Երեւան: Մեդիամաքս: Իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնն այսօր Երեւանում ասել է, որ հրեաներն առաջինը պետք է ճանաչեին Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, իսրայելցի մասնագետն այս մասին ասել է այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը:
Յաիր Աուրոնին Երեւանում է գտնվում ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով, որը կայացել է օրեր առաջ:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Յաիր Աուրոնին՝ կատարած անգնահատելի աշխատանքի համար՝ նշելով, որ հրեա մտավորականներից շատերը մշտապես կանգնած են եղել հայ ժողովրդի կողքին:
Իսրայելցի պատմաբանն ընդգծել է, թե կիսում է հայ ժողովրդի կրկնակի ցավը. առաջինը՝ ցեղասպանության ենթարկվելու, երկրորդը՝ այդ ահավոր ոճրագործության նկատմամբ ուրացման քաղաքականության համար, որի դեմ ինքը եւ առաջադեմ մտավորականության մի շարք ներկայացուցիչներ պայքարում են:
Յաիր Աուրոնին նշել է, որ իր երկրի քաղաքացիական հասարակության մեջ այս հարցում վերջին տարիներին զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել, եւ հույս է հայտնել, որ դա կանդրադառնա նաեւ իրականացվող քաղաքականության վրա:
Պատմաբան Յաիր Աուրոնն իր գրքում փաստարկված անդրադարձել է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության երկու ազգային փոքրամասնությունների՝ հրեաների եւ հայերի այն ժամանակվա իրավիճակին, քաղաքական ուժերին, բարոյականությանն ու պրագմատիզմի բարդ հավասարակշռությանը, վերլուծել պաղեստինյան հրեական համայնքի եւ սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: