Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, նշելով գործունեության 10-ամյակը, նոյեմբերի 6-ին Էլիս կղզում կանցկացնի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ հարգանքի տուրք կմատուցի բացառիկ մարդասերներին ու բարերարներին։
Երեկոյի ավարտին կհայտարարվի 2025 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը։ Նրան կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու առաջնագծում տարվող մարդասիրական աշխատանքին եւ ընդլայնելու ազդեցությունը:
«Այս հավաքի անցկացման խորհրդանշական վայրը հիշեցնում է մեզ, թե ինչու է ստեղծվել «Ավրորան»։ Այն ստեղծվել է՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ում մեծահոգությունն ու առատաձեռնությունը մղում են կարեկցանքի եւ մարդասիրական քայլերի՝ ընդդեմ մարդկային մեծ տառապանքների։ «Ավրորայի» կողմից մեծարվող բարերարների եւ մարդասերների այն ձեռքբերումները, որոնք փոխում են մարդկանց կյանքը, ցույց են տալիս, որ նույնիսկ այնպիսի աշխարհում, որտեղ կա կարեկցանքի պակաս, մենք ունակ ենք առաջնորդվելու բարությամբ եւ ուրիշների հանդեպ հոգատարությամբ»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի անդամ եւ Memory Matters ընկերության հիմնադիր Էլիս Գրինվալդը։
«Մրցանակի շնորհման արարողությամբ կընդգծվի հիմնարար կապն անցյալում անվտանգություն փնտրողների եւ այսօր ուրիշներին օգնության ձեռք մեկնողների միջեւ։ Այս անհատները, որոնց մենք մեծարում ենք, արտացոլում են ժամանակակից բարեգործության իրական իմաստն ու ոգին։ Նրանցից յուրաքանչյուրը տասնամյակներ է նվիրել տարբեր եղանակներով աշխարհը բարեփոխելու գործին։ Եվ նրանց առատաձեռնությունը սերունդներին է փոխանցում երախտագիտության գաղափարն ու ազդեցությունը»,- ասել է նախաձեռնության հաջորդ շրջանի համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը:
Դափնեկրից եւ մյուս հերոսներից բացի, մրցանակի շնորհման արարողությանը հարգի տուրք կմատուցվի նաեւ բարերարների, որոնք մարմնավորում են «Ավրորայի» հիմնական՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը եւ սեփական գործողություններով գնահատանքի արժանացնում այլոց ներդրումներն ու խիզախությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: