Մեդիամաքս-ն իր «Հատուկ թղթապանակ» խորագրում շարունակում է մանրամասներ ներկայացնել 1994թ. մայիսին կնքված զինադադարի մասին:
Արդեն ներկայացրել ենք ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցը:
Այսօր առաջարկում ենք կարդալ Դավիթ Շահնազարյանի հուշերը, ով 1992-1995 թթ. եղել է ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը:
Ի սկզբանե բանակցություններն ընթանում էին մի քանի ձեւաչափերով: 1991թ. գոյություն ուներ այսպես կոչված «Ժելեզնովոդսկի գործընթացը», գործընթաց էր ընթանում նաեւ ԱՊՀ-ի շրջանակներում: 1992-ի մարտից սկսվեց ԵԱՀԿ Մինսկի գործընթացը, իսկ դրան զուգահեռ ծավալվում էր Ռուսաստանի առանձին միջնորդությունը: Ինչ-որ պահին եղել են Ղազախստանի, ինչպես նաեւ Իրանի առանձին միջնորդական ջանքերը: Եղել է նաեւ մի պահ, երբ Ռուսաստանը միաժամանակ երկու միջնորդական գործընթաց էր փորձում իրականացնել՝ արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության միջոցով, որոնք բավականին տարբերվում էին միմյանցից: Այն ժամանակ բանակցությունները փաստացի ամենօրյա ռեժիմով էին ընթանում` միաժամանակ տարբեր ձեւաչափերով:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում եղել է նաեւ, այսպես կոչված` «ստվերային կաբինետ», որտեղ ընդգրկված էին 5 պետություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Թուրքիան: Այդ «կաբինետի» գլխավոր նպատակն էր փաստաթղթեր նախապատրաստել ողջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար:
Պետք է նկատեմ նաեւ, որ այն ժամանակ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի, դիտարկվում էր որպես «ժողովրդավարության կղզյակ», ինչը մեզ մեծ առավելություն էր տալիս ողջ բանակցային գործընթացում:
Թուրքիայի գործոնը
1992թ. ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի համար կարեւորագույն որոշումներից էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված 907 բանաձեւը` այսպես կոչված Ազատության Ակտը, որով արգելվում էր ԱՄՆ-ի կողմից որեւէ ձեւով աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ վերջինս չդադարեցնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ ուժի կիրառումը, չհարգի հայերի եւ այլ փոքրամասնությունների իրավունքները եւ չհայտնի հակամարտությունը խաղաղ լուծելու իր պատրաստակամության մասին:
907-րդ բանաձեւը Էական ազդեցություն ունեցավ նաեւ Թուրքիայի վրա, որպեսզի նա ռազմականորեն չմիջամտի հակամարտությանը: Թուրքիայի անվտանգության խորհրդում այդ հարցը 4 անգամ քննարկվել էր եւ գլխավոր զսպող գործոններից մեկը եղել է հենց այդ բանաձեւը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շատ կոշտ դիրքորոշումը Թուրքիայի հնարավոր ռազմական միջամտության նկատմամբ:
1992թ. Թուրքիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հացահատիկի մատակարարման վերաբերյալ, ինչը չափազանց մեծ կարեւորություն ուներ Հայաստանի համար: Նոյեմբերին Անկարայում հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և կազմվեց արձանագրության նախագիծը: Ի սկզբանե Թուրքիան շահագրգռված էր Հայաստանի պետականության ամրապնդմամբ, նա առաջին պետություններից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Սակայն հետագայում Թուրքիան, այնուամենայնիվ, չկարողացավ անկողմնակալ մնալ ԼՂ հակամարտությունում եւ Քելբաջարի գործողություններից հետո, որն իրականացվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից, Թուրքիան նույնացրեց իր դիրքորոշումը Ադրբեջանի դիրքորոշման հետ, իսկ, երբեմն, հանդես էր գալիս անգամ ավելի կոշտ դիրքերից: Օրինակ՝ 1993թ. Թուրքիան փակեց նաեւ իր օդային տարածքը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար:
Ռուսաստանի գործոնը
Ռուսաստանը պաշտպանել եւ պաշտպանելու է բացառապես իր շահերը, կամ ավելի ճիշտ` այդ պահին Կրեմլում իշխողների շահերը: Ռուսաստանի կողմից ամենաուժեղ ճնշումները սկսվեցին 1993թ. Աշնանը, այն բանից հետո, երբ Բաքում իշխանության եկավ Հեյդար Ալիեւը եւ Ադրբեջանը անդամակցեց ԱՊՀ-ին:
Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ հարձակում, որին օժանդակում էր Ռուսաստանը: Դա պատերազմի ամենաարյունոտ փուլն էր: Այդ հարձակման ձախողումից հետո միայն Ադրբեջանը ստիպված գնաց զինադադարի: Բաքուն ուղղակի այլ տարբերակ չուներ, Ադրբեջանում Ալիեւի համար ներքին խնդիրներ էլ էին ի հայտ եկել: Ըստ էության, Հայաստանը եւ Ղարաբաղը ստիպեցին Ադրբեջանին գնալ զինադադարի: Մինչ այդ Ադրբեջանը բազմիցս խախտել էր ձեռք բերած հրադադարի համաձայնությունները՝ ցույց տալով, որ իր գլխավոր նպատակը խնդրի ռազմական լուծումն է:
Մեկ այլ օրինակ կարող եմ բերել 1992 թվականից, երբ մենք կորցրեցինք Արցախի ողջ հյուսիսը: Դա իրականացվել էր ոչ թե ադրբեջանական զորքերի, այլ Գյանջայում տեղակայված ռուսական 7-րդ բանակի 23-րդ դիվիզիայի կողմից:
Կազիմիրովի հետ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: Նա շատ բարձր մակարդակի դիվանագետ է, բայց, իհարկե, առաջ էր տանում իր պետության շահերը: Մինսկի խմբի պետությունների՝ հիմնականում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տարաձայնությունները բավականին խորն էին: Ռուսաստանի խնդիրն էր հաստատել զինադադար եւ տեղակայել իր խաղաղապահ ուժերը. Արեւմուտքի խնդիրն էր հասնել հարցի ամբողջական կարգավորմանը: Ռուսաստանը երբեւէ նպատակ չի ունեցել հասնել խնդրի կարգավորմանը, դա հակասում է Կրեմլի շահերին, Ռուսաստանը մշտապես փորձել է նման հակամարտությունների միջոցով պահպանել կամ ավելացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:
Խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը
Զինադադարից 3 օր անց Մոսկվայում տեղի ունեցան քառակողմ բանակցություններ: Հայաստանից մասնակցում էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ ես, Ղարաբաղից` Սամվել Բաբայանը, Ադրբեջանից՝ պաշտպանության նախարար Մամեդովը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը: Բանավոր համաձայնություն ձեռք բերվեց խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ: Մենք տվեցինք մեր համաձայնությունը, քաջ գիտակցելով, որ Ադրբեջանը մերժելու է այդ նախաձեռնությունը: Ըստ էության, պայմանավորվածությունը ձեռք բերվեց, իսկ փաստաթղթերի ստորագրությունը հետաձգվեց մինչեւ հաջորդ օրը, սակայն վաղ առավոտյան Մամեդովը անսպասելի մեկնեց Բաքու` խորհրդակցությունների, իսկ պատրաստված փաստաթղթերը չստորագրվեցին:
Միշտ այն համոզման եմ եղել, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը դեմ է թե՛ մեր, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի շահերին եւ բխում է բացառապես Ռուսաստանի շահերից:
Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումների մասին
Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մշտապես տարաձայնություններ եղել են: Ղարաբաղի դիրքորոշումը Մինսկի խմբի այլ անդամների կարծիքով մի փոքր ավելի կառուցողական էր, քան Հայաստանինը: Դա եւս մտածված քայլ էր մեր կողմից: Ցանկանում էինք ցույց տալ, որ Ղարաբաղի հետ ավելի հեշտ կլինի համաձայնության գալ, քան Երեւանի: Նպատակն էր` ԼՂ-ն դարձնել բանակցային եւ հակամարտության կարգավորման կողմ: Այս քաղաքականության շնորհիվ մեզ հաջողվեց հասնել նրան, որ 1994թ. դեկտեմբերին Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ-ն հաստատվեց որպես բանակցությունների եւ կարգավորման լիարժեք կողմ եւ ընդգծվեց, որ հենց դա է հակամարտության կարգավորման ձեւաչափը: Իրականում մեզ հաջողվեց հասնել նրան, որ միջազգային հանրությունն ընդունի ԼՂ հակամարտության իրական բնույթը, ըստ որի՝ հակամարտությունում կար 2 ռազմական եւ 3 քաղաքական կողմ: Ղարաբաղը կայացավ որպես ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն եւ դա տվեց իր արդյունքները:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այն ժամանակ, կարծում եմ, շատ արդյունավետ էր, քանի որ մեզ հաջողվեց Ռուսաստանից ստանալ սպառազինություններ, Արեւմուտքից՝ որոշակի դրամական եւ քաղաքական օգնություն, իսկ Թուրքիայից՝ հացահատիկ, ինչպես նաեւ հաջողվեց զերծ պահել Անկարային ռազմական միջամտությունից:
1994թ. հաստատված մայիսյան զինադադարը ժամանակավոր էր: Դա բացառապես Ռուսաստանի միջնորդական ջանքերի արդյունքն էր: Հետագայում այն երկարացվել է, եւ հետո նոր հաստատվել անժամկետ, արդեն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով:
20 տարի անց
Այսօր պատկերը բացարձակապես այլ է: Փաստացի, մենք կորցրել ենք այն բոլոր առավելությունները, որոնք ձեռք բերեցինք 20 տարի առաջ: Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի քաղաքականության արդյունքում ԼՂ-ն բանակցություններից դուրս է մղված եւ փաստացի ունենք իրավիճակ, երբ Ռուսաստանը ձեռք է բերել շատ մեծ լծակներ եւ կարող է այն օգտագործել իր ներկայությունն էլ ավելի մեծացնելու համար: Ռուսաստանը ձգտում է որոշիչ դեր ստանձնել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, ՌԴ-ն ազդեցության մեծ լծակներ ունի նաեւ Ադրբեջանի վրա: Ներկայումս Ռուսաստանն օգտագործելով Ադրբեջանին` նպատակ ունի կաթվածահար անել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ապահովել Կրեմլի որոշիչ դերը, տապալել ԱՄՆ համանախագահի նախաձեռնությունները` ուղղված բանակցային գործընթացն ակտիվացնելուն, այն ավելի թափանցիկ դարձնելուն, հակամարտող կողմերի հասարակական ներկայացուցիչների, փորձագետների շփումներն ու համատեղ քննարկումներն ընդլայնելուն:
Մոսկվային ձեռնտու է ներկայիս իրավիճակը շփման գծում, որպեսզի անընդհատ զինադադարը խախտվի, հակամարտությունը սառեցված չհամարվի եւ պահվի «տաք» վիճակում: Հիմա առանց հաշվի առնելու, անգամ առանց լսելու պաշտոնական Երեւանի կարծիքը՝ Կրեմլը ԼՂ-ի հարցում պատրաստ է մեծ զիջումեր կատարել Բաքվին` հանուն Ադրբեջանի հանդեպ իր ամբողջական քաղաքական ու տնտեսական վերահսկողության հաստատման: Եթե Ռուսաստանի շահերին առաջ դեմ էր խաղաղ կարգավորումը եւ պատերազմը, ապա այսօր, երբ Կրեմլը բացահայտել է իր նպատակներն ու դարձել միջազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք, վստահ չեմ, որ Ռուսաստանը նոր պատերազմ չի սանձազերծի:
Դավիթ Շահնազարյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: