Ապատեղեկատվություն քաղցկեղի մասին. բժիշկներն արձագանքում են տարածված միֆերին - Mediamax.am

Նոյեմբեր 03, 2025
exclusive
1249 դիտում

Ապատեղեկատվություն քաղցկեղի մասին. բժիշկներն արձագանքում են տարածված միֆերին


Լուսանկարը` Health.osu.edu

Դավիթ Զոհրաբյանը
Դավիթ Զոհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկուհի Գյոքչյանը
Հայկուհի Գյոքչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորյա Զախարյանը
Վիկտորյա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակակից թվային աշխարհում տեղեկատվության լայն հասանելիության հետ մեկտեղ աճում են ապատեղեկատվության ծավալները։ Հատկապես մեծ ռիսկեր է ներառում առողջապահական ոլորտում տարածվող տարբեր հիվանդությունների, դրանց բուժումների մասին կեղծ տեղեկատվությունը, որը կարող է մարդու առողջության վատթարացման պատճառ դառնալ։  

 

Վերջին տարիներին տարբեր գիտական շրջանակներ ուսումնասիրություններ են իրականացնում, թե քաղցկեղի ախտորոշում ունեցող բուժառուների որ մասն է այս կամ այն աստիճանով առնչվում քաղցկեղի մասին ապատեղեկատվության։ Օրինակ՝ UF Health Cancer Institute-ի 2025 թվականի սեպտեմբերին հրապարակած հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղով ախտորոշված 110 հիվանդներից 102-ը ներկայացված ցանկից ծանոթ էր առնվազն մեկ ապացուցողական հիմք չունեցող «բուժման» մեթոդի։ 

 

ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի հրապարակած քաղցկեղի մասին միֆերի ու թյուրընկալումների ցանկում կան այնպիսիք, որոնք հաճախ են հանդիպում նաև հայ հանրության շրջանում։ Մեդիամաքսը հայ բժիշկների հետ զրուցել է այդ միֆերի ու դրանց ռիսկերի մասին, նաև ուսումնասիրել հայկական լրատվական կայքերում քաղցկեղի վերաբերյալ հոդվածների բովանդակությունը, որի եզրահանգումները կգտնեք հոդվածի վերջում։ 

 

Միֆ 1. Օնկոլոգիական հիվանդություններն անբուժելի են. վախ հիվանդությունից

 

Դավիթ Զոհրաբյան

 

ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար, D'clinic Group ՍՊԸ-ի համահիմնադիր, տնօրեն

 

Քաղցկեղի հետ կապված ամենամեծ միֆերից մեկն այն է, որ մարդիկ կարծում են, թե չարորակ ուռուցքը, օնկոլոգիական հիվանդությունները, անբուժելի են և միշտ մահվան են տանում: Բայց պետք է հասկանալ, թե ինչ ուռուցք է, ինչ տեսակի, ինչ ենթատեսակի, ինչ տարածվածության է, ինչ փուլում է գտնվում: Շատ դեպքերում մարդիկ լիարժեք առողջանում են, հիվանդությունը չի կրկնվում, չի տարածվում: 

 

Մարդիկ, կարծելով, թե իրենք միևնույն է չեն առողջանալու, մտածում են՝ դե ի՞նչ իմաստ ունի դիմել բժշկի, ախտորոշվել, բուժում սկսել: Այս սխալ մտածողությունը հանգեցնում է նրան, որ մարդիկ շատ ուշ են դիմում բժշկի, և կարող են դիմել արդեն այնպիսի փուլում, երբ լիարժեք առողջացման հնարավորություն գրեթե չունենան, ու բժշկին մնա միայն աշխատել հիվանդությունը վերահսկելի դարձնելու ուղղությամբ, այլ կերպ ասած՝ ձգտել կյանքի որոշակի տևողություն ապահովել: 

 

Հաճախ, բուժառուները օրինակ են բերում ինչ-որ ծանոթ մարդու դեպքը, երբ քաղցկեղ ուներ, բուժում էր ստանում, բայց մահվան ելք եղավ: Այդտեղ մի շարք հարցեր են առաջանում. ի՞նչ ախտորոշում էր, ի՞նչ կանխատեսում կար, առողջացման շանսերն ինչիպիսի՞ն էին, ի՞նչ բուժումներ էր ստանում և այլն: Մարդիկ առանց այդ բոլոր կարևոր գործոնները հաշվի առնելու կենտրոնանում են միայն քաղցկեղի առկայության ու մահվան ելքի հանգամանքների վրա՝ դրանով խորացնում սխալ պատկերացումը հիվանդության մասին:

Դավիթ Զոհրաբյանը Դավիթ Զոհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե մարդիկ գան այն գիտակցությանը, որ ոչ բոլոր դեպքերն են մահվան տանում, ավելի շուտ կդիմեն բժշկի: Որքան շուտ ախտորոշվի չարորակ ուռուցքը, այնքան բարձր կլինեն լիարժեք առողջացման շանսերը:

 

Հայկուհի Գյոքչյան

 

Էրեբունի ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, ՀՀ Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու

 

Քաղցկեղ բառից վախենալով՝ մարդիկ հաճախ խուսափում են բժշկի գնալ, և փոխարենը համացանցում տարբեր նյութեր են փնտրում ու կարդում: Մարդը, որը չունի բժշկական կրթություն, չի կարող տարբերակել՝ որն է ճիշտ, որը կեղծ: Այս պատճառով, հաճախ, հիվանդները մինչև գալիս են ուռուցքաբանի մոտ, ուռուցքն արդեն բավականին տարածված վիճակում է լինում: 

 

Վիկտորյա Զախարյան

 

Ընդհանուր վիրաբույժ, «Աստղիկ» բժշկական կենտրոն

 

Պացիենտների մի մաս կա, որոնք քաղցկեղի ախտորոշման վախից խուսափում են հետազոտվել, մինչդեռ հետազոտվելու պարագայում շատերի մոտ վտանգավոր ախտորոշումը հերքվում է։ Մյուս կողմից՝ քաղցկեղի վաղ ախտորոշման պարագայում, այն ենթակա է բուժման կամ առնվազն իրավիճակի ճիշտ վարման և հսկողության։ Հակառակ պարագայում, հաճախ, խնդիրը բարդանում է։ 

 

Իմ փորձից ելնելով` «ավելի լավ է չդիմեմ բժիշկի, որքան կապրեմ` կապրեմ» համոզմունքն ունեցողների մեծամասնությունն էլ, ի վերջո, դիմում է բուժօգնության, երբ վիճակը ծանրանում է, սակայն շատ կարևոր է խնամքով և գիտակցությամբ մոտենալ արդյունավետ բուժման ժամանակը բաց չթողնելուն։ 

 

Միֆ 2. Բիոպսիան (կենսազզնումը) պատճառ է դառնում, որ ուռուցքը տարածվի

 

Հայկուհի Գյոքչյան. Երևի թե 10 հիվանդից ինը այդ հարցը տալիս է՝ իսկ եթե բիոպսիա անեն, ուռուցքը չի՞ կատաղի: Ո´չ: Այսօր առանց բիոպսիայի, առանց հյուսվածքաբանական քննության ոչ մի ուռուցքաբան իրավունք չունի բուժում սկսելու: Ինչու՞: Հյուսվածաբանական պատասխանը ցույց է տալիս, թե ինչպիսի՞ ուռուցքային բջիջներ են, ի՞նչ դեղերի նկատմամբ կա զգայունություն, բուժման ի՞նչ ռազմավարություն է պետք է մշակել տվյալ հիվանդությունը բուժելու համար: Առանց բիոպսիայի գոյություն չունի ուռուցքաբանություն, իսկ բիոպսիան չի կարող վնասել ուռուցքային հիվանդությանը:

Հայկուհի Գյոքչյանը Հայկուհի Գյոքչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Զոհրաբյան. Ուռուցքային հիվանդությունների բուժման գործընթացում կարևորագույն փուլ է հյուսվածքի կտոր վերցնելը՝ բիոպսիան, և լաբորատոր պայմաններում արդեն մանրադիտակի տակ դիտել այն, ախտորոշել: Նպատակը միայն ուռուցքի՝ չարորակ լինել կամ չլինելը որոշելը չէ, խորը հետազոտություններով որոշվում է նաև ենթատեսակը, կատարվում են մոլեկուլյար, գենետիկ մակարդակի հետազոտություններ, որոնց հիման վրա է որոշվում բուժման մեթոդը, ռազմավարությունը: Այդուհանդերձ, հաճախ են ասում՝ մենք լսել ենք, որ եթե ուռուցքին կպնենք, կսկսի ավելի արագ աճել, ավելի կտարածվի, կգազազի և այլն: Բացատրում ենք, որ տասնամյակներով արդեն դա ամբողջ աշխարհում արվում է:

 

Վիկտորյա Զախարյան. Ինչու՞ են մարդիկ վախենում բիոպսիայից։ Տարածված իրական համոզմունք կա, որ ցանկացած նորագոյացության քրոնիկ վնասումը կարող է հանգեցնել մալիգնիզացիայի՝ չարորակացման։ Այս պարագայում կարևոր հանգամանք է հենց բազմակի տրավմատիզացիան, մինչդեռ սոլիդ գոյացության բիոպսիան հանդիսանում է միակ, խիստ անհրաժեշտ միջամտություն, որպեսզի հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք, արդյոք, կարիք կա բուժման և ինչպես բուժել։ Բացի այդ, բիոպսիան կատարելուց հետո, եթե կա չարորակ պրոցես, ապա գոյացությանը ժամանակ չի տրվում այլևս փոփոխվելու, այն վերցվում է վերահսկողության ներքո և արագ սկսվում է համապատասխան ճիշտ բուժումը։ 

 

Կան եզակի դեպքեր, երբ առավել ցանկալի է գոյացության հյուսվածաբանական հետազոտությունը կատարել ոչ թե կտոր վերցնելով, այլ վերջինիս ամբողջական հեռացումից հետո (էքսցիզիոն բիոպսիայով)։ Այս դեպքերի մասին Ձեզ ճիշտ կուղղորդի համապատասխան մասնագետը` ուռուցքաբանը, վիրաբույժը, որն ունի համապատասխան որակավորում և փորձ։ 

 

Բիոպսիայից վախը նաև հետևանք է նրա, որ հաճախ գոյացությունները տարիներով մեծանում են, բուժառուի և նրա հարազատների համար աննկատ և դեռևս անախտանիշ կերպով տարածվում են օրգանիզմով, որից հետո պացիենտը ի վերջո որոշում է դիմել բուժզննման և արդյունքում առաջնահերթ կատարվում է բիոպսիա, ապա նաև համակարգային հետազոտություն, որով պարզվում է պրոցեսի արդեն իսկ խիստ տարածված լինելը և բարձիթողի վիճակը։ Արդյունքում՝ բուժառուի ոչ բարեհաջող ելքը և հետագա խնդիրները, թյուրիմացաբար, կապվում են ոչ թե պրոցեսի տարածվածության և ագրեսիվության հետ, այլ դիտվում իբրև կատարված բիոպսիայի հետևանք։

 

Միֆ 3. Կաղամբով, ջեռակներով, բուսական միջոցներով բուժումներ

 

Հայկուհի Գյոքչյան. Հաճախ գալիս են կանայք, որոնց կրծքագեղձում կա ուռուցքային պրոցես, որը նկատելուց հետո բարեկամուհին խորհուրդ է տվել կաղամբ խաշել դնել, ջեռակ դնել կամ նմանատիպ այլ գործողություն կատարել՝ իբրև թե այդպես ուռուցքը կներծծվի, օրինակ բերելով, թե իր ծանոթի մոտ այդպես լուծվել է խնդիրը: Կինը կատարում է այդ բոլոր սխալ գործողությունները, և մինչև գալիս հասնում է ուռուցքաբանի մոտ, ուռուցքը բավական տարածված է լինում, որովհետև ցանկացած նմանատիպ տաքացնող միջոցառումներ միայն նպաստում են ուռուցքի տարածմանը: Չեն կարող դրանք բուժական մեթոդ լինել: 

 

Դավիթ Զոհրաբյան. «Ավանդական» մեթոդներով բուժման մասին ապատեղեկացված մի բուժառուի ակնառու օրինակ պատմեմ. կրծքագեղձի քաղցկեղով մի բուժառու պնդում էր, որ խաշած կաղամբ է դրել, հետո էլ մեզ է քսել, և ուռուցքն ահագին փոքրացել է: Ասում էի՝ չի կարող նման բան լինել, բայց այնքան համոզիչ էին խոսում, որ ուռուցքը փոքրացել է, սկսեցի հակառակ կողմից մոտենալ. եթե իրոք դրական դինամիկա է նկատվել, ապա պատճառն ի՞նչն է: Երկար հարցերից հետո պարզվեց, որ հակաուռուցքային հորմոնալ դեղ է խմել: Տվյալ պրեպարատը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում ամենակարևոր, արդյունավետ դեղերից մեկն է: Այսինքն՝ բուժառուն դեղը խմել էր, սակայն դրական դինամիկան վերագրել էր ոչ թե դեղին, այլ խաշած կաղամբին և մեզին: Ամենայն հավանականությամբ, հենց նույն կերպ էլ իր շրջապատում ներկայացրել է, որ իրեն օգնել է խաշած կաղամբն ու մեզը:

 

Հայկուհի Գյոքչյան. Եթե քաղցկեղի բուժումը նմանատիպ պարզ մեթոդներով հնարավոր լիներ, այսօր ամբողջ աշխարհն արդեն հաղթած կլիներ այդ հիվանդությունը: Միևնույն ժամանակ, այսօր գիտությունը շարունակ զարգանում է, և քաղցկեղի բուժումը խիստ անհատականացված է յուրաքանչյուր դեպքի համար: Երբ որ կոնկրետ հիվանդը ունի կոնկրետ մուտացիա, կոնկրետ այդ մուտացիայի համար կա կոնկրետ դեղը, որը բանալի-կողպեք մեխանիզմով աշխատում է:

 

Դավիթ Զոհրաբյան. Չարորակ ուռուցքներն ամենամեծ չարիքն են ամբողջ աշխարհում, ու ցավոք ոչ ոք ամեն օր, օրինակ, բազուկի հյութ խմելով կամ գազարի հյութ խմելով չի բուժվել: Նորից՝ այդ լուսավոր շրջանը, որ կարելի էր օգտագործել, շուտ ախտորոշվելու և ավելի լավ արդյունքներ ունենալու համար, նման մոտեցումների պատճառով բաց են թողնում: 

 

Վիկտորյա Զախարյան. Տարիներ առաջ մի տարածված տեսանյութ կար սիսեռաբուժության մասին, որում բժշկական լուրջ տերմինաբանությամբ և նկարազարդումներով իրականության հետ որևէ առնչություն չունեցող պսևդոհիմնավորում էր տրվում, թե ինչպես վերքի միջոցով սիսեռը կարող է ակտիվացնել իմուն համակարգն ուռուցքի դեմ և դրանով բուժել տարածված քաղցկեղը։ Ստացվում է, որ առողջական խնդիր ունեցող մարդկանց վրա հոգեբանական հնարքներով ապատեղեկատվություն է տարածվում, այսօր նաև` լայքեր և հետևորդներ հավաքելու նպատակով։ Արդյունքում բաց է թողնվում շատ թանկարժեք ժամանակ, և մարդիկ խճճվում են իրականության և պատրանքների արանքում։ 

 

Նման դրսևորումներից են նաև սոդայաբուժությունը, բուսական «հրաշք գործող» բաղադրատոմսերը, իմուն համակարգի «խթանիչներն ու բիոակտիվ հավելումները», որոնք չունեն բավարար ապացուցողական հիմք, օգտագործվում են առանց բժշկի ցուցման և հսկողության՝ հաշվի չառնելով հարակից քրոնիկ հիվանդությունները և հաճախ` նաև խորացնելով դրանք։ 

Վիկտորյա Զախարյանը Վիկտորյա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բնական միջոցների ուժը երբեք պետք չէ թերագնահատել, բայց օրինակ նույն մեղրը, որ կարող է հրաշալի լրացնել օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինների և միկրոէլեմենտների մի ստվար զանգված, շաքարախտով կամ ալերգիայով մարդու համար կարող է ճակատագրական սխալ լինել։ Այստեղ շատ կարևոր է նաև հիշել, որ ցանկացած «դեղորայք» դեղաչափից կախված կարող է թույն լինել, և հակառակը` որոշ թույներ հատուկ դեղաչափով կարող են և բուժիչ հատկություններ ունենալ։ 

 

Այսպիսով` սոդայի, քացախի, նուշի, մեղրի, կոճապղպեղի և մի շարք այլ մթերքների չափից դուրս և ոչ ճիշտ կիրառումը, հակաբիոտիկների անտեղի օգտագործումը, կարող են խաթարել օրգանիզմի ներքին հավասարակշռությունը և միանգամայն վատ հետևանքներ ունենալ։ 

 

Միֆ 4. Քիմիաթերապիայից մարդիկ մահանում են 

 

Հայկուհի Գյոքչյան. Հաճախ բուժառուներն ասում են, թե քիմիաթերապիայից բոլոր օրգանները փչանում են կամ քիմիաթերապիայից մարդիկ մահանում են: 

 

Նախ, ես այլևս չեմ սիրում օգտագործել քիմիաթերապիա տերմինը, որովհետև այն շատ հին է՝ օգտագործվում էր անցյալ դարի 40-50-ական թվականներին, երբ դեռ չկային այլ մեթոդներ բացի քիմիո պրեպարատներից: Այսօր մենք ունենք հորմոնաթերապիա, իմունոթերապիա, թիրախային թերապիա, շատ բազմազան է այսօր հակաուռուցքային դեղորայքի արսենալը, ուստի սխալ է հնչեցնել միայն քիմիաթերապիա տերմինը, փոխարենը պետք է ասել դեղորայքային թերապիա: 

 

Եվ իհարկե, հակաուռուցքային դեղամիջոցները ունեն իրենց կողմնակի ազդեցությունները, ինչպես աշխարհի բոլոր դեղամիջոցները: Բժիշկ-ուռուցքաբանի խնդիրն է տիրապետել այդ դեղորայքի կողմնակի ազդեցություններին և հնարավորինս չեզոքացնել դրանք: 

 

Միֆ 5. Շաքարավազ չուտել, սուրճ չխմել, թե չէ հիվանդությունը կզարգանա. կեղծ գիտական հոդվածների ցուցումները

 

Դավիթ Զոհրաբյան. Տարբեր առցանց աղբյուրներում շատ են կեղծ գիտական ինչ-որ հոդվածներ, որոնք լուրջ տպավորություն թողնելու համար մի քանի բժշկական տերմին են ներառում և այդ «թերի կրթվածությամբ» սկսում վերլուծություններ անել, թե քաղցկեղի դեպքում ինչ է պետք անել, ոնց է պետք շարժվել: Օրինակներից մեկը, որ շատ տարածված է, այն է, որ մարդկանց ասում են՝ հանկարծ շաքար չուտեք, որովհետև ուռուցքը շաքարով է սնվում ու պետք է գլյուկոզան բացառել: Ես իմ բուժառուներին ասում եմ՝ եթե ձեր սիրտը ուզում է մի կտոր տորթ ուտել, կերեք, դրանից ոչ մի բան չի լինում: Այսինքն՝ եթե շաքար չօգտագործվեց, չի նշանակում, որ ուռուցքը չի սնվելու. գլյուկոզան մարդու օրգանիզմում միշտ կայուն պահվում է՝ քաղցր ուտես, թե ոչ: Այսինքն՝ շաքար չուտելով հարց չի լուծվում, ընդհակառակը, օրգանիզմը ավելի է հյուծվում՝ բացասական հետևանքներ թողնելով:

 

Հայկուհի Գյոքչյան. Շատ հաճախ մարդկանց վախեցնում են՝ սուրճ չխմես, դա քաղցկեղի հիվանդության արագացման է բերում, կամ կարմիր գույնի ոչ մի բան չուտես, սպիտակ գույնի ոչ մի բան չխմես: Ծանր իրավիճակում հայտնված մարդիկ էլ փորձում են անգամ փրփուռներից կախվելով իրենց համար ինչ-որ տեղեկատվություն հավաքել: 

 

Բուժմանը խանգարող այլ ապատեղեկատվություններ և գործոններ

 

Հայկուհի Գյոքչյան. Հայկական իրականության մեջ տարածված է նաև այն, որ հիվանդը հարցնում է՝ մեր հարևանի կնոջը նշանակել են այս դեղը, դուք ինչու՞ այդ դեղը չեք նշանակում: Հարցեր ես տալիս, պարզվում է՝ լրիվ այլ քաղցկեղ է, մի դեպքում այդ դեղը նշանակում են, երկրորդում՝ ոչ: 

 

Դավիթ Զոհրաբյան. Բիզնես շահերից ելնելով տարածվում է տեղեկատվություն, թե արևայրուքը տարբեր սոլյարիներում անվտանգ է, որովհետև կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ: Դա այդպես չէ, սոլյար լույսերը վտանգավոր են, բարձրացնում են մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Արևի տակ գտնվելիս ևս պետք է արևապաշտպան քսուքներ օգտագործել:

 

Վիկտորյա Զախարյան. Ուզում եմ անպայման նշել վակցինացիայի կարևորության մասին, որի շուրջ դեռևս թյուր կարծիքները շատ են։ Լայն տարածում գտած Գարդասիլ կոչվող պատվաստանյութը հասանելի է և շատ արդյունավետ մարդու պապիլոմավիրուսի դեմ։ Պատվաստանյութի շնորհիվ շուրջ 70%-ով իջեցվում է  արգանդի վզիկի քաղցկեղի, արտաքին սեռական օրգանների, դեմքի և պարանոցի որոշ չարորակ նորագոյացությունների զարգացման հավանականությունը։ Այս պատվաստանյութը ավելի քան բավարար ուսումնասիրված է և չի բերում չբերության զարգացման, ինչպես հաճախ կարելի է լսել պատվաստման տարիքում գտնվող աղջիկների անհանգստացած մայրիկներից։ 

 

Դավիթ Զոհրաբյան. Մարդկանց մեջ տարածված մի կարծիք էլ կա, որ եթե իրենց ընտանիքում քաղցկեղի դեպք չի եղել, ուրեմն իրենք չեն կարող քաղցկեղ ունենալ: Իրականում քաղցկեղի 5% դեպքեր են, որ գենետիկ կապերով են պայմանավորված, ուստի մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց մոտ դրսևորվող ախտանիշներին՝ անգամ եթե ընտանիքում քաղցկեղի դեպքեր չեն եղել: 

 

Օգտակար խորհուրդներ

 

Հայկուհի Գյոքչյան. Երբ մարդը գալիս է իր հիվանդության մասին տեղեկացված, որոշակի գիտելիքներով, դա հեշտացնում է բժշկի աշխատանքը, որովհետև կարողանում ես բացատրել բուժման գործընթացը: Բայց հաճախ, մարդիկ սխալ ուղղությամբ են գնում, որովհետև նույն արհեստական բանականության պատասխանների գրագիտությունը կախված է հարցերի գրագիտությունից: Սխալ ճանապարհով չգնալու համար շատ կարևոր է վստահել բուժող բժիշկներին, որոնք 20-30 տարի սովորել են այս ոլորտում, լավ տիրապետում են ամբողջ տեղեկատվությանը։ 

 

Դավիթ Զոհրաբյան. Կարևոր է օրգանիզմում ինչ-որ փոփոխություն, ինչ-որ գանգատի առաջացում նկատելիս հետևել, թե այդ գանգատը ինչ զարգացում և ինչ դինամիկա ունի: Նկատի չունեմ, որ ամեն անգամ հազալիս մտածեք՝ թոքի քաղցկեղ է ու գնաք ստուգման: Բայց պետք է հետևել գանգատի բնույթին. եթե նույն գանգատից նախկինում եղել է, բայց հիմա այլ կերպ է դրսևորվում, դա պետք է ահազանգ դառնա: 

 

Վիկտորյա Զախարյան. Պետք է անել հնարավորը քաղցկեղային հիվանդությունները կանխարգելելու, նախաքաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման կամ քաղցկեղի վաղ փուլում հայտնաբերման համար։ Այս ամենի համար խիստ կարևոր են առողջ ապրելակերպը, վակցինացիաները, սքրինիգային հետազոտությունները համապատասխան տարիքային խմբերում` առանց գանգատների առկայության։ Կարևոր է հասկանալ, որ երբ ինչ֊-որ տարօրինակ «նորություն» եք նկատում կամ շոշափում, կամ արյունային արտադրություն եք նկատում, պետք չէ սպասել մինչև ի հայտ գան ցավեր. չարորակ գոյացությունները առավել հաճախ ընթանում են առանց ցավային ախտանիշների, հետևաբար, այս նշանները հրատապ պետք է ուղղորդեն համապատասխան բժշկի։ 

 

Այո´, բժշկին պետք է ընտրել շատ մտածված, այո´, մարդկային գործոնը ոչ ոք չի չեղարկել, այո´, չկան բժիշկներ, որոնք տարիներ շարունակ աշխատում են և երբևէ չեն առնչվում բարդ լուծելի կամ անլուծելի իրավիճակների, սակայն այսօրվա դրությամբ գրագետ, ապացուցողական հիմք ունեցող բժշկությունը ամենաարդյունավետն է նաև չարորակ հիվանդությունների բուժման տեսանկյունից։ 

 

Այսօր հասանելի է ամեն տեսակի տեղեկատվություն (ճիշտ և սխալ), ճիշտ հարցադրումների դեպքում նաև արհեստական բանականությունից կարելի է ստանալ շատ իրատեսական խորհուրդներ, սակայն որպես բժիշկ կարող եմ պնդել` այն կարող է սխալվել, հետո ասել` կներեք, սխալվեցի։ Իսկ բժիշկը բուժում է ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին` իր հարակից հիվանդություններով, ժառանգականությամբ, կրած վիրահատություններով, անհատական անտանելիությամբ, հոգեէմոցիոնալ վիճակով հանդերձ։ 

 

Քաղցկեղի մասին տեղեկատվությունը հայկական օնլայն մեդիայում 

 

2021 թվականի հուլիսին ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի ամսագրում հրատարակվել էր հետազոտություն, որում երկու փորձագետներ ուսումնասիրել են սոցիալական մեդիայում ամենաշատ տարածվող քաղցկեղի վերաբերյալ հոդվածները՝ գնահատելով դրանց բովանդակության ճշգրտությունը։ Քննել են 4 ամենատարածված քաղցկեղի տեսակների վերաբերյալ 50-ական ամենատարածված հոդվածները։ Ընդհանուր առմամբ 200 հոդվածից 61-ը (30.5%) պարունակել է վնասակար տեղեկատվություն, 65-ը (32.5 %) ներառել է ապատեղեկատվություն, իսկ ապատեղեկատվություն ներառողներից 50-ը նորից պարունակել է վնասական տեղեկատվություն։ 

 

Հայկական օնլայն մեդիայում քաղցկեղի վերաբերյալ բովանդակության վերլուծության համար օգտվել ենք Մեդիամաքսի MaxMonitor հարթակից, որը հանդիսանում է մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգ։ Դրանում ընդգրկված են շուրջ 150 հայկական կայքեր։ 

 

Վերջին 2 ամսվա ընթացքում հրապարակված «քաղցկեղ» բանալի բառը ներառող բովանդակությունում պոտենցիալ վտանգներ ներառող նյութերը կարելի է պայմանականորեն բաժանել երկու հիմնական խմբի։ Առաջինում քաղցկեղի վերաբերյալ ընթացիկ հետազոտությունների մասին հոդվածներ են, երկրորդում՝ քաղցկեղի կանխարգելման համար օգտակար մթերքներ, սննդակարգի խորհուրդներ։ 

 

Լրատվական կայքերում հայտնագործությունների մասին հոդվածների մեծ մասը թարգմանված է անգլիալեզու աղբյուրներից, որոնց գերակշիռ մասն էլ հղում է կատարում գրաքննվող գիտական միջազգային ամսագրերի։ Թեև հայերեն թարգմանությունները ճնշող մեծամասնությամբ չեն ներառում ակտիվ հղում դեպի սկզբնաղբյուր, հիմնականում իրենց համար աղբյուր հանդիսացած կայքին հետևելով՝ նշում են գիտական ամսագրի անունը։ Մեր կողմից ուսումնասիրված մի քանի տասնյակ հոդվածների պարագայում թարգմանության բովանդակությունը հիմնված էր իրական հետազոտությունների վրա։ Այդուհանդերձ, նման բովանդակության պոտենցիալ վտանգն այն է, որ նյութերը թարգմանվում են հատվածաբար, երբեմն մասնակի են ներկայացնում սկզբնաղբյուրում տեղ գտած ռիսկերին, զգուշացումներին վերաբերող հատվածները։ Մյուս կողմից՝ առողջապահական ոլորտում ցանկացած նորություն կիրառելի է դառնում ոչ թե մեկ, այլ միայն լայնածավալ հետազոտություններից հետո, ուստի ցանկացած դեղամիջոցի, բժշկական մեթոդի՝ քաղցկեղը կանխարգելող կամ բուժող հատկությունն ապացուցող հետազոտության մասին հոդված կարդալիս երբեք պետք չէ շտապել եզրահանգումներ կատարելու հարցում, առավել ևս առանց բժշկական խորհրդատվության սկսել կիրառել որևէ պրեպարատ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Լրատվական կայքերում քաղցկեղի թեմայով հաճախ հանդիպող մյուս բովանդակության տիպը այս կամ այն մթերքի՝ քաղցկեղը կանխարգելող հատկություններն են։ Այս պարագայում դեպքերի ճնշող մեծամասնությամբ գործ ունենք այսպես կոչված «քլիքբեյթ» (clickbait) վերնագրերի հետ, որոնց առաջնային նպատակը կայքի դիտելիության ավելացումն է։ 

 

Վերնագրերը նույնատիպ են՝ «այս բանջարեղենը կանխում է քաղցկեղային հիվանդությունները...», «X մթերքն ամեն օր ուտելը կանխարգելում է քաղցկեղը», «Բժիշկը նշել է, թե որ մթերքն է պետք ուտել ամեն օր»։ Այսբովանդակ նյութերի դեպքում լրատվական կայքերը հիմնականում հղում են կատարում ռուս սննդաբանների, բժիշկների, անգլալեզու որոշ ոչ գիտական կայքերի, շատ դեպքերում էլ ընդհանրապես չեն նշում աղբյուրը։ 

 

Այդուհանդերձ, նկատելի է որոշակի դրական դինամիկա։ Տարիներ առաջ սոդայաբուժության, սիսեռաբուժության, դեղորայքային բուժման փոխարեն մեղրով ու լիմոնով քաղցկեղը բուժելու և մի շարք այլ ապացուցողական հենք չունեցող մեթոդների մասին հոդվածները հայկական օնլայն մեդիայում հիմնականում 10-15 տարվա վաղեմության են։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոցիալական հարթակներում իրավիճակն ավելի մտահոգիչ է։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում մարդիկ շարունակում են բժշկական խորհուրդներ որոնել քաղցկեղի ու մի շարք այլ հիվանդությունների բուժման համար։ Մեկնաբանությունների բաժնում մի կողմից տեսնում ենք բժշկի դիմելու հորդորներ, մյուս կողմից՝ տարբեր բուսական միջոցների վաճառք, բժշկական կրթություն չունեցող «մասնագետների» ինքնագովազդ, «սամալյոտի նավթ»-ով և նման այլ «բուժիչ» բաղադրատոմսեր։ 

 

Ֆեյսբուքյան տարբեր էջեր, հաճախ, հրապարակում են քաղցկեղի մասին սենսացիոն վերնագրերով նյութեր՝ հղում տալով հիմնականում ոչ հայկական, կասկածելի ծագման կայքերի, որտեղ օգտագործվում են արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարներ և տեսանյութեր։ Մի քանի նմանատիպ կայքերի բովանդակության ուսումնասիրությամբ պարզեցինք, որ դրանք նույնպես թարգմանված նյութեր են անգլիալեզու կասկածելի աղբյուրներից, որոնք էլ ըստ ամենայնի ներկայացնում են հորինված բովանդակություն։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղցկեղի վերաբերյալ բովանդակության ուսումնասիրության ժամանակ հանդիպել ենք նաև դեպքերի, որոնցում միֆեր տարածող վերնագրերի ներքո զետեղված էր այդ միֆին չհամապատասխանող բովանդակություն։ 

 

Վերը շարադրվածը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս համացանցում հատկապես բժշկական բովանդակություն սպառելիս առաջնորդվել կասկածամտությամբ, խուսափել «քլիքբեյթ» բովանդակությունից, օգտվել ծանոթ կայքերից, իսկ եթե որոշել եք այնուամենայնիվ կարդալ անծանոթ, վստահություն չներշնչող կայքի բովանդակությունը, ձգտեք գտնել սկզբնաղբյուրը, ուշադրություն դարձրեք վիզուալներին, մասնավորապես՝ դրանց արհեստական բանականությամբ գեներացված լինելուն, և թերևս ամենապարզը՝ մի հավավացեք ամեն ինչի, ինչ կարդում եք համացանցում։ 

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին