Երեւան: Մեդիամաքս: Պատմաբան, Հայաստանի առաջին նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայկական Սփյուռքը բնորոշել է որպես «ապրող եւ զարգացող բարդ երեւույթ»։
Այդ մասին նա ասել է Հայաստանի Ազգային գրադարանում կայացած «Ինչպէ՞ս մտածել Սփիւռքի մասին» դասախոսության ժամանակ:
Լուսանկարը` Հայաստանի Ազգային գրադարան
Դասախոսության մասին Ազգային գրադարանի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ժիրայր Լիպարիտյանը նկատել է, որ հայկական Սփյուռքի ձեւավորման հիմքում ընկած են ինչպես կամավոր, այնպես էլ արհեստական գործոններ։ Միջնադարում եւ հետագա դարաշրջաններում վաճառականները, արհեստավորներն ու գիտնականները տեղափոխվել են նոր շուկաներ եւ մշակութային միջավայրեր՝ որոնելով տնտեսական հնարավորություններ եւ մտավոր զարգացման նոր դաշտեր։
Ափյուռքի ձեւավորման ավելի ողբերգական էջերը կապված են բռնաճնշումների, պատերազմների եւ պետական քաղաքականությունների հետ, որոնք հարկադրել են մեծ զանգվածների հեռանալ իրենց պատմական բնակավայրերից։ Հատկապես 19-20-րդ դարերի կոտորածները, Հայոց ցեղասպանությունն ու հետագա բռնաճնշումները հզոր տարագրման ալիքներ են ստեղծել ։
Լուսանկարը` Հայաստանի Ազգային գրադարան
Ժիրայր Լիպարիտյանի դիտարկմամբ՝ սփյուռքի մեջ մշտապես առկա է եւ կմնա ինքնության եւ հայապահպանության հարցը։ Նա կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի անկախությունը եւ միջազգային ճանաչումը նոր սերունդների համար զգալիորեն փոխել եւ որոշ առումով թեթեւացրել է ինքնության ճգնաժամի հարցադրումները։
Սփյուռքում միաժամանակ գոյակցում են համայնքներ, որոնք աճում են, մասնագիտանում, ուժեղանում, եւ համայնքներ՝ որոնք ժամանակի ընթացքում մարում ու անհետանում են։ Ըստ Լիպարիտյանի՝ սա բնական գործընթաց է` պայմանավորված լեզվի աստիճանական կորստով, ասիմիլյացիայով, սոցիալական ինտեգրմամբ եւ դեմոգրաֆիական տեղաշարժերով։
Լուսանկարը` Հայաստանի Ազգային գրադարան
Որպես օրինակ նա ներկայացրել է Կուբայի հայ համայնքը։ 1920-ականներին այնտեղ կար բավական մեծ, ակտիվ եւ հայախոս համայնք, սակայն ժամանակի ընթացքում, բնական նվազման եւ արտագաղթի հետեւանքով, մեկ տասնամյակ առաջ մնացել էր ընդամենը տասը ընտանիք, իսկ այսօր, հնարավոր է, որ Կուբայում այլեւս հայախոս ընտանիքներ ընդհանրապես չլինեն։ Այս օրինակը, Ժիրայր Լիպարիտյանի համոզմամբ, ցույց է տալիս, թե ինչպես են սփյուռքի որոշ օջախներ խաղաղ, առանց ցնցումների մարում, մինչդեռ մյուսները զարգանում եւ վերաձեւավորվում են՝ նոր բովանդակությամբ ու դերակատարությամբ։
Պատմաբանն ասել է, որ սփյուռքը պետք է դիտարկել ոչ թե որպես «ավարտված» պատմական փաստ, այլ որպես շարժման մեջ գտնվող համակարգ, որն ապրում է տարբեր մշակույթների, լեզուների եւ պետական կառուցակարգերի միջավայրում։ Այդ իրողությունը ենթադրում է միաժամանակ վերելքներ ու անկումներ, ստեղծում եւ քայքայում, համախմբում եւ տարրալուծում, ինչը, ըստ Ժիրայր Լիպարիտյանի, բնական է նման բազմակենտրոն ու բաց կառուցվածք ունեցող միության համար»։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: