Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրային խորհուրդն այսօրվա լիագումար նիստում որոշել է մերժել «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ առաջարկը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ դեռեւս ամիսներ առաջ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երեւանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը: Քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2013թ. օգոստոսին դիմել էր Հանրային խորհուրդ հին մասնաշենքի հարցը քննարկելու առաջարկությամբ:
Այսօրվա նիստում Հանրային խորհուրդն արձանագրել է, որ չի ստացել հիմնավոր հաշվարկներ, որոնք կապացուցեն օդանավակայանի հին ուղեւորային համալիրը քանդելու անհրաժեշտությունը:
«Չկան նաեւ այլընտրանքային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային համեմատել հաշվարկները: Բացի այդ, հասարակության լայն շերտերի համար «Զվարթնոցի» հին համալիրը ընկալվում է որպես Երեւանի խորհրդանիշ, որը պետք է ներառվի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում»,- ասել է ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը:
Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀՀ կառավարությանը` կոչ անելով չհամաձայնել կոնցեսիոն կառավարչի՝ օդանավակայանի հին համալիրը քանդելու առաջարկությանը:
Հանրային խորհրդի անդամները նաեւ առաջարկում են կառավարությանը օդանավակայանի հին համալիրը ներառել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: