Թբիլիսի եւ Երեւան. Ժամանակակից ուրբանիզմ կամ «քաղաքը ոչ թե քարերն են, այլ՝ մարդիկ» - Mediamax.am

7837 դիտում

Թբիլիսի եւ Երեւան. Ժամանակակից ուրբանիզմ կամ «քաղաքը ոչ թե քարերն են, այլ՝ մարդիկ»


Լուսանկարը` Մեդիամաքս:


Թբիլիսի եւ Երեւան: Առաջին հայացքից տարբեր, սակայն նմանատիպ խնդիրներով միավորված մայրաքաղաքներ… Հինգշաբթի Կովկասի ինստիտուտում Հենրիխ Բյոլի հիմնադրամի կազմակերպած «Քաղաքի նոր կերպար: Երեւան եւ Թբիլիսի» թեմայով հասարակական քննարկումների հիմնական դրույթներն էին «պատմականորեն ձեւավորված բարեկամական եւ գործընկերային» հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջեւ, որոնք, սակայն չեն բացառում կոշտ մրցակցային պայքարը սեւծովյան տարածաշրջանի քաղաքների հիերարխիայում առաջնայնության համար:

 

Փորձագետները՝ ճարտարապետ-ուրբանիստ, Վրաստանի Տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Լադո Վարդոսանիձեն, ճարտարապետ, Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության հանձնաժողովի նախագահի տեղակալ Հրաչյա Պողոսյանը եւ ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Լեւոն Աբրահամյանը, հանդիպման տոնայնությունը շեշտեցին առաջին իսկ րոպեից. «Քաղաքը ոչ թե քարերն են, այլ՝ մարդիկ»:

 

Միջնադարյան էնցիկլոպեդիզմի հիմնադիր Իսիդոր Սեւիլսկու այս խոսքերն արդիական են նաեւ ժամանակակից աշխարհում, որտեղ իշխում են գլոբալ քաղաքները, որոնք թելադրում են համաշխարհային տնտեսության կանոնները եւ գծում են աշխարհի քաղաքական քարտեզը: Համաշխարհային տնտեսության զարգացումը հանգեցրել է խոշոր քաղաքների նոր ռազմավարական դերի առաջացմանը: Ըստ գիտնական-ուրբանիստ Սասկիա Սասենի, դրանք երեքն են՝ Նյու-Յորքը, Լոնդոնը եւ Տոկիոն: Մնացածները գտնվում են շատ խիստ մրցակցության պայմաններում՝ փորձելով ներգրավել ներդրումներ ու զբոսաշրջիկներ:

 

Մեր տարածաշրջանում առաջատարի դիրքում է Ստամբուլը, իսկ ահա Երեւանն ու Թբիլիսին ստիպված են պայքարել տեղի համար հարավկովկասյան թեժ արեւի տակ: Օրինակ, Թբիլիսիում այսօր ավելի շատ են միջազգային կազմակերպությունների, իսկ Երեւանում՝ միջազգային ավիաուղիների ներկայացուցչությունները: Եվ բնակիչները: Հենց այն «ծանոթ անծանոթները», որոնք ապրում են մեծ քաղաքներում եւ հանդիպում են հասարակական վայրերում՝ չունենալով մերձեցման առիթ: Նրանք, որոնցից շատերը հանդիսանում են թիֆլիսահայերի սերունդները, ովքեր Էրիվան են տեղափոխվել երկրի առաջին անկախացումից հետո: Էրիվան, որի մասին Գրիգորի Մոսկվիչի Գործնական ուղեցույցում (1923թ.) ասված է. «շուրջ 50 հազար բնակիչներ զբաղվում են հիմնականում խաղողագործությամբ, այգեգործությամբ եւ բրնձի աճեցմամբ»՝ աղքատիկ մի քաղաք կայսերական Թբիլիսիի համեմատ, որը, պրոֆեսոր Վարդոոսանիձեի խոսքերով, «մինչեւ 1918 թվականը էապես հայկական քաղաք էր:

 

***

 

Երեւանի կարգավիճակը բարձրացրեցին նրա բնակիչները. մարդիկ փոխում էին քաղաքի ճարտարապետությունը եւ դրա հետ մեկտեղ իրենք էին փոխվում:

 

Հրաչյա Պողոսյան

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

«Ճարտարապետությունը, հսկայական հնարավորություն ունենալով ազդել մարդկանց մտքի, գիտակցության, երբեմն նաեւ ենթագիտակցության վրա, հանդիսանում է մարդու դաստիարակության կարեւորագույն գործոնը»,- նշում է Հրաչյա Պողոսյանը:

 

«Մարդիկ ծնվում, ապրում եւ մահանում են ճարտարապետական միջավայրում: Ճարտարապետությունը ձեւավորում է մարդու կերպարը. անշուք ճարտարապետության միջավայրում կձեւավորվի անշուք անձնավորություն, ագրեսիվը կծնի ագրեսիվ մարդկանց, շրջակա աշխարհի չարությունից վիրավորված մարդկանց: Դա հիանալի գիտակցել են բռնապետները՝ այդ հնարավորությունն օգտագործելով հասարակության վրա ազդեցություն գործելու նպատակով»: «Ճարտարապետական զենքից» օգտվել է նաեւ խորհրդային ղեկավարությունը. մինչ Մոսկվայում թեժ քննարկումներ էին ծավալվում չորս հարյուր մետրանոց վիթխարի շինության՝ Խորհուրդների պալատի կառուցման վերաբերյալ՝ տանիքին Լենինի հարյուր մետրանոց արձանով, Երեւանում ստեղծագործում էր մեծն Թամանյանը, որը նախագծեց մարդուն չճնշող քաղաքը: «Թամանյանը քաղաքը մայրաքաղաքի վերածեց գրեթե զրոյից,- ասում է Հրաչյա Պողոսյանը: - Ստեղծեց ոճը եւ գլխավոր հատակագիծը, դրեց մեզ ծանոթ Երեւանի հիմքերը եւ հիմնադրեց հիմնական կառույցները»: 

 

Նրա հետ համամիտ է քննարկումը վարող, կինոգետ, գրող, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը: Ինչպես հարիր է գրականագետին, նա այլաբանորեն է մեկնաբանում Թամանյանի ճարտարապետական եւ հոգեբանական լուրջ հայտը. «Թամանյանը նախագծեց մարդուն հասցեագրված քաղաք՝ այգիներով, այդ ժամանակի համար լայն փողոցներով: Նրա Ժողովուրդների տունը՝ կառուցված տոտալիտար պետությունում, ուներ Զվարթնոցի տաճարի ուրվագծերը. այն Հայաստանի մայրաքաղաքը կապում էր նրա պատմական գենետիկային: Քաղաքացիները, ովքեր սովորել էին կռացած մտնել տուն՝ ցածր դռներով եւ կամարներով, նայելով նոր շինությանը՝ ուղղեցին իրենց մեջքը»: 

 

Դավիթ Մուրադյան

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

Ժամանակակից Երեւանը կառուցվում է քաոսային կերպով: «Նոր, էլիտար տոտալիտարիզմի հականիշներից մեկը տարածքի կառուցապատումն է՝ առանց հաշվի առնելու նրանց ցանկությունը, ում վտարում են այդ հողից»,- ցավոտ հարց է բարձրացնում Լեւոն Աբրահամյանը: - «Այսօր ներդրողները, իշխանությունն ու եկեղեցին են թելադրում կառուցապատման պայմանները, որոշումներ կայացնում քաղաքի փոխարեն: Երեւանը քաոսային կերպար է ստանում, որը ստիպված են փրկել գրագետ հայ ճարտարապետները»: Իսկ Հրաչյա Պողոսյանը վստահ է, որ իշխանություններն ի վերջո հասկացել են, որ հարկավոր է լսել մասնագետների կարծիքը, եւ ստեղծել են Քաղաքաշինության հանձնաժողով, որը հնարավորություն ունի շտկել քաղաքի կերպարը եւ հոգ տանել 1950-ականների կեսերից մինչեւ 80-ականների վերջը ձեւավորված ճարտարապետական շերտի պահպանման մասին, որով մեզ ճանաչում է աշխարհը: «Մենք չենք եղել տոտալիտար հասարակության ստրուկները,- հիշում է ճարտարապետը: - Մեր ղեկավարների շնորհիվ, որոնք հասկանում եւ սատարում էին ճարտարապետներին, վերջիններս ստեղծում էին այն, ինչ ցանկանում էին: Այդպես Երեւանում հայտնվեցին Երիտասարդական պալատի եւ Ռոսիա կինոթատրոնի շենքերը»:

 

Լեւոն Աբրահամյան

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

***

 

Վերջին տարիներին Թբիլիսիում կատարվում է հին քաղաքի ծավալուն նորացում. մայրաքաղաքի նոր կերպարի միջոցով նախագահն ու քաղաքապետը մտադիր են աշխարհին ցուցադրել երկրի վերանորոգման գործընթացը: Հետաքրքիր է, որ այդ գործելաոճը դեռ 70-ական թվականներին օգտագործում էր Շեւարդնաձեն, որը փորձում էր երիտասարդների էներգիան ուղղորդել հուշարձանների վերականգնման շարժման մեջ, երբ նրանց շրջանում սկսվում էր մտքի խմորում անկախության շուրջ:     

 

Այսօր Թբիլիսին անճանաչելի է. երկու տարի օր ու գիշեր կատարվում էին վերականգնողական աշխատանքներ: Լադո Վարդոսանիձեի խոսքերով, կան լավ լուծումներ, մասնավորապես, գետակի բացումը Բաղնիքների մերձակայքում, բայց կան նաեւ կասկածելիները. օրինակ, մշակութաբանները չեն ընդունում Պլեխանովի պողոտան Քուրի ձախ ափին: Ընդհանուր առմամբ, Թբիլիսին շահեց այդ միջոցառումներից, դարձավ ավելի հրապուրիչ զբոսաշրջիկների համար, այլ հարց է, թե որքան առաջնահերթ էր այդ խնդիրը:

    

Թբիլիսիում նախկին կառավարության կողմից իրականացվել են մի շարք նշանակալի ծրագրեր՝ խորհրդարանի շենքը Քութայիսիում՝ Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում, որին վերապահվում են մայրաքաղաքային որոշ գործառույթներ, Արդարադատության պալատը, ԱԳՆ շենքը, Քուրի վրա կառուցված հետիոտնային կամուրջը, որի ֆոնի վրա արտասահմանյան լրատվամիջոցներին սիրում է հարցազրույց տալ Սաակաշվիլին… Հնաբնակներն, ի դեպ, հիշում են, որ երբ 60-ական թվականների կեսերին Երեւանի նախորդ տարբերակում պատրաստվում էին նոր շենք կառուցել, կենտրոնական խանութների ցուցափեղկերում դրվում էին էսքիզների հսկայական պաստառները. խորհրդային հանրապետության ղեկավարները կարեւորում էին քաղաքացիների կարծիքը:

 

Լադո Վարդոսանիձե

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

   

***

 

Քաղաքների հիերարխիայում այսօր կարեւոր դեր ունի դրանց իմիջը, գրագետ բրենդավորումը: Հետզհետե ավելի շատ քաղաքներ են մտածում իրենց նույնականացման մասին, որը թույլ է տալիս ավելի մեծ գումարներ ներգրավել: Վառ օրինակ է հանդիսանում I Love NY լոգոտիպը, որը ստեղծվել է 1977 թվականին դիզայներ Միլտոն Գլեյզերի կողմից: Մեկ այլ հաջողված օրինակ է Լաս Վեգասի համար ընտրված հայտնի կարգախոսը՝ What Happens In Vegas, Stays In Vegas («Ինչ լինում է Վեգասում, մնում է Վեգասում»): Երեւանը կարգախոս չունի, իսկ ահա Թբիլիսին արդեն մի քանի տարի օգտագործում է հետեւյալ նախադասությունը. «Քաղաք, որը սիրում է ձեզ»: Ամեն ամառ Թբիլիսիում անցկացվող Միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցներից մեկը հավելել էր՝ «Քաղաք, որը սիրում է ձեզանից ոմանց»՝ ի նկատի ունենալով սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց, որոնց համար քաղաքում հարմարություններ նախատեսված չեն,- պատմում է պրոֆեսորը:

 

Երեւանը նույնպես դեռեւս ոչ մի կերպ չես անվանի հաշմանդամների ու սահմանափակ կարողություններով քաղաքացիների կյանքի համար հարմարավետ քաղաք: Քաղաքացիները չեն մտածում նաեւ այն մասին, թե արդյոք մաքուր օդ են շնչում, թե՞ ավտոմեքենաների արտանետումների կոկտեյլ, ինչ ջուր են խմում՝ քլորով, թե՞ առանց… Ապակու եւ բետոնի թագավորությունում չի գոյատեւում կանաչ շերտը, շագրենու կաշվի նման փոքրանում են զբոսայգիները: «Խորհրդային ժամանակաշրջանում այգիները շատ էին, միգուցե պատճառն այն էր, որ հասարակությունը կառավարելի էր, եւ քաղաքային բաց տարածքները ոչ մի ռիսկ չէին ներկայացնում,- բացատրում է բատոնո Լադոն: - Ժողովրդավարության պայմաններում քաղաքական իրադարձությունները տարածք են պահանջում զանգվածային գործողությունների համար. եթե դրանք համաձայնեցված չեն, քաղաքի կյանքն ամբողջությամբ կաթվածահար է լինում: Սակայն մարդիկ պետք է ինչ-որ տեղ շփվեն, իսկ հատակագծերում դա նախատեսված չէ»:

Էռնա Ռեւազովա՝ հատուկ Մեդիամաքսի համար

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին