Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանն այսօր հայտնել է, որ 2014թ. հունվարի 1-ից սկսած անձնագրի ժամկետը լրացած քաղաքացիներին կտրամադրվի նոր` կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա նշել է, որ հունվարի 1-ից հին նմուշի անձնագիր կտրամադրվի միայն երեխաներին եւ նախազորակոչային տարիքում գտնվող տղաներին` 3 տարի ժամկետով։ Այն անձնագրերը, որոնց ժամկետը դեռեւս չի լրացել, ուժի մեջ կլինեն մինչեւ ժամկետի ավարտը:
Նորայր Մուրադխանյանի փոխանցմամբ, կենսաչափական անձնագրի կարիքը կունենան այն քաղաքացիներին, ովքեր ունեն արտերկիր մեկնելու խնդիր:
«Կենսաչափական անձնագրում ելքի վիզա հասկացություն գոյություն չունի: Դրանով ավելի հեշտ է սահմանային անցակետ անցնելը, իսկ դեսպանատներում վիզան ավելի հեշտ է տրամադրվում»,- ասել է նա:
Կենսաչափական անձնագիրը պարունակում է քաղաքացու անուն ազգանունը, ծննդյան տարեթիվը, ծննդավայրի անվանումն ու երկու ցուցամատերի մատնահետքերը: Ի տարբերություն հին նմուշի անձնագրի, կենսաչափական անձնագրում 32 էջի փոխարեն կլինի 40-ը: Նույնականացման քարտը պարունակում է նույն տվյալները, սակայն մատնահետքի փոխարեն այնտեղ առկա է քաղաքացու գրանցման հասցեն: Այն պարունակում է էլեկտրոնային ստորագրություն, որի միջոցով հնարավոր է էլեկտրոնային եղանակով կատարել հարկային պարտավորությունները:
Ոստիկանության գնդապետը նշել է, որ, օրենքի համաձայն, նույնականացման քարտը ՀՀ տարածքում համարվում է անձը հաստատող լիիրավ փաստաթուղթ:
«Քաղաքացին կարող է հրաժարվել նույնականացման քարտում առկա հանրային ծառայության համարանիշից, այդ դեպքում ուժի մեջ կլինի նրա սոցիալական քարտը»,- ասել է նա:
Կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը կտրամադրվեն 10 տարի ժամկետով: Նույնականացման քարտի պետական տուրքը 3000 դրամ է, կենսաչափական անձնագրինը` 25 հազար դրամ: Աղքատության նպաստ ստացող ընտանիքների անդամներին եւ 16 տարին լրացած անձանց առաջին անգամ նույնականացման քարտերը տրամադրվելու են անվճար։ Ոստիկանությունն այն պարտավոր է տրամադրել 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ավելի կարճ ժամկետում ստանալու համար քաղաքացին պետք է հավելյալ գումար վճարի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: