Փարաջանովի մասին նոր ֆիլմը հնարավոր է ցուցադրվի «Ոսկե ծիրանի» շրջանակում - Mediamax.am

2209 դիտում

Փարաջանովի մասին նոր ֆիլմը հնարավոր է ցուցադրվի «Ոսկե ծիրանի» շրջանակում


Լուսանկարը` http://kreodiz.ru/


Երեւան: Մեդիամաքս: Սերգեյ Փարաջանովի մասին նկարահանված նոր ֆիլմը հնարավոր է ցուցադրվի հուլիսի 7-ից 14-ը Երեւանում կայանալիք հերթական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում:

Այս մասին Մեդիամաքս-ին ասել է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

 

«Կողմերը հետաքրքրված են փառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրման հարցում, քննարկումները դեռ շարունակվում են»,- ասել է նա:

 

 

«Փարաջանով» նախագծի իրականացմանը մասնակցում են Հայաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան եւ Հոլանդիան, Փարաջանովի դերը ֆիլմում կատարում է ֆրանսիացի հայազգի դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը:

 

Այսօր կայացած ասուլիսում «Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ կատարած աշխատանքով «փառատոնը Հայաստանի միջազգային անձնագիրն է դարձել»:

 

«Մենք միշտ սպասում եւ ակնկալում ենք փառատոնից ավելին: Այս տարիների ընթացքում փառատոնի շնորհիվ մեր ինքնությունը ճանաչելի է դարձել աշխարհով մեկ»,- ասել է նա:

 

«Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանն տեղեկացրել է, որ այս տարի փառատոնը շուրջ 1200 հայտ է ստացել 94 երկրից:

 

«Ոսկե ծիրանի» այս տարվա կարեւոր իրադարձություններից մեկը կլինի Երեւանում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում շանսոնյեի աստղի բացումը: Հարություն Խաչատրյանն ասել է, որ Ազնավուրը խոստացել է այդ օրերին այցելել Երեւան:

Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի նաեւ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն:

 

Փառատոնի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի հունգարացի ականավոր ռեժիսոր, 75-ամյա Իշտվան Սաբոն:

 

Հարություն Խաչատրյանն ասել է, որ միշտ ցանկացել է Հայաստան հրավիրել դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերին, որի «Մելանհոլիան» ցուցադրվել էր 2012 թվականին «Ոսկե Ծիրանի» շրջանակներում: Սակայն դանիացի ռեժիսորը վախենում է ինքնաթիռ նստելուց եւ ճամփորդում է գնացքով:

 

«Ոսկե ծիրանի» տնօրենը կարեւորել է նաեւ այն, որ փառատոնի շրջանակներում կգործարկվի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին