Այս տարվա հուլիսին հայ վավերագրողների ջանքերով իրականացվել է «Հայաստան. վավերագրության գանձարան» ծրագիրը, որի առանցքային նպատակն է դիրքավորել Հայաստանը որպես վավերագրական կինոյի կարեւոր տարածաշրջանային կետ:
Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել նաեւ «ԱրմԴոկ» վավերագրողների հայկական ասոցիացիայի պաշտոնական բացումը, իրականացվել է հայկական, վրացական եւ իրանական վավերագրական նախագծերի փիչինգ՝ տեղացի եւ արտասահմանցի մասնագետների ներգրավմամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Վավերագրական կինոյի, մասնագիտական ասոցիացիայի ստեղծման կարեւորության եւ ծրագրի ընթացքում ներկայացված նախագծերի մասին Մեդիամաքսը զրուցել է «ԱրմԴոկ» ասոցիացիայի նախագահ Արեւիկ Ավանեսյանի, գրող, վավերագրող Նաիրի Հախվերդիի եւ վավերագրող Սիլվա Խնկանոսյանի հետ:
Հայաստանը՝ վավերագրական կինոյի տարածաշրջանային կենտրոն
Նաիրի Հախվերդի, գրող, վավերագրող
«Հայաստան. վավերագրության գանձարան» ծրագրի գլխավոր նպատակն է դիրքավորել մեր երկիրը որպես վավերագրական կինոյի տարածաշրջանային կենտրոն: Ցանկանում ենք հասնել իրավիճակի, երբ արտասահմանյան որեւէ պրոդյուսեր հայկական, վրացական կամ իրանական որակյալ նախագիծ փնտրելիս վստահ լինի՝ դրանք հնարավոր է գտնել այս հարթակում:
Ծրագիրն իրականացրել ենք Վրաստանի վավերագրողների ասոցիացիացիայի՝ Doca-ի հետ գործընկերությամբ: Կարեւոր է, որ վրաց վավերագրողները եւս կիսում են մեր գաղափարներն ու հետաքրքրված են, որ ծրագիրը լինի շարունակական:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայաստան. վավերագրության գանձարան» ծրագիրը բազմաշերտ է եւ ունեցել է մի քանի փուլ: Նախ ցանկանում էինք աջակցել մարդկանց, որոնք ունեն վավերագրական ֆիլմի գաղափար, բայց չգիտեն՝ ինչպես է այն ստեղծվում, ուր պետք է գնալ եւ ում դիմել: Մենք սկսել ենք զարգացնել հայկական յոթ վավերագրական նախագիծ: Բոլոր հեղինակների դեպքում դա իրենց առաջին վավերագրական ֆիլմն էր: Արդյունքում նախագծերը հասցվել են մի փուլի, որով դրանք հնարավոր է ներկայացնել Հայաստանում կամ արտերկրում: Այս նախագծերից երեքն ընտրվել է եւ ներկայացվել ծրագրի հաջորդ փուլում՝ միջազգային փիչինգի ժամանակ, որում ներգրավված էին նաեւ հեղինակներ Իրանից եւ Վրաստանից: Կարծում եմ՝ սա կարեւոր էր մասնակիցների համար ոչ միայն նախագծերը զարգացնելու, այլեւ՝ ոլորտին ծանոթանալու, դրա մաս դառնալու, կապերի հաստատման տեսանկյունից:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծրագրի շրջանակում հանդիպումներ են անցկացվել նաեւ գործող վավերագրողների հետ: Առաջին հյուրը Թամարա Ստեփանյանն էր, որը բազմաթիվ խորհուրդներ է տվել մասնակիցներին, քննարկել նրանց նախագծերը, պատմել կինոյի արտադրական փուլերի մասին: Հետագայում նման հանդիպումները լինելու են շարունակական:
Ցույց տալ անտեսանելին՝ կոտրելով կարծրատիպերը
Նաիրի Հախվերդի
Ծրագրի անվանումը պատահական չէ, քանի որ Հայաստանն իսկապես պատմությունների գանձարան է: Ընդ որում՝ վավերագրական կինոյի համար պատմություն կարող է դառնալ սովորական կամ շատերիս համար «անտեսանելի» մարդու կյանքը: Հաճախ լավագույն պատմությունը ստանում ես՝ տեսանելի դարձնելով այն, ինչ շատերը չեն էլ նկատում: Բացի այդ, մարդիկ հակված են պիտակավորել այն, ինչի մասին տեղեկացված չեն, այնպես որ, այս «անտեսանելի» մարդկանց հանդեպ վերաբերմունքը լի է կարծրատիպերով: Այս դեպքում նրանց մասին պատմելն ինչ-որ առումով կոտրում է նաեւ այդ կարծրատիպերը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Իմ ֆիլմը՝ «Ավլելով Երեւանը», մի կնոջ մասին է, որն ամեն օր մաքրում է մեր քաղաքը: Այս պատմությունը հուզական ազդեցություն ունի ոչ միայն հայ, այլեւ՝ արտասահմանցի դիտորդի մոտ: Գուցե, նրա քաղաքը մաքրող կանայք նման կամ տարբեր են ֆիլմի հերոսուհուն, բայց երկու դեպքում էլ դիտողը սկսում է իր ներսում վերլուծել տեսածը, գտնել նմանություններ կամ արձանագրել տարբերությունները:
Արտերկրի արտադրողների համար եւս նման թեմաները հետաքրքիր են:
Առհասարակ «փոքր» թվացող, սովորական մարդկանց անկեղծ պատմությունները մեծ արձագանք են ստանում, քանի որ անկախ ազգությունից՝ փոխանցում են համամարդկային հույզեր: Բացի այդ, աշխարհում չեն ճանաչում այսօրվա Հայաստանն, ու վավերագրական ֆիլմերը մեր երկիրն առավել ճանաչելի ու տեսանելի դարձնելու լավ հնարավորություն են:
Լսելի դարձնել հայ վավերագրողների ձայնը
Արեւիկ Ավանեսյան, «ԱրմԴոկ» վավերագրողների հայկական ասոցիացիայի նախագահ
«Հայաստան. վավերագրության գանձարան» ծրագիրն իրականացնողները հայ վավերագրողներ են, որոնց ինչ-որ առումով միավորում է վավերագրական ֆիլմերի դիստրիբյուցյայով զբաղվող «Պլատֆորմդոկ» հարթակը: Վավերագրողների մասնագիտական ասոցիացիայի հիմնադրման անհրաժեշտությունը քննարկում էինք դեռ անցյալ տարվանից, քանի որ շատ դեպքերում դրա բացակայությունը բերում էր վավերագրական կինոյի ներկայացվածության պակասին, եւ համայնքի ձայնը քիչ լսելի էր: Այսօր, գրեթե նույն ժամանակահատվածում, հիմնադրվել է «ԱրմԴոկ» վավերագրողների հայկական ասոցիացիան եւ Հայաստանի վավերագրողների գիլդիան: Սրանք ոչ թե իրար խանգարող, այլ՝ լրացնող կառույցներ են:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ասոցիացիան ընդգրկվածության եւ գործունեության առումով լինելու է առավել լայն, իսկ գիլդիան միտված է ոլորտի ներքին կարգերի հստակեցմանը: Այլ կերպ ասած՝ ասոցիացիային կարող են անդամակցել վավերագրական կինոյով հետաքրքրված մարդիկ եւ կամավորները, իսկ գիլդիայի անդամ լինելու համար պետք է ոլորտում ունենալ որոշակի կարգավիճակ:
Ասոցիացիայի անդամությունը որոշեցինք դարձնել բաց, որպեսզի դրան միանան նույն գաղափարներն ու տեսլականը կիսող մարդիկ: Միեւնույն ժամանակ, ասոցիացիայի ղեկավարությունն իրավասու է քննել այս կամ այն անդամի վարքն ու սահմանված սկզբունքներին չհամապատասխանելու դեպքում հեռացնել նրան:
Հանրայնացնել հայկական վավերագրական ֆիլմերն ու լուծել խնդիրներ, որոնց բախվում են համայնքի ներկայացուցիչները
Արեւիկ Ավանեսյան
Ինչպես ասացի, ասոցիացիայի ստեղծումով նախ փորձել ենք լուծել վավերագրողների ներկայացվածության խնդիրը տարատեսակ քննարկումների ու հանդիպումների ժամանակ: Բացի այդ, ունենք մի շարք այլ ծրագրեր եւ նպատակներ, որոնց ուղղությամբ աշխատում ենք արդեն այսօր:

Լուսանկարը` Մեդիամաքս
Դրանցից առաջինն արդեն իսկ ստեղծված ֆիլմերի հանրայնացումն է: Հաճախ մարդիկ լսում են որեւէ ֆիլմի անվանում եւ հարցնում մեզ՝ «որտե՞ղ կարող ենք դիտել այն»: Ցավոք, սա պատասխան չունեցող հարց է, եւ ցանկանում ենք փոխել իրավիճակը:
Նախատեսում ենք սկսել ցուցադրությունների ծրագիր՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հեռուստաընկերությունների հետ: Սկզբունքը հետեւյալն է՝ իրենք մեզ անվճար հեռուստաեթեր եւ գովազդային ժամանակ են տրամադրելու, իսկ մենք գտնելու ենք գովազդատու, ում վճարած գումարը փոխանցվելու է ֆիլմի հեղինակին: Հեղինակներին վճարելը մեզ համար առանցքային կարեւորություն ունի, քանի որ թեկուզ ոչ մեծ վարձատրությունը հարգանք է կատարած աշխատանքի հանդեպ: Ցավոք, շատ հարթակներ, այդ թվում՝ հեռուստաընկերություններ, միշտ պատրաստ են ցուցադրել ֆիլմերը, բայց՝ անվճար:
Հանրայնացման երկրորդ ուղղությունն այդ ֆիլմերը մշտապես հասանելի դարձնելն է: Այս առումով համաձայնության ենք եկել «Կինոդարան» հարթակի հետ, որի վճարովի փաթեթներից մեկում բացվելու է նոր ալիք՝ հայկական վավերագրական ֆիլմերի համար:

Լուսանկարը` «ԱրմԴոկ»
Ասոցիացիան նախատեսում է զբաղվել նաեւ երկու խնդրով, որոնց բախվում է վավերագրողների մեծ մասը՝ test-screening-ների ու focus-screening-ների կազմակերպումը:
Test-screening-ները թույլ են տալիս հեղինակին մինչեւ բաց ցուցադրությունները կամ փառատոնների մեկնելը դիտել եւ, այսպես ասած, ստուգել սեփական ֆիլմը մեծ էկրանին՝ շտկելով բոլոր տեխնիկական խնդիրները: Կարող է զարմանալի թվալ, բայց առ այսօր մեզ մոտ չկար այս հնարավորությունը, եւ հեղինակները խնդիրը լուծում էին անձնական կապերի ու պայմանավորվածությունների ճանապարհով:
Focus-screening-ները եւս շատ կարեւոր են: Այս դեպքում ֆիլմը մինչեւ պաշտոնական պրեմիերան ցուցադրում են թիրախային լսարանին՝ հետեւելու առաջացած արձագանքին: Հեղինակի համար սա շատ կարեւոր է, քանի որ այս ճանապարհով նա հասկանում է՝ հանդիսատեսի մոտ առաջանո՞ւմ է այն էմոցիան, որը ցանկացել է փոխանցել:
Կարեւոր է, որ բոլոր այն խնդիրները, որոնցով արդեն զբաղվում է կամ զբաղվելու է ասոցիացիան, հիմնված չեն մեկ-երկու վավերագրողի կարիքների վրա: Մենք հաշվի ենք առել բոլորի փորձառությունը:
«Մարդկանց հետաքրքիր է Հայաստանի այսօրը»
Սիլվա Խնկանոսյան, վավերագրող
Ինչպես նշվեց՝ «Հայաստան. վավերագրության գանձարան» ծրագրի կարեւոր մասերից էր հայկական նախագծերի աշխատարանը: Դրա արդյունքներով ընտրվել է տեղական երեք նախագիծ եւ իրանական, վրացական ֆիլմերի հետ ներկայացվել միջազգային փիչինգին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ խոսում ենք վավերագրական ֆիլմի մասին, շատերին թվում է, որ այստեղ պետք չէ սցենար եւ բավարար է պարզապես միացնել տեսախցիկն ու սկսել նկարել: Իհարկե, այդպես չէ (ժպտում է – հեղ.): Մեր նպատակն էր մասնակիցներին փոխանցել ունեցած փորձը, քննարկել, հղկել նախագծերը՝ հասցնելով դրանք միջազգային մակարդակի: Ինքս արդեն մի քանի տարի աշխատում եմ ֆրանսիացի կինոարտադրողների հետ եւ գիտեմ՝ նրանց շատ հետաքրքիր են հայկական թեմաները: Հաճախ եմ կրկնում՝ մինչ այս մեր բոլոր ֆիլմերն անցյալի մասին էին, իսկ աշխարհին հետաքրքիր է՝ ինչ է հիմա կատարվում Հայաստանում, ինչով է ապրում այս երկիրը: Մարդկանց հետաքրքիր է Հայաստանի այսօրը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս առումով թե հայկական, թե արտերկրի մասնագետների ուշադրությանն արժանացավ աշխատարանում ընդգրկված հայկական նախագծերից մեկը, որի հեղինակը Նարինե Կարապետյանն է: Նա Արցախից է եւ իր ֆիլմում չի ցանկանում պատմել տեղի ունեցած իրադարձությունների մասին կամ ներկայացնել դրանց ժամանակագրությունը: Նա պատրաստվում է խոսել իրավիճակի մասին, որում Արցախից տեղահանված մարդիկ հայտնվել են հիմա: Հետաքրքր է, որ չունենալով որեւէ նկարահանած նյութ, նա իր մատուցմամբ գրավել է մասնագետներին: Նախագծի ներկայացման ժամանակ նրան շատ են հարցրել փախստականի կարգավիճակի, պետական աջակցության ու այս ամբողջ շղթայում առաջացող բարդությունների մասին: Շատ է տպավորել միտքը, որը հեղինակն ասել է ի պատասխան՝ «փախստականը միայն իրավաբանական կարգավիճակ չէ, սա մարդկանց վերջին կապն է իրենց տան հետ»: Հոգեբանորեն նրանց թվում է, որ հրաժարվելով այդ կարգավիճակից եւ ստանալով ՀՀ քաղաքացիություն՝ վերջնական հրաժարվում են նաեւ Արցախից: Սա այն համամարդկային զգացողությունն է, որ ծանոթ է աշխարհի տարբեր անկյուններում իրենց տունը կորցրած մարդկանց:

Լուսանկարը` «ԱրմԴոկ»
Աշխատարանում ընդգրկված հայկական մյուս նախագծերից մեկի հեղինակը՝ Աշոտ Հարոյանը, իր ֆիլմում ցանկանում է պատմել հայ-ռուսական ընտանիքի 6 երեխայի կյանքի մասին: Ծնողների բաժանումից հետո, ծնվելով եւ մեծանալով Ռուսաստանում, երեխաները հայ մայրիկի հետ տեղափոխվում են Հայաստան եւ հաստատվում Գյումրիում: Հարմարվելը բավականին բարդ է, որովհետեւ ունեն տարբերվող արտաքին, ենթարկվում են բուլինգի ու դրան զուգահեռ փորձում վերապրել ծնողների բաժանումը: Այս ֆիլմը շատ բազմաշերտ է եւ բարձրացնում է մի շարք հարցեր՝ սկսած միջանձնային ու ընտանեկան հարաբերություններից, վերջացրած՝ ինչ-որ առումով քաղաքական. այսօր աշխարհում ընդունված է ռուսների «ագրեսոր» կերպարը, իսկ այս դեպքում հակառակը՝ ռուսական միջավայրում ծնված եւ մեծացած երեխաներն են հայտնվել հարձակումների «զոհի» կարգավիճակում: Այս առումով կարող եմ զուգահեռ տանել նաեւ Վրաստանում ռուս էմիգրանտների կյանքի մասին պատմող վրացական նախագծի հետ:

Լուսանկարը` «ԱրմԴոկ»
Իրանական նախագծերից մեկը եւս անձամբ ինձ համար բավականին հետաքրքիր էր: Հեղինակը երիտասարդ աղջիկ է, որը ցանկանում է ֆիլմ նկարել իրանական ճանապարհներից մեկով երթեւեկող բեռնատարների վարորդների մասին: Այս աղջիկն իր տեսակով շատ պայքարող է, կազմակերպել է բազմաթիվ բողոքի ակցիաներ եւ նախագծի ներկայացման ժամանակ ասում էր՝ «ես չգիտեմ՝ ի վերջո որտեղ է տունս»: Այս առումով նա զուգահեռ էր տանում իր եւ իրենց կյանքը մշտապես շարժման մեջ, ճանապարհին անցկացնող վարորդների հետ: Կարծում եմ՝ այս ֆիլմը կարող է շատ հետաքրիքր ստացվել, քանի որ Իրանում ընդունված չէ, որ երիտասարդ աղջիկը երթեւեկի այդ վարորդների հետ, զրուցի եւ հնարավոր է՝ նա կարողանա «բացել» այս մարդկանց կերպարները բոլորովին նոր տեսանկյունից:
«Հայաստան. վավերագրության գանձարան» ծրագրի շրջանակում նախագծերը նման ձեւաչափով քննարկվում էին առաջին անգամ, հուսանք՝ այս փորձը կլինի շարունակական:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: