2019 թվականի մարտի 5-ին 83 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի նախկին արտգործնախարար (1992-1998թթ.) եւ Գերմանիայի փոխկանցլեր Կլաուս Կինկելը:
1995 թվականի դեկտեմբերին Կլաուս Կինկելը այցելել էր Երեւան: Այցելության ընթացքում ստորագրվել էին երեք միջկառավարական համաձայնագրեր. ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության, մշակութային համագործակցության եւ Հայաստանում գերմանական ռազմական գերեզմանների մասին:
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում Երեւանում, Կլաուս Կինկելն ասել էր, որ «Գերմանիան մեծ քաղաքական նշանակություն է տալիս Կովկասի տարածաշրջանին»:
Լուսանկարը` REUTERS
«Լինելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, Կովկասը մեծ ռազմավարական դեր է խաղում ողջ Եվրոպայի կայունության համար»,- նշում էր նա:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը ընդգծում էր, որ ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծումը կարեւոր պայման է տարածաշրջանում կայունության համար: «Եվ այն հասանելի կլինի միայն այն ժամանակ, երբ կողմերը ցուցաբերեն փոխզիջման գնալու կարողությունը»,- նշում էր գերմանացի նախարարը:
1998 թվականի մայիսին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Կլաուս Կինկելին էր հանձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքով Գերմանիայից Հայաստան տեղափոխված 575 մշակութային իրեր:
Լուսանկարը` REUTERS
«Դրանք գրքեր, ձեռագրեր եւ տարբեր երաժշտական ստեղծագործությունների պարտիտուրաներ են, որոնք Խորհրդային զորքերի կողմից տարվել էին Բրեմենի, Լյուբեկի, Համբուրգի, Բեռլինի եւ այլ քաղաքների գրադարաններից»,- նշել էր Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Կլաուս Կինկելն ասել էր, որ «մենք բարձր ենք գնահատում տեղահանված մշակութային արժեքները Գերմանիային վերադարձնելու Երեւանի որոշումը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: