Ինչպես Գամսախուրդիային Երեւանից ճանապարհեցինք Գրոզնի - Mediamax.am

exclusive
20530 դիտում

Ինչպես Գամսախուրդիային Երեւանից ճանապարհեցինք Գրոզնի


Զվիադ Գամսախուրդիան
Զվիադ Գամսախուրդիան

Լուսանկարը` REUTERS

Զվիադ Գամսախուրդիան
Զվիադ Գամսախուրդիան

Լուսանկարը` REUTERS

Միխայիլ Սաակաշվիլին՝ Թբիլիսիում Զվիադ Գամսախուրդիայի վերաթաղման արարողությանը (2007թ.)
Միխայիլ Սաակաշվիլին՝ Թբիլիսիում Զվիադ Գամսախուրդիայի վերաթաղման արարողությանը (2007թ.)

Լուսանկարը` REUTERS

Զվիադ Գամսախուրդիան եւ Ջոհար Դուդաեւը
Զվիադ Գամսախուրդիան եւ Ջոհար Դուդաեւը

Վրաստանում ծայր առած քաղաքացիական դիմակայության պատճառով այդ երկրի նախագահ Զվիադ Գամսախուրդիան 1992 թվականի հունվարի 6-ի վաղ առավոտյան լքել էր Թբիլիսին՝ ընտանիքով ու մերձավորներով նախ փորձելով ապաստանել Ադրբեջանում, բայց դրա ձախողման պատճառով օգտվել էր Հայաստանի իշխանությունից ժամանակավոր ապաստան ստանալու հանգամանքից եւ հանգրվանել Իջեւանի շրջանում, այդ քաղաքի ձեռնարկություններից մեկի քաղաքամերձ երկհարկանի հանգստյան տանը: 

 

Մի քանի օրվա ընթացքում պարզ դարձավ, որ Գամսախուրդիայի՝ Հայաստանում գտնվելը բավական խնդրահարույց է: Նախ, իմ իմանալով՝ հայերից դժգոհ էին Վրաստանի եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը: Զվիադականները չգիտես ինչու կարծում էին, թե Գամսախուրդիան Հայաստանում «պահվում է» հակառակ իր կամքի, իսկ իշխանությունը դժգոհ էր, որ Հայաստանի ղեկավարությունը չի կատարում Գամսախուրդիային արտահանձնելու իր պահանջը: Ակնհայտ էր, որ հարցի միակ լուծումը Զվիադ Գամսախուրդիայի մեկնումն էր ՀՀ-ից, եւ դա տեղի ունեցավ հունվարի 15-ին:

 

***

 

Հեռուստառադիոյի ղեկավար Սամվել Գեւորգյանի (1948-2014) հետ, որի առաջին տեղակալն էի, Նորքի շենքում նույն առանձնասենյակն էինք զբաղեցնում: Նա ամբողջ օրը լինում էր ռադիոտանը, եւ միայն երեկոյան էր բարձրանում «վերեւ»՝ ինչպես անվանում էինք Նորքում գտնվող եւ քաղաքից լավ տեսանելի սպիտակ շենքը: Սամվելը խոսեց հեռախոսով, հետո դիմեց ինձ.

 

– Վրաստանի նախագահը քիչ անց մեկնելու է Հայաստանից, բայց մինչ այդ այցելելու է Գերագույն խորհուրդ: Կարծում եմ ճիշտ կլինի, եթե դու գնաս նկարահանման. այդ գործը չես մոռացել, չէ՞:

 

Հետո ավելացրեց.

 

– Օպերատոր հրավիրելու կարիք չկա (աշխատանքային ժամն ավարտվելու վրա էր - Կ.Յ.), Արթուր Գրիգորյանը շենքում է, ինքն էլ կնկարահանի:

 

Ես համաձայնեցի:

 

Արթուրը բազմաշնորհ մասնագետ էր, տիրապետում էր թե՛ օպերատորի, թե՛ ինժեների գործը: Ավելի ուշ նա աշխատեց որպես խմբագիր-մեկնաբան ու՝ դարձյալ հաջողությամբ, հետագայում արժանացավ վաստակավոր ժուռնալիստի կոչման:

 

Քիչ անց մենք Յուրա Գաբրիելյանի (այժմ՝ լուսահոգի) վարած ավտոմեքենայով մեկնեցինք Գերագույն խորհուրդ (ԱԺ), որտեղ այդ ժամանակ տեղավորված էր նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմը: Թեեւ օրը երեկոյանում էր, բայց շենքը բազմամարդ էր: Միջանցքներում շատ էին լրագրողները, որոնք հավաքվել էին, որպեսզի լուսաբանեն Վրաստանի նախագահի այցը: 

 

Հանձնարարություն ունեի Վրաստանի նախագահին առնվազն մեկ հարց ուղղել՝ իսկապե՞ս նա դժգոհ է Հայաստանում իր անցկացրած օրերից ու ղեկավարության եւ հայ բնակչության վերաբերմունքից՝ ինչպես պնդում էին ոմանք, թե՞ դա լոկ բամբասանք էր: Որպես երկրի միակ պետական հեռուստաընկերության ներկայացուցիչներ՝ մենք հնարավորություն ունեինք Գամսախուրդիայի սպասվող այցի մանրամասները ճշտել ՀՀ նախագահի եւ ԳԽ ղեկավարի մերձավոր շրջապատից, ինչը եւ արեցինք: Մեզ գրեթե վստահեցրին, որ սցենարը փոխվել է, Վրաստանի նախագահը չի գալու ԳԽ շենք, այլ միանգամից ժամանելու է «Զվարթնոց» օդանավակայան: Մենք արագորեն դուրս եկանք շենքից եւ բռնեցինք «Զվարթնոցի» ճանապարհը: Արգավանդի կողմերում նկատեցինք, որ մեզ համընթաց մեծ արագությամբ շարժվում է ավտոմեքենաների մի շարասյուն: Ակնհայտ էր, որ դա կարող է լինել միայն Գամսախուրդիան՝ իրեն ուղեկցող թիկնազորով, եւ վարորդ Յուրային հորդորելով ստիպեցինք, որ մտնի մեքենաների շարքը: Յուրային դա հաջողվեց, թեեւ թիկնապահները, կիրառելով վրացական «ժեստերի լեզվի» ամբողջ զինանոցը, փորձում էին խոչընդոտել անկոչ հյուրերի մուտքն «իրենց» տարածք: Ավտոշարասյան կազմում մենք մի քանի րոպեից հայտնվեցինք օդանավակայանի թռիչքուղու մետաղյա դարպասի մոտ: Մինչեւ դրա բացվելը թիկնազորը մի փորձ էլ արեց, որպեսզի մեր մեքենան հանի շարքից, բայց ապարդյուն. դա պարզապես հնարավոր չէր, քանի որ դարպասի առջեւ շարված մեքենաները գրեթե իրար էին կպել: Մի-երկու րոպեից մենք մեքենայով հայտնվեցինք թռիչքուղու եզրին, որտեղ կանգնած էր մի Տու-134 ինքնաթիռ: Այդտեղ էլ առաջին անգամ տեսանք Զվիադ Գամսախուրդիային: 

Զվիադ Գամսախուրդիան Զվիադ Գամսախուրդիան

Լուսանկարը` REUTERS

Իջնելով մեքենայից, նա զրույցի բռնվեց իր կնոջ եւ մի քանի ուղեկցի հետ: Ինքնաթիռի շուրջը ահագին մարդ էր հավաքվել: Մերոնց մեջ ես նկատեցի ՀՀ նախագահի մեկ-երկու խորհրդականի. ավելի բարձր պաշտոնյա չտեսա: Մոտեցա Վրաստանի նախագահի թիկնազորի պետին, ներկայացա եւ ասացի, որ պետք է հարց տամ Գամսախուրդիային, որ դա շատ կարեւոր է, եւ, իմ իմանալով՝ ինքն էլ է ցանկացել մեկ-երկու հարցի պատասխանել: Նա վրացական ինձ այնքա՜ն ծանոթ ժպիտը դեմքին ասաց, որ ոչ մի խնդիր չկա, ես կտամ իմ հարցերը՝ հենց որ ինքը՝ պետը, ինձ գլխով անի: Ես հանգստացա, բայց միեւնույն է՝ Արթուրը ուսից չէր իջեցնում ծանր տեսախցիկը, որպեսզի հանկարծ անակնկալի չգանք:

 

Քիչ անց ինքնաթիռի դռնակը բացվեց, Գամսախուրդիային ուղեկցողները կենդանի միջանցք կազմեցին, որով դեպի ինքնաթիռ քայլեցին Գամսախուրդիան եւ իր ընտանիքի անդամները: Ես հայացքս չէի կտրում թիկնազորի պետի դեմքից, բայց նա իր գործով էր զբաղված եւ ինձ բոլորովին չէր նկատում: Եվ ահա, երբ Գամսախուրդիան այնքան էր մոտեցել ինքնաթիռին, որ մի քանի վայրկյան եւս հապաղելու դեպքում այլեւս ինձ չէր կարող լսել, ես բարձր կանչեցի.

 

– Պարո՛ն Գամսախուրդիա (որոշեցի այդպես դիմել եւ նրան չանվանել Վրաստանի նախագահ, քանի որ վրացիների մեծ մասը դրանից կարող էր նեղանալ եւ հերթական դժգոհությունն հայտնել դարավոր հարեւանից): Նա իսկույն կանգ առավ, դեմքով շրջվեց դեպի ինձ եւ ժպտալով ասաց.

 

– Այո՞:

 

Ես վրա տվեցի.

 

– Ասում են, որ դուք դժգոհ եք եղել Հայաստանում գտնվելու ժամանակ Ձեր հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից...

 

– Ընդհակառակը, ես շատ գոհ ու շնորհակալ եմ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, հայ ժողովրդից՝ ինձ օթեւան տալու համար,– շատ հանգիստ ու սահուն ասաց Գամսախուրդիան՝ կարծես վաղուց էր սպասում այդ հարցը:

 

– Իսկ ո՞ւր եք մեկնում,– գրեթե վստահ լինելով, որ չի պատասխանի, վրա բերեցի ես:

 

– Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել,– անփոփոխ ժպիտը դեմքին արտաբերեց Գամսախուրդիան:

 

Եվ երբ Վրաստանի նախագահն իր ընտանիքով եւ ուղեկիցներով տեղավորվել էր ինքնաթիռում, դուռն էլ փակվել էր, մեկ անգամ եւս բացվեց թռիչքուղու դարպասը եւ Գամսախուրդիայի «ասուլիսը» լուսաբանելու եկած տասնյակ լրագրողները վազքով հասան ինքնաթիռի մոտ: Կարելի էր հասկանալ նրանց հիասթափությունը, երբ ասվեց, որ Գամսախուրդիան արդեն ինքնաթիռում է եւ դուրս գալու մտադրություն չունի: Կենտրոնական հեռուստատեսության դեռեւս ամենակարող սեփական թղթակից Վլադիմիր Նազարյանը չէր հաշտվում իրողության հետ եւ շարունակում էր կանչել դեպի օդանավի փակ դուռը.

 

– Это Центральное телевидение, программа «Время», откройте, вы должны сказать пару слов для Москвы!

 

Ճանապարհողները Նազարյանին հայտնեցին, որ Գամսախուրդիան իր ասելիքն ասել է, ցույց տվեցին ինձ ու Արթուրին, որ քիչ այն կողմն էինք: Հիմա էլ լրագրողները մեզ շրջապատեցին: Ես ստիպված եղա բարձրանալ մի քարի եւ վերապատմել այն ամենը, ինչ ձեզ պատմեցի: (Ճանապարհողներից մեկն իմ կուրսեցին էր, այդ ժամանակ աշխատում էր ՀՀ նախագահի աշխատակազմում: Մինչեւ ուղեւորների օդանավ նստելը ես նրան էլ հարցրի, թե ուր է մեկնում Գամսախուրդիան: Նա գլխով ցույց տվեց մի ամրակազմ, մորուքավոր երիտասարդի եւ ականջիս շշնջաց. «Այդ մարդը Դուդաեւի թիկնազորի պետն է»): Այսպիսով, ես հնարավորություն ունեցա Գամսախուրդիայի մեկնման ռեպորտաժն ավարտել հետեւյալ կերպ. «Հենց նոր մենք տեղեկացանք, որ Գամսախուրդիայի ինքնաթիռը վայրեջք է կատարել Գրոզնիում, եւ օդանավակայանում նրան դիմավորել է Չեչնիայի նախագահ Ջոհար Դուդաեւը»:

Զվիադ Գամսախուրդիան եւ Ջոհար Դուդաեւը Զվիադ Գամսախուրդիան եւ Ջոհար Դուդաեւը

 

Հ.Գ.- Առանց արկածի չանցավ օդանավի տեղաշարժը դեպի թռիչքուղի: Ռեակտիվ շարժիչը միացնելուց հետո, ուղղությունը փոխելու ընթացքում, Տու-134-ի տուրբինների դեմ-դիմաց հայտնվեց մի քանի տասնյակ մարդ: Նրանց մեծ մասը փորձեց արագ վազելու միջոցով պահել հավասարակշռությունը, առաջացած հզոր քամուց գետնին չտապալվել, բայց ապարդյուն, շատերն ընկան: Ես, ձեռքիս ոչ մի իր չունենալով, մի կերպ կանգուն մնացի, բայց ծանր տեսախցիկը ձեռքում բռնած Արթուր Գրիգորյանը նույնպես ընկավ, ինչի հետեւանքով տեսախցիկի «մեջքը կոտրվեց»: Ավելի ուշ պարզեցինք, որ բարեբախտաբար օբյեկտիվ-ոսպնյակների, ինչպես նաեւ ձայնագրող համակարգերն անվնաս են մնացել: Մեր ինժեներ- գործընկերները տեսախցիկի երկու մասերն այնպիսի վարպետությամբ իրար կպցրին, որ դեռ երկար ժամանակ սարքն անխափան աշխատեց: Օդանավակայանից ստուդիա վերադառնալու ճանապարհին կարճատեւ կանգառ ունեցանք կենտրոնական հեռուստատեսության թղթակցի գրասենյակում եւ, հուրախություն Վլ. Նազարյանի, մեր ամբողջ տեսանյութը փոխանցեցինք նրան: Նախ, մեր հաղորդումը մեկ ժամ ավելի վաղ էր սկսվելու, քան «Վրեմյան», եւ երկրորդ՝ հաշվի առանք անհամեմատ մեծ լսարանը, որին նույնպես հետաքրքիր կլիներ իմանալ, որ Գամսախուրդիան մեկնել է Հայաստանից եւ հանգրվանել Չեչնիայում:

Միխայիլ Սաակաշվիլին՝ Թբիլիսիում Զվիադ Գամսախուրդիայի վերաթաղման արարողությանը (2007թ.) Միխայիլ Սաակաշվիլին՝ Թբիլիսիում Զվիադ Գամսախուրդիայի վերաթաղման արարողությանը (2007թ.)

Լուսանկարը` REUTERS

Կարլ Յալանուզյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին