Երեւան: Մեդիամաքս: «Փարաջանով» ֆիլմի համահեղինակ Ելենա Ֆետիսովան չի մասնակցի Հայաստանի պետական մրցանակի հանձման արարողությանը:
Ինչպես հաղորդում է «Կոմենտարիի» կայքը, Ելենա Ֆետիսովան բաց նամակ է ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես, ասված է.
«Ղրիմի հանրաքվեն դուք անվանեցիք «ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման հերթական օրինակ», իսկ իմ` Ուկրաինայի քաղաքացու կարծիքով, դա միջազգային իրավունքի եւ եվրոպական արժեքների խախտում է, ինչպես նաեւ սպառնալիք է Ուկրաինայի եւ համայն մարդկության խաղաղությանն ու կայունությանը: Պաշտոնապես հայտարարում եմ, որ անհնարին եմ համարում մասնակցությունս մարտի 21-ին Երեւանում կայանալիք ֆիլմի հեղինակների պարգեւատրման արարողությանը: Ինձ հասանելիք պարգեւի մասը խնդրում եմ փոխանցել մանկատների հայ մանուկների կարիքներին»:
«Վստահ եմ, որ Սերգեյ Փարաջանովը նույն կերպ կվարվեր»,- հայտարարել է Ելենա Ֆետիսովան:
«Փարաջանով» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կարլով Վարի (Չեխիա) միջազգային կինոփառատոնում 2013 թ. հուլիսին:
Մեդիամաքս-ը նշում է, որ Ելենա Ֆետիսովայի` Հայաստան այցելելուց հրաժարվելու պատճառներից մեկը կարող է լինել նրա կոնֆլիկտը ֆիլմի համահեղինակ եւ գլխավոր դերակատար Սերժ Ավեդիքյանի հետ, ինչ մասին ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել էին 2013 թ.-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: