Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը սոցիալական ձեռնարկատեր եւ բարերար, Ռուբեն Վարդանյան եւ Վերոնիկա Զոնաբենդ հիմնադրամի (RVVZ) եւ բարեգործական այլ հիմնադրամների ու ծրագրերի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի հետ
(Հարցազրույցը կայացել է նախքան դեկտեմբերի 18-ը, երբ Բաքվում պետական մեղադրողը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջել)։
- Ադրբեջանում շարունակվում է այն ֆարսը, որն այնտեղ «դատավարություն» են անվանում։ Հույս կա՞, որ Ռուբեն Վարդանյանը եւ մյուս հայ գերիները ազատ կարձակեն։
-Ցավոք, դեռ ուրախալի ոչինչ չկա։ Այս շաբաթ հայտարարվեց, որ «դատաքննությունն ավարտված է», եւ առաջիկայում կսկսվի դատական բանավեճերի փուլը։ Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե ում միջեւ են դրանք լինելու։ Դատական նիստերին ոչ մի անկախ փորձագետի թույլ չեն տալիս ներկա գտնվել: Մեկ տարվա լսումների ընթացքում դատարանը չի բավարարել Ռուբենի եւ նրա փաստաբանի գործնականում եւ ոչ մի միջնորդություն ու հարցում, իսկ այդ միջնորդություններից եւ հարցումներից շատերը մինչ օրս մնում են անպատասխան։ Թեեւ դատական նիստերը իբր բաց են համարվում, բայց դրանց թույլ են տալիս մասնակցել միայն ցուցակներով, իսկ դատարանի դահլիճը շրջափակված է ոստիկաններով։ Այսպես կոչված տուժողները եւ նրանց հարազատներն ասում են, որ «Վարդանյանի հետ չեն հանդիպել, անձամբ չեն ճանաչում նրան, նրա մասին գիտեն միայն լրատվամիջոցներից, բայց համարում են, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեն ամենախիստ միջոցները»։ Ընդ որում, վկաներից եւ ոչ մեկը, որոնց նա խնդրել է հրավիրել, չի կանչվել դատարան՝ ցուցմունք տալու: Ակնհայտ է, որ դատարանի որոշումը իրավական դաշտից դուրս է լինելու։ Ավելին, այսպես կոչված դատական ողջ գործընթացն արդարադատության լիակատար մերժում է:
Ռուբենին, բարեբախտաբար, դեռ թույլ են տալիս զանգահարել շաբաթը մեկ անգամ, երբեմն երկու անգամ՝ 10 րոպեով։ Ոչ ես, ոչ էլ մեր ընտանիքի մյուս անդամներն իրական տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի վերաբերյալ. այդ մասին կարող ենք դատել միայն նրա ձայնով։ Այս ողջ ընթացքում, բացառությամբ միայն մի քանի շաբաթների, Ռուբենը պահվել է մենախցում։ Նա գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի։ Արտաքին աշխարհի հետ նրա միակ կապը նրա ընկերների եւ այն մարդկանց նամակներն են, ովքեր ցանկանում են նրան զորակցել։
Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր գրում են Ռուբենին։ Հասկանում եմ, որ այդ նամակներից միայն քչերն են հասնում նրան, բայց նրա համար դա շատ կարեւոր է։ Ընկերական աջակցությունը եւ այն գիտակցումը, որ իրեն հիշում են, նրան ուժ են տալիս։ Այս տարի, անցյալ տարվա պես, Ռուբենի համար կազմակերպում ենք Նոր տարվա շնորհավորանքների կենտրոնացված ուղարկում։ Նամակ գրելու եւ ուղարկելու մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են FreeVardanyan.com կայքի՝ «Նամակ Ռուբենին» բաժնում։
Ցավալի է, որ Ադրբեջանից Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հեռանալուց հետո մենք զրկվեցինք Ռուբենի համար կարճ տեսաուղերձներ ձայնագրելու հնարավորությունից։ Ի դեպ, առաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակահատվածի համար, երբ կազմակերպության ներկայացուցիչներն այցելում էին նրան Ադրբեջանում պահվելու ընթացքում: Սա սկզբունքային նշանակություն ունի Ռուբենի բոլոր իրավունքները հասկանալու եւ հետագա քայլերի ձեռնարկման տեսանկյունից՝ նրա իրավունքներն ու շահերը, այդ թվում՝ միջազգային ատյաններում, պաշտպանելու համար:
Ասեմ, որ, չնայած այս ծանր իրավիճակին, Ռուբենն անկոտրում է. շատ է կարդում, զբաղվում է յոգայով։ Մեր մասին նա ավելի շատ է անհանգստանում, քան իր մասին: Բացի այդ, պետք է ընդունել, որ այսօր աշխարհում կատարվող շատ բաներ նա կանխատեսել էր:
-Ռուբենի ոգու արիությունը եւ հաստատակամությունը չեն կարող չհիացնել, իսկ Դուք ինչպե՞ս եք դիմակայում, երբ նա Ձեր կողքին չէ։ Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս։
- Հավատն առ այն, որ փորձությունները տրվում են ըստ մեր ուժերի, եւ յուրաքանչյուրը պետք է կրի իր խաչը։ Ու նաեւ այն հավատամքը, որ բարին ու սերը հաղթում են։ Երջանիկ է նա, ում կյանքում կա մեծ սեր եւ մեծ երազանք, հետեւաբար, չնայած այս ամենին, մենք Ռուբենի հետ շարունակում ենք երազել, իսկ մեր սերը փորձություններից միայն ամրապնդվում է։ Մենք հիանալի երեխաներ ունենք, որոնք աջակցում են մեզ եւ մեծ էներգիա են տալիս։ Նրանք միանգամից մի տեսակ ավելի իմաստուն դարձան, եւ նրանց այդ վարքագիծը հաստատում է, որ եթե անում ես այն, ինչին հավատում ես, ապա երեխաները հետո հպարտանալու շատ առիթներ են տալիս:
Ու նաեւ զբաղվում եմ նրանով, ինչը ուրախություն, ոգեշնչում եւ պետք լինելու զգացում է բերում։ Դա նույնպես մեծ էներգիա է տալիս։ Իմաստ չունի տխրել, վիրավորվել զարհուրելի անարդարությունից եւ մտածել վրեժխնդրության մասին։ Այդ ամենը շատ ուժ եւ էներգիա է խլում։ Ռուբենը մեր հեռախոսային խոսակցություններում հաճախ ասում է, որ նա բոլորին սիրում է՝ ոչ միայն ընկերներին, այլեւ՝ թշնամիներին։ Ժամանակն է դատավորը, եւ յուրաքանչյուրն իր արածի համար կհատուցի։ Կարեւոր է մարդ մնալ ցանկացած հանգամանքներում եւ հավատալ։
-Ռուբենի ապօրինի ձերբակալությունից հետո մեզ հետ հարցազրույցում ասել էիք, որ, չնայած բոլոր դժվարություններին, «մեր նախագծերը չեն դադարում, քանի որ դրանք երկարաժամկետ են»։ Դա դեռ այդպե՞ս է։
- Այդպես է: Այդ նախագծերը նախատեսված են առնվազն 20-25 տարվա համար։ Մենք շատ բանի ենք հասել, թեեւ նախատեսած ամեն ինչ չէ, որ հաջողվել է իրականացնել՝ օբյեկտիվ պատճառներով։ Ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ աշխարհն է մտել այն «կատարյալ փոթորկի» մեջ, որի մասին Ռուբենը խոսում էր դեռ 15 տարի առաջ. պատերազմներ, համավարակ, շարունակվող ֆինանսական ճգնաժամ, աշխարհաքաղաքական խնդիրներ, էլ չեմ խոսում վերջին տարիների բազմաթիվ այլ դժվարությունների ու սահմանափակումների մասին։
Դեռ 2000-ականների սկզբներին Ռուբենի հետ հասկացանք, որ 21-րդ դարում ամենաարժեքավոր ռեսուրսը դառնում է տաղանդավոր, մեծապես կրթված, ստեղծագործ եւ ոչ ստանդարտ մտածող մարդը, եւ ուրեմն կբարգավաճեն այն պետություններն ու տարածքները, որտեղ նման մարդիկ ավելի շատ կլինեն: Սա, իր հերթին, նշանակում էր, որ հարկավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի նման մարդիկ՝ բառիս իսկական իմաստով վերնախավը, կարողանան իրենց ներուժն իրացնել հայրենիքում եւ, ավելի լավ կյանքի փնտրումով չհեռանան երկրից: Ավելին, որպեսզի այդքան բարենպաստ միջավայրը Հայաստան ներգրավի այլ երկրների իրական վերնախավի ներկայացուցիչներին: Այդ մարդիկ հետ կբերեին լավագույն փորձը, նոր տեխնոլոգիաները, կորպորատիվ մշակույթը, իսկ մտավոր ու մշակութային փոխադարձ հարստացումն ավելի կխթաներ զարգացումը։
Մենք համոզված էինք, որ նման միջավայրի ստեղծումը պիտի սկսվի կրթությունից։ Աշխարհի խնդիրների մեծ մասի լուծման բանալին դա է, եւ Հայաստանը՝ Գիտելիքի նկատմամբ հարգանքի իր հազարամյա մշակույթով, պարարտ հող է, որի վրա կրթական նախագծերի սերմերը ծիլեր են տալու։
- Ձեր սպասելիքներն արդարացա՞ն: Կարո՞ղ եք խոսել կոնկրետ արդյունքների մասին:
-Այո, իհարկե: Ամենաակնհայտ օրինակը Դիլիջանի միջազգային դպրոցն է, որի շրջանավարտներն ընդունվում են աշխարհի լավագույն բուհեր։ Ճիշտ է, Հայաստանում այն միանգամից չընկալվեց: Հայկական հանրությունը թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում անվստահությամբ էր վերաբերվում այն գաղափարին, որ Հայաստանը կարող է դառնալ մի վայր, ուր ամբողջ աշխարհից երեխաներ կգան՝ լավագույն համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բարձրորակ կրթություն ստանալու համար։ Խոսքը այնպիսի կրթության մասին է, որը երիտասարդներին պատրաստում է 21-րդ դարի իրականությանը՝ դրա մարտահրավերներով ու պահանջներով, եւ զարգացնում է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ստեղծագործական եւ քննադատական մտածողությունը, փոփոխություններին պատրաստ լինելը եւ տարբեր մշակույթների ու սոցիալական կարգավիճակի մարդկանց հետ շփվելու կարողությունը։ Դիլիջանում տարբեր երկրներից, տարբեր էթնիկ եւ սոցիալական ծագում ունեցող երեխաների համար միջազգային դպրոց բացելու մեր որոշումը առավելագույնս համապատասխանում էր Հայաստանի ապագայի մեր տեսլականին՝ որպես հանգույց-երկրի, որն անհրաժեշտ եւ օգտակար է տարածաշրջանի եւ աշխարհի համար։
Դիլիջանի բնակիչները երկար ժամանակ կարծում էին, թե մեր դպրոցը միայն հարուստների համար է եւ իրենց հետ ոչ մի առնչություն չունի։ Բայց հետո Դիլիջանից մի քանի երեխա դպրոցն ընդունվեց, եւ հիմա տաքսու վարորդները զբոսաշրջիկներին ասում են. «Սա մեր դպրոցն է, բայց այստեղ ընդունվելու համար հարկավոր է խելացի լինել. միայն վճարելը բավական չէ»։ Արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցը եւ Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀՀ), որին մենք Ռուբենի հետ աջակցում ենք, համատեղ ծրագրեր են իրականացնում Դիլիջանի երեխաների ու պատանիների համար։ Այդ ծրագրերի շնորհիվ տեղացի երեխաները հավատում են, որ ցանկության դեպքում, ամեն ինչի կարող են հասնել: Օրինակ, ամեն տարի դիլիջանցի պատանիներից կամ աղջիկներից ոմանք միջազգային դպրոց են ընդունվում, այդ թվում՝ UWC ցանցի դպրոցներ: Տեղացի երեխաներին հասանելի են նաեւ UWC Dilijan դպրոցի մարզական հարմարությունները, օրինակ՝ ֆուտբոլի դաշտը, մարզասրահը, լողավազանը։
Բացի այդ, դպրոցի հիմքի վրա, Samsung-ի հետ համատեղ, ծրագրավորման եւ Android հավելվածների մշակման դասընթացներ են իրականացվում Հայաստանի տարբեր քաղաքներից դպրոցականների համար: Օրինակ, Դիլիջանի երեխաները ներգրավվել են այդ ծրագրում Դիլիջանի համայնքային կենտրոնի կազմակերպած հատուկ դասընթացների շնորհիվ։ Հպարտանում եմ նրանով, որ Հայաստանում այս դասընթացը հաջողությամբ ավարտում եւ վկայականներ են ստանում մասնակիցների 95 %-ը. սա ամենաբարձր ցուցանիշն է այն բոլոր երկրներից, որտեղ ծրագիրը իրականացվում է: Մեր մի քանի մասնակիցներ ընդգրկվել են նաեւ հավաքականում, որը Հայաստանին երրորդ տեղ է ապահովել անհատական մրցույթում Պեկինում կայացած արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում։
Այնպես որ Դիլիջանի միջազգային դպրոցը կարեւոր դեր է խաղում քաղաքի, մարզի եւ նույնիսկ ամբողջ երկրի կրթական կյանքում։ Հուսով եմ, որ որոշում կայացնողները նույնպես հասկանում են Դիլիջանի միջազգային դպրոցի կարեւորությունը Հայաստանի համար։ Երբ 2014 թվականի հոկտեմբերին պաշտոնապես բացում էինք դպրոցը, ես ասացի, որ կարճ ժամանակ անց մենք հաշվելու ենք այդ դպրոցում սովորած Նոբելյան մրցանակակիրների թիվը։ Հավատացեք, այդպես էլ լինելու է։ Տասը տարվա ընթացքում դպրոցը ոչ միայն զգալի հեղինակություն է ձեռք բերել UWC համակարգում, այլեւ դարձել է միջազգային ճանաչում ունեցող բրենդ։ Միայն պատկերացրեք. մոտ 80 երկրից ամեն տարի ծնողներն իրենց երեխաներին Դիլիջան են ուղարկում. դա աշխարհի պետությունների գրեթե կեսն է, եւ դրանց քաղաքացիները Հայաստանն են ընտրում որպես կրթության լավագույն վայր։ Ավելին, Դիլիջանի միջազգային դպրոցի շնորհիվ, որն այսօր նաեւ նախադպրոցական եւ միջնակարգ կրթություն է ապահովում, Դիլիջան են տեղափոխվել մի քանի ընտանիքներ այլ երկրներից՝ Ռուսաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից եւ ԱՄԷ-ից։
- Միջազգային դպրոցը ազդե՞լ է Դիլիջանի բնակիչների մտածելակերպի փոփոխության վրա:
- Շենք կառուցելն ավելի արագ է տեղի ունենում, քան մտածելակերպ փոխելը, ուստի երիտասարդության հետ աշխատանքը սկսվել էր դպրոցի բացումից շատ ավելի վաղ: Վերջին տասնմեկ տարիների ընթացքում Համայնքային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները շատ բան են արել, որպեսզի Դիլիջանի բնակիչները կրթության եւ ժամանցի հնարավորություններ ունենան։ Կենտրոնի գոյության ընթացքում մոտ 2000 պատանիներ հաճախել են տարբեր դասընթացների, մասնակցել են միջազգային մրցույթների։ Օրինակներ ունենք, երբ նրանց հետաքրքիր նախաձեռնությունները ֆինանսավորում են ստացել զարգացման համար։ Կարելի է վստահաբար ասել, որ այս ամենը փոխել է երիտասարդության մտածելակերպը։
Պատանիներն այլեւս չեն վախենում երազել եւ իրենց առջեւ հավակնոտ նպատակներ դնել, նրանք սովորում են օտար լեզուներ, պլանավորում են իրենց ապագան, մասնակցում են կամավորական շարժմանը, որը Դիլիջանում նորմալ երեւույթ է դարձել։ Ակտիվ երիտասարդ տղաներն ու աղջիկները իրականացնում են սեփական սոցիալական նախագծերը եւ նախաձեռնում են դրական փոփոխություններ՝ հասկանալով, որ իրենք են իրենց ճակատագրի տերերը։
Վերոնիկա Զոնաբենդը
Միջավայր ստեղծող նախագծի օրինակ է Café #2-ը։ Ի սկզբանե դա երիտասարդական սոցիալական նախաձեռնություն էր. տեղի պատանիներն ու աղջիկները ստանում էին աշխատանքի հնարավորություն եւ հյուրընկալության ոլորտում աշխատելու հմտություններ էին ձեռք բերում։ Բայց ժամանակի հետ Café #2-ը փոխեց բնակիչների սոցիալական սովորությունները, ժամանցը։ Բացի այդ, այն նպաստեց քաղաքում նոր ռեստորանային նախագծերի ի հայտ գալուն:
Այս օրինակները վկայում են, թե ինչպես կարող է մեծ երազանքը փոխել իրականությունը։ Հենց դա էլ Ռուբենի նախագծերի հիմնական առանձնահատկությունն է. նա չի վախենում անհնարինից, հավատում է իր երազանքին, կառուցում է դրա իրականացման համար կոնկրետ պլաններ, համոզում է ուրիշներին նախագծի կարեւորության եւ հնարավորության մեջ եւ համատեղ իրականացման համար ներգրավում բազմաթիվ ու տարբեր մարդկանց։
- Հրապարակումներ եղան այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը նույնպես սովորել է UWC ցանցի դպրոցներից մեկում։
-Այո, նա ծնողների հետ 2019-ին ներկա էր UWC Dilijan-ի հինգերորդ տարեդարձի միջոցառմանը, եւ մեր դպրոցը շատ տպավորել էր նրան։ UWC կրթական շարժման հիմնական առավելություններից մեկն այն է, որ դպրոցներն ու քոլեջները ընդունում են երեխաներին՝ անկախ նրանց ծնողների սոցիալական կամ ֆինանսական վիճակից։ Կարեւորը երեխայի կարողություններն են, ներուժը, անձնական որակները եւ հասարակությանն օգուտ տալու ցանկությունը։ UWC-ում միասին սովորում են ինչպես վերնախավի, օրինակ՝ եվրոպական միապետների զավակներ, այնպես էլ երեխաներ փախստական ընտանիքներից։ Ուսանողների աշխարհագրական, մշակութային ու սոցիալական բազմազանությունը նրանց թույլ է տալիս միմյանց մեջ անհատներ, ոչ թե կարգավիճակ տեսնել։ Այնպես որ, վարչապետի ընտանիքը շատ լավ հասկանում է նման կրթության արժեքը։ Դա ինձ հույս է տալիս, որ այն կշարունակի, նախկինի պես, հասանելի լինել Հայաստանի երեխաների համար։
- Դուք ասացիք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի բացումը Հայաստանը հանգույց դարձնելու տեսլականի մի մասն էր: Կարծում եմ, որ դա վերաբերվում է նաեւ ձեր մյուս նախագծերին:
- Այդպես էլ կա: 2000-ականների սկզբին Ռուբենն ու նրա գործընկերները սկսեցին մտորել, թե ինչպիսին են ուզում տեսնել Հայաստանը 20 կամ ավելի տարի հետո։ Ահռելի աշխատանք կատարվեց երկրի ապագայի հնարավոր սցենարների վերլուծության, բեկումնային զարգացման համար տնտեսության ու գործունեության ոլորտների թիրախավորվան համար։ Այդ աշխատանքի համար ներգրավվեց համաշխարհային համբավ վայելող McKinsey խորհրդատվական ընկերությունը, եւ արդյունքները քննարկվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքի տարբեր համայնքներում։ Նախագիծը կոչվում էր «Հայաստան 2020», եւ հենց դրանում են մեր այսօրվա ծրագրերից շատերի, մասնավորապես «Տաթեւի վերածնունդ»-ի, ակունքները։
Ավելի ուշ Ռուբենը բազմիցս նորանոր փորձեր է նախաձեռնել՝ Հայաստանի ապագայի եւ զարգացման մոդելների հանրային քննարկումներ կազմակերպելու համար: «Հայաստան 2031/2041», «Futures Studio» եւ «Ապագա հայկականը» նախագծերն այդ շարքից են: Նա կարծում է, որ ամենաօպտիմալը հանգույցի մոդելն է եւ երկրի լիարժեք, բայց ոչ անխոհեմ ինտեգրումը համաշխարհային տարածքում:
Ներդաշնակ զարգացման համար կարեւոր էր, որ նախագծերը կենտրոնացած չլինեին միայն Երեւանում, այլ իրականացվեին ամբողջ երկրում, ուստի ընտրվեցին Տաթեւը, Դիլիջանը եւ Գյումրին։ Գործարկված խոշոր նախագծերը անվանում ենք «խարսխային», քանի որ դրանք լայնածավալ են, մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեն, առաջացնում են դրական փոփոխությունների եւ նոր նախագծերի շղթայական ռեակցիա, եւ բոլորը միասին ապահովում են համալիր մոտեցում զարգացման նկատմամբ։ Հիմա, երբ «Տաթեւեր» ճոպանուղին արդեն 15 տարեկան է, իսկ Դիլիջանի դպրոցը եւ Գյումրիի նախագիծը՝ 10 տարեկան, այդ տարածաշրջանների տնտեսությունների վրա նրանց ազդեցությունը զգալի է:
Հիշատակված նախագծերը, ինչպես նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ FAST-ը, իրականցվել են միջազգային լավագույն ստանդարտներով: Այդ ծրագրերն իրենց շուրջն աստիճանաբար բարելավում են սոցիալ-տնտեսական միջավայրը եւ ձգում մարդկանց ինչպես երկրի ներսից, այնպես էլ արտերկրից։
Խոսքը միայն Հայաստան եկող հարյուր հազարավոր զբոսաշրջիկների մասին չէ, այլ նաեւ այն այցելուների, որոնք ցանկացել են երկրում մնալ՝ թեկուզ եւ ժամանակավորապես։ Բազմաթիվ օրինակներ ունենք բարձր որակավորում ունեցող այնպիսի օտարերկրյա մասնագետների, որոնք մեր նախագծերի վրա աշխատելու համար որոշել են տեղափոխվել Հայաստան։ Էլ չասած հարյուրավոր պատանիների մասին, որոնք վերջին տասը տարիների ընթացքում աշխարհի գրեթե բոլոր ծայրերից Դիլիջան են գալիս սովորելու։ Այստեղ երկու տարի ապրելուց հետո նրանք իրենց երկրներում դառնում են Հայաստանի կամավոր դեսպաններ։ Նույնիսկ Թուրքիայից եկած պատանիները, UWC Dilijan-ում սովորելուց հետո, վերադառնում են հայրենիք Հայաստանի, հայերի եւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմության նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունքով։
Մեր նախագծերում ներգրավված շատ մարդիկ, չլինելով ծնունդով հայ, հայ են դարձել իրենց ընտրությամբ՝ Armenians by choice, այսինքն, իրենց ձգտումները կապել են Հայաստանի հետ։ Դրա կենդանի օրինակը հենց ես եմ։
- Ստացվում է, որ այն, ինչ Ռուբենի հետ մտածել էիք 25 տարի առաջ, աստիճանաբար իրականություն է դառնում։
- Այո, իսկապես: Այս տարիների ընթացքում Ռուբենը հետեւողականորեն իրականացրել է այն գաղափարները, որոնց մասին խոսել է։ Նա քաղաքական գործիչ չէ եւ, հետեւաբար, երբեք չի «տատանվել կուսակցության գծի հետ միասին», ինչպես ասվում է հայտնի անեկդոտում։ Մենք բոլորս ուզում ենք Հայաստանը բարգավաճ տեսնել։ Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուրն ունի իր սեփական տեսակետը եւ ծրագրման մտահորիզոնը։ Մեկը մտածում է միջնաժամկետ հեռանկարի մասին, մյուսը մտահոգ է իր երեխաների ապագայով։ Ծրագրման մեր մտահորիզոնը ներառում է առնվազն մեր զավակներին ու թոռներին, որոնք նոր են սկսում իրենց կյանքի ուղին։ Մենք ուզում ենք, որ այսօրվա հինգ տարեկան երեխան 15-20 տարի հետո ապրի ավելի լավ միջավայրում՝ նաեւ մեր ծրագրերի շնորհիվ։
- Դուք ասում եք, որ Ռուբենը քաղաքական գործիչ չէ, բայց հայտնի է, որ նա սկսել էր համագործակցել «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ Դուք եւ Ձեր ընտանիքը համագործակցո՞ւմ եք այդ կամ որեւէ այլ քաղաքական ուժի հետ, օրինակ՝ ուժերի, որոնք աջակցություն են հայտնում Ռուբենին եւ մյուս հայ գերիներին։
- Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ռուբենին եւ մյուս հայ գերիներին եւ ջանքեր են ներդնում նրանց ազատ արձակման համար: Մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց բոլորին, բայց, միեւնույն ժամանակ, քաղաքականությունից դուրս ենք մնում։ Մենք չենք աջակցում քաղաքական որեւէ ուժի եւ չենք պայքարում որեւէ մեկի դեմ։ Մեր ողջ եռանդը, բոլոր ջանքերը կենտրոնացած են բացառապես Ռուբենի վերադարձի վրա։
- Այժմ, երբ նրան երկու տարի ապօրինաբար պահում են Ադրբեջանում, բոլոր գաղափարների հետեւողական իրականացումը Ձեր ուսերին է։ Դժվար չէ՞։
- Աստված մեզ ուժերից վեր փորձություններ չի տալիս։ Բացի այդ, ես մենակ չեմ. իմ եւ ընտանիքիս կողքին շատ մարդիկ կան, որոնց վրա կարող ենք հենվել այս դժվարին ժամանակաշրջանում, եւ դա մեծ երջանկություն է։
Առհասարակ, հետաքրքիր է, թե որքան տարբեր են մարդիկ իրենց դրսեւորում մեր ընտանիքի համար այս ծանր իրավիճակում: Կան մարդիկ, որոնք անվերապահ աջակցություն են ցուցաբերել եւ շարունակում են ցուցաբերել։ Սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք նմանվում են թալանչիների հրդեհի ժամանակ։
Օրինակ՝ մեր նախկին գործընկերներից մեկը, որին փոխանցել ենք Դիլիջանում շատ լավ հողամասի սեփականության իրավունքը, դատական հայց ներկայացրեց մեր դեմ, որպեսզի չկատարի մեր նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները։ Ինչպես ասում են՝ Աստված նրան դատավոր։ Բարեբախտաբար, դա գրեթե միակ նման դեպքն է։ Ընդհակառակը. մեզ օգնություն են ցուցաբերել նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնցից չէինք սպասում։ Շատերը դա չեն գովազդում, պարզապես ասում են, որ իրենց բարոյական պարտքն են համարում։
Մեր բոլոր ընկերների շնորհիվ մենք կարող ենք շարունակել այն աշխատանքը, որին նվիրել ենք մեզ։ Ես խոսքեր չեմ գտնում նրանց շնորհակալություն հայտնելու այն ձեւով, որին նրանք արժանի են։
- Տեղեկություն ունեմ, որ ձեր հիմնադրամների նկատմամբ բողոք են ներկայացրել՝ պնդելով, որ նպատակային չեն օգտագործում այն տարածքները, որոնցում ծրագրեր եք իրականացնում, և, հետևաբար, դրանք պետք է վերադարձվեն պետությանը։
- Այդքան էլ այդպես չէ։ Այդ տարածքները մենք պետությունից անվճար չենք ստացել։ Բոլոր հողամասերի սեփականության կամ կառուցապատման իրավունքները մենք ձեռք ենք բերել՝ զգալի գումարներ վճարելով։
Յուրաքանչյուր նախագծի հետեւում տարիների աշխատանք կա, հարյուրավոր մարդիկ եւ ֆինանսական վիթխարի ռեսուրսներ՝ մեր ընտանիքից, մեր գործընկերներից ու նվիրատուներից։ Միայն «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդհանուր ներդրումները, ներառյալ բարեգործական նվիրատվությունները, կազմել են 34 միլիոն դոլար։
Հայեցակարգերը մանրակրկիտ կերպով մշակվել են համաշխարհային առաջատար խորհրդատուների միջոցով եւ իրականացվել են իրենց ոլորտների լավագույն մասնագետների համագործակցությամբ: Տեսեք, թե որքան բան է արվել Տաթեւում 2008 թվականից ի վեր, երբ մեկնարկեց Տաթեւի վերածննդի ծրագիրը: «Տաթեւեր» ճոպանուղին այս տարի Հայաստանին արդեն չորրորդ միջազգային մրցանակն է բերել: Այսօր տարածքը պարզապես անճանաչելի է դարձել: Ծրագիրը լայնածավալ նախագծի եզակի օրինակ է Հայաստանի համար՝ մասնավոր ձեռնարկատերերի, պետության եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջեւ եռակողմ գործընկերության ձեւաչափով: Այն առեւտրային, սոցիալական ձեռնարկատիրական եւ զուտ բարեգործական նախաձեռնությունների սինթեզ է, որոնցում ակտիվորեն ներգրավված են տեղի բնակիչները:
Ամեն ինչ հաշվարկված է այնպես, որ զբոսաշրջիկները չսահմանափակվեն Երեւան այցելելով, այլ ճամփորդեն նաեւ Հայաստանի խորքը եւ ավելի երկար մնան այնտեղ։ Այն ամենը, ինչ հասցրել ենք անել, շոշափելի արդյունքի է հանգեցրել: Զբոսաշրջային հոսքը Սյունիք աճել է 17 անգամ: Մինչեւ ճոպանուղու կառուցումը Տաթեւ տարեկան այցելում էր առավելագույնը 5000 զբոսաշրջիկ: 2010 թվականին ճոպանուղին փոխադրեց 9 000 ուղեւոր, 2019-ին՝ արդեն 155 000: Մասնավոր հատվածի ներդրումներն այդ տարածաշրջանում աճել են 11 անգամ: Այս աճը նպաստել է ենթակառուցվածքների զարգացմանը. Տաթեւի եւ Գորիսի շրջակայքում բացվել են ավելի քան 100 նոր հյուրանոցներ եւ B&B հյուրատներ: Ստեղծվել են նոր աշխատատեղեր եւ կրթության նոր հնարավորություններ, ակտիվացել է մշակութային եւ սոցիալական կյանքը:
Ժամանակին Տաթեւի վանքի հարակից գյուղերը դատարկվելու եզրին էին, իսկ հիմա այնտեղ վերադառնում են մարդիկ, եւ ամենակարեւորը՝ երեխաներ: Մասնավորապես, մեր հիմնադրամի միջոցներով կապիտալ վերանորոգվել է Հալիձորի դպրոցը, այնտեղ, ինչպես նաեւ Գորիսի, Տաթեւի եւ Շինուհայրի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաներ:
Ռուբեն Վարդանյանը
Ինչպես արդեն ասացի, ամեն ինչ չէ, որ հաջողվել է իրականացնել, ծրագրերի մի մասը ստիպված կլինենք փակել, բայց հույս ունեմ, որ այն, ինչ արդեն իրականացվել է, կշարունակի հաջողությամբ զարգանալ։
- Իսկ Դիլիջանո՞ւմ։
- Երկար տարիներ իրականացնում ենք Դիլիջանի զարգացման ծրագիրը, որի համար ստեղծել ենք համանուն հիմնադրամ։ Երբ ծրագրում էինք Դիլիջանում միջազգային դպրոց կառուցել, չէինք ցանկանում, որ այն դառնա ինչ-որ օազիս անապատում, ուստի դպրոցը քաղաքի եւ նրա ենթակառուցվածքների զարգացման ավելի լայն ծրագրի մի մասը դարձավ։ Հասկանալի է, որ նման լայնածավալ խնդիրը մեր ուժերից վեր էր լինելու, ուստի մենք ընտրեցինք պետություն-մասնավոր գործընկերություն ձեւաչափը, որն արդյունավետ ենք համարում։
Դիլիջանը որպես ժամանակակից մշակութային, կրթական եւ հանգստյան հանգույց զարգացնելու, ապրելու ավելի լավ վայր դարձնելու գաղափարը, ուր մարդիկ կտեղափոխվեն նաեւ այլ երկրներից, Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի մաս էր կազմում։ Ի դեպ, ուրախ եմ, որ այն գաղափարներից, չափորոշիչներից ու աշխատանքային սկզբունքներից շատերը, որոնք նախագծերն իրականացնելիս սկզբնապես ներդրել է մեր IDeA հիմնադրամը, այժմ ընդունել եւ լայնորեն օգտագործում են Հայաստանի բազմաթիվ այլ կազմակերպություններ, իսկ քաղաքի զարգացման մեր հայեցակարգի որոշ մասեր հիմք են հանդիսացել Դիլիջան եկած այլ ներդրողների ծրագրերի համար։ Ընդ որում, քչերը գիտեն, թե ով է կառուցել Տաթեւի ճոպանուղին եւ Դիլիջանի դպրոցը: Մենք երբեք չենք ձգտել, որ Ռուբենի եւ իմ անունները փորագրվեն հուշատախտակների վրա, եւ միայն վերջերս, ընկերների հորդորով, սկսեցինք ավելի շատ խոսել Ռուբենի անձնական ներդրման մասին՝ հուսալով, որ դա կօգնի արագացնելու նրա ազատ արձակումը:
Դիլիջանում մենք մեր ջանքերը կենտրոնացրել ենք ափամերձ գոտու զարգացման վրա՝ ստեղծելով հետիոտնի եւ հանգստի գոտի՝ միջազգային լավագույն չափանիշների համապատասխան: Ի դեպ, այդ հայեցակարգը համապատասխանում է քաղաքի սկզբնական գլխավոր հատակագծին, որը գտել էինք արխիվներում: Տեղի բնակիչները դեռ հիշում են կենտրոնական մեծ այգին: 15 տարի առաջ այն բաժանել էին հատվածների, եւ որոշ տարածքներում նախատեսվում էր շինարարություն իրականացնել: Մենք ցանկանում էինք այգին պահպանել տեղի համայնքի համար եւ շուրջ 1 միլիոն դոլար ծախսեցինք այդ հողամասերը գնելու կամ երկարաժամկետ վարձակալության պայմանագրերով ձեռք բերելու համար: Եվս մեկ անգամ ընդգծեմ. ոչ մի պատառ հող անվճար ձեռք չենք բերել, յուրաքանչյուր հողամասի սեփականության կամ երկարաժամկետ վարձակալության իրավունքը գնվել է մասնավոր սեփականատերերից՝ շուկայական գներով: Բացի այդ, մեր ընկերներն ու գործընկերները լճի շրջակայքում հողամասեր են գնել եւ մեզ փոխանցել՝ սոցիալական ծրագրերի մշակման համար:
Մենք ներգրավել ենք խորհրդատուների, քաղաքաշինության մասնագետների, ճարտարապետների եւ հենց քաղաքի բնակիչների՝ այս տարածքների զարգացման այնպիսի հայեցակարգ մշակելու համար, որը կբավարարի բնակիչների կարիքներին եւ քաղաքաշինության ամենավերջին պահանջներին, որպեսզի դիլիջանցիները եւ քաղաքի հյուրերը լիարժեք հանգստի ու ժամանցի վայր ունենան: Եվ եթե 15 տարի առաջ այգին այնքան էլ ապահով վայր չէր, ապա այսօր այստեղ զբոսնում են ընտանիքներ, խաղում են երեխաներ, տարբեր տարիքի մարդիկ ակտիվ զբաղվում են սպորտով: Աշնանը Դիլիջանում առաջին անգամ անցկացվեց Dilijan Run միջազգային վազքի փառատոնը, որին փորձառու մարաթոնցիների հետ միասին մասնակցում էին շատ երեխաներ: Այսինքն՝ ենթակառուցվածքների փոփոխությունները հանգեցրել է նաեւ մտածելակերպի փոփոխության:
Վերջին 10 տարում մենք եւ մեր գործընկերները միայն Դիլիջանի կենտրոնական այգու բարեկարգման եւ ենթակառուցվածքների մեջ ներդրել ենք ավելի քան 4 միլիոն դոլար: Իսկ 2012 թվականից մինչեւ օրս դպրոցի եւ Դիլիջանի ու տեղական համայնքի զարգացման համար իրականացված մշակութային, սոցիալական եւ ենթակառուցվածքային տարբեր նախագծերի համար մեր սեփական ու մեր գործընկերների կատարած ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 236 միլիոն դոլար:
Ցավոք, Դիլիջանի ներկայիս քաղաքապետը, սոցիալական նախաձեռնությունների զարգացմանը աջակցելու փոխարեն, որոշել է դատարանում վիճարկել երկարաժամկետ վարձակալության եւ կառուցապատման մեր իրավունքները՝ այդպիսով խոչընդոտելով մեր պարտավորությունների կատարմանը: Դա, բնականաբար, խնդիրներ է ստեղծում մեզ համար, բայց ավելի վատն այն է, որ սա նաեւ շատ վատ ազդանշան է մասնավոր ներդրողների եւ սոցիալական ձեռնարկատերերի համար, քանի որ ձեւավորվում է անբարենպաստ ներդրումային եւ սոցիալական միջավայր, որտեղ իրավունքները պաշտպանող օրենքի փոխարեն եւ օբյեկտիվ չափորոշիչների փոխարեն գործում են անձնական հարաբերությունները քաղաքապետարանի հետ եւ պաշտոնյաների մասնավոր շահերը: Հուսով եմ, որ Հայաստանում, այնուամենայնիվ, գործում է օրենքի գերակայությունը, եւ դատարանը, ղեկավարվելով նաեւ դիլիջանյան համայնքի շահերով, արդարացի որոշումներ կկայացնի բոլոր հայցերով: Սակայն նման ճնշումը դարձավ Դիլիջանում մեր մի շարք նախագծեր փակելու պատճառներից մեկը: Հաշվի առնելով այն, ինչի միջով հիմա անցնում է մեր ընտանիքը, մենք չենք մեզ ուժ եւ ժամանակ ծախսել դիմակայության վրա:
-Գիտեմ, որ այգում պատրաստվում էիք յուրատեսակ մանկական խաղահրապարակ կառուցել։
- Այո, այն պետք է մանկական երազանքների իրականացում դառնար. տեղի երեխաներին խնդրել էինք նկարել այն, ինչ իրենք կցանկանային տեսնել այգում: Բացի այդ, նախատեսված էր ներառական խաղահրապարակ ունենալ՝ հարմարավետ եւ անվտանգ վայր բոլորի, այդ թվում նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
- Խոսում եք անցյալ ժամանակով: Ծրագրերը փոխվե՞լ են։
- Ոչ, ցանկանում ենք կառուցել այն: Դա այգու ամենակարեւոր հատվածներից մեկն է, որի նախագիծը ներառված է զբոսաշրջային կլաստերների զարգացման կառավարական ծրագրի մեջ, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավելի քան 7 միլիոն դոլար ներդնել այգում եւ շրջակա տարածքում հասարակական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ գետի մաքրման համար: Մնում է միայն խաղահրապարակի կառուցման նախագիծը համաձայնեցնել քաղաքապետարանի հետ, որը դեռեւս մերժմամբ պատասխանում է, թեեւ, մեր կարծիքով, դրա համար որեւէ հիմքեր չկան: Բայց հենց թույլտվությունը լինի, մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել աշխատանքներին, եւ ես մեծ հույս ունեմ, որ Դիլիջանի բնակիչները մանկական լավագույն խաղահրապարակը կունենան:
Սակայն, ինչպես նշեցի, ինչպես Տաթեւում, այնպես էլ Դիլիջանում Ռուբենի հետ ստիպված կլինենք կրճատել մեր որոշ ծրագրեր՝ օբյեկտիվ պատճառներով: Ե՛վ այնտեղ, եւ՛ այստեղ բարեգործական մեծ թվով ծրագրեր են եղել, որոնցում կատարված ներդրումները երբեք չեն փոխհատուցվելու, եւ մենք դա հիանալի հասկանում ենք, քանի որ այդ ծրագրերը մշակվել են տեղի բնակիչների համար: Ակնհայտ է, որ պետությունը այդ տարածքների զարգացման սեփական ծրագրերն ունի, եւ ես հուսով եմ, որ դրանք կիրականացվեն արժանապատվորեն՝ ոչ թե լայնածավալ կառուցապատման ծրագրի, այլ ժամանակակից ու հարմարավետ հանրային տարածքի տեսքով: Մենք չէինք ցանկանա, որ Դիլիջանը Ծաղկաձորի ճակատագրին արժանանա, որտեղ քաոսային կոմերցիոն կառուցապատման հետեւանքով հանրային տարածքներ գրեթե չեն մնացել:
Բարեբախտաբար, գործարար միջավայրում աճում է սեփական պատասխանատվության գիտակցումը այն վայրի նկատմամբ, որտեղ ապրում եւ զարգացնում ես քո բիզնեսը, եւ մենք ուրախ կլինենք մեր կողմից սկսված զարգացման նախագծերը փոխանցել հոգատար ձեռքերի:
Իսկ մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք կրթական ծրագրերի վրա:
- Դիլիջանում նոր եկեղեցի է կառուցվում։ Այդ նախագիծը կենտրոնական այգու ճակատագրին չի՞ արժանանա։
- Դիլիջանցիների մեծագույն ցանկություններից է ունենալ իրենց եկեղեցին, որտեղ կարող են ամուսնանալ, մկրտություն անել, եկեղեցական տոներն ու արարողությունները նշել: Ուստի մենք ամեն ինչ կանենք, որպեսզի եկեղեցու կառուցումն ավարտին հասցվի։ Այն ավելին է, քան պարզապես պաշտամունքի վայր, եւ ոչ միայն Դիլիջան համայնքի համար։ Անձամբ ինձ համար, մարդու, որը մկրտվել է հայկական եկեղեցում, այն նաեւ Ռուբենը շուտափույթ եւ բարեհաջող վերադարձի
հավատի խորհրդանիշ է։ Նա վաղուց էր երազում այդ եկեղեցու մասին։ Առհասարակ, հոգեւոր եւ մշակութային ժառանգության վերածննդի ու պահպանման հետ կապված նախագծերը, ընդ որում՝ ոչ միայն հայկական ու քրիստոնեական, առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մեր բոլոր նախաձեռնությունների շարքում։
Մենք օգնել եւ շարունակում ենք օգնել այնպիսի հին եկեղեցիների ու հոգեւոր կենտրոնների վերականգնմանը, ինչպիսիք են Տաթեւի վանքը, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցին, Սինգապուրի հայկական՝ ներկայումս այնտեղ գործող ամենահին եկեղեցին, Իրանի Սուրբ Թադեի վանքը, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության մատենադարանը եւ Արցախի Մուշկապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Շուշիում վերականգնվել է նաեւ Գովհար Աղայի հին մզկիթը, որն այսօր տեսնում ենք ադրբեջանական հեռուստաալիքների կադրերում, երբ այնտեղ տարբեր պատվիրակություններ են այցելում։ Ռուբենը ներդրում է արել Աթոս լեռան վրա գտնվող ռուսական Սուրբ Պանտելեյմոնի վանքի եւ թեսալոնիկեցի սուրբ մեծն նահատակ Դիմիտրիոսի խցիկի վերականգնման գործում։ Բարերարների, այդ թվում եւ մեր ընտանիքի նվիրատվություններով է կառուցվել Մոսկվայի Հայկական եկեղեցական համալիրը։
Այնպես որ, Աստծո օգնությամբ, Դիլիջանը 85 տարվա մեջ առաջին անգամ եկեղեցի կունենա։ Այն արդեն 60%-ով կառուցված է։ Շինարարության համար գումարները հավաքագրում ենք ամբողջ աշխարհից։ Ինձ խորապես հուզել է մի փոքրիկ տղայի պատմությունը։ Դիլիջանում կայացած մարզական միջոցառումների ժամանակ երկրպագուներին խնդրել են որեւէ նվիրատվություն կատարել, եւ նա 60 դրամ է տվել՝ իր գրպանի ամբողջ պարունակությունը։
- Կարծում եմ՝ կարող ենք մեր զրույցն ավարտել այս դրական ու լուսավոր նոտայով։ Խոսեցինք նաեւ ոչ այնքան հաճելի բաների մասին, բայց սովորական մարդկանց անշահախնդրության պատմությունները հույս են տալիս, որ Ձեր եւ Ռուբենի ժառանգությունը չի կորչի։
- Ես եւս այդ հույսն ունեմ։ Ռուբենը սիրում է Ամեդեո Մոդիլիանիի հետեւյալ ասույթը. «Կյանքի իմաստը նվիրաբերելն է։ Քչերից՝ շատերին։ Նրանցից, ովքեր գիտեն եւ ունեն՝ նրանց, ովքեր չգիտեն եւ չունեն»։ Մենք երկուսս խորապես համոզված ենք, որ հենց դրա համար արժե ապրել։ Վերջին հաշվով, մեզնից մնում է միայն այն, ինչ կատարել ենք, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպիսի հիշողություն կթողնի իր մասին։
Վերոնիկա Զոնաբենդի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: