Թանգարաններում փոփոխությունները հազվադեպ են միանգամից տեսանելի լինում։ Երբեմն դրանք «լուռ» են, աննկատ։ Բայց հենց նման փոփոխություններն են որոշում՝ այցելուի փորձը կիսատ կմնա, թե՞ ամբողջական կլինի։
«Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը թանգարանի հետ գործակցում է ավելի քանի 10 տարի, որոնց ընթացքում աջակցել է բազմաթիվ նախաձեռնությունների՝ գրքերի եւ ալբոմների վերահրատարակությունից ու տպագրությունից մինչեւ արվեստի գործերի ձեռքբերում, թանգարանի տեխնիկական արդիականացում, կայքի ստեղծում:
Այս անգամ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի թանգարանում ներդրվել է նոր աուդիո էքսկուրսիայի համակարգը։
Անահիտ ՄիքայելյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը նշում է, որ թանգարանի համար դա ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Շատ տարբեր երկրներից ենք այցելուներ ունենում։ Տարիներ շարունակ լսել ենք նույն հարցը՝ ինչո՞ւ չկա աուդիո գիդ։ Աուդիոէքսկուրսիա ունեինք, բայց այն սահմանափակ հնարավորություններ ուներ։ Նոր սարքավորումները թույլ են տալիս, որ ցանկացած այցելու թանգարանում իրեն հարմարավետ զգա», - ասում է տնօրենը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ջեյ Թի Այ Արմենիայի» աջակցությամբ թանգարանը ձեռք է բերել շուրջ 40 աուդիո սարքավորում։ Սկզբնական փուլում էքսկուրսիաները հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն եւ պարսկերեն լեզուներով։ Ընթացքի մեջ են գերմաներեն, ֆրանսերեն եւ չինարեն տարբերակների ձայնագրությունները, իսկ ապագայում նախատեսվում են նաեւ վրացերեն, ուկրաիներեն եւ լեհերեն թարգմանություններ։
«Մեզ համար կարեւոր է գործընկերներին հրավիրել, ցույց տալ՝ ինչ ենք ձեռք բերել եւ ինչպես է այն կիրառվելու», - նշում է Անահիտ Միքայելյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ջեյ Թի Այ Արմենիայի» կորպորատիվ կապերի եւ հաղորդակցության մենեջեր Արամ Արարատյանը նշում է, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի իրականացումն ընկերության համար առանցքային կարեւորություն ունի։
«Մեր նպատակն է ներդրում ունենալ այն երկրների մշակութային ու սոցիալական կյանքում, որտեղ աշխատում ենք։ Հայաստանը բացառություն չէ, իսկ Փարաջանովի թանգարանը մեր ամենահին ու վստահելի գործընկերներից է», - ասում է նա։
Արամ Արարատյանը Լուսանկարը` Մեդիամաքս
Արամ Արարատյանի խոսքով՝ թանգարանը ձեւակերպում է կարիքները, իրենք էլ փորձում են աջակցել առաջնահերթություններին։ 2024 թվականին տեղի ունեցած քննարկումների արդյունքում պարզ էր դարձել, որ թանգարանին անհրաժեշտ է աուդիո գիդերի նոր համակարգ՝ այցելուների փորձառությունը ավելի դյուրին դարձնելու համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Փարաջանովը միայն մերը չէ։ Նա համաշխարհային մշակույթի մաս է, այստեղ են այցելում մարդիկ ամենատարբեր երկրներից։ Այս սարքավորումները իրականում կարեւոր քայլ են Փարաջանովին բոլորին հասանելի դարձնելու համար», - ընդգծում է Արամ Արարատյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բացի այդ, մեզ համար առանձնահատուկ կարեւոր է մեր գործընկերների միջեւ սիներգիայի ձեւավորումը։ Ուրախ ենք, որ այս օրերին Մեդիամաքսը եւ Փարաջանովի թանգարանը՝ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ, իրականացնում են «Փարաջանովը եւ նրա թանգարանը» մրցանակային թեստ-խաղը, որի նպատակն է հանրայնացնել Փարաջանովի արվեստը, նրա ստեղծագործական ժառանգությունը, ինչպես նաեւ թանգարանի գործունեությունը՝ հատկապաես երիտասարդության շրջանակներում», - նշել է նա։
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ թանգարանի առաջիկա ծրագրերի մասին։ 2026թ. հունվարի 5-ին նախատեսվում է անիմացիոն ցուցադրության բացում, որը կտեղակայվի թանգարանի երկու հարկերում եւ բաղկացած կլինի մոտ տասը փոքրիկ անիմացիոն ֆիլմերից։ Ցուցադրության պաշտոնական բացումը կկայանա հունվարի 9-ին՝ վարպետի ծննդյան օրը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: