Ռուբեն Վարդանյան. Երջանիկ եմ, որ կարող եմ լինել ժողովրդիս ծառան - Mediamax.am

Դեկտեմբեր 18, 2025
467 դիտում

Ռուբեն Վարդանյան. Երջանիկ եմ, որ կարող եմ լինել ժողովրդիս ծառան


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ «Արցախը եղել է, կա եւ կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից»։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ դեկտեմբերի 17-ին նա  հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ 

 

Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն, եւ իր ելույթում նա մտադիր է ընդգծել հետեւյալը.

 

«Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց եւ մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին եւ, հետեւաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով։

 

Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր գործողություններս կատարել եմ գիտակցաբար եւ կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետեւանքները։ Պատրաստ եմ պատասխան տալ արարքներիս համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ 

 

Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա եւ կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից»։

 

Ռուբեն Վարդանյանը խնդրել է նաեւ հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր եւ երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցում ու զորակցում են.

 

«Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» այն: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար թափանցում է մեր մեջ եւ ներսից քայքայում: 

 

Մի վախեցեք հետեւել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել եւ մինչեւ կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարեւորը՝ սեփական ճանապարհը գիտակցաբար անցնելն է:

 

Ամենակարեւորը՝ չվնասելն է: Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ ու աշխարհում: Մենք բոլորս մեկ ընդհանուր տարածության մասնիկներն ենք, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության եւ ներդաշնակության մեջ:

 

Հոգատար եղեք խոսքի նկատմամբ: Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաեւ զարգացման, աջակցության ու արարման հզոր խթան դառնալ: 

 

Երջանիկ եմ, որ կարող եմ ժողովրդիս ծառան լինել: Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է եւ մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին