Մեդիամաքսը «Հատուկ թղթապանակ» խորագրում մանրամասներ է ներկայացնում 1994 թ.-ի մայիսին կնքված զինադադարի մասին:
Արդեն ներկայացրել ենք ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցը եւ 1992-1995 թթ.-ի ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանի հուշերը:
Այսօր ներկայացնում ենք Հայաստանի՝ 1993-1996 թթ.-ին արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանի հուշերը:
1992 թվականին բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չի եղել: Ճիշտ է՝ այն ժամանակ ԵԱՀԿ իտալական նախագահությունը փորձում էր հանդիպումներ կազմակերպել, բայց դա ավելի շատ «մաքոքային դիվանագիտություն» էր: Այն չէր կարող որեւէ լուրջ բանի հանգեցնել, քանի որ անհրաժեշտ էր միջնորդ, որն իրական ազդեցություն կունենար հակամարտող կողմերի վրա:
Երբ 1992 թվականին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինն իր անձնական ներկայացուցիչ նշանակեց Վլադիմիր Կազիմիրովին, Մոսկվան դարձավ հիմնական միջնորդը: Բայց դա էլ նշանակալի արդյունք չունեցավ. 1993-ի երկրորդ կեսից ռազմադաշտում սկսվեցին ինտենսիվ գործողությունները:
Մինչեւ 1994 թվականը զինադադար հաստատելու մի քանի փորձեր եղան, նույնիսկ կարճատեւ զինադադար հաստատվեց, սակայն այն շատ արագ խախտվեց:
1994 թվականի ապրիլին իրավիճակն այնպիսին էր, որ հիմնական երեք կողմերն էլ (Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը) ուզում էին զինադադար, դրա շնորհիվ էլ այն, ի վերջո, հաջողվեց հաստատել: Իհարկե, զինադադարին ավելի շատ հակված էր Ադրբեջանը, սակայն, հայկական կողմերը նույնպես ձգտում էին դրան: Հայաստանի եւ Ղարաբաղի ռազմական վերնախավերը Հայաստանի քաղաքական իշխանություններին խնդրում էին հնարավոր ամեն ինչ անել զինադադար հաստատելու համար:
Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերությունների մասին
Երեւանի եւ Ղարաբաղի միջեւ երբեմն հակասություններ էին լինում: Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատասխանատու էին եւ են միայն ԼՂՀ-ի բնակչության անվտանգության համար: Իսկ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պատասխանատու էր թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, եւ թե՛, ինչու ոչ, նաեւ Ջավախքի բնակչության անվտանգության համար: Այսինքն՝ ԼՂՀ-ի իշխանությունների մոտեցումն ավելի տեղային է, իսկ Հայաստանի իշխանություններինը՝ համընդհանուր: Սա որոշակի հակասությունների պատճառ էր դառնում, որոնք կարծում եմ՝ այսօր էլ կան:
Լուսանկարը՝ Ֆոտոլուր:
Ռուսաստանի դերակատարության մասին
Բանակցային գործընթացում ակտիվորեն ներգրավվելու կամ զինադադար հաստատելու առումով Ռուսաստանի կողմից ճնշման փորձեր երբեւիցե չեմ նկատել: Կարծում եմ՝ այն ժամանակների համար «ճնշում» բառն այնքան էլ ճիշտ չէ:
Իհարկե, համոզելու, դիվանագիտական կամ քաղաքական մեթոդներ կիրառելու փորձեր եղել են, բայց չեմ կարող ասել՝ մեզ վրա ճնշումն ավելի մեծ էր, քան Բաքվի կամ հակառակը: Եթե խոսքը զինադադարի հաստատման մասին է, ապա Բաքվի վրա ազդեցություն գործադրելն ավելի կարեւոր էր, քանի որ 1994-ին մենք արդեն շահեկան վիճակում էինք, իսկ Ադրբեջանը տուժած կողմ էր: Այսինքն՝ Ադրբեջանի համար զինադադարին համաձայնելն ավելի ծանր էր, քան մեզ համար:
Ռուսաստանը խիստ շահագրգռված էր զինադադարի հաստատմամբ, քանի որ այն իրեն քաղաքական եւ դիվանագիտական դիվիդենտներ կբերեր:
Ինչու՞ «Գրաչովի պլանը» իրականություն չդարձավ
Խաղաղապահ զորքեր տեղադրելու մասին «Գրաչովի պլանը» բավական հեղհեղուկ էր եւ անհստակ ձեւակերպված: Բացի այդ՝ եթե հարցը դիտարկենք միջազգային կտրվածքով, ապա ԵԱՀԿ-ն էր այն կառույցը, որը պետք է հաստատեր զինադադարը, հետեւեր դրա պահպանմանը եւ կարգավորեր խաղաղապահ ուժերի հարցը:
Իհարկե, Ռուսաստանը ձգտում էր ինքնուրույն անել այդ ամենը՝ խուսափելով հարցը միջազգայնացնելուց, բայց իրականում դա հնարավոր չէր: ԵԱՀԿ-ն հանձին իր վճռորոշ դերակատարություն ունեցող պետությունների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի եւ արեւմտաեվրոպական մի շարք երկրների, որեւէ պարագայում չէր համաձայնի զուտ ռուսական խաղաղապահ գործունեությանը:
Բացի այդ՝ կար նաեւ հակամարտության երեք կողմերի դիրքորոշման խնդիրը: Թվում էր, թե Հայաստանի իշխանություններին ավելի հեշտ կլինի համոզել համաձայնել ռուսական խաղաղապահ գործողությանը, բայց դա այդպես չէր: Իսկ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի համար բացարձակ անընդունելի էր, քանի որ մի քանի տարի առաջ ականատես էին եղել, թե սովետական զորքերն ինչ մեթոդներով են «խաղաղություն հաստատում»: Այսինքն` զուտ ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնելը, միեւնույն է, չէր հաջողվի մի շարք պատճառներով:
Լուսանկարը՝ Ֆոտոլուր:
Հրադադար. 20 տարի անց
1994 թվականին զինադադարը հաստատեցինք մեզ համար լավագույն պայմաններով: Մայիսյան եռակողմ համաձայնության շնորհիվ՝ դեկտեմբերին ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթնաժողովին ընդունած փաստաթղթում ամրագրվեց, որ հակամարտության կողմերն են՝ Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Համապատասխանաբար, բանակցություններին պետք է մասնակցեն այս երեք կողմերը: Այդպես էլ եղավ. բանակցություններն ընթանում էին եռակողմ ձեւաչափով: Իմ գնահատմամբ՝ սա հայկական դիվանագիտության ամենամեծ հաջողությունն է, որը 1998-ին ձեռքից բաց թողեցինք: Եթե հարցը դիտարկենք դիվանագիտական հարթության վրա, կարծում եմ՝ այսօրվա խնդիրների մեծ մասը բխում է նրանից, որ Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից:
Եռակողմ համաձայնության հասնելը հեշտ չէր, քանի որ Ադրբեջանը միշտ փորձել է Հայաստանին որպես ագրեսոր, իսկ հարցը՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն ներկայացնել: Ղարաբաղի՝ բանակցային գործընթացից դուրս մղվելն Ադրբեջանի գործը այս տեսանկյունից հեշտացնում է:
Այսօր տեսնում ենք, որ միջնորդներն իրենց հայտարարություններում միայն Հայաստանին եւ Ադրբեջանին են դիմում: Սա մեզ համար շատ անբարենպաստ իրավիճակ է: Բայց կարծում եմ, որ անգամ այսօր հնարավորություն կա վերադառնալ եռակողմ ձեւաչափին, քանի որ զուտ իրավական տեսանկյունից ոչ ոք Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումը չեղյալ չի հայտարարել: Հայաստանը կարող է պահանջել վերադառնալ այդ ձեւաչափին, քանի որ գործող փաստաթուղթ կա: Եթե դա հնարավոր լինի անել, մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Այլ հարց է՝ Ղարաբաղը իրական ցանկություն ունի՞ այս գործընթացին մասնակցելու, թե՞ գտնում է, որ ավելի հարմար է՝ Հայաստանն իր փոխարեն բանակցի, իսկ Ստեփանակերտը, միեւնույն է, միշտ էլ կարող է վերջում «ոչ» ասել:
Վահան Փափազյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: