Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 6-ին գերմանական earMUSIC/Edel ընկերությունը կթողարկի Who Cares խմբի սինգլը, որը Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell) ստեղծել են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նպատակով:
Սինգլի թողարկման նախաշեմին Թոնի Այոմին պատասխանել է Մեդիամաքսի հարցերին:
- WhoCares-ը դարձավ Իէն Գիլանի հետ ձեր համատեղ աշխատանքի առաջին փորձը 1983 թվականից հետո, երբ նա մեկ տարով դարձավ Black Sabbath-ի անդամ: Ինչպիսի՞ն էր այս նոր համագործակցությունը եւ արդյո՞ք զուգահեռներ անցկացրել եք առաջին եւ երկրորդ փորձերի միջեւ:
- Նոր փորձն ավելի լավն էր, քանի որ մենք աշխատում էինք կողք կողքի նստած, Իէնը եկել էր իմ տուն: Իսկ 1983 թվականին “Born Again” ալբոմի ձայնագրման ընթացքում մենք սկզբից ձայնագրեցինք բոլոր գործիքային հատվածները, այնուհետեւ Իէնը ձայնագրեց իր վոկալը: Այս անգամ մենք ավելի սերտ էինք համագործակցում, եւ ես բավականություն էի ստանում նրա հետ ընկերակցությունից:
- Դուք գրեցիք “Out of My Mind” երգն 2009 թվականի հոկտեմբերին Հայաստանից վերադառնալուց անմիջապես հետո: Ինչպե՞ս էր դա տեղի ունենում:
- Ես մտածեցի րիֆը (riff), որն, իմ կարծիքով, պետք է դուր գար Իէնին: Նա հավանեց այն եւ հետո մենք աշխատում էինք միասին` երգն ամբողջությամբ «կառուցելու» համար: Բառերը գրել է Իէնը, այնպես որ բոլոր հարցերն ուղղեք նրան (ժպտում է):
- Պատմեք, թե ինչպե՞ս էր անցնում ձայնագրությունը լոնդոնյան Sarm Studios-ում 2010 թվականի հոկտեմբերին, որը միավորեց այնպիսի աստղերի, ինչպիսիք են դուք, Իէն Գիլանը, Ջոն Լորդը եւ Նիկո ՄքԲրեյնը:
- Ահավոր էր (ծիծաղում է): Իրականում, դա շատ ուրախ օր էր` չափազանց դրական եւ ոգեւորիչ մթնոլորտով:
- Ձեր դստեր ամուսինը` Լինդե Լինդստրյոմը HIM խմբից, նույնպես մասնակցեց “Out Of My Mind” երգի ձայնագրությանը` կատարելով գեղեցիկ սոլո: Ինչպե՞ս էր ընթանում աշխատանքը սեփական փեսայի հետ, դուք նրան որեւէ բան խորհուրդ տվե՞լ եք ձայնագրության ժամանակ:
- Լինդեն ինքը որոշեց, թե ինչ պետք է նվագի: Ես միայն ասացի նրան, թե երբ պետք է սկսվի նրա սոլոն: Նա ձայնագրեց իր մասն իմ ստուդիայում:
- Դուք Իէն Գիլանի հետ ստեղծել եք WhoCares-ը` Գյումրիում երաժշտական դպրոցի շինարարության համար միջոցներ հավաքելու նպատակով: Ըստ ծրագրի, դպրոցը պետք է պատրաստ լինի հաջորդ գարնանը. դուք կգա՞ք Հայաստան, որպեսզի տեսնեք այն:
- Անշուշտ, ես մեծ հույսեր ունեմ: