2025 թվականի նոյեմբերի 5-ին Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Լոնդոնի գրասենյակում կայացել է Սփյուռքյան հեռանկարներ/Diasporan Perspectives հետազոտական կենտրոնի (think tank) շնորհանդեսը:
Նախօրեին Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան հայկական ծրագրերի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը եւ «Սփյուռքյան հեռանկարներ» նախագծի տնօրեն,
Ժնեւի համալսարանի դասախոս, դոկտոր Վիգէն Չըթըրեանը առցանց ճեպազրույցում ներկայացրել են կենտրոնի նպատակները:
Ռազմիկ Փանոսյանն ասել է, որ «վիրտուալ» հետազոտական կենտրոն հիմնադրելու գաղափարը վաղուց էր խմորվում: 2020 թվականի վերջում, 44-օրյա պատերազմից հետո, հստակ դարձավ, որ հարկավոր է մի «տարածք», որտեղ կարող ենք խոսել ազգային խնդիրների մասին՝ հավասարապես կարեւորելով եւ Սփյուռքը, ե՛ւ Հայաստանը:
Ռազմիկ Փանոսյանը նկատել է, որ 2020 թվականի պարտությունից հետո, ցավոք, Հայաստանում քննարկումները միմյանց դավաճանության մեջ մեղադրելուց հեռուն չեն գնում:
«Վիգէնի հետ մենք փորձելու ենք լինել այնքան օբյեկտիվ, որքան հնարավոր է եւ փորձել վեր հանել առկա խնդիրները եւ մտածել, թե որոնք են հնարավոր լուծումները», - ասել է նա:
Ռազմիկ Փանոսյանը նշել է, որ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան հայկական ծրագրերի աջակցությամբ 2025 թվականին Հայաստանում հրապարակված
«Կոտրված վահան. Արցախյան 44-օրյա պատերազմի բազմակողմ վերլուծություն» եւ «44. Պարտություն» գրքերը ինչ-որ իմաստով «Սփյուռքյան հեռանկարներ» նախագծի մեկնարկի «նախերգանքն» էին: Առաջիկա ամիսներին այդ գրքերը լույս կտեսնեն նաեւ անգլերեն:
Ռազմիկ Փանոսյանը տեղեկացրել է, որ իրենց տրամադրության տակ մի «գանձ» կա՝ Armenian Diaspora Survey հետազոտության արդյունքները, որոնք առաջիկայում տարբեր ձեւաչափերով ներկայացվելու են հանրությանը:
Պատասխանելով Մեդիամաքսի հարցին, Ռազմիկ Փանոսյանն ասել է, որ 2018 թվականին փորձնական հարցում էր կատարվել, իսկ հիմնական աշխատանքն իրականացվել է 2019-ից 2022 թթ. ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել են տարբեր հայ համայնքների ավելի քան 10 հազար անդամներ:
Վիգէն Չըթըրեանն ասել է, որ աշխարհում տեղի ունեցող միգրացիոն գործընթացները իրենց ազդեցությունն ունեն նաեւ հայկական Սփյուռքի հետ՝ նոսրանում են, իսկ երբեմն էլ դատարկվում են Մերձավոր Արեւելքի երբեմնի հզոր հայկական համայնքները, բայց ստեղծվում են նաեւ նոր օջախներ:
«Մենք պետք առերեսվենք այս գործընթացների հետ եւ հասկանանք, թե այս փոփոխություններն ինչ ռիսկեր եւ հնարավորություններ են առաջ բերում», - ասել է նա:
Խոսելով Հայաստանում իրականացվելիք հետազոտական աշխատանքի մասին՝ Վիգէն Չըթըրեանն ասել, որ «դրսի հայացքը երբեմն հավելյալ արժեք է ապահովում, քանի որ ներսում հաճախ «կույր գոտիներ» են առաջանում»: Նրա խոսքով, հայաստանյան հետազոգտությունների կենտրում լինելու է քաղաքական համակարգը, անկախության եւ ինքնիշխանության մասին ծավալվող քննարկումները:
Արա Թադեւոսյան















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: