Ռոման Բալայան` իսկականի ու արհեստականի մասին - Mediamax.am

exclusive
2777 դիտում

Ռոման Բալայան` իսկականի ու արհեստականի մասին


Ռեժիսոր Ռոման Բալայանին
Ռեժիսոր Ռոման Բալայանին

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաճախ չէ պատահում, որ Երեւանում հանկարծ հանդիպեք ռեժիսոր Ռոման Բալայանին ու նրա հետ երկար զրուցելու հնարավորություն ունենք` աշխարհում տեղի ունեցող ամեն բանի մասին: Նման պահերին իրականությունը կարծես ֆիլմի է վերածվում:

 

Չեմ հասկանում էդ արհեստական լեզուն` «այնուամենայնիվ», «քանզի», «հիրավի»`ախր բնական չի, չի կարող հուզել:

 

Անձնագրի լուսանկարներում բոլորը հիմար տեսք ունեն

 

Լուսանկարիչը պետք է որսա մաքսիմալ քանակով բնական կադրեր, կարողանա ցուցադրել ավելին, քան պարզապես դեմքն ու դիմագծերը: Ես չեմ սիրում, երբ մարդիկ գիտեն, որ իրենց լուսանկարում են ու սկսում են դեր խաղալ: Անձնագրի լուսանկարներում բոլորը հիմար տեսք ունեն, որովհետեւ դեր են խաղում: Ինչքա՜ն բան է թաքնվում բնական աչքերի ետեւում, լուսանկարիչը պետք է հենց դա ցուցադրի:

 

Լուսանկարչին պետք է տեխնիկական կանոններ սովորեցնել` որ կողմից լույս դնի, որ դիրքից լուսանկարի, մնացածը՝ պետք է ինքը զգա:  Այ հիմա այսպես եմ բնական, ինձ այսպես լուսանկարի:

 

Ցանկացած երկխոսություն հետաքրքիր է

 

Պետք չէ արհեստական բաներ ստեղծել, ամեն ինչն էլ հետաքրքիր է, ուղղակի պետք է որսալ ու բռնել պահը: Ցանկացած երկխոսություն հետաքրքիր է, ցանկացած մարդու միմիկան ու ժեստն արժեք ունեն: Քեզ մնում է միայն որսալ ու ցույց տալ` ամեն ինչ արդեն պատրաստ է:

 

Բոլորն ուզում են ինչ-որ բան անել, բայց ալարում են

 

Երբ երիտասարդ էի, ամեն վայրկյան ինչ-որ բան էի գրում` սիգարետի տուփի, անձեռոցիկի վրա: Եսիմ ինչ էի գրում, բայց ինձ թվում էր, թե սցենար եմ գրում: Ու բոլորին շատ հետաքրքիր էր` էդ ի՞նչ եմ գրում, ես էլ գրում ու գրում էի, ուղղակի ֆիքսում էի պահերը: Հետո մի օր էդ ամեն ինչից ինչ-որ արժեքավոր բան ծնվեց, համենայն դեպս` ինձ համար:

 

Բոլորն ուզում են ինչ-որ բան անել, բայց ալարում են: Կինո կարելի է նկարել նույնիսկ բջջային հեռախոսով, այսօր էդ հնարավորությունը կա: Դա եւս պահը որսալու ու ընդգծելու հնարավորություն է:

 

Երեւանում ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր եմ անցկացնում: Միակ խնդիրն այն է, որ մարդկանց շատ քիչ էին տեղեկացել դրանց մասին: Ուզում էի, որ ծայրամասերից, մարզերից երիտասարդներ գան, կարող է նրանց մեջ Համո Բեքնազարյաններ կան: Փորձում եմ ամիսը մեկ անգամ լինել Երեւանում, շփվում եմ այդ կուրսի երեխաների հետ, ուղղություն եմ տալիս նրանց: Տաղանդավոր երեխաներ են, բայց շատ բան չեն հասցնում իրականացնել, որովհետեւ ստիպված են կողքից աշխատել:

 

Հայ երիտասարդների թեմաները միշտ տխուր են

 

Հետաքրքիրն այն է, որ հայ երիտասարդների թեմաները միշտ տխուր են, վերջում մեկն անպայման պետք է մահանա, կուրանա, դժբախտանա: Մեր ազգը հաղթանակ չի կարողանում տոնել, զգալ դրա համը:

 

Պոզիտիվը քիչ է: Չեմ ասում, որ մարդկանց պետք է միայն ուրախացնել, բայց տխրությունը ցուցադրելու այլ ձեւեր կան, անպայման չէ դրա համար մեկին սպանել: Օրինակ` ինչքան գեղեցիկ է, երբ ֆիլմի ընթացքում ցուցադրում ես մարդու մենությունը, իսկ վերջում նա գտնում է իր նմանին: Հուզիչ է, չէ՞:

 

60-ականներին էլ մարդիկ այստեղից փախնում էին

 

Ինձ շատերն են ասում` Ռոմա, այստեղից բոլորը փախնում են, արտագաղթ է: Ես էլ պատասխանում եմ, որ 60-ականներին էլ փախնում էին: Փաստ է, Հայաստանում ավելի քիչ հայ կա, քան արտերկրում: Պետք է ուղղակի ինչ-որ հետաքրքիր բան ստեղծել ու հրապուրել, ու շատերը կուզեն վերադառնալ: Բայց հարց է` դա ինչ-որ մեկին պե՞տք է:

 

Փելեշյանը հանճար է եւ վերջ

 

Վստահեցնում եմ, այսօր հանճարներ կան: Փելեշյանը ինձ համար հանճար է: Հիմա նրա հետ հանդիպման եմ շտապում: Ինձ ասում են՝ հա, շատ լավն է, բայց ծանր բնավորություն ունի: Բայց դա ի՞նչ կապ ունի, նա հանճար է եւ վերջ:

 

Գրի առավ Լենա Գեւորգյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին