1958թ. Խորհրդային Հայաստանը՝ ԱՄՆ ԿՀՎ տեղեկանքում - Mediamax.am

exclusive
42696 դիտում

1958թ. Խորհրդային Հայաստանը՝ ԱՄՆ ԿՀՎ տեղեկանքում


«Մոսկվա» կինոթատրոնը
«Մոսկվա» կինոթատրոնը

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից

Երեւանի կայարանը
Երեւանի կայարանը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Աբովյան փողոցը
Աբովյան փողոցը

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից

Երեւանի կրկեսը
Երեւանի կրկեսը

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Քրիստիան Պինոյի ժամանումը Հայաստան
Քրիստիան Պինոյի ժամանումը Հայաստան

Լուսանկարը` hovikcharkhchyan.wordpress.com


Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ)՝ տարեսկզբին գաղտնազերծված փաստաթղթերը չեն շրջանցում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տնտեսական եւ քաղաքական վիճակը: Մեդիամաքսն ուսումնասիրել է 1958թ.-ի հունիսի 12-ին կազմված տեղեկանքը Հայաստանի մասին եւ առանձնացրել է առավել ուշագրավ հատվածները:

 

 

***

 

Չնայած նրան, որ հայերը չեն սիրում կոմունիստական ռեժիմը, Հայաստանի քաղաքացիների ու Երեւանում ապրող ռուս բնակչության միջեւ հարաբերություններն ընկերական եւ բարեկամական են:

 

Երեւանում տեղակայված խորհրդային օդային ուժերի անձնակազմը կարգապահ է եւ պատշաճ կերպով է դրսեւորում իրեն: Այնուամենայնիվ, Երեւանում գոյություն ունեցող ադմինիստրատիվ եւ ռազմական հսկողությունը հիմնականում իրականացվում է զինծառայողների կողմից, քաղաքում մեծ օդանավակայան ու ռազմական հաստատություններ են տեղակայված: 

 

Ռազմական իշխանության կողմից այս ադմինիստրատիվ հսկողությունը չի տարածվում քաղաքացիական բնակչության վրա: Երեւանը մեծամասամբ կառավարվում եւ վերահսկվում է հայերի կողմից: Վաղեմի կոմունիստ Սուրեն Թովմասյանն է ղեկավարում Երեւանի վարչակազմը: Հիմնական դիրքերը զբաղեցված են հայերի կողմից, ովքեր Կոմունիստական կուսակցության անդամներ են: Որոշ ռուսներ վարչակազմում փոքր պաշտոններ են զբաղեցնում:

Աբովյան փողոցը Աբովյան փողոցը

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից

***

 

Երեւանի բնակչությունը լրջորեն է ընդունել 1957թ.-ին Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ ռազմական գործողությունների անմիջական բռնկման հետ կապված Խրուշչովի հայտարարությունները: Խորհրդային Միությունն աջակցում էր Սիրիային, իսկ ԱՄՆ-ն՝ Թուրքիային: Շատ հայեր զգացին, որ այս երկու պետությունների միջեւ ռազմական գործողությունների սկսումը գերտերություններին կներքաշի հակամարտության մեջ: Շատերը գաղտնի ողջունում էին նման պատերազմի հեռանկարները, քանի որ կարծում էին, որ կոմունիստական լծից իրենց ազատագրման հույսը Սովետական միության ու ԱՄՆ-ի միջեւ խոշոր պատերազմի մեջ է: Այս կարծիքը կիսում էր Խորհրդային Հայաստանում ապրողների մեծամասնությունը: Հակաթուրքական տրամադրություններ չեն եղել, չնայած այն փաստին, որ պատմականորեն հայերը շատ պատճառներ ունեն թուրքերին չսիրելու համար:

Երեւանի կրկեսը Երեւանի կրկեսը

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

***

 

1947-48թթ.-ին՝ հետպատերազմյան շրջանում մոտ 8 000-10.000 հայեր Ֆրանսիայից, Հունաստանից եւ ԱՄՆ-ից հայրենադարձվել են ՀԽՍՀ: Կոմունիստական ռեժիմում անբարենպաստ կենսապայմաններում ապրելուց հետո նրանց ճնշող մեծամասնությունը կվերադառնային իրենց բնակության նախկին վայրերը, եթե կոմունիստական ղեկավարությունը թույլ տար նրանց:

 

Երբ 1956թ-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոն այցելեց Հայաստան, Ֆրանսիայից շատ նախկին հայրենադարձներ նրա հետ քննարկեցին Ֆրանսիա վերադառնալու հնարավորությունները:

Քրիստիան Պինոյի ժամանումը Հայաստան Քրիստիան Պինոյի ժամանումը Հայաստան

Լուսանկարը` hovikcharkhchyan.wordpress.com

Որպես այս քննարկումների արդյունք՝ Պինոն խոստացավ նրանց պահանջները բարձրացնել Մոսկվայում: Հաջողության հույս ունենալով՝ շատ հայրենադարձներ վաճառեցին իրենց տներն ու անձնական իրերը՝ նախապատրաստվելով Խորհրդային Միությունից մեկնելուն: Երբ հետագայում պարզվեց, որ Պինոյի պահանջը Սովետական Միության կողմից կտրականապես մերժվել է, այդ հայերը կանգնեցին երկընտրանքի առաջ: Շատերը զգուշանում էին՝ վախենալով, որ խորհրդային իշխանությունները կտրուկ գործողությունների կդիմեն նրանց դեմ՝ Հայաստանը լքելու ցանկության համար: Նրանք, ովքեր վաճառել էին իրենց տներն ու անձնական իրերը, կանգնեցին բնակվելու համար այլ թաղամասեր փնտրելու խնդրի առաջ: Երբ կոմունիստական իշխանություններն այս հայերի դեմ որեւէ գործողություններ չձեռնարկեցին, շատերն անցան իրենց նախկին կարգավիճակին` իրադարձությունների շրջադարձից լիովին հուսահատված եւ զայրացած:

 

***

 

Երեւանում երեք հայկական եկեղեցի կա: Կրոնական ծառայություններում հիմնականում ներգրավված են կանայք եւ հին սերնդի ներկայացուցիչները: Երիտասարդ սերնդից քչերն են հաճախում եկեղեցի, ինչը երիտասարդության շրջանում կրոնական պրակտիկան ճնշելու կոմունիստական ջանքերի արդյունք է:

 

Շատ հայ կոմունիստներ քահանա են բերում եւ իրենց երեխաներին մկրտում են տանը, քանի որ վախենում են, որ Կոմունիստական կուսակցությունում իրենց դիրքերը կարող են լրջորեն վնասվել, եթե երեխաներին այդ նպատակով տանեն եկեղեցի:

 

***

 

Հայերը, որոնք նախքան ռուսական հեղափոխությունը բնակվել են Վրաստանի մարզերում, երբեք լավ հարաբերություններ չեն ունեցել վրացիների հետ: Փոխադարձ անվստահության զգացողությունը եւ ուժեղ հակասությունը զարգացել են տարիների ընթացքում եւ փչացնում են այս երկու հակամարտող ազգային տարրերի միջեւ հարաբերությունները: Որպես հետեւանք, շատ հայ ընտանիքներ հեղափոխությունից հետո կամ հաստատվել են ՀԽՍՀ-ում, կամ արտագաղթել են Արեւմուտքի երկրներ:

 

1951թ-ին՝ վրացիները շատ հայերի, որոնք դեռեւս շարունակում էին ապրել այդտեղ, բառացիորեն ստիպեցին հրաժարվել իրենց տներից եւ ունեցվածքից: Վրաստանի տարածքից դուրս եկածների մեծամասնությունը հետագայում հաստատվեց Հայաստանում: Այս գործողությունները միայն ծառայեցին հայերի եւ վրացիների միջեւ ատելությանը բնորոշ զգացմունքների, անվստահության ուժեղացմանը, որը չի վերանում մինչ օրս:

 

***

 

Սպեկուլյացիան կրճատելու եւ վերացնելու իշխանությունների բոլոր ջանքերը մեծ հաշվով անհաջող էին: Հայերը հոգու խորքում հիմնականում «կապիտալիստ» են՝ շահույթ ստանալու ցանկությունը մի բան է, որը կոմունիստները երբեք չեն կարողանա փոխել կամ ճնշել ժողովրդի մեջ: 1957թ.-ի հոկտեմբերին Երեւանի կենտրոնում մեծ շուկա էր տեղակայվել, որտեղ մարդիկ կարող էին ազատորեն գնել, վաճառել կամ փոխանակել ապրանքատեսակներ՝ առանց իշխանությունների կողմից միջամտությունների:

Երեւանի կայարանը Երեւանի կայարանը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Հետո այս շուկան հանկարծակի փակվեց քաղաքային կառավարության կողմից` hաշվի առնելով բնակչության որոշ տարրերի կողմից լայնամասշտաբ սպեկուլյացիաները: Դրանց սովորական պրակտիկան էր գնել այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են կարի մեքենաներ, ռադիոընդունիչներ, տեսախցիկներ, սառնարաններ եւ այլ սպառողական ապրանքներ, որոնք հասանելի էին շուկայում: Գնումները սովորաբար կատարվում էին պետական խանութներում աշխատող աշխատակիցների հետ ներքին շփումների միջոցով, ովքեր համապատասխանաբար վճարվում էին: Այս ապրանքներն ապահովում էին սպեկուլյանտներն այնքան ժամանակ, երբ դրանք հասանելի չէին պետական խանութներում: Սպեկուլյանտները շարունակում էին վաճառել այդ ապրանքները հեռանկարային գնորդներին` գործարքից 50 տոկոս շահույթ ստանալով: Շուկայի փակվելուց հետո այս գործարքները կատարվում էին գաղտնի:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին