Պրիմակովը Լեռնային Ղարաբաղի մասին. մաս II - Mediamax.am

24088 դիտում

Պրիմակովը Լեռնային Ղարաբաղի մասին. մաս II


Լուսանկարը` REUTERS


2016թ. ռուսաստանյան «Ցենտրպոլիգրաֆ» հրատարակչությունը լույս է ընծայել ականավոր քաղաքական գործիչ, ՌԴ ԱԳՆ եւ կառավարության նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովի «Հանդիպումներ խաչմերուկներում» գիրքը: Գրքի գլուխներից մեկը նվիրված է ԼՂ հակամարտությանը: Այն ձեզ ենք ներկայացնում երեք մասով:

 

Առաջին մասը կարդացեք այստեղ:

 

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող դեպքերի հետ կապված՝ 1989թ. ամռանն Ադրբեջանում իրավիճակը կտրուկ սրվեց: Հուլիսի 16-ին Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի (ԱԺՃ) հիմնադիր համաժողովը, որը հմտորեն օգտագործելով ժողովրդական զանգվածների դժգոհությունը, բացահայտ կերպով սկսեց իր ձեռքը վերցնել իշխանությունը թե՛ Բաքվում եւ թե՛ ծայրամասերում՝ պաշտոնական կառավարման մարմիններին զուգահեռ ստեղծելով սեփական այլընտրանքային մարմինները: Բաքվում 1990թ. հունվարի կեսին տեղի ունեցան հայերի ջարդեր: Քաղաքի կենտրոնում անցկացվող բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունենում ԱԺՃ առաջնորդներից մեկը, իսկ հարյուր մետր հեռու կոնտեյներում մարդ էր այրվում, եւ ոչ ոք օգնության շտապելու կոչ չարեց:

 

Հունվարի 14-ին դիմավորում էինք Լիտվայից ժամանող Գորբաչովին: Օդանավակայանում Կրյուչկովը նրան զեկուցեց Բաքվում տիրող իրավիճակի մասին: «Պետք է այնտեղ ուղարկել Նախարարների խորհրդի փոխնախագահին,- ասաց Գորբաչովը: Հետո մտածեց եւ (ես ասես կանխազգում էի) հավելեց: -Թող գնան երեքը՝ Պրիմակովը, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գիրենկոն եւ Նախարարների խորհրդի փոխնախագահ Դոգուժիեւը»:

 

Բաքու մեկնեցինք հունվարի 15-ի առավոտյան՝ կիրակի, որպեսզի հենց հաջորդ օրը վերադառնանք եւ իրավիճակի մասին զեկուցենք քաղբյուրոյին: Սակայն Գիրենկոյի հետ Բաքվում մնացինք երկու շաբաթ: Կազմակերպում էինք հայերի տարհանումը՝ հիմնականում Կասպից ծովով դեպի Կրասնովոդսկ, միաժամանակ՝ բանակցում ԱԺՃ-ի հետ:

 

Պետք է ասեմ, որ Մ. Գորբաչովը մեզ ուղղորդել էր Ժողովրդական ճակատի հետ խաղաղ բանակցություններ վարել: Մի քանի անգամ հանդիպեցինք Ա. Ալիեւի (ապագա նախագահ Էլչիբեյի), Ի. Մամեդովի, Ի. Գամբարովի, Ն. Պախանովի հետ:  Բոլոր փորձերը՝ համոզելու նրանց ազատել խորհրդային զորամասերը եւ հրաժարվել բռնությունից, արդյունք չէին տալիս:

 

Մինչդեռ կրքերը թեժանում էին: Կենտկոմի շենքի մոտ, որտեղ մենք էինք գտնվում, ամեն օր հանրահավաքներ էին անցկացվում: Սադրիչները բռնության կոչեր էին անում: Հանրահավաքներից մեկի ժամանակ մի քանի կախաղան բերեցին: Ցուցարարների մի խումբ սկսեց ճոճել երկաթյա դարպասը՝ փորձելով մուտք գործել շենքի բակ: Հանրահավաքներ էին անցկացվում նաեւ Բաքվի կենտրոնական հրապարակում:

Ինձ մոտ կին բժիշկների մի պատվիրակություն եկավ՝ խնդրելով, որ դուրս գամ եւ ելույթ ունենամ: Ինձ փորձեցին հետ պահել այդ քայլից, սակայն ես համաձայնեցի: Պարզ հիշում եմ, թե ինչպես Ի. Մամեդովը վազեց դեպի ինձ եւ ասաց. «Պատշգամբից ելույթ ունեցեք»: Հավանաբար, նա անկեղծորեն վախենում էր ամբոխի անկարգություններից: Ասացի, որ պարապետից եմ խոսելու՝ որտեղ բոլորն են ելույթ ունեցել: Երբեք չեմ մոռանա, ինչպես դիմացս զրահաբաճկոնով ադրբեջանցի մի տղա կանգնեց: Իմ թիկնազորի բոլոր տղաներն էլ էին կողքիս: Սկսեցի նրանից, որ որպես արեւելագետ կարող եմ իրենց համար Ղուրանից մեջբերում անել: Ինչը եւ արեցի: Բայց կարող եմ նաեւ պարզապես ասել այն, ինչով մենք սկսում էինք մեր ելույթները՝ «Սիրելի ընկերներ»:

 

Լսում էին համակ ուշադրությամբ: Ես ընդգծեցի, որ եթե վերացվեն զորանոցների եւ օդանավակայանների շրջափակումները, իշխանության կողմից որեւէ սրացում չի լինի: Հենց այդ պահին, հավանաբար վախենալով, որ ելույթ ունեցողի եւ լսարանի միջեւ կարող է կապ հաստատվել, Ղազիեւը բղավեց իմ բարձրախոսի մեջ. «Ձեր առջեւ ելույթ է ունենում մաֆիայի անդամը»: Այնուհետ ես դժվարությամբ կարողացա Կենտկոմի շենք մուտք գործել: Ադրբեջանցի բարի, հաճելի կանայք վհատված էին, եւ մենք ստիպված էինք նրանց հանգստացնել:

 

Այդ ժամանակ ԱԺՃ գրոհայիններն արդեն «արտակարգ իրավիճակ» էին մտցրել Բաքվում: Քաղաք մտնելիս եւ ելնելիս պարեկախմբերը ստուգում էին մեքենաները: Հրամանները տրվում էին տաքսիների ռադիոկապով: Բաքվում էր միութենական Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) ղեկավարներից մեկը՝ Ֆ.Դ. Բոբկովը: Նա շատ փորձառու մարդ էր եւ լավ էր հասկանում, որ ամեն գնով պետք էր խուսափել արյունահեղությունից:

 

Սակայն լարվածությունն աճում էր ոչ թե օրեցօր, այլ ամեն ժամ:

 

Հունվարի 19-ին Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար Վեզիրովի հետ իր գրասենյակում էինք, երբ զանգահարեց Գորբաչովը: Նա տեղեկացրեց, որ կայացվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշումը, եւ Բաքու զորք է մտցվելու: Ես Միխայիլ Սերգեեւիչին ասացի, որ չեմ կարող ղեկավարել ռազմական գործողությունները: Պատասխան եղավ՝ մեկ ժամից Բաքու են ժամանում պաշտպանության նախարար Յազովը եւ ներքին գործերի նախարար Բակատինը:

 

Սարսափելի օրեր էին: Զորքերը մտցնելու ժամանակ հարյուրից ավելի ադրբեջանցիներ զոհվեցին, հիմնականում՝ գրոհայիններ, սակայն զոհեր եղան  նաեւ խաղաղ բնակչության շրջանում. պատասխան կրակ էր բացվում այն պատուհանների ուղղությամբ, որոնցից կրակում էին: Բանակը 38 զոհ տվեց: Արտակարգ դրություն, պարետային ժամ, Կենտկոմի գիշերային լիագումար նիստ, որի ընթացքում Վեզիրովին ազատեցին առաջին քարտուղարի պաշտոնից եւ ընտրեցին Ա. Մութալիբովին: Կյանքը դեռ երկար ժամանակ նորմալ հունով չէր վերադառնում:

 

Անկեղծ ասած, ես իսկապես երջանիկ էի, երբ Գորբաչովը զանգահարեց՝ ասելով. «Գիրենկոյի հետ վերադարձեք Մոսկվա»: Նա ակնարկեց, որ հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե Մութալիբովը «վերահսկողության տակ է» աշխատում:

 

Բաքվի դեպքերից հետո, անկասկած, սպիտակ մազերս ավելացան: Դա իմ երիտասարդության քաղաքն էր, այնտեղ երկու տարի անցկացրել էի Ռազմածովային նախապատրաստական ուսումնարանում: Բաքվում ունեի եւ մինչ օրս էլ շատ ընկերներ ունեմ: Ես անկեղծորեն սիրում էի եւ սիրում եմ Ադրբեջանը: Անկախ նրանից, թե ով է մեղավոր տեղի ունեցածի համար, այդ դեպքերն իսկական ողբերգություն էին ինձ համար։

 

Չլուծված ԼՂ խնդիրը շարունակում էր մնալ այն բորբոքող հանգամանքը, որը թույլ չէր տալիս կարգավորել իրավիճակն Ադրբեջանում։ Իսկ կա՞ր արդյոք այն լուծելու հնարավորություն։

 

Այն ժամանակ ես սերտորեն համագործակցում էին պրոֆեսոր Թոֆիկ Իսմայիլովի հետ՝ խելացի, բարյացակամ, լայն շրջահայաց ունեցող մի մարդու, որը սրտանց սիրում էր իր հայրենիքը, բայցեւ ազատ էր նախապաշարմունքներից։ Մենք պայմանավորվել էինք «փոքրիկ քայլեր անել»․Ադրբեջանը, օրինակ, բացեց «գազի խողովակը» դեպի Հայաստան։ Ցավոք, դա դրական արձագանք չստացավ հայաստանյան ԶԼՄ-ներում։ Ամեն դեպքում, ընդունվեց երկու հանրապետությունների ղեկավարների առաջին հանդիպման առաջարկը։

 

1990թ. նոյեմբերի 10-ին Միության Խորհրդի նախագահի գրասենյակ էին հրավիրվել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները՝ Ա․Մութալիբովն ու Լ․Տեր-Պետրոսյանը։ Ես նրանց առաջարկեցի գոնե սեւագրի տեսքով համաձայնեցնել մի փաստաթուղթ, որը կլիներ փոխզիջումային միջոցների «փաթեթ»։ Դա, ինչպես մեզ թվում էր այն ժամանակ, թույլ կտար դուրս գալ ճգնաժամից։ Այդ «փաթեթը» Մութալիբովի ու Տեր-Պետրոսյանի հետ քննարկեցինք մոտ չորս ժամ։ Այդ ընթացքում առաջարկները բազմիցս ճշգրտվեցին, փոփոխվեցին կողմերի ցանկությամբ եւ վերատպվեցին։

 

«Փաթեթի» էությունն այն էր, որ պետք է ուժը կորցրած համարվեին ԼՂԻՄ-ի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂԻՄ-ի ու ԽՍՀՄ-ի կողմից 1988թ. փետրվարի 20-ից հետո կայացված բոլոր որոշումները, եւ այդ մասին պետք է համատեղ հայտարարություն ընդունվեր։ Այդ հայտարարությունից հետո նախատեսվում էր վերացնել Հատուկ կառավարման կոմիտեն (ՀԿԿ), վերականգնել Լեռնային Ղարաբաղի կառավարման մարմինները եւ այդ նպատակով ընտրություններ անցկացնել։

 

Փաստաթղթով Ադրբեջանի ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդին առաջարկվում էր ընդունել համապատասխան օրենք (նախապես համաձայնեցված) ԼՂԻՄ-ի կարգավիճակի եւ ինքնավարության երաշխիքների մասին։ Միաժամանակ, հանվում էր արտակարգ իրավիճակը, որը հայտարարվել էր Ադրբեջանի տարածքում, այդ թվում՝ ԼՂԻՄ-ում։ 

 

«Փաթեթը» նախատեսում էր Հայաստանի ԽՍՀ-ի ու Ադրբեջանի ԽՍՀ-ի հարաբերությունների կարգավորում։ Նախնական փուլում, երկու հանրապետությունների խնդրանքով, առաջարկվում էր յուրաքանչյուր կողմից առանձնացնել 5 կմ լայնությամբ հատուկ ռեժիմի տարածք, որտեղ ժամանակավորապես կտեղակայվեին խորհրդային բանակը եւ ներքին զորքերը։ Ցրվում էին երկու կողմում ստեղծված ապօրինի բոլոր զինված կազմավորումները։ Հանվում էին հանրապետական զարկերակների բոլոր տեսակի շրջափակումները, այդ թվում՝ երկաթուղային, ավտոմոբիլային եւ ավիացիոն տրանսպորտի։ Եթե կողմերից մեկը վերականգներ տնտեսական պատժամիջոցները, առաջարկվում էր այդ հարցն անհապաղ քննարկել միութենական մակարդակով եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ։ 

 

Երկու հանրապետությունների օրենսդիր եւ գործադիր իշխանության գերագույն մարմինները պետք է փոխհատուցեին բոլոր փախստականների վնասները հանրապետություններից յուրաքանչյուրի միջոցներով եւ նորմալ շփումներ հաստատեին քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում։

 

Երկու ղեկավարներն էլ ընդունեցին այդ «փաթեթը», սակայն ցանկություն հայտնեցին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդում իրենց պատգամավորական խմբերի աջակցությունը ստանալ։ Գործընկերներիս հրաժեշտ տալիս ես չափազանց լավատեսորեն էին տրամադրված։ Գործուղման մեկնելիս պայմանավորվեցի Ռ․Ն.Նիշանովի հետ, որ խորհրդարանական խմբերի հետ բանակցությունները նա իր վրա կվերցնի։ Նրանց հետ նա եւս նախնական պայմանավորվածություն ձեռք բերեց։ Սակայն այդ պայմանավորվածության հաջորդ առավոտյան երկու կողմի ծայրահեղականների կողմից հրահրվող պատգամավորները հրաժարվեցին սատարել առաջարկված որոշումը։

 

1991թ. կեսին դեռ քայլեր էին ձեռնարկվում լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար։ Այդ քայլերի թվում կարելի է նշել Ադրբեջանի Հանրապետության նախագահին ուղղված ԼՂԻՄ շրջանների ղեկավարների կոչը՝ «հակամարտությունից անցնելու երկխոսության՝ միութենական մարմինների ու Ադրբեջանի իշխանությունների միջեւ»։ Բաքվին չէր բավարարում երկխոսության առաջարկվող ձեւաչափը եւ այն սկսելու որոշ պայմանները, օրինակ՝ բանակցություններ անցկացնել բոլոր մակարդակների քաղաքական ուժերի միջեւ՝ միութենական, հանրապետական (Ադրբեջան, Հայաստան) եւ Լեռնային Ղարաբաղի, որը պետք է ներկայացված լիներ «միայն իր պետական մարմիններով՝ ի դեմս իրենց կողմից հաստատված մի խումբ մարդկանց, որի համար մինչեւ բանակցությունների մեկնարկը պետք էր վերականգնել Ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի եւ գործադիր կոմիտեի լիազորությունները»։

 

Թեեւ Ա․Մութալիբովը 1991թ․սեպտեմբերի 8-ին ընտրվել էր Ադրբեջանի Հանրապետության նախագահ, սակայն օրեցօր ակնհայտ էր դառնում իրավիճակը վերահսկելու նրա անկարողությունը։ Ադրբեջանում երկիշխանություն էր հաստատվել, եւ նոր ձեւավորված Միլի Մեջլիսում ԱԺՃ-ն արդեն ուներ ձայների 50 տոկոսը։ 1992թ. մարտին Ա․Մութալիբովը ստիպված էր կամավոր հրաժարվել իշխանությունից։ 1992թ. մայիսին նա վերադարձավ նախագահի պաշտոնին՝ ընդամենը երկու օրով, որից հետո պաշտոնանկ արվեց։ Ռազմական հեղաշրջմանը մասնակցեցին ԱԺՃ-ն, Ազգային անկախության կուսակցությունը (ԱԱԿ) եւ «Գորշ գայլերը»՝ համանուն թուրքական կուսակցության ադրբեջանական մասնաճյուղը, որի կենտրոնը Թուրքիայում էր։ 1992թ․հունիսի 7-ին անցկացվեցին նոր ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեց ԱԺՃ առաջնորդ Ա․Էլչիբեյը։

 

Այդ ժամանակ արդեն մեկնարկել էին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք դուրս էին եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից։ Ժողովրդական ճակատի ղեկավարությունը, ինչպես պարզվեց, բացարձակ ոչ կոմպետենտ էր երկրի կառավարման, ռազմական ոլորտում եւ քաղաքական կարգավորում գտնելու հարցերում։ Նման ծանր ժառանգություն ստացավ Հեյդար Ալիեւը, որը խորհրդային շրջանում երկար տարիներ ղեկավարել էր Ադրբեջանը, որից հետո տեղափոխվել էր Մոսկվա՝ ստանալով ղեկավար պաշտոն (քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ), որից հետո պաշտոնաթող էր եղել եւ կրկին վերադարձել Ադրբեջան, բայց ոչ թե Բաքու, այլ իր ծննդավայր՝ Նախիջեւան, որտեղ էլ ընտրվել էր Գերագույն Խորհրդի պատգամավոր։

 

Հ.Ալիեւի գալուն պես հրադադարի որոշ հեռանկարներ ուրվագծվեցին, թեեւ պատերազմը շարունակվում էր, եւ Ադրբեջանի յոթ շրջաններ գրավվել էին, իսկ դրանց բնակիչները՝ դարձել փախստականներ։

 

Ընդհանուր առմամբ, այդ հակամարտությունը հանգեցրեց թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների զանգվածային գաղթի։ 1990թ. հունվարին Բաքվից հեռացավ ավելի քան 300 հազար հայ։ Դատարկվեցին նաեւ ադրբեջանցիների տները Շուշիում, Լեռնային Ղարաբաղում եւ դրա սահմաններից դուրս՝ գրավված ադրբեջանական տարածքներում, Հայաստանի սահմանամերձ հատվածներում։ Պատերազմը խլեց 30 հազար մարդու կյանք։

 

Հսկայական ջանքեր պահանջվեցին՝ կողմերին համոզելու, որ հրադադար կնքեն, եւ Ռուսաստանն այդ հարցում խաղաց ամենանշանակալից դերը։ 1991թ. սեպտեմբերին Բ.Ելցինը եւ Ն.Նազարբաեւն այց կատարեցին ԼՂ հակամարտության գոտի, այնուհետ Ժելեզնովոդսկում հանդիպեցին հակամարտող կողմերի առաջնորդներին։ Կարելի է ասել, որ այդ պահից ի վեր շեշտը դրվեց կրակի անվերապահ դադարեցման վրա, որը համարվում էր քաղաքական կարգավորման ելակետ։ Ռուսաստանն այդ նպատակին էր ձգտում՝ գործելով բոլոր խողովակներով՝ ԱՊՀ, ՄԱԿ, Եվրոպայի անվտանգության եւ գործակցության խորհրդակցություն (ավելի ուշ դարձավ ԵԱՀԿ), որը 1992թ.ԼՂ հակամարտությունում ներգրավված կողմերի ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով ստեղծեց այսպես կոչված Մինսկի խումբը։ Միաժամանակ, ռուսաստանյան ներկայացուցիչներն ուժեղացրին սեփական միջնորդական առաքելությունը, որի արդյունքում, ինչպես նաեւ Մինսկի խմբի եւ Ղազախստանի ջանքերով հաստատվեցին մի շարք կարճաժամկետ հրադադարներ, սակայն ռազմական գործողություններն ամեն անգամ վերսկսում էին։

 

1994թ. ապրիլի 15-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցությամբ, որոշում ընդունեց, որում ասվում էր.«Գլխավոր առաջնահերթությունը եւ անհրաժեշտությունն անհապաղ հրադադարն է, ռազմական բոլոր գործողությունների դադարեցումը եւ հրադադարի ամուր հաստատումը։ Առանց դրա հնարավոր չէ ողբերգական հակամարտության հետեւանքների վերացումը»։ Քանի որ բոլոր կողմերի ներկայացուցիչները որեւէ կերպ չէին համաձայնում հանդիպել եւ ստորագրել միասնական փաստաթուղթը, ստորագրությունները ստացել էինք առանձին, սակայն նույն տեքստը պարունակող թղթերի վրա։ Մայիսի 9-ին՝ Բաքվից Ադրբեջանի պաշտպանության նախարարության ստորագրությամբ, մայիսի 10-ին Երեւանից՝ Հայաստանի պաշտպանության նախարարի եւ մայիսի 11-ին Ստեփանակերտից՝ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի ստորագրությամբ։ Դիմելով Ռուսաստանին որպես միջնորդ երկրի՝ նրանցից յուրաքանչյուրը ստանձնում էր կրակի դադարեցման հանձնառությունը։

 

Բայց ի՞նչ անել հետո։

 

«Ցենտրպոլիգրաֆ» հրատարակչություն

 

Շարունակելի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին