«Ծիրանի ծառ». միջազգային վավերագրական փառատոն Դեբեդում - Mediamax.am

exclusive
105 դիտում

«Ծիրանի ծառ». միջազգային վավերագրական փառատոն Դեբեդում


10-րդ «Ծիրանի ծառ» փառատոնը
10-րդ «Ծիրանի ծառ» փառատոնը

Լուսանկարը` Փամբակի համայնքապետարան

Փառատոնի ծրագրի ղեկավար Արթուր Վարդիկյանը
Փառատոնի ծրագրի ղեկավար Արթուր Վարդիկյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

10-րդ «Ծիրանի ծառ» փառատոնը
10-րդ «Ծիրանի ծառ» փառատոնը

Լուսանկարը` Փամբակի համայնքապետարան

10-րդ «Ծիրանի ծառ» փառատոնը
10-րդ «Ծիրանի ծառ» փառատոնը

Լուսանկարը` Փամբակի համայնքապետարան

Կադր «Ես քեզ սիրում եմ ավելի» ֆիլմից
Կադր «Ես քեզ սիրում եմ ավելի» ֆիլմից

Լուսանկարը` Аtieff

Կադր «Սահմանը մեր ներսում» ֆիլմից
Կադր «Սահմանը մեր ներսում» ֆիլմից

Լուսանկարը` Аtieff


Հայաստանում վավերագրական կինոյի համար հատուկ փառատոն չկար, երբ 2015-ին ծնվեց «Ծիրանի ծառ»-ի գաղափարը։ Առաջին անգամ այն անցկացվեց Երեւանում, հետո՝ Գյումրիում, ապա տեղափոխվեց Ուջան գյուղ, որտեղ ոչ միայն ֆիլմերը, այլեւ միջավայրը վավերագրական դարձավ։ 

 

2023 թվականից փառատոնի «տունը» Լոռու Դեբեդ համայնքում։

 

«Ծիրանի ծառ» միջազգային վավերագրական ֆիլմերի 11-րդ փառատոնը մեկնարկել է օգոստոսի 30-ին: Այս տարի ստացվել էր մասնակցության 500-ից ավել հայտ: Ընտրվել է 30 ֆիլմ՝ 24 երկրից։ Փառատոնն ունի եւ՛ մրցութային, եւ՛ արտամրցութային բաժիններ։

 

«Մեր միակ չափանիշը ֆիլմի որակն է։ Թեմայի սահմանափակումներ չունենք։ Կարող է լինել եւ՛ էքսպերիմենտալ ֆիլմ, եւ՛ դասական վավերագրություն, անգամ՝ անիմացիոն վավերագրություն։ Կարեւորը կինոլեզուն է, ոճն ու ստեղծագործական որակը», - ասում է փառատոնի ծրագրի ղեկավար Արթուր Վարդիկյանը։

Փառատոնի ծրագրի ղեկավար Արթուր Վարդիկյանը Փառատոնի ծրագրի ղեկավար Արթուր Վարդիկյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Փառատոնի ամենամեծ մարտահրավերներից է գյուղական համայնքների հանդիսատեսին ներգրավելն է։

 

«Մարզերում կինոդիտման մշակույթը գրեթե վերացել է։ Մարդիկ կինո գնալու սովորություն չունեն։ Ուջանում մեզ հաջողվեց գյուղացիներին ներգրավել, քանի որ հյուրերն ապրում էին հենց նրանց տներում։ Դեբեդում ավելի բարդ է, բայց մենք ամեն օր գյուղի փողոցներով շրջում ենք, հրավիրում ցուցադրություններին», - ասում է Արթուրը։

10-րդ «Ծիրանի ծառ» փառատոնը 10-րդ «Ծիրանի ծառ» փառատոնը

Լուսանկարը` Փամբակի համայնքապետարան

2019-ից փառատոնին կից գործում է կինոդպրոց: Այս տարիների ընթացքում երեխաները ստեղծել են շուրջ 25 ֆիլմ։ Այս տարի կինոդպրոցում դասավանդում է իտալուհի ռեժիսոր Մարտա Վիոլանտեն։ Նաեւ անցկացվել են Զլատինա Ռուսիեւայի աշխատարանը հայ եւ եվրոպացի երիտասարդ ռեժիսորների համար, եւ կոլաժի վարպետության դաս Խուան Գուենի հետ։

10-րդ «Ծիրանի ծառ» փառատոնը 10-րդ «Ծիրանի ծառ» փառատոնը

Լուսանկարը` Փամբակի համայնքապետարան

Կազմակերպիչները քննարկում են փառատոնը Սյունիք տեղափոխելու գաղափարը։

 

«Դեբեդում դեռ շատ անելիք ունենք, բայց նաեւ ուզում ենք, որ փառատոնը շրջիկ դառնա եւ հինգ տարին մեկ տեղափոխվի նոր գյուղ։ Դա մեզ թույլ կտա ստեղծագործական փորձառությունը տարածել ամբողջ երկրով», - ասում է Արթուր Վարդիկյանը։

 

Շվեդ ռեժիսոր Կնուտե Վեստերի «Սահմանը մեր ներսում» ֆիլմը ծնվել է հենց փառատոնի ընթացքում։ 2022-ին, երբ Կնուտեն հյուր էր մեկ այլ ֆիլմով, Սյունիքում իրավիճակը լարված էր. ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ էին վերցրել ճանապարհը։ 

Կադր «Սահմանը մեր ներսում» ֆիլմից Կադր «Սահմանը մեր ներսում» ֆիլմից

Լուսանկարը` Аtieff

«Լսելով պատմությունները եւ զգալով իրավիճակի լրջությունը՝ Կնուտեն որոշեց Սյունիք գնալ եւ հանդիպել մարդկանց։ Արդյունքում մեր աջակցությամբ նա կարճամետրաժ ֆիլմ նկարահանեց», - պատմում է Արթուրը։

 

Ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա սեպտեմբերի 6-ին «Ծիրանի ծառ» փառատոնի շրջանակում։ 

 

«2017-ին փառատոնին մասնակցած իրանցի ռեժիսոր Շահրամ Մեհրին այնքան տպավորվեց միջավայրից ու իրեն հյուրընկալած ընտանիքից, որ 2019-ին վերադարձավ՝ նկարահանելու իր «Ujan story» ֆիլմը։ Պրեմիերան կայացավ մեր փառատոնում 2021-ին, իսկ հետագայում այն ցուցադրվեց բազմաթիվ միջազգային փառատոններում», - պատմում է Արթուրը։

Նա շեշտում է, որ փառատոնը կառուցվում է համայնքի մասնակցությամբ եւ մեջբերում է փառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանի խոսքը. 

 

«Մեր կարմիր գորգը ոչ թե փռված է, այլ հենց այս հողն ու խոտն է։ Մուտքն ազատ է բոլորի համար։ Կարեւոր է, որ տեղացիները զգան՝ սա իրենց միջոցառումն է»։

Կադր «Ես քեզ սիրում եմ ավելի» ֆիլմից Կադր «Ես քեզ սիրում եմ ավելի» ֆիլմից

Լուսանկարը` Аtieff

Այս տարի ԿԳՄՍ նախարարությունը փառատոնին աջակցություն չի ցուցաբերել։ 

 

«Սա մեծ նվիրումով ստեղծված փառատոն է։ Շատերս նույնիսկ հրաժարվել ենք աշխատավարձից, որովհետեւ հավատում ենք այս գաղափարին։ Հուսով ենք, որ պետությունը եւս կտեսնի փառատոնի կարեւորությունը եւ կմասնակցի, քանի որ առանց պետական ներգրավվածության մարզերում մշակութային կյանքը վերականգնելը շատ դժվար է», - նշում է Արթուր Վարդիկյանը:

 

«Ծիրանի ծառ» միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։

 

Աստղիկ Հովհաննեսով

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին