ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է Սամվել Մարտիրոսյանի հրապարակմանը - Mediamax.am

4530 դիտում

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է Սամվել Մարտիրոսյանի հրապարակմանը


Լուսանկարը` http://lentaregion.ru


ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այսօր իր պատասխանն է ուղարկել մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ երեկ Մեդիամաքս-ում հրապարակված «Բյուրոկրատական էլեգիա» հրապարակման կապակցությամբ:

 

Ղեկավարվելով ՀՀ ԶԼՄ-ների մասին օրենքի պահանջներով՝ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ եւ առանց մեկնաբանությունների:

 

Թյուրըմբռնման էլեգիա

 

Հարգելի պարոն Մարտիրոսյան,

 

Յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեծ ուրախություն է ծնողների, եւ ոչ միայն ծնողների համար:

 

Մենք եւս միանում ենք բոլոր  մաղթանքներին՝ առողջություն, մեծ երջանկություն եւ ամենալավագույնը ցանկանալով Ձեր բալիկին:

 

Հիմա անդրադառնանք սույն պարզաբանման ստեղծման հիմնական պատճառին` Ձեր «Բյուրոկրատական էլեգիա» վերտառությամբ հրապարակման մեջ արծարծված խնդիրներին:

 

Ասում են, երբ ուրախությանդ մասնակից են քո ընկերները, բարեկամները, ապա այն կրկնապատկվում է: Սա ուրախության կապակցությամբ, իսկ ինչ վերաբերում է որեւէ իրավունքի իրացմանը` նախ եւ առաջ պետք է դիմել ոչ թե բարեկամներին, այլ այդ գործընթացի համար պատասխանատու կառույցին, ուր եւ կստանայիք այն նույն «բարեհամբույր», բայց եւ մանրամասն պատասխանը, որ ստացել էիք «բյուրոկրատական էլեգիայի» ավարտին: Իսկ եթե հենց սկզբից այցելեիք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքէջ ու «լավ ման գայիք», կգտնեիք նաեւ «հետադարձ կապ» թափանցիկ բաժինը (կամ որ նույնն է՝ hasmik.khachatryan@mss.am էլեկտրոնային փոստի հասցեն):

 

Ձեր հարցին շատ կարճ` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից կստանայիք առնվազն հետեւյալ պատասխանը.

 

«Ընտանիքում ծնված երրորդ երեխայի համար միանվագ նպաստ ստանալու նպատակով` «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն ծնողներից մեկը դիմում է իր բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին, երեխայի ծննդյան օրվանից 12 ամիսների ընթացքում,  ներկայացնում դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի, կացարանի, իր եւ երեխայի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, իր եւ երեխայի սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաեւ իր խնամքի տակ գտնվող (միեւնույն բնակության վայրում բնակվող) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաեւ երեխաների ծննդյան վկայականները եւ դրանց պատճենները:

 

Միաժամանակ, հարկ է նշել, որ դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի եւ այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով, դրանք ստանալով առցանց եղանակով:»

 

Հիմա անդրադառնանք, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքէջից Ձեր կողմից կատարված մեջբերումներին:

 

Ուշադիր կարդալու դեպքում կնկատեիք, որ 6-րդ հարցը վերաբերում է երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ դրամական օգնությանը, իսկ 8-րդ հարցը` երեխայի ծննդյան միանվագ նպաստին: Սակայն, «հարց ու պատասխան» էջում կա նաեւ նաեւ 5-րդ հարց.

 

«Հարց 5. Միանվագ դրամական օգնության ի՞նչ ձեւեր կան եւ որքա՞ն է դրանց չափը:

Միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք

ունեցող ընտանիքում սահմանվել են.

 

ա) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ,

բ) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ.

գ)  ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:»

 

Ինչը նշանակում է, որ երեխայի ծննդյան միանվագ օգնությունը տրվում է միայն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող աղքատ ընտանիքին` որպես միանվագ դրամական օգնություն: Մի հանգամանք, որի հետ, համոզված ենք, Ձեր ընտանիքը որեւէ առնչություն ունենալ չի կարող:

 

Իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրվում է որեւէ երեխայի ծննդյան դեպքում` անկախ այդ ընտանիքի անապահովության, իմա՝ աղքատության մակարդակից: Նույն տեղում կա նաեւ 7-րդ հարց, որը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակմանը, եւ միայն դրանից հետո` 8-րդ հարց, որը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմելու ժամկետին եւ տեղին:

 

Այսպիսով, աղքատ ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում, այդ ընտանիքին տրվում է այդ կապացությամբ թե երեխայի ծննդյան միանվագ նպաստ, թե երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ դրամական օգնություն:

 

Ոչ աղքատ ընտանիքները չեն կարող ստանալ երեխայի ծննդյան միանվագ դրամական օգնություն, այնպես որ Դուք կարող եք ստանալ միայն երեխայի ծննդյան միանվագ նպաստ, որի համար դիմելու ժամկետը երեխայի ծննդյան օրվանից 12 ամիս է:

 

«Տանը որոշում ենք մինչեւ հունվար սպասել, որ սոցքարտը իր մահով մահանա, պրծնենք դրանից»  նախադասության կապակցությամբ հայտնում ենք, որ 2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքը, որով նույն պահից ուժը կորցրած է ճանաչվել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը, միաժամանակ սահմանելով, որ մինչեւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվում են հանրային ծառայությունների համարանիշեր: Իսկ նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ հանրային  ծառայությունների  համարանիշն  օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

 

Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է` քաղաքացուն աշխատավարձ եւ դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու եւ վճարելու ժամանակ:

 

Պետք չէ սպասել հունվարին, ինչպես տեսնում եք՝ «սոցքարտն իր մահով մահացել է» փոխարենը ծնունդ տալով հանրային ծառայությունների համարանիշին` նույն նպատակով` հնարավորություն ունենալ նույնականացնել անձին տարբեր տեղեկատվական բազաներում` տարբեր իրավունքների իրացման ժամանակ դրա համար անհրաժեշտ տվյալներն առցանց, առանց «բյուրոկրատական էլեգիայի» ստանալու նպատակով: Անշուշտ, Ձեզ համար պարզ է, որ որեւէ քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշը կհայտնվի որեւէ տեղեկատվական բազայում` դրանց առաջին անգամ ներկայացնելու դեպքում` դրան հաջորդող ողջ ժամանակահատվածի համար:

 

ՀԳ. Անշուշտ, անկախ «բյուրոկրատական կամ թյուըմբռնման էլեգիաներից», Ձեր ուրախությունը Ձեր երեխան է, որի աչքերին նայելիս Ձեր զգացած երջանկության համեմատությամբ խամրում են բոլոր խնդիրները: Մենք նաեւ հասկանում ենք, որ մեդիա-փորձագետ ամենեւին չի նշանակում սոցիալական ոլորտի փորձագետ, ուղղակի հորդորում ենք ուշադրություն գրավող վերնագրով, հեգնական, ավելի ճիշտ սարկազմով վերջացող, Մեդիամաքսի նման պատկառելի լրատվական կայքի առաջին էջում դրվող ցանկացած նյութ գրելուց առաջ հնարավորինս փորձեք լիարժեք տեղեկատվություն ստանալ տվյալ դեպքում մեր նախարարությունրց, մանավանդ որ՝ մենք երբեւէ չենք զլանում պատասխանել, պարզաբանել, օգնել:

Մեկ անգամ եւս շնորհավորում ենք Ձեր բալիկի ծնունդը:

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին