վտանգից եւ ազգայնականության մեջ մեղադրվելուց հեռու պահելու միտումով հայտարարել է, որ իր մոտեցումները բխում են տվյալ հանձնաժողովին վերապահված իրավունքներից եւ ինքը որեւէ հատուկ ցուցում չունի: «Առաջին, Հայկական ԽՍՀ ղեկավարությունը չէր կարող կանխատեսել Խորհրդա-թուրքական հանձնաժողովի շեղումը՝ 1967 թ. փետրվարի 28-ի խորհրդա-թուրքական Արձանագրությամբ որոշված գործառույթից, որպեսզի ներկայացուցչին ինչ-որ ղեկավար ցուցում տար:…Երկրորդ եւ ամենագլխավորը՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահությունը, Նախարարների Խորհուրդը եւ ԱԳՆ խորհրդա-թուրքական պետական սահմանի վերասահմանագծման միջոցառումների ողջ համալիրը դիտարկել են միայն երկրի (ԽՍՀՄ) շահերի տեսանկյունից, եւ ոչ թե հանրապետության նեղ ազգային շահերի շրջանակում, խորհրդային պատվիրակությանը լիարժեք վստահություն եւ աջակցություն են ցուցաբերել…»: Նալբանդյանը եւս մեկ անգամ պնդել է իր կարծիքն առ այն, որ այդ քայլերով Թուրքիան ունի լոկ մեկ նպատակ` «մեզանից ստանալ իրենց կողմից հայկական հողերի զավթման նոր ճանաչումը»:
Սակայն, ցավոք թուրքական կողմը բացահայտ ճնշումների եւ պարտադրանքի արդյունքում հասնում է իր ուզածին եւ 1973 թ. դեկտեմբերի 29-ին Անկարայում Թուրքիայի ԱԳՆ շենքում տեղի է ունենում խորհրդա-թուրքական սահմանի վերասահմանագծման մասին փաստաթղթերի ստորագրման եւ դրա վերաբերյալ համատեղ Կոմյունիկեի ընդունման հանդիսավոր արարողությունը: Գնդապետ Գուրգեն Նալբանդյանը հրաժարվում է մասնակցել այդ արարողությանը եւ դրա մասին իր զեկուցագրում գրել է. «Հայկական ԽՍՀ ներկայացուցիչը դեկտեմբերի 29-ին ժամը 8-ին, պաշտոնապես հայտարարեց պատվիրակության ղեկավարությանը եւ անդամներին, որ հանդիսությանը ներկա չի գտնվելու եւ փաստաթղթերի ստորագրմանը մասնակից չի լինելու: Դա արվեց որպես պետական սահմանի վերասահմանագծման Խորհրդա-թուրքական համատեղ հանձնաժողովի ապօրինի ակտի դեմ ուղղված բողոքի նշան, եւ ամենագլխավորը` այն բանի համար, որպեսզի թուրքերը ինչպես նաեւ մեր դիվանագետները հասկանան, որ հայկական հողերի մասին հարցը օրակարգից հանված չէ (ընդգծումը մերն է Ռ. Մ.)»:
Խորհրդա-թուրքական համատեղ Կոմյունիկեում, որը վերաբերվում է պետական սահմանի վերասահմանագծման աշխատանքների ավարտվելուն, թուրքական կողմի պահանջով եւ համառ ջանքերի արդյունքում տեղ են գտել հետեւյալ արտահայտությունները. «Խորհրդա-թուրքական սահմանի վերասահմանագծումը, որը որոշվել էր 1921 թ. Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերով եւ սահմանագծվել 1926 թվականին….», «Կողմերը համոզված են, որ այս համատեղ աշխատանքի արդյունքում ստորագրված պատմական նշանակություն ունեցող Արձանագրությունները, որոնք Թուրքական Հանրապետության եւ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջեւ խաղաղության եւ անվտանգության պահպանման նպատակներով փաստագրում են նրանց անփոփոխ սահմանը…»:
Այս փաստաթղթի ստորագրումից երկու օր հետո` դեկտեմբերի 31-ին իր ներկայացրած զեկուցագրում գնդապետ Նալբանդյանը տալիս է դիպուկ, համարձակ եւ ամփոփիչ գնահատական այդ ամբողջ գործընթացի, թուրքական իրական նպատակների եւ դրանց հետագա հնարավոր ազդեցության ու նշանակության վերաբերյալ. «Այսպիսով, տեխնիկական հարցի լուծման ժամանակ` 1967-1973 թթ. պետական սահմանի վերասահմանագծման Խորհրդա-թուրքական համատեղ հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքում (որի անցումը սահմանագծվել է 1924-1926 թթ. եւ հաստատվել 1926 թ. գլխավոր արձանագրությամբ), թուրքերը մեր դիվանագետների թուլության, նրանց կողմից անհասկանալի զիջողականության շնորհիվ ստացան իրենց համար եւս մեկ կարեւոր, ավելի հեղինակավոր փաստաթուղթ այն մասին, որ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը կրկին ճանաչում է թուրքերի կողմից հայկական հողերի զավթումը: Մարդասպանը եւ թալանչին եւս մեկ համաներում ստացավ: Ոչ ոք այլ մեկնաբանություն չի կարող տալ այդ փաստաթղթին»: «Թուրքերը՝ դիվանագիտական խաղի փորձառու խաղամոլները, երբեք չեն արհամարում ավելորդ խաղաթղթերը»:
Կարեն Դեմիրճյան-Գուրգեն Նալբանդյան. գործողությունների նույնական տրամաբանություն
Հետաքրքիր է փաստել, որ խորհրդա-թուրքական սահմանի ռեդեմարկացիայից եւ գնդապետ Նալբանդյանի հրապարակային դեմարշից մոտ տասը տարի անց համանման մի դեպք է տեղի ունենում այս անգամ Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մասնակցությամբ:
Դեպքն իհարկե ավելի լոկալ նշանակության էր, սակայն ի ցույց էր դնում, որ Թուրքիայի եւ Թուրքիայից բխող տարատեսակ բաց ու քողարկված վտանգների հանդեպ ընդգծված զգուշավորությունը եւ դրանում պատմական համապատկերի ընդգծումը բնութագրական է եղել Խորհրդային Հայաստանի տարբեր ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական պաշտոնյաների պարագայում: Նմանատիպ մի հետաքրքիր զուգահեռ կարելի է տեսնել օրինակ՝ հայ-թուրքական (ԽՍՀՄ-Թուրքիա) սահմանին կառուցված եւ համատեղ օգտագործվող Ախուրյանի ջրամբարի բացման հանդիսավոր արարողության հետ:
Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը 1984 թ. հունիսի 28-ին իր օրագրում նշում է, որ թուրքական կողմը պաշտոնապես հրավիրել է ԽՍՀՄ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ Յ. Ռյաբովին ներկա գտնվելու համատեղ ջրամբարի բացմանը: Ռյաբովը զանգահարել է Դեմիրճյանին եւ հայտնել Թուրքիա գնալու մասին, ապա նշել, որ հիշում է 1915 թ. ցեղասպանության մասին Դեմիրճյանի պատմածը իրեն, եւ այնուհետեւ խնդրել Խորհրդային Հայաստանի ղեկավարին մասնակցել Ախուրյանի ջրամբարի բացմանը կամ ուղարկել հանրապետության ջրային տնտեսության նախարարին: Ի պատասխան Դեմիրճյանը ասել է, որ թուրքերը ուզում են սադրել մեզ եւ նկատել, որ ջրամբարի դեռեւս հիմնարկեքի ժամանակ թուրքական կողմը իրեն երեք անգամ հրավիրել է մասնակցել այդ արարողությանը, սակայն նա չի գնացել «հաշվի առնելով Ցեղասպանության հարցը»: Դեմիրճյանը հավելել է, որ այն պարագայում, երբ Թուրքիան շարունակում է վարել խիստ բացասական քաղաքականություն ԽՍՀՄ-ի եւ Խորհրդային Հայաստանի հանդեպ՝ ինքը կտրուկ դեմ է նման այցին եւ խորհրդային պատվիրակության մասնակցությանը: Ռյաբովը չնայած որ խոստանում է Դեմիրճյանի կարծիքը հայտնել Կենտկոմ, սակայն առանց մանրամասները շեշտելու Թուրքիայի առաջարկությունը ներկայացրել է Քաղբյուրոյին եւ ստացել ջրամբարի պաշտոնական բացմանը մասնակցելու որոշում: Այդ օրերին Մոսկվայում գտնվող Դեմիրճյանը տեղեկանալով նման զարգացման մասին՝ փորձել է որոշ քայլեր անել. հանդիպել է ԽՍՀՄ մի շարք պատասխանատուների հետ, ներկայացրել վիճակը, ստացել նրանցից շատերի հավանությունը իր դիքորոշմանը: Գիտակցելով նաեւ, որ Քաղբյուրոյի որոշումը հնարավոր չէ փոխել՝ Դեմիրճյանը հանդես է եկել առաջարկությամբ, որ համատեղ կառուցվող ջրամբարի բացումը անել ոչ թե հանդիսավոր պայմաններում, այլ աշխատանքային կարգով, ինչպես նաեւ. «1. Միտինգներ, հավաքներ չանել (ինչպես դա ուզում էր ընկ. Ռյաբովը), 2. Ընկեր Ռյաբովի կողմից ոչ մի ելույթ եւ հարցազրույց, 3. ԽՍՀՄ մամուլը, հեռուստաընկերությունը չի տա որեւէ տեղեկատվություն, 4. Ընկ. Ռյաբովը մասնակցում է որպես ներկայացուցիչ, ով աշխատանքային կարգով ձեւակերպում է մեկնարկը»: Իր այս առաջարկները Դեմիրճյանը ներկայացնում է նաեւ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Ա. Գրոմիկոյին. «Ա. Ա. Գրոմիկոն համաձայնվեց սրա հետ եւ տվեց հանձնարարություն ընկ. Կոմպլեկտովին (ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարար) կողմնորոշել դեսպանին (Թուրքիայում ԽՍՀՄ դեսպանին) եւ ընկ. Ռյաբովին: Երեկոյան ընկ. Կոմպլեկտովը հայտնեց, որ դա արված է»:
Որպես թեմայի շարունակություն 1984 թ. հոկտեմբերի 22-ին Կ. Դեմիրճյանի օրագրային գրառման մեջ հանդիպում ենք հետեւյալ տեղեկատվությանը. նա հանդիպում է ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահ (վարչապետ) Ն. Ա. Տիխոնովին. «Ես նրան ասացի, որ լավ կլիներ հետաձգել Թուրքիա այցը: Եթե այնուամենայնիվ գնա, ապա ոչ մի դեպքում չհամաձայնվի մասնակցել Ախուրյանի (ջրամբարի) հետ կապված միջոցառումներին: Նա ասաց, որ Թուրքիայի ներկայացուցիչները իր հետ զրույցում ասել էին այն մասին, որ բոլոր հանրապետությունները իրենց լավ են պահում Թուրքիայի հանդեպ, բացի մեկից»: Կարելի է համոզված ենթադրել, որ Թուրքիայի նշած այդ մի հանրապետությունը Խորհրդային Հայաստանն էր:
Ինչեւէ, խորհրդային գնդապետ Գուրգեն Նալբանդյանի եւ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ կապված այս փաստերը, որոնք վերաբերվում են Թուրքիայի քայլերին, հայկական պատմական հիշողությանը, Հայոց ցեղասպանության խնդրին, ուշագրավ են նաեւ այն առումով, որ ի ցույց են դնում ազգային-պետական մտածողության փայլուն օրինակներ, որոնց կրողներն են եղել ԽՍՀՄ-ում եւ խորհրդային սահմանափակումների պայմաններում աշխատած հայ ռազմական, կուսակցական եւ պետական գործիչները:
ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի վերածումը Հայաստան-Թուրքիա սահմանի եւ անավարտ տեխնիկական հարցերը
1973 թ. ԽՍՀՄ-Թուրքիա վերասահմանագծման այս վերջին դրվագից հետո էլ երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ որոշակի շփումներ եւ աշխատանք տեղի է ունեցել կապված սահմանագծերի վերահսկման եւ հնարավոր բնական փոփոխությունների (օրինակ՝ գետերի հուների փոփոխության) արձանագրման հետ: Այսպես, 1983 թ. դեկտեմբերի 20-ին ստեղծվել է համատեղ խորհրդա-թուրքական վերահսկիչ հանձնաժողով՝ ըստ միջկառավարական «Արձանագրության»: Երկու երկրների ներկայացուցիչներից բաղկացած վերահսկիչ հանձնաժողովը անցկացրել է 10-ից ավելի համատեղ նիստեր եւ քննարկել սահմանագծին առնչվող տարբեր հարցեր: Հանձնաժողովի խորհրդային կողմից համանախագահ Յուրի Շոլմովը իր հաշվետվության մեջ նշում է, որ հանձնաժողովը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին՝ Արաքս գետի հետ կապված աշխատանքները նախատեսել է ավարտել 1992 թ. կեսերին, սակայն այդ պայմանավորվածությունը թուրքական կողմը չի պահել եւ փաստորեն այն նիստը, որտեղ պետք է ներկայացվեր «վերջնական ամփոփիչ փաստաթղթի նախագիծը» չի կայացել:
1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից եւ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի մի մասը նաեւ դե յուրե վերածվեց հայ-թուրքական սահմանի եւ արդեն նորովի շարունակվեցին այդ սահմանի հետ կապված ինչպես իրավա-քաղաքական, այնպես էլ տեխնիկական հարցերը, որոնք բախվեցին Հայաստան-Թուրքիա միջպետական խնդիրներին եւ ձեռք բերեցին այլ բնույթ: Հարկ է հատուկ նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն Հայաստան-Թուրքիա դարձած սահմանի հետ կապված տարբեր հարցեր (ճշգրտումներ, մասնակի վերասահմանագծումներ) մնացել են անորոշ եւ չլուծված: Նախ՝ առաջ է գալիս նախկին խորհրդա-թուրքական հանձնաժողովի իրավահաջորդության խնդիրը: 1992 թ. հուլիսի 17-ին Մոսկվայում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ֆ. Մամիկոնյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին է ուղարկել գրություն, որին կցված է խորհրդա-թուրքական համատեղ վերահսկիչ հանձնաժողովի նիստերին մասնակցած խորհրդային պատվիրակության հաշվետվության պատճենը, որը վերաբերվում է պետական սահմանագծին: Գրության մեջ նշվում է, որ այդ պահին հիշյալ հանձնաժողովի աշխատանքները գործնականում դադարեցված են եւ Մամիկոնյանը առաջարկում է դիմել ՌԴ արտաքին գործերի նախարար Ա. Կոզիրեւին հանձնաժողովի գործունեությունը շարունակելու խնդրանքով:
Հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ նախկին խորհրդա-թուրքական սահմանի մի զգալի հատված անցնում է լեռնային գետերով, որոնց հուները ամենամյա փոփոխությունների են ենթարկվում, ինչն էլ առաջացնում է սահմանագծի ոչ ստաբիլություն: Այդ հաշվետվության մեջ կա երկու ուշագրավ կետ. նախ վերահսկիչ հանձնաժողովի համանախագահ Յու. Շոլմովը նշում է, որ 1992 թ. փետրվարին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՌԴ արտաքին գործերի նախարարությանը խնդրելով աջակցել ավարտին հասցնել ՀՀ-ի եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ սահմանագծի հստակեցման աշխատանքները: Բացի այդ, առաջարկել է խորհրդային պատվիրակությունը այդուհետ անվանել հայ-ռուսական պատվիրակություն դրա մեջ ներառելով Հայաստանից ներկայացուցիչ: ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը շարունակել պատվիրակության աշխատանքները եւ այդ հարցով 1992 թ. մարտ ամսին դիմել է թուրքական կողմին, սակայն պատասխան չի ստացել: Թուրքական կողմի լռությունը Շոլմովը պայմանավորում է «Անդրկովկասում իրավիճակի ընդհանուր կտրուկ բարդացման» հետ, այսինքն՝ Արցախյան պատերազմի ծավալման հետ:
Հայաստանի ազգային արխիվում պահպանվել են այս հարցի նաեւ հաջորդ փուլերին վերաբերվող որոշ ուշագրավ փաստեր եւ փաստաթղթեր: Այսպես, 1992 թ. հուլիսի 7-ին վերահսկիչ հանձնաժողովի համանախագահ Շոլմովը գրություն է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Նավասարդյանին, որին կցված է հանձնաժողովի 1992 թ. երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը, որտեղ խնդիր է դրված ստուգել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական սահմանագիծը՝ Արաքս գետի երկայնքով: Ուշագրավ է, որ գրության մեջ պատվիրակությունն արդեն անվանվում է «հայ-ռուսական» եւ Շոլմովը խնդրում է հայկական կողմին ներկայացնել իր դիտարկումները, հավելումները եւ առաջարկները: Այդ փաստաթուղթը 1992 թ. հուլիսի 22-ին փոխնախարար Նավասարդյանը մակագրում է ԱԳՆ աշխատակից Մ. Բոջոլյանին եւ հանձնարարում՝ «պատասխանել, որ համաձայն ենք»: Հանձնաժողովի աշխատանքային պլանով նախատեսվում էր աշխատանքային հանդիպումներ կողմերի (Հայաստանի եւ Թուրքիայի) միջեւ, կազմված էր հանդիպումների գրաֆիկը ըստ ամիսների եւ անգամ նշված էին հանդիպման վայրերը, իսկ 1992 թ. նոյեմբերին նախատեսված էր «Ամփոփիչ փաստաթղթի ստորագրում» ընդ որում՝ Անկարայում: Սակայն այս գործընթացը շարունակություն չի ունեցել. փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո ես զրուցեցի հիմա արդեն լուսահոգի Արման Նավասարդյանի հետ, ով հիշեց, որ նման նամակագրություն եղել է ռուսական կողմի հետ, սակայն նշեց, որ գործընթացը որեւէ կոնկրետ շարունակություն չի ունեցել ենթադրաբար թուրքական կողմից արձագանքի բացակայության պատճառով:
«Կարսի բարդույթի» մերօրյա դրսեւորումները Թուրքիայում եւ պոտենցիալ խնդիրը
Գալով այսօրվա իրողություններին եւ ստեղծված իրավիճակին՝ պետք է նկատենք, որ թուրքական կողմում որեւէ փոփոխություն «Կարսի բարդույթի» հետ կապված չի նկատվում. այն ոչ միայն շարունակում է մնալ Թուրքիայի քաղաքական եւ հասարակական լայն շրջանակների մտածողության մեջ, այլեւ ավելի է սրվել: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցնող գրեթե 30 տարվա ընթացքում թուրքական հայտնի նախապայմաններից մեկը եղել եւ մնում է Կարսի պայմանագրի ճանաչման հարցը, որը հաճախ ձեւակերպվում է որպես «Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում», «Թուրքիայից հողային պահանջներ չունենալու մասին հավաստիացում» եւ այլն, սակայն, իմ համոզմամբ, իրականում Հայաստանին ներկայացվող պահանջն է հայտարարել, որ ճանաչում ենք 1921 թ. Կարսի պայմանագիրը: Մինչ այժմ Հայաստանը պաշտոնական մակարդակում երբեք չի ճանաչել Կարսի պայմանագիրը չնայած որ հայտարարել է, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունի: Սակայն խնդիրն այստեղ ավելի խորն ու բազմավեկտոր է. թուրքական «Կարսի բարդույթի» հաղթահարման համար կարեւոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես եւ գրավոր ճանաչի Կարսի պայմանագիրը: 1990-ականներին վերաբերվող եւ գաղտնազերծված ամերիկյան պաշտոնական փաստաթղթերում նույնպես հանդիպում են Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Կարսի պայմանագրի ճանաչման հետ կապված ուղիղ հայտարարություններ:
Լուսանկարը` AA
Օրինակ՝ 1990 թ. հունվարի 18-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագի եւ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, այլ ամերիկյան պաշտոնյաներ, իսկ թուրքական կողմից ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նյուժեթ Քանդեմիրը: Օզալը հանդիպման ընթացքում բացել է ամերիկացի սենատոր Դոուլի առաջարկած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հարցը եւ բնականաբար դեմ արտահայտվել դրան: Այդ նույն զրույցի ժամանակ Թուրքիայի դեսպան Քանդեմիրը հայտարարել է. «Նրանք (հայերը) այդ բանաձեւը կօգտագործեն ահաբեկչության եւ տարածքային պահանջների արդարացման համար: Նրանք հայկական բանաձեւը կօգտագործեն ապացուցելու համար, որ 1921-ի սահմանն օրինական չէ»: Իսկ 1992 թ. փետրվարի 12-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանության պետքարտուղար Բեյքերին ուղարկած զեկուցագիրն է, որտեղ վերապատմվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի գծով «գլխավոր տնօրենի տեղակալ» Ջանդան Ազերի հետ զրույցը՝ կապված հայ-թուրքական շփումների եւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի հետ: Ըստ Ազերի, հայ-թուրքական հանդիպումների ժամանակ խոսվել է տարածքային պահանջներից եւ Հայոց ցեղասպանության հարցից: Ամերիկյան զեկուցագրում է ասվում է. «Թուրքերը բարձրացրել են Հայաստանի անկախության հռչակագրում Արեւմտյան Հայաստանին արված հղման հարցը՝ նշելով, որ նրանք կպահանջեն տարածքային հարցերի շուրջ ոչ երկիմաստ պնդում-հայտարարություն, հավանաբար 1921-ի Մոսկվային եւ Կարսի պայմանագրերի հիման վրա»:
Փաստենք, որ «Կարսի պայմանագիր» ձեւակերպում տեղ չէր գտել 2009 թ. հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրություններում, որի պատճառով Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը եւ մասնավորապես՝ արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ենթարկվեց խիստ քննադատության ոչ միայն ընդդիմության, այլեւ թուրքական գիտա-վերլուծական շրջանակների կողմից եւս: Ներկայումս էլ թուրքական քաղաքական շրջանակներում կարող ենք հանդիպել «Կարսի բարդույթի» բացահայտ, մասշտաբային կամ ակնարկային դրսեւորումների: Բերենք ամենաթարմ օրինակը՝ 2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Թուրքիայում կրկին ակտիվացավ ռուսական (անուղղակի հայկական) նկրտումների թեման եւ խորհրդարանական ընդդիմադիր, ազգայնամոլական «Լավ» կուսակցության նախագահ, պատգամավոր Մերալ Աքշեները հայտարարեց. «Ո՞վ կարող է վստահ լինել, որ Պուտինի երազած Ռուսաստանի բաղկացուցիչ մաս չեն դիտարկվում Կարսը, Էրզրումը, Արդահանը»: Մեկ այլ ազգայնամոլական կուսակցության՝ Մեծ միասնություն կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեսթիջին նույնպես անհանգստանալով Ռուսաստանի Ուկրաինայում իրականցվող գործողություններով՝ նշում է, որ եթե Ռուսաստանին այսօր չկանգնեցեն, ապա վաղը նրա թիրախներն են դառնալու թյուրքական պետությունները եւ հավելում. «Այս ամենը ասես բավարար չի Լենինին է հղում անում: Եթե մեր Կարսի եւ Արդահանի սահմաններին հասնեն ոչ մեկ չպետք է զարմանա»:
Ամփոփելով փաստենք, որ «Կարսի բարդույթը» եւ դրա ամենացայտուն դրսեւորումներից մեկը՝ Հայաստանին որպես նախապայման Կարսի պայմանագրի ճանաչումը պարտադրելը այսօր էլ Թուրքիայի գերակայություններից է եւ եթե ներկայումս ընթացող հայ-թուրքական բանակցությունների ընթացքում էլ թուրքական կողմը չկարողանա հասնել իր ուզածին, ապա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման պարագայում ամենայն հավանականությամբ ծագելու է սահմանների վերասահմանագծման անհրաժեշտություն, որի ժամանակ հղում անելով նախորդ փուլերին եւ ի մասնավորի՝ Կարսի պայմանագրի հիման վրա 1920-ականներին արած խորհրդա-թուրքական առաջին սահմանագծմանը՝ Հայաստանին կարող է ներկայացվել Կարսի պայմանագրի ճանաչման քողարկված տարբերակը, որի հետեւանքները կլինեն նույնը: Սա պոտենցիալ խնդիր է, որը կարող է ամեն պահի տեսականից դառնալ գործնական: Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի արձագանքը. սրան պետք է պատրաստ լինել եւ՛ տեխնիկական, եւ՛ քաղաքական, եւ՛ իրավական առումով:
Ռուբեն Մելքոնյան, թուրքագետ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր
Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: