Մեդիամաքս-ի հարցազրույցը 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հետ
- Թոմ դե Վաալը իր «Սեւ այգի» գրքում գրել է. «Ռուսաստանի ԱԳՆ-ի խնդիրը 1992թ.-ին այն էր, որ նա առհասարակ չուներ նախկին Խորհրդային Միության երկրներում աշխատելու փորձ: ԱԳՆ-ում աշխատում էին Ֆրանսիայի ու Վիետնամի գծով բազմաթիվ մասնագետներ, բայց չկար ոչ մի մարդ, ով կճանաչեր տարածաշրջանը, որը բոլորովին վերջերս էր դադարել միասնական պետության մաս կազմել: Դա հիմնական պատճառներից մեկն էր, որ պաշտպանության նախարարությունը, հազարավոր աշխատակիցներ ունենալով Կովկասում, կարողացավ այնտեղ առաջատարի դիրք զբաղեցնել»: Որքանո՞վ էր իրական այդ խնդիրը, եւ որքանո՞վ էին միասնական ՌԴ ԱԳՆ-ի ու ՊՆ-ի մոտեցումները հակամարտության վերաբերյալ:
- ՌԴ ԱԳՆ-ի ու ՊՆ-ի միջեւ հարաբերություններն իսկապես լարված էին: Պաշտպանության նախարար Պավել Գրաչովի խաղաղապահ հավակնությունների մասին շատերն են տեղյակ: Այդ հավակնությունների նախնական խթանը բավականին ողջամիտ էր, սակայն գործնական իրականացումը նրան ակնհայտ ձախողման էր դատապարտում, հատկապես գործողությունների միջգերատեսչական համաձայնեցման թերագնահատման պատճառով:
Գրաչովի ինքնագործունեության վառ օրինակներից մեկն էր 1992թ. սեպտեմբերի 19-ին Սոչիում կնքված համաձայնագիրը Ադրբեջանի ու Հայաստանի պաշտպանության նախարարների միջեւ: Այն նախատեսում էր հրադադար եւ բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցում երկու ամսով: Այն մասամբ փոխառել էր մեր առաջարկությունների էությունը, որոնք առաջ էին քաշվել 1992թ. օգոստոսի սկզբին ԵԱՀԽ Մինսկի խմբում Ռուսաստանի կողմից: Բայց Գրաչովն անտեսել էր իր նախագծի համաձայնեցումը ՌԴ ԱԳՆ-ի հետ, ինչը ծնել էր մի շարք անհեթեթություններ, զրկել էր Ուկրաինայի, Բելոռուսիայի, Ղազախստանի եւ Վրաստանի օժանդակությունից եւ արդյունքում հանգեցրել այդ համաձայնագրի ձախողմանը: Ես նախօրեին Բաքվում Էլչիբեյին փոխանցեցի Ռուսաստանի նախագահի հաղորդագրությունը, սակայն ինձ ոչ ոք չէր տեղեկացրել այն մասին, որ Գրաչովը հանդիպում է նախապատրաստում Սոչիում:
Հետագայում երկու գերատեսչությունների միջեւ տարաձայնությունների հարթման նպատակով ես պաշտպանության նախարարի հասցեն առաջինը դրեցի 1994թ. մայիսին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի հասցեատերերի ցուցակում:
- Այսօր հաճախ զինադադարի կնքումը կապում են մայիսի 5-ի Բիշքեկյան արձանագրության հետ` մոռանալով, որ զինադադարի հիմքում ընկած է եղել 1994թ. ապրիլի 5-ի ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի Հայտարարությունը, որում պարունակվում էին ավելի կտրուկ ձեւակերպումներ ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ: Կողմերն ինչպե՞ս եկան դրան:
- 1994թ. մայիսի 12-ի զինադադարը ձեռք էր բերվել արդեն ոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով, որոնց կատարումից կողմերը ձախողել էին: Անհրաժեշտ էր նոր փաստաթուղթ հստակ հրահանգներով: Ապրիլի 15-ին ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհուրդը Ռուսաստանի նախաձեռնությամբ Մոսկվայում ընդունեց կարեւորագույն Հայտարարությունը զինադադարի մասին հստակ հարցադրմամբ` որպես Ղարաբաղյան կարգավորման հրատապ անհրաժեշտություն: Այդ ժամանակ Ղարաբաղի վերաբերյալ բարձրագույն մակարդակով ընդունված նմանատիպ փաստաթուղթ գոյություն չուներ, ընդ որում`այդքան բազմակողմանի եւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ուղղակի մասնակցությամբ:
ԱՊՀ Բարձրագույն ֆորումը հաստատեց ամենահրատապ պահանջների «եռյակը»`անհապաղ զինադադար, բոլոր ռազմական գործողությունների դադարեցում եւ դրա հուսալի ամրագրում, ինչպես նաեւ դրանից կախվածության մեջ դրեց առճակատման հետեւանքների վերացումը: Խորհուրդը կրկին դիմեց միջազգային հանրությանը, ԵԱՀԽ-ին եւ ՄԱԿ-ին` կոչ անելով օժանդակել հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՊՀ-ի միջոցառումներին: Ցավոք, շատ քաղաքագետներ ու լրագրողներ չգիտեն այդ փաստաթղթի իրական դերի մասին:
Իսկ զինադադարի մասին համաձայնագիրը նախորդներից տարբերվում էր նախեւառաջ նրանով, որ այնտեղ որեւէ ժամկետ նշված չէր. այն կնքվել էր որպես անժամկետ: Բացի դրանից, Մոսկվայի հայեցակարգին համապատասխան, այն ստորագրել էին ոչ թե երկու, ինչպես նախկինում, այլ` հակամարտության բոլոր երեք կողմերը (ոչ միայն Բաքուն ու Ստեփանակերտը, այլեւ Երեւանը):
- Դուք Ձեր ելույթներում նշել եք, որ «Բիշքեկն ընդամենը օժանդակ օղակ էր»: Ո՞րն էր Բիշքեկի կարեւորությունը, եւ ինչպիսի՞ն էին հիմնական արդյունքները:
- Բիշքեկում հակամարտության կողմերի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը նպատակ ուներ օժանդակել երկրների ղեկավարների Հայտարարությանը: Այդ պահին կարեւոր էր հասարակական կարծիքն ուղղորդել դեպի զինադադարը, հրադադարը: Ավելի վաղ` դեռ Մոսկվայում, ես նախապատրաստել էի փաստաթղթի` Բիշքեկի արձանագրության նախագիծը: Հենց այդ նախագծի շուրջ մայիսի 4-ին եւ 5-ին ծավալվեցին բուռն քննարկումներ ու բանավեճեր` հիմնականում ադրբեջանցիների ու ղարաբաղցիների միջեւ, որոնք տեւում էին ժամեր շարունակ:
ԱՊՀ երկրների ղեկավարների Հայտարարության դրույթներին օժանդակելու առաջարկն ինքնին բանավեճի առիթ չհանդիսացավ: Բացի դրանից, նոր փաստաթղթի էությունն էր կոչ անել հակամարտության բոլոր կողմերի խորհրդարանների ղեկավարներին հրադադար հայտարարել մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա կապակցությամբ: Մենք ցանկանում էինք օգտագործել այդ ամսաթիվը: Բայց այլ հարցերի շուրջ կողմերի միջեւ տարաձայնությունները չհարթվեցին:
Հայաստանը ներկայացնող Բաբկեն Արարքցյանը եւ հատկապես Ղարաբաղի ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանը, բնականաբար, ամեն կերպ պաշտպանում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` որպես հակամարտության կողմ եւ Բիշքեկի հանդիպման մասնակից:
Աֆիադին Ջալիլովը` Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը, հանդես էր գալիս որպես շուտափույթ հրադադարի ջատագով ավելի շատ, քան հայերը, նա պնդում էր, որպեսզի հրադադարը կապակցվի Ադրբեջանի գրավված տարածքներից հայկական զորքերի անհապաղ դուրս բերման եւ այնտեղ փախստականների վերադարձի հետ: Բայց ակնհայտ էր, որ Ջալիլովն ամենեւին շեշտը չէր դնում ռազմական գործողությունների չվերսկսման խնդիրների վրա. նա խուսանավում էր չեզոք անջատողական ուժերի տեղակայման գաղափարից եւ պատրաստ էր բավարարվել դիտորդներով:
Մայիսի 5-ի երեկոյան, իսկապես հոգնեցուցիչ վեճերից հետո, Բիշքեկի արձանագրությունը ստորագրեցին հայկական երկու պատվիրակությունների ղեկավարներն ու բոլոր միջնորդները: Միակը, ով հրաժարվեց դնել իր ստորագրությունը, Աֆիադին Ջալիլովն էր, ով անհասկանալի բացատրություններ էր տալիս, թե փաստաթուղթը չի համապատասխանում իրենց շահերին: Հետո պարզվեց, որ դա ընդամենը պատրվակ էր: Իրական պատճառը այդ օրերին Բրյուսելում Հեյդար Ալիեւի մասնակցությունն էր ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստին եւ այնտեղ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի ստորագրումը: ՆԱՏՕ-ի կենտրոնակայան նրա ուղեւորությունն ու ելույթը, որում հակամարտության համատեքստում ոչ Ռուսաստանը, ոչ ԱՊՀ-ն ոչ մի անգամ չէին հիշատակվել, արդեն իսկ հանդիսանում էին «զիգզագաձեւ» աշխարհաքաղաքական խաղի մի մասը, որի մեջ ներքաշվում էր Ադրբեջանի առաջնորդը արեւմտյան տերությունների ճնշման ներքո:
Նույն թվականի մայիսի 21-ին Ալիեւը հրապարակայնորեն հայտարարեց, որ նախապես կասեցրել էր արձանագրության ստորագրումը` Ջալիլովին չտալով այդպիսի իրավասություններ: Բիշքեկում մենք Ալիեւի հրահանգների մասին, բնականաբար, չգիտեինք, այդ պատճառով մայիսի 7-ին ես մեկնեցի Բաքու`Բիշքեկյան փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի վերջնական դիրքորոշումը պարզելու նպատակով:
- Ինչպե՞ս ընթացան Ձեր բանակցությունները Բաքվում:
- Մայիսի 8-ին Հեյդար Ալիեւի առանձնասենյակում կայացավ խորհրդակցություն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, որին մասնակցում էի նաեւ ես: Չնայած Բիշքեկյան փաստաթղթի վերաբերյալ ադրբեջանցիների սկզբնական թերահավատությանը, շուտով շրջադարձ նկատվեց փոխզիջման ուղղությամբ: Հնչեցին փաստաթուղթը ստորագրելու գաղափարներ, բայց` լրացումներով. ինչ-որ մեկն առաջարկեց «դիտորդներ» բառից առաջ գրել «միջազգային» բառը, մյուսը` «զբաղեցրած տարածքներ» արտահայտությունը փոխարինել «զավթված» բառով: Ինչպես կարող էի, բացատրում էի, որ իրականում տեքստում փոփոխություններ կատարելն իմաստ չունի, քանի որ Բիշքեկի հանդիպման մնացած բոլոր մասնակիցները փաստաթուղթը ստորագրել են այն տեսքով եւ չեն զբաղվի դրա վերանայմամբ:
Դրսեւորվեց նաեւ Բաքվի դիվանագիտության ավանդական «ցավոտ կետը». կրկին սկսեցին պահանջել Նիզամի Բահմանովի ստորագրությունը Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի անունից: Ես նրանց ապացուցում էի, որ Բահմանովը չի կարող հավասարեցվել ներկայացված կառույցների ղեկավարներին, սակայն այդ խորհրդակցության ադրբեջանցի մասնակիցների շահերը վեր էին ցանկացած տրամաբանական փաստարկներից:
Ի վերջո, ադրբեջանցիները պատրաստակամություն հայտնեցին ստորագրել արձանագրությունը նշված վերապահումներով եւ Բահմանովի ստորագրությամբ: Խորհրդարանի նախագահ Գուլիեւը ստորագրեց, իսկ էջի ներքեւում ընթեռնելի ձեռագրով ռուսերեն գրվեցին երկու «վերապահումներ»: Փաստաթղթի մյուս կարեւոր, բայց նուրբ դրույթներին (պաշտպանության նախարարների կողմից փետրվարի 18-ին ստորագրված արձանագրություններին, ԱՊՀ-ի դերին, խաղաղապահ ուժեր ստեղծելու նրա գաղափարին) անդրադարձ չկատարվեց:
Բահմանովի ստորագրության գաղափարն անհաջող ավարտ ունեցավ: Ադրբեջանցիները փաստաթղթում ձեռագիր ավելացրել էին նաեւ նրա ազգանունը, սակայն չէին կարողացել նրան ժամանակին գտնել Բաքվում: Մոսկվային տեղեկացնելով Գուլիեւի կողմից Բիշքեկյան արձանագրության ստորագրման մասին` ես հաջորդ օրն այդպես էլ ինձ հետ վերցրեցի տեքստի օրինակը` երկու վերապահումներով ու Բահմանովի ավելացված ազգանունով, բայց առանց նրա ստորագրության:
- Դուք մի անգամ ասել էիք, որ «հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է «հրեշավոր» կերպով` այն իմաստով, որ համաշխարհային պրակտիկայում այդպիսի բան չի եղել»: Ի՞նչ ի նկատի ունեիք:
- 1994թ. մայիսի սկզբին ադրբեջանական ղեկավարությունը շահագրգռված էր հրադադարով: Նախկինում նա կամ ցանկություն չէր հայտնում այդ քայլին գնալ, կամ նախապայմաններ էր առաջ քաշում` երբեմն ակնհայտ անիրատեսական, կամ խզում էր պայմանավորվածությունները, բայց այս անգամ այդ ցանկությունն ավելի հաստատակամ արտահայտվեց, ընդ որում, ամենաբարձր մակարդակով:
Հատկանշական է, որ այս անգամ Բաքուն ոչ մի նախապայման առաջ չէր քաշում հրադադարի համար:
Հրադադարի համաձայնագրի առաջին տարբերակը պատրաստեցի ես` նույն հիմքով, ինչպես նախկինում` Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Բայց ադրբեջանցիները, ովքեր մինչ այդ ուղիղ 10 անգամ ձեւակերպել էին ռազմական գործողությունների սահմանափակման մասին փաստաթղթերը Ստեփանակերտի հետ` առանց Երեւանի մասնակցության, հիմա համաձայնում էին ստորագրել համաձայնագիրը միայն Հայաստանի ներկայացուցչի հետ, բայց առանց Լեռնային Ղարաբաղի հայերի:
Երեւանը չէր ցանկանում ոչինչ ստորագրել առանց Ստեփանակերտի մասնակցության, իսկ ադրբեջանցիները չէին ցանկանում ստորագրել ղարաբաղցիների ստորագրության կողքին, առավել եւս` նրանց ներկայությամբ: Հայտնի են «տեխնոլոգիաներ», որոնք թույլ են տալիս փաստաթուղթն առանձին-առանձին ստորագրել, այսինքն, առանց կողմերի ներկայացուցիչների առերես հանդիպման, սակայն բաքվեցիները դա էլ չէին ցանկանում:
Փակուղին անհեթեթ էր. հակամարտության բոլոր կողմերը համաձայն էին հրադադարին, սակայն խնդիրն այն էր, թե ում ստորագրությունները պետք է դրվեն փաստաթղթի տակ: Հարկավոր էր անհապաղ օգտագործել բոլոր կողմերի պատրաստակամությունը եւ ինչ-որ կերպ շրջանցել չհանդիպելու նրանց համառ ցանկությունը, որպեսզի միասնական փաստաթուղթը վերջապես ստորագրվեր:
Այդ երկու տարիների ընթացքում մենք արդեն «ֆաքսիմիլային» դիվանագիտության փորձ ունեինք, քանի որ ստիպված էինք կողմերի հետ պայմանավորվածություններ ձեռ բերել հեռախոսով, հետո դրանք ամրագրել ֆաքսի միջոցով:
Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւի առանձնասենյակում մենք նախապատրաստեցինք համաձայնագրի տեքստը: Արդյունքում Հեյդար Ալիեւը մայիսի 9-ին «օրհնեց» պաշտպանության նախարար Մ. Մամեդովին ստորագրել չորս կետերից բաղկացած տեքստը: Այնտեղ նշված էր նաեւ այլ ստորագրողի պաշտոն` ԼՂ բանակի հրամանատարի անունը: Բայց նա պետք է ստորագրեր ոչ թե այդ թերթիկի վրա, այլ` Ստեփանակերտում ճիշտ նույն տեքստի տակ, նույն մոսկովյան հասցեատերերով: Բաքվից ես նույն տեքստը ֆաքսով ուղարկեցի Ստեփանակերտ` ստորագրելու: Օրվա վերջում Հեյդար Ալիեւը եւս մեկ անգամ ինձ խնդրեց զանգահարել Երեւան եւ ձեռք բերել Հայաստանի ստորագրությունը: Ես զանգահարեցի, սակայն չէի մտածում, որ այնտեղ կհամաձայնեն ստորագրել: Բայց շուրջ մեկուկես ժամ անց անսպասելի ստացա Երեւանի համաձայնությունը, ինչը համապատասխանում էր հակամարտության կազմաձեւման մեր հայեցակարգին: Ես ստիպված էր երկու տպագրված «ստորագրողների» միջեւ ձեռագիր ավելացնել. «Հայաստանի պաշտպանության նախարար» (դա երեւում է նաեւ փաստաթղթի պատճենի վրա): Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը կրկին ստորագրեց իմ «հետգրությամբ» թերթիկի վրա, եւ ես վերադարձա Մոսկվա:
Մայիսի 10-ին ստացա վերջնական տեքստը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ստորագրությամբ: Մայիսի 11-ին ֆաքս ստացա Ստեփանակերտից` Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանի նույնպիսի «միայնակ» ստորագրությամբ: Տեղեկացրեցի բոլոր երեք կողմերին ստորագրման ընթացակարգի ավարտի մասին, բոլոր կողմերին ֆաքսով ուղարկեցի մյուս ստորագրություններով թերթիկները եւ որպես միջնորդ հայտարարեցի, որ այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 1994թ. մայիսի 12-ից:
Այդ պատճառով համաձայնագիրը չունի միասնական բնօրինակ կամ բոլոր երեք կողմերի ներկայացուցիչների կողմից ստորագրված օրինակներ: Չկար ոչ կնիք, ոչ կնքամոմ, ոչ գեղեցիկ թղթապանակներ: Չէր պահանջվում եւ չկար դրա հաստատումը խորհրդարանների կողմից, իսկ ահա ժողովուրդները հաստատ սատարել էին այն:
- Ի սկզբանե առկա էր հակամարտության գոտում խաղաղապահ զորքեր մտցնելու ծրագիր` այսպես կոչված, «Գրաչովի պլանը», ընդ որում, այդ դրույթն ամրագրված է նաեւ հրադադարի մասին համաձայնագրում: Բայց հետագայում այդ հարցը հանվեց օրակարգից: Ինչո՞ւ:
- Հրադադարի մասին համաձայնագիրը չէր պարունակում հրադադարի ամրագրման այնպիսի սովորական միջոցներ, ինչպիսիք են հակամարտող կողմերի զորքերի հեռացումը շփման գծից, այնտեղից ծանր զենքի դուրսբերումը, բուֆերային գոտու ստեղծումը, չեզոք դիտորդների կամ բաժանարար ուժերի տեղակայումը, վերահսկողության միջոցների եւ միջազգային երաշխիքների սահմանումը:
Մեկնակետն այն էր, որ այդ խնդիրների մի մասը լուծվելու է Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի հանդիպման ընթացքում` Գրաչովի մասնակցությամբ:
Մոսկվայի հանդիպումը տեղի ունեցավ 1994թ. մայիսի 16-17-ին: Գրաչովը, ակնհայտ զայրացած նախարարների տարաձայնություններից, բավականին անշրջահայաց կերպով լրագրողների ներկայությամբ ընտրեց խոսքի չափազանց սուր, գրեթե վերջնագրային տոն, եւ հաջորդ օրը ԶԼՄ-ները դա նկարագրեցին վառ գույներով: Խորհրդակցության համար մշակվեցին եւ հիմնականում հաստատվեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցները, որոնք բխում էին հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայումից:
Սակայն տեղի տվեցին ոչ միայն Գրաչովի նյարդերը: Նույն օրը Հեյդար Ալիեւը շտապ հանձնարարեց իր նախարար Մամեդովին չստորագրել այդ հանդիպման ընթացքում մշակված փաստաթուղթը եւ անհապաղ վերադառնալ Բաքու` իբրեւ թե լրացուցիչ հրահանգներ ստանալու համար: Մայիսի 17-ին Մամեդովի հետ միասին մեկնեցինք Բաքու: Մայիսի 18-ին Ալիեւն ընդունեց նրան եւ հանձնարարեց չստորագրել մոսկովյան փաստաթուղթը: Ալիեւը Մամեդովի հետ կանչումը Բաքու ինձ բացատրեց Գրաչովի անպատշաճ կտրուկ տոնով, բայց պատճառներն ակնհայտորեն ավելի խորն էին:
Երբ մայիսի 19-ին մենք Մամեդովի հետ միասին կրկին վերադարձանք Մոսկվա, ադրբեջանցի նախարարը Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կոնդրատյեւի հետ հանդիպմանը սկսեց առաջ քաշել նոր պայմաններ, որպեսզի չստորագրեր նախապատրաստված փաստաթուղթը: Նա փորձեց զորքերի հեռացումը կապել զբաղեցրած տարածքներից հայկական ուժերի դուրս բերման հետ, թեեւ դա արդեն ոչ այնքան ռազմատեխնիկական, որքան ռազմաքաղաքական խնդիր էր, որը պետք էր լուծել «մեծ քաղաքական համաձայնագրի» մեջ:
Այդ օրերին Ադրբեջանը շատ ուժեղ ճնշման ենթարկվեց արեւմտյան տերությունների կողմից: Եթե Արեւմուտքի համար Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարը լուրջ հիասթափություն էր, ապա հակամարտության գոտում նրա խաղաղապահ կառույցների տեղակայման հեռանկարը պարզապես անընդունելի էր: Դա ակնհայտ է նաեւ մայիսի 12-ից հետո Մինսկի խմբի ղեկավարության արտասովոր ակտիվացումից եւ ամբողջ 1994 թվականի ընթացքում Ղարաբաղի նկատմամբ արեւմտյան դիվանագիտության դինամիկայից: Նրա բոլոր ջանքերն ուղղված էին նրան, որպեսզի գոնե նախանշվեր ԵԱՀԿ դիտորդական ու խաղաղապահ ուժերի ուղղվածության հեռանկարը`թույլ չտալու համար Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների ուժերի տեղակայումը: Հենց այդ ճնշմանն էլ չդիմացավ Ալիեւը` տալով իր քաղաքականության հերթական զիգզագի հրահանգը, այս անգամ` դեպի Արեւմուտք:
Ադրբեջանի հեռացումը հրադադարի ամրագրման միջոցներից հնարավորություն չտվեց հիմնովին ամրապնդել համաձայնագիրը ռազմատեխնիկական առումով: Արդյունքում զինադադարը պատշաճ ամրապնդում չստացավ ոչ Ռուսաստանի, ոչ Արեւմուտքի կողմից եւ օբյեկտիվորեն մնաց համեմատաբար խոցելի: Ընդ որում, դա հիմնականում տեղի ունեցավ այն պատճառով, որ Բաքուն, 1994թ. փետրվարի 18-ին Մոսկվայում կայացած պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքում ձեռք բերված արձանագրության հակառակ, հրաժարվեց դուրս բերել զորքերը շփման գծից: Այստեղից, եւ առհասարակ Ադրբեջանի «կացնային» քաղաքականությունից էլ բխում են բազմաթիվ դժբախտ միջադեպերը շփման գծում:
Վլադիմիր Կազիմիրովի հետ զրուցել է Արամ Արարատյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: